ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Որպէս գործուն հասարակութեան առանձնայատկութիւն՝ հասարակական-քաղաքական ասպարէզում իւրաքանչիւր իրադարձութեան ենթարկուելը կամ որեւէ քայլ կատարելը չպէտք է լինի կամքից անկախ՝ յանձնուելով ժամանակի եւ պայմանների յորձանուտին: Իւրաքանչիւր քայլ պէտք է կատարուի պատճառաբանուած, տրամաբանական՝ յստակ գործընթացների եւ յստակ գաղափարական սկզբունքների վրայ կայացրած որոշման արդիւնքում:
Ստորեւ կը փորձենք ներկայացնել այն հիմնաւորումները, ըստ որոնց Արցախում կառավարման համակարգը առաւել նախընտրելի է փոխել խորհրդարանական կառավարման համակարգով, որի համար, բնականաբար, անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխութիւններ:
Գաղտնիք չէ, որ Արցախում, ելնելով մի շարք առարկայական եւ ենթակայական պատճառներից, գերկենտրոնացած իշխանութիւն է հաստատուել: Պատերազմական իրավիճակը եւ պատերազմի օրերից մեզ հասած կառավարման համակարգը կարծես թէ մեր հասարակութեան մէջ առաջացրել է հարցերը լուծելու համար մէկ մարդու դիտելու աւանդոյթը: Այս իրողութիւնն իր հետ բերել է կառավարման համակարգից հասարակութեան խորթացման երեւոյթին:
Այսպէս ասած՝ իւրաքանչիւր անհատ այլեւս իրեն չի զգում մի հաւաքականութեան մասնիկ, որտեղ իրեն իրաւունք է վերապահուած այդ հաւաքականութեան կառավարմանն ու ապագայի տնօրինմանը մասնակից լինելու:
Այսօրուայ դրութեամբ քաղաքացին յիշւում է երկրի կառավարման ոլորտում միայն ընտրութիւնից ընտրութիւն: Քաղաքացին միայն ընտրութիւններին մասնակցելու միջոցով հնարաւորութիւն ունի իր դերակատարութիւնն ապահովել ու թւում է, թէ ինչ որ բան սխալ է կամ կիրառւում է ժողովրդավարութեան տարրը, բայց ոչ՝ ոգին:
Միւս կողմից, կառավարման ասպարէզում փորձարկումները ցոյց են տալիս, որ երբ որեւէ անհատ զրկւում է որոշում կայացնելուց, ժամանակի ընթացքում նաեւ որոշումները շրջանցելու կամ դրանց չենթարկուելու միջոցների է դիմում: Այս երեւոյթին մեզ մօտ յաճախ ենք հանդիպում՝ «միջնորդութեամբ» հարցերը լուծելու գործելաոճով:
Վերը նշուած իրողութիւնների արդիւնքում ունենում ենք մի հասարակութիւն, որում քաղաքացիները, նախ եւ առաջ, խորթանում են իշխանութիւններից՝ կորցնելով իրենց վստահութիւնն իշխանութիւնների հանդէպ: Իսկ յետոյ ոչ ոք չի ցանկանում պատասխանատուութիւն կրել՝ ո՛չ քաղաքացին եւ ոչ էլ քաղաքացուն պատասխան տուող իշխանութիւնն ու մանր չինովնիկը՝ մատը ուղղելով դէպի վեր: Յաճախ ենք լսում «վերեւից է ասուած», «մեր ձեռքին բան չկայ» արտայայտութիւնները: Նման արտայայտութիւններ, կարծում եմ, բոլորս էլ լսել ենք որեւէ հարցով պետական մարմիններին դիմելիս: Այս իրավիճակից տուժում է թէ՛ հասարակութիւնը, թէ՛ երկիրը:
Նշուած հասարակական բարդոյթը բուժելու լաւագոյն միջոցը հասարակութեանը եւ դեռ աւելին՝ իւրաքանչիւր անհատի կառավարման համակարգում հնարաւոր չափով առաւել մասնակից դարձնելն է:
Դրա համար գոյութիւն ունեն զանազան միջոցներ. օրինակ՝ ՀԿների ակտիւացումը, այդ թւում՝ դեռեւս առաջին ՀԿներից մէկի՝ արհմիութիւնների ակտիւացումը:
Եւ վերջապէս՝ հէնց ժողովրդավարական երկրների սահմանադրութեան մէջ առկայ հաւաքների, ցոյցերի, մինչեւ իսկ՝ գործադուլների օրինականացումը:
Իսկ քաղաքական տեսակէտից վերը նշուած գործընթացների ուղղակի մասնակից եւ կազմակերպիչ կարող են լինել միայն քաղաքական կուսակցութիւնները: Ի հարկէ, վերջին տարիներին ՀԿների եւ այսպէս կոչուած՝ քաղաքացիական շարժումների դերը բաւականին կարեւորուեց: Չքննարկելով այդ երեւոյթը՝ նշենք, որ Ուոլ Սթրիթից մինչեւ Մաշտոցի պուրակը ապացուցեց, որ իւրաքանչիւր քաղաքացիական շարժում, եթէ չունի քաղաքական նպատակաուղղուած հեռանկար եւ քաղաքական առաջնորդ, դատապարտուած է առաւելագոյնը մասնակի յաջողութեան՝ «Պարոն, սիրուն չէ» վերջաբանով: Իսկ վտանգաւորը այդ հասարակական շարժումների շահարկումն է՝ յայտնի եւ անյայտ ուժերի կողմից:
Նիւթից չշեղուելու համար չենք խորանում ՀԿների եւ քաղաքացիական շարժումների վերլուծութեան մէջ:
Հասանք այն կէտին, որ հասարակութեան մասնակցութիւնը երկրի կառավարման գործընթացին մասնակից դարձնելու համար լաւագոյն միջոցը քաղաքական կուսակցութիւնների ակտիւացնելն է: Իսկ կուսակցութիւնները երկրի կառավարման մարմիններից խորհրդարանում է, որ կարող են ակտիւ մասնակցութիւն ապահովել թէ՛ որպէս կուսակցութիւններ՝ ուղղակի իմաստով, եւ թէ որպէս կապ իշխանութիւնների եւ հասարակութեան միջեւ: Իսկ խորհրդարանում չեն կարող կուսակցութիւնները լիարժէք արժեւորուել, եթէ չլիի 100 տոկոսով համամասնական ընտրակարգ:
Ուրեմն՝ խորհրդարանական համակարգի անցնելու եւ կուսակցութիւնների դերի բարձրացնելու, ինչո՞ւ չէ նաեւ 100 տոկոսով համամասնական ընտրական համակարգի մէջ գոյութիւն ունի ուղղակի եւ փոխլրացնող կապ:
Գաղտնիք չէ, որ ՀՅԴն միշտ կողմնակից է եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Այդ կողմնորոշուածութիւնը չպէտք է անցեալ դարում օգտագործուող բոլշեւիկեան «Մարգօն դեռ փոքրուց երազում էր դառնալ կթուորուհի» մօտեցումով արժէզրկել:
Վերոնշեալ ժողովրդավար համակարգը հոգեհարազատ է ՀՅԴին, ուր ներկուսակցական յարաբերութիւնները եւ կազմակերպական կառոյցը հիմնուած են հէնց նմանատիպ հիմունքների վրայ:
Այս բոլոր համակարգային փոփոխութիւնները չեն կարող իրենց դրական ազդեցութիւնը թողնել հասարակութեան վրայ, եթէ կուսակցութիւնների կողմից քաղաքական կամք չդրսեւորուի՝ ապակենտրոնացնելու իրենց կառոյցը, որով տեղական մարմինները ունենան հնարաւորութիւն ու լիազօրութիւն՝ տեղում հարցը լուծելու, ինչպէս ուղղակի կապ պահելու կառավարման համակարգում գործող պատասխանատուների հետ: Իսկ այդ բոլորը պէտք է արտացոլուի հասարակութեան մէջ, որտեղ վերջինս կուսակցութիւնների, տեղական մարմինների միջոցով երկրի կառավարման համակարգում ե՛ւ առաջարկ տուող լինի, ե՛ւ հաշուետուութիւն պահանջող:
Այսպիսով՝ հասարակութեան իւրաքանչիւր քաղաքացի պէտք է իրեն զգայ երկրի կառավարման մասնիկ:
«ԱՊԱՌԱԺ»