Հայոց Ցեղասպանութեան պատասխանատուներից Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք մտաւորական, լրագրող Հասան Ջեմալը, անդրադարձել է Թուրքիայի «մարդասէր պատմութեան» վերաբերեալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին անհեթեթ յայտարարութիւններին:
Թուրքական T24 կայքի իր սիւնակում Հասան Ջեմալի գրառումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Այս օրերին Պալատի սուլթանը շատ է խօսում: Յղիութեան արհեստական ընդհատման արգելքն է պաշտպանում, ասում է՝ առնուազն 3 երեխայ, եւ աւելացնում է՝ «Աստուած այդպէս է կամենում»:
Յետոյ շարունակում է. «Մայրանալը մերժող կինը թերի կին է»:
Գերմանիայի խորհրդարանում ցեղասպանութեան որոշմանն «այո» ասած թուրք պատգամաւորների համար «արեան թեստ» է պահանջում: «Դա ի՞նչ թուրք է: Արեան լաբորատոր քննութիւն է պէտք է անցկացնել», ասում է նա:
Սա էլ է կարողանում ասել. «Մեր պատմութիւնը գթութեան պատմութիւն է, կարեկցանքի պատմութիւն»:
Ո՞ր մէկը գրես: Հաւանաբար, մենք աշխարհի անիծուած ծառաներն ենք:
Այնպիսի պատիժ ենք կրում, որ կարծես ամէն օր ստիպուած ենք լսել Էրդողանի բռնապետական անհեթեթ մեկնաբանութիւնները:
Այդ անհեթեթ մեկնաբանութիւններն էլ չեն աւարտւում:
Չգիտես՝ որտեղից սկսել: Ուղեղում չի տեղաւորւում:
Իբր մեր պատմութիւնը «կարեկցանքի պատմութիւն է»: Էրդողանն այդպէս է բարեհաճում: Բա մի քանի տարի առաջ 1915 թուականի առումով ցաւակցութիւն յղածն ո՞վ էր: Քօղարկուած «ներողութեան» շուրջը պտտուողն ո՞վ էր:
Դեռ 2010 թուականին «1938 թուականին Դերսիմում 50 հազար մարդ կոտորուեց» ասողն ո՞վ էր:
Երբ դու վարչապետի աթոռին էիր, այս բառերը քո բերանից դուրս չե՞ն եկել:
Մեր «ողորմած ու կարեկից» պատմութեան մէջ Սեպտեմբերի 6-7ը չկա՞յ (1955թ.ի Սեպտեմբերին Ստամբուլի ջարդերը, որոնց թիրախում հիմնականում յոյներն էին-Tert.am), Չորումի կոտորածը չկա՞յ, Քահրամանմարաշի կոտորածը չկա՞յ, Մադըմաքի կոտորածը չկա՞յ:
Թէ՞ այսօր Սուրում, Ջիզրէում, Նուսայբինում, Շըրնաքում, Եուքսեքովայում, Սիլվանում տեղի ունեցող ողբերգութիւնները մեր պատմութեան գթասիրտ ու կարեկցանքի էջերում են տեղ գտնելու:
Մի քիչ ազնի՛ւ եղիր, ազնի՛ւ:
Գիտեմ, որ մի ժամանակ այս հողերի պատմութեանն այսպէս չէիր նայում:
Մասնաւոր զրոյցներում ասում էիր, թէ այս պետութեան հողերում ապրածների հանդէպ որքան կոպիտ, որքան դաժան են վարուել:
Վաղուց են անցել այդ օրերը:
Այժմ բռնապետութեան ճանապարհին ես: Քո «բռնապետութիւնն» ես հիմնում:
Այսօր բերանիցդ դուրս եկող ամէն բառ տոտալիտար մտածողութեանդ համահունչ է: Դու ես որոշում, թէ քանի երեխայ պէտք է ունենանք: «Աստուած ամենաքիչը երեք երեխայ է ուզում» ասողն էլ ես դու:
Կարողանում ես յայտարարել, որ ծնել չցանկացող կինը թերի կին է:
Այո՛, սա բռնապետական գլուխ է:
Այո՛, աշխարհիկութեանը դէմ գլուխ է: Մարդու իրաւունքները հաշուի չառնող գլուխ:
Այո՛, ժողովրդավարութեան հիմքում ընկած բազմազանութիւնը ժխտող մի գլուխ է: Այդ գլուխն այդքանով էլ չի բաւարարւում. ռասիզմ է տարածում. ատելութիւն քարոզում:
Մենք էլ ամէն Աստծոյ օր նստում, սուլթանի բռնապետական անհեթեթութիւններն ենք մեկնաբանում»: