ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Թուրքիան ու Ադրբեջանն ակտիւօրէն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մէջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձեւերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացւում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական էքսպանսիա, որը կարող է լրջօրէն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականութեանը, ստիպել վրացական վերնախաւին հետեւել Անկարայի եւ Բաքուի կողմից ընտրած ուղեծրով:
Թբիլիսիի մասնակցութեամբ Անդրկովկասում ձեւաւորւում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտուած է ոչ միայն հակադրուել Մոսկուա-Երեւան-Թեհրան առանցքին, այլ նաեւ՝ լրջապէս վերափոխել ուժերի միջեւ հաւասարակշռութիւնը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարուել է Մայիսի 15ին Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանութեան նախարարների՝ 2017 թուականին համատեղ զօրավարժութիւններ անցկացնելու մասին համատեղ յայտարարութիւնով:
2008 թուականի օգստոսեան պատերազմից յետոյ Վրաստանը դուրս է եկել յետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական եւ տնտեսական համակարգերից՝ ընտրելով եւրաինտեգրման եւ ՆԱՏՕի հետ յարաբերութիւնների սերտացման ուղին: Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախութեան ճանաչումից հետ Մոսկուան կորցրել է Թբիլիսիի վրայ ներազդելու բոլոր հնարաւորութիւնները, եւ վրացական իշխանութիւններին այլեւս ոչինչ չի խոչընդոտում իւրովի կառուցել իր զարգացման տեսլականը, միաժամանակ՝ ներքաշուելով հակառուսական ցանկացած ձեւաչափերի մէջ:
Եւ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտուել Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաեւ՝ հակահայկական իրենց արկածախնդրութիւնների մէջ: Աւելին, որպէսզի թուլացնեն Թբիլիսիի դիմադրողականութիւնը, Անկարան եւ Բաքուն լայնօրէն գործադրում են տնտեսական եւ ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները:
Ռազմաքաղաքական Գործօն
Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թէ ՆԱՏՕի հետ յարաբերութիւնների սերտացման եւ նոյնիսկ՝ անդամակցութեան բանալին գտնւում է միայն իր ձեռքում, եւ Թբիլիսին պարտաւոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցութիւնը: Ցաւալի է, բայց նման մօտեցումը կիսում են նոյնիսկ վրացական վերնախաւում: Վրաստանի պաշտ-պանութեան նախարար Թինաթի Խուդաշելին օրեր առաջ յայտարարել է, թէ «Թուրքիան ՆԱՏՕ անդամ-երկրներից միակն է, որն անվերապահօրէն կողմ է Հիւսիս-ատլանտեան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»:
Թբիլիսիում փորձում են անտեսել, որ Անկարայի նման մօտեցումը նախեւառաջ ուղղուած է Մոսկուայի դէմ: Ի տարբերութիւն Թուրքիայի՝ ՆԱՏՕի միւս անդամ երկրները զգուշաւոր են արտայայտւում ՆԱՏՕ-Վրաստան յարաբերութիւնների տեսլականի մասին, չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրութիւնը, ուստի վրացական վերնախաւի համար թուրքական յայտարարութիւնները հոգեբանական այլ նշանակութիւն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցութիւնը սկսել է զարգանալ 2007 թուականից, որպէս ՆԱՏՕի հետ համագործակցութեան մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անկարան անթաքոյց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձեւով ներքաշել նաեւ Թբիլիսին:
Մայիսի 15ին Գաբալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ յայտարարութիւնը բացայայտում են, որ Թուրքիային մասնակի յաջողուել է հասնել իր նպատակին եւ առանց Հիւսիս-ատլանտեան դաշինքի գործօնի օգտագործման, քանի որ ձեւաւորուող այդ դաշինքի մէջ Ադրբեջանը ՆԱՏՕի անդամ չի հանդիսանում:
Վրաստանի միջոցով Թուրքիան եւ Ադրբեջանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի սահմանին, եւ օգտուելով Ռուսաստանի միջամտութիւնից եւ զբաղուածութիւնից՝ նոր արկածախնդրութեան դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարաւոր նոր կոնֆլիկտի դէպքում ռուսական 102րդ բազան ստիպուած կը լինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին եւ չի կարողանայ որեւէ լուրջ աջակցութիւն ցուցաբերել հայկական զինուած ուժերին, իսկ դա հնարաւորութիւն կը տայ աւելի մեծ ուժեր կենտրոնացնել ոչ միայն Ղարաբաղեան ռամաճակատում, այլ փորձարկել նաեւ Նախիջեւանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպէսզի հայկական զինուած ուժերը երկու թեւով պաշտպանուեն:
Տարածքային Ամբողջականութեան Գործօն
Բաքուի եւ Անկարայի հետ յարաբերութիւնների նոր որակը երկիմաստ է դարձնում Երեւանի հետ Թբիիլիսիի յարաբերութիւնները: Վրացական վերնախաւը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական յարաբերութիւններ»ի մասին, սակայն երկու հակահայկական տրամադրուածութեամբ երկրների հետ նոյն դաշինքի մէջ գտուելը ստուերում է այդ յայտարարութիւնների անկեղծութիւնը:
Անկարան եւ Բաքուն Թբիլիսիին փորձում են համոզել, թէ Երեւանը, գտնուելով Մոսկուայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ æաւախքում վրացական իշխանութեան համար, եւ նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցութիւնը: Իրականում սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականութեանը սպառնում է հէնց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնւում է Վրաստանի պետականութեան կազմում, այլ՝ հէնց Աջարիայի յետագայ պատկանելութեան հարցով պարտադրել Թբիլիսիին շարժուել իր համար ցանկալի ճանապարհով:
Եթէ Վրաստանը հրաժարուի մասնակցութիւն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառւում, որ Թուրքիան կարող է æաւախքում հրահրել վրաց-հայկական ընդհարումներ կամ խռովութիւն կազմակերպելով Աջարիայում՝ պահանջել այդ երկրամասին աւելի լայն ինքնավարութեան տրամադրում, նոյնիսկ՝ անկախացում: Վրաստանի Քուեմօ-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր յաւակնութիւնները չի թաքցնում նաեւ Ադրբեջանը, որը վերջին տարիներին բազմիզս է բարձրացրել վրաց-ադրբեջանական պետական սահմանի վերանայման հարցը: Բաքուն կարող է ակտիւացնել նաեւ Մառնէուլիի շրջանում բնակուող մահմեդականների կենտրոնախոյս մղումները:
Փաստացի, թէ՛ Թուրքիան եւ թէ Ադրբեջանը բացայայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականութեանը այն դէպքում, որ Հայաստանի պետական վերնախաւը բազմիցս յայտարարել է, որ հայ-վրացական որեւէ տարածքային հարց գոյութիւն չունի:
Թուրքիան ու Ադրբեջանն ակտիւօրէն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մէջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձեւերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացւում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջօրէն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականութեանը, ստիպել վրացական վերնախաւին հետեւել Անկարայի եւ Բաքուի կողմից ընտրած ուղեծրով:
Տնտեսական Գործօն
Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանին նաեւ տնտեսական բազմաբնոյթ դաշինքների մէջ: Աւարտին է հասցւում Բաքու-Թբիլիսի-æէյհան ռազմավարական նշանակութիւն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան եւ Ադրբեջանը կը կապուեն երկաթգծով:
Վրաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերեւս նուազեցւում են հէնց թուրքական ազդեցութեամբ, քանի որ դառնում են այլընտրանք Ռուսաստան-Հայաստան-Իրան տարանցիկ ծրագրերի:
Օգտագործելով ռազմաքաղաքական գործօնը՝ Անկարան համոզում է Թբիլիսիին սառնասրտօրէն մօտենալ Մոսկուայից առաջարկուող բոլոր նախաձեռնութիւններին, իսկ Ղարաբաղեան պատերազմի հնարաւոր վերսկսման դէպքում՝ նոյնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ: Թբիլիսիում որոշ շրջանակներ գտնում են, որ Հայաստանի տնտեսական շրջափակումը կը բերի երկրում իրավիճակի սրացում, նոյնիսկ՝ ներքաղաքական ճգնաժամ, հասարակութեան աւելի լայն շերտեր կը պահանջեն նաեւ ռուսական բազայի հեռացումը, ինչը կը վերացնի լուրջ վտանգը հարաւից: Սակայն թուրք-ադրբեջանական տնտեսական ծաւալապաշտութիւնը միտուած չէ զուտ Վրաստանը տնտեսական դաշինքների մէջ պահելու ուղղութեամբ:
Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղութեանը: 2000 թուականից թուրքական ներդրումները կազմել են աւելի քան 1.4 միլիարդ դոլար, որը կազմում է բոլոր ներդրումների գրեթէ 20 տոկոսը: Սակայն թէ՛ թուրք, եւ թէ ադրբեջանցի գործարարները վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրում են իրականացնում հիմնականում Աջարիայում՝ իրենց վերահսկողութեան տակ վերցնելով այդ երկրամասի արդունաբերական եւ զբօսաշրջութեան կարեւոր ոլորտները: Թուրքական գործարարները գնել են նաեւ լաւագոյն լողափների զգալի մասը: Միայն թուրքական ներդրումները կազմում են ընդհանուր թուի 75 տոկոսը: Մեծացել է նաեւ Բաթումի նաւահանգստում թուրքական տնտեսական մասնաբաժինը: Ընդ որում՝ թուրք աշխատողները ստանում են այստեղ եռակի անգամ աւել վարձատրութիւն, քան տեղացիները:
Կրօնա-Մշակութային Գործօն
Վրաստանի քաղաքացիութիւն՝ երկքաղաքացիութեան սկբունքով, 2011 թուականից ստացել է աւելի քան 30 հազար թուրք: Մեծացել է նաեւ մահմեդական բնակչութեան թիւը ոչ միայն Աջարիայում, այլեւ Վրաստանի միւս շրջաններում, ընդ որում՝ սուննի մահմեդականների:
Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում, է նաեւ շիա ադրբեջանցիների սուննիացում՝ ոչ առանց Թուրքիայի մասնակցութեան: Աջարիայում այսօր խօսւում է միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում, միայն մահմեդականներով բնակեցուող մի քաղաք հիմնելու նպատակով: Վրաստանի տարբեր շրջաններում բացւում են թուրքերէնի անվճար ուսուցմամբ կենտրոններ: Աջարիայում ներկայումս բնակւում է 150 հազար վրացի մահմեդական: Նրանց մէջ նկատելի են դառնում կրօնական ծայրայեղացման միտումները, որոնք հիմնականում սերմացւում են Թուրքիայից եկող կրօնական գործիչների կողմից: Մարդու իրաւունքների պաշտպան կառոյցների, կրօնական, հասարակական տարբեր կազմակերպութիւնների ձեւով այստեղ գալիս են կառոյցներ, որոնք միտուած են ոչ միայն վերափոխել վրացական իսլամը, այլ նաեւ՝ ներկայացնում են այնպիսի ահաբեկչական կառոյցներ, ինչպիսին է «Իսլամական պետութիւնը»:
Վերջին տարուայ ընթացքում մեծացել է Վրաստանից Սիրիա՝ մեկնած մահմեդական վրացիների թիւը: ԻՊի պարտութիւնից յետոյ վերադառնալով հայրենիք, չի բացառւում, որ նրանց կ՛օգտագործեն կրօնական եւ ազգային փոքրամասութիւնների դէմ, մասնաւորապէս՝ հէնց հայերի: Այդ վիճակում անհասկանալի է դառնում Վրաց ուղղափառ եկեղեցու մօտեցումը: Թէեւ Իլիա պատրիարքը բազմիցս բողոք է ներկայացրել Վրաստանի իշխանութիւններին՝ նոր մզկիթ կառուցելու թոյլտուութիւն տալու վերաբերեալ, սակայն իր գործելաոճով վրացական հոգեւորականութիւնը միտուած է աւելի շատ հակահայկական, քան թէ սեփական հաւատքի պահպանութեանը: Թէեւ հասկանալի է, թէ ինչու. 2 տարի առաջ Թուրքիայի իշխանութիւնները չբացառեցին Տրապիզնոնում եւ միւս շրջաններում ուղղափառ եկեղեցիների տրամադրումը Վրաց եկեղեցու տնօրինման տակ:
Փաստօրէն՝ Թուրքիան աշխատում է տարբեր միջոցներով ոչ միայն ներազդել Վրաստանի ռազմաքաղաքական տեսլականին, այլ նաեւ փորձում է պատանդ վերցնել այն ամբողջութեամբ: Օգտագործելով տարբեր գործօնները՝ Անկարային արդէն իսկ յաջողւում է ներքաշել որոշակի, թէեւ դեռ անհասկանալի դաշինքների մէջ, սակայն նման գործելաոճի շարունակելիութեան դէպքում Վրաստանը նոյնպէս կարող է դառնալ լուրջ գլխացաւանք Հայաստանի համար: