Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Անհաշտելիութեան Բեւեռներ  Կամ՝ Ինչպէ՞ս Պայմանաւորուել Պայմանաւորուելու Անընդունակ Հարեւանի Հետ

$
0
0

0719polar

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում Ադրբեջանի ռազմական արկածախնդրութեամբ յարուցուած լարուածութեան ապրիլեան սրումը միջազգային կառոյցներին ստիպեց լուրջ ուշադրութիւն դարձնել այն վտանգաւոր ռիսկերին (վտանգներուն-Խմբ.), որ իր մէջ պարունակում է այդ դիմակայութիւնը:

Որպէս հետեւանք՝ վերջերս նկատւում է ինչպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների չափազանց ակտիւութիւնը, որոնք «հրատապ կարգով» ջանքեր են գործադրում ինտենսիւացնելու (սաստկացնելու-Խմբ.) հակամարտութեան կարգաւորման գործընթացը: Այսպէս, վերջին մի քանի ամիսներին Մինսկի խմբի համանախագահների եւ Մոսկուայի միջնորդութեամբ անց են կացուել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երկու հանդիպումներ, նախ՝ Վիեննայում, այնուհետեւ Ռուսաստանի նախագահի մասնակցութեամբ՝ Սանկտ Պետերբուրգում: Յաճախակի են դարձել նաեւ լեռնայինղարաբաղեան կարգաւորման հարցի վերաբերեալ միջազգային կազմակերպութիւնների կողմից արուող յայտարարութիւնները: Ակնյայտ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցային գործընթացով հետաքրքրուած միջազգային միջնորդների նման ակտիւութիւնը միտուած է, նախեւառաջ, մեր յոյժ զգայուն ու պայթիւնավտանգ տարածաշրջանում նոր պատերազմ թոյլ չտալուն: Միջազգային հանրակցութեան մտահոգութիւնը՝ կապուած լայնամասշտաբ պատերազմի հնարաւոր վերսկսման հետ, որի հեռանկարները աղէտալի կը լինեն, քաղաքական գործիչներին, այդ թւում եւ Մինսկի խմբի համանախագահներին, մղում է աւելի յաճախ խօսելու հակամարտութեան գօտում ներկայ «ստատուս քուօ»ի (ներկայ իրավիճակի-Խմբ.) փոփոխութեան անհրաժեշտութեան մասին: Այստեղ, սակայն, միանգամայն օրինաչափ հարց է ծագում. իսկ պայմաններ կա՞ն տխրահռչակ «ստատուս քուօ»ի ձեւափոխման համար: Եթէ այո, ապա անմիջապէս ծագում է միւս հարցը՝ այդ ի՞նչ կարգավիճակ պէտք է հերթափոխի ներկային: Քանի որ ակնյայտ է, որ հակամարտութեան կողմերի դիրքորոշումների՝ գոյութիւն ունեցող կտրուկ բեւեռայնութեան պայմաններում նոյն այդ հիպոթետիկ «ստատուս քուօ»ի տիրոյթը գտնւում է ԼՂՀ միջազգայնօրէն ճանաչուած անկախութեան, ինչը պնդում են Հայաստանն ու Արցախը, եւ վերջինիս Ադրբեջանի կազմ ներառելու սահմաններում, ինչին յամառօրէն ձգտում է Բաքուն: Այս բեւեռների միջեւ հնարաւոր են վարիացիաներ (տարբերակներ-Խմբ.)), որոնց շուրջ էլ, հնարաւոր է, գլուխ են կոտրում միջազգային միջնորդները:

Ի հարկէ, եթէ զուտ տեսականօրէն, ինչպէս ասում են, մտահայեցողաբար դատենք, ապա ցանկացած հնարաւոր տարբերակ կարող է բանակցութիւնների առարկայ լինել: Բայց դրա համար անհրաժեշտ է առնուազն մէկ, բայց պարտադիր պայման՝ բանակցութիւններում գործընկեր է պէտք, հէնց այն էլ ի դէմս պաշտօնական Բաքուի բացակայում է: Ադրբեջանն արդէն վաղուց է ապացուցել, որ անբանակցունակ է, քանզի կարգաւորման գործընթացի ողջ ժամանակաշրջանում բազմիցս խաթարել է ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները եւ խուսափել ստանձնած պարտաւորութիւնների կատարումից: Բաքուի ներկայիս ռեժիմն զբաղուած է ոչ թէ բանակցութիւններով, այլ դրանց բացայայտ նմանակումով: Ակներեւ է, որ Ալիեւը շահագրգռուած չէ հակամարտութեան խաղաղ քաղաքակիրթ հանգուցալուծմամբ, ու նրա հիմնական նպատակն է ոչնչացնել կա՛մ վտարել Արցախի հայկական բնակչութեանը ու տիրանալ նրա բնակեցման պատմական տարածքին, ինչը թելադրուած է պանթիւրքիզմի ադրբեջանաթուրքական հայեցակարգով:

Բոլորովին պատահական չէ, որ ստեղծուած «ստատուս քուօ»ի փոփոխութեան անհրաժեշտութեան մասին բոլորից բարձր գոչում է հէնց Ադրբեջանը: Ընդ որում, իրավիճակի զաւեշտականութիւնը, իսկ աւելի ճշգրիտ՝ ալիեւեան ռեժիմի ցինիզմը կայանում է նրանում, որ որպէս «ստատուս քուօ»ի փոփոխութեան հիմնական դրդապատճառ ներկայացւում է նրա … անկայունութիւնը: Յուլիսի 10ին, ելոյթ ունենալով ադրբեջանական կառավարութեան նիստին, Ալիեւը յայտարարեց, որ «ապրիլեան մարտերը եւս մէկ անգամ ցոյց են տալիս ստատուս քուոյի շուտափոյթ փոփոխման անհրաժեշտութիւնը»: Բնականաբար՝ խօսք անգամ չարտաբերելով այն մասին, որ հէնց ինքն է հանդիսանում հարիւրաւոր մարդկային կեանքեր խլած ապրիլեան յանցաւոր արկածախնդրութեան նախաձեռնողը: Իրավիճակի խիստ իւրովի, իրականութեան հետ ընդհանուր ոչինչ չունեցող մեկնաբանում: Ոչ պակաս օրիգինալ (իւրօրինակ-Խմբ.) է եւ «ստատուս քուօ»ի փոփոխութեան նրա ընկալումը, ինչը, Ալիեւի կարծիքով, նշանակում է «օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածքների ազատագրում»: Ընդսմին Ալիեւը, ինչպէս խլահաւը կտղուցելիս (սեռական գրգիռ զգալուց) սեփական երգով արբեցած, ադրբեջանական կողմից որեւէ փոխզիջման մասին լսել անգամ չի ցանկանում:

Ստեղծուած իրավիճակում հարցեր են առաջանում՝ ուղղուած նոյնիսկ ոչ թէ Ալիեւին, այլ միջնորդներին, ովքեր, ուղղակիօրէն ասենք, անհասկանալի լաւատեսութիւն են դրսեւորում հակամարտութեան կարգաւորման հեռանկարների վերաբերեալ: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ շատ աւելի մօտ ենք յաջողութեան հեռանկարին, քան մինչեւ հիմա էր,- Յուլիսի 12ին յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը՝ Բաքւում կայացած մամուլի ասուլիսին: Սակայն նա փակագծերը չբացեց՝ վկայակոչելով այն, որ Յունիսի 20ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներն իրենց հանդիպման աւարտին յատուկ պայմանաւորուել էին, որ կողմերը, իրավիճակը «չխրտնեցնելու» համար, շատ զգոյշ կը վերաբերուեն յոյսի այն ծիլերին, որոնք այժմ ի յայտ են գալիս:

Ռուսաստանցի նախարարից կը ցանկանայինք իմանալ՝ ի՞նչ բարենպաստ հողի վրայ են ընձիւղուել յոյսի այդ ծիլերը: Քանի որ Մայիսի 16ին Վիեննայում եւ Յունիսի 20ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն անգամ, որոնք Մինսկի խմբի համանախագահների մտահղացմամբ պէտք է պայմաններ ստեղծեն հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացն առաջ մղելու համար, Ադրբեջանի մեղքով դեռեւս չի յաջողւում կեանքի կոչել: Միթէ՞ միջնորդները չեն նկատում Ադրբեջանի արտաքուստ խաղաղասէր յայտարարութիւնների ու նրա իրական գործողութիւնների միջեւ հսկայական անդունդը, գործողութիւններ, որոնք ուղղուած են ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների խաթարմանն ու լարուածութեան սրմանը: Նման իրավիճակն էլ, կարծում ենք, միջազգային միջնորդների ոչ հետեւողական, հաշտուողական դիրքորոշման տրամաբանական արդիւնքն է, ու եթէ նրանք իրօք մտադիր են բեկել այն, հակամարտութեան գօտում ստատուս քուօն փոխել դէպի լաւը, ապա, նախեւառաջ, պէտք է փոխեն եւ Ադրբեջանի ապակառուցողական գործողութիւնների հանդէպ սեփական մօտեցումը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles