Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ՀՅԴն Վերջակէ՞տ Դրեց, Թէ Բազմակէտ

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

ՀՅԴ Գերագոյն ժողովն որոշեց, որ Փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններին թեկնածու չի առաջադրելու՝ բացառելով նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը պաշտպանելու տարբերակը:
Եթէ հաշուի չառնենք «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանի պարագան, ընդդիմադիր դաշտը Սերժ Սարգսեանին գործնականում թողնում է մեն-մենակ՝ իշխանութեան վերարտադրման եւ բացառապէս այդ խնդրին յարմարեցուած ընտրական համակարգի հետ դէմ յանդիման: Սերժ Սարգսեանը հիմա ստիպուած կը լինի մրցակցել իր իսկ ձեռքերով իր շուրջն առաջացրած քաղաքական վակուումը (պարապութիւնը-Խմբ.)  լցնող՝ հիմնականում խամաճիկների, ինքնասիրահարուած ու ինքնառեկլամի համար «մայդան» մտած երեւոյթների հետ: Գուցէ ՀՀԿում արդէն վերջնականապէս տօնում են իրենց թեկնածուի բացարձակ յաղթանակը եւ կանխատեսում բրեժնեւեան լճացման տարիների 99 տոկոսանոց յաղթանակը, սակայն դժուար է ասել՝ արդեօ՞ք իրեն յարգող որեւէ մէկը կարող է նման մակարդակի մրցակցութեան արդիւնքում տարած յաղթանակը լուրջ յաջողութիւն համարել: Դա նման է աւերակների վրայ դրօշ բարձրացնելուն: Սակայն սա այն բերքն է, ինչ իշխանութեան թեկնածուն հաւաքում է՝ արդէն տարիներ շարունակ իր ձեռքով ցանուող քաղաքական դաշտի բացարձակ ամայացման, իրական մրցակցութեան անգամ փոքրիկ նշոյլները վերացնելու սերմերից:
Ստեղծուած իրավիճակի միւս հիմնական պատճառը, իհարկէ, ընդդիմադիր դաշտում առկայ ամբիցիոզութիւնը (փառասիրութիւնը-Խմբ.), երեւոյթներն ու պրոցեսներն (գործընթացները-Խմբ.) անձնաւորելու հակումները յաղթահարելու անկարողութիւնն էր, որն այդպէս էլ հնարաւոր չդարձրեց ոչ միայն որեւէ ընդհանուր քաղաքական օրակարգի, պլատֆորմի շուրջ համախմբումը, այլեւ միասնական թեկնածուով հանդէս գալը: Կոնսօլիդացման (ամրապնդման-Խմբ.) ամենամեծ  պոտենցիալն (կարողականութիւնը-Խմբ.) ունեցող ուժերի համար այս գաղափարներն ու սխեմաներն (ծրագիրները-Խմբ.) ընդամէնը տակտիկական (մարտավարական-Խմբ.) նկատառումներով շահագործելու, շահարկելու հումք էին:
Այն պարագայում, երբ իշխանութեան կողմից վերարտադրութեան մեխանիզմները գրեթէ կատարելութեան են հասցուած, ընդդիմադիր դաշտում չկայ թէ’ դրա դէմ պայքարելու եւ թէ՛ ընդհանրապէս համախմբման յստակ ձեւակերպուած պահանջարկ, առանձին վերցրած որեւէ ուժի համար ընտրութիւններին թեկնածու առաջադրելը դառնում է ինքնանպատակ: Այն շրջանակների, ուժերի մօտ, որոնք ինքնադրսեւորման, ջրի երեսին մնալու խնդիր չեն հետապնդում, նման ընտրութիւններին մասնակցելու ո՛չ անձնական, ո՛չ էլ քաղաքական մոտիվացիա չի մնում: Մեծ հաշուով, ի հարկէ, սա ընդդիմութեան եւ ժողովրդի պարտութիւնն է, որովհետեւ անկախ ամէն ինչից՝ իշխանութեանը թոյլ է տրւում ազատօրէն վարուցանք անել ընտրական համակարգի դաշտում, ընտրութիւնները վերածել նշանակման մի իւրօրինակ ծիսակարգի, որտեղ մնացած բոլորը, կամայ թէ ակամայ, վերածւում են պարզ ու պասիւ հանդիսատեսի, իսկ ինքնանպատակ մասնակիցների դէպքում՝ նաեւ գործիքի:
ՀՅԴի պարագայում, սակայն, խօսքը չի գնում ընտրութիւններն ընդհանրապէս՝ դասական իմաստով բոյկոտելու մասին: Ի տարբերութիւն Գագիկ Ծառուկեանի եւ մասամբ Լեւոն Տէր Պետրոսեանի, որոնք ուղղակի մի կողմ քաշուեցին, ձեռքերը լուացին այս ընտրութիւններից, ՀՅԴն բաց թողեց ընտրութիւններին իր ընտրազանգուածի կողմնորոշման հարցը: Մի կողմից՝ սա յստակ ուղերձ է առ այն, որ նախ՝ Դաշնակցութիւնը խաղը չի լքում, միւս կողմից՝ հասկանալի է դարձւում, որ բացառում է սեփական ընտրազանգուածին անորոշութեան մատնելու, այդ զանգուածին իշխանութեան մանիպուլեացիաների (խաղերուն-Խմբ.) դէմ անօգնական թողնելու տարբերակը:
Բացի այդ՝ ի տարբերութիւն այլ ուժերի, ընտրութիւններին սեփական թեկնածուով չմասնակցելու՝  ՀՅԴ որոշումը պայմանաւորուած է քաղաքական սկզ-բունքներով: Տէր Պետրոսեանը չառաջադրուելու համար կառչեց տարիքային անհամատեղելիութեան պատրուակից, ԲՀԿն անգամ հարկ չհամարեց սեփական բազմահազարանոց ընտրազանգուածին թէկուզ ձեւականօրէն բացատրել ընտրութիւններից բացարձակ ինքնամեկուսանալու պատճառները: ՀՅԴի որոշումը, սակայն, բխում էր քաղաքական պլատֆորմի շուրջ համաձայնութիւնների ձեռքբերման տապալուած քաղաքական գործընթացի ուղղակի հետեւանքներից: Սա քաղաքական պրոցեսի (գործընթացի-Խմբ.) նոյնքան տրամաբանական քաղաքական հանգուցալուծում էր, եւ սա այն դէպքն է, երբ Դաշնակցութեանը դժուար է մեղադրել անհետեւողականութեան, անսկզբունքայնութեան կամ մանեւրումների մէջ: Առաւել եւս, երբ Գերագոյն մարմինը հռչակում է, որ ընդհանուր պլատֆորմի ձեւաւորումը պահում է իր օրակարգում, այսինքն՝ պարզորոշ հասկացնում է, որ դրանք կարճաժամկէտ էֆեկտի (ազդեցութիւն-Խմբ.) համար չէին դրուել շրջանառութեան մէջ, որ բացարձակապէս պայմանաւորուած չէին միայն նախագահական ընտրութիւններում տակտիկա խաղարկելու հետ, եւ որ դրանց հետ կապուած կայացող ընտրութիւններով ոչինչ չի աւարտւում, այսինքն‘ գործընթացը դիտարկում է շարունակականութեան մէջ: Սա, թերեւս, ամենակարեւոր ուղերձներից մէկն է:
Արդէն հիմա, անգամ անկախ ընտրութիւնների արդիւնքներից, ի յայտ է գալիս կարեւոր մի հարցադրում՝ ի՞նչ է լինելու յետոյ, կարողանալո՞ւ են, արդեօք, ռէաբիլիտացուել (վարկը վերականգնել-Խմբ.) քաղաքական ուժերը եւ ընդդիմութիւնը, թէ՞ սա ընդդիմադիր դաշտի վերջնական ոչնչացման նախերգանքն է: Ընդհանրապէս՝ ի՞նչ որակի քաղաքական համակարգ ու քաղաքականութիւն է սպասւում Հայաստանում: Անայլընտրանք ընտրութիւններ անցկացնելը նշանակում է, որ հասել ենք յատակին, որ այլեւս անկման տեղ չկայ: Իսկ յատակում կա՛մ փտում են, որի վրայ ծլում են սնկերը, կա’մ վեր մագլցելու տենդագին միջոցներ ձեռնարկում:
Այս որակի ընտրութիւններն առարկայօրէն ցոյց են տալիս, որ քաղաքական միասնական օրակարգի ձեւաւորումը ոչ միայն չի կորցրել արդիականութիւնը, այլեւ էլ աւելի է սրուել: Մանաւանդ որ անձնական ու խմբակային ամբիցիաներն այլեւս չեն կարող այնպիսի աւելիչ ազդեցութիւն ունենալ, ինչպէս ընտրութիւններով պայմանաւորուելու պարագայում: Այս ընտրութիւնները պէտք է լինեն մի շրջափուլի աւարտը եւ նոր քաղաքականութեան կերտման մեկնարկը: Ահա թէ ինչու է կարեւոր պլատֆորմի կենսագործման, այսինքն՝ յստակ օրակարգ առաջարկելու՝ ՀՅԴի այս կեցուածքը: Չնայած ափսոս է, իհարկէ, որ նորից ստիպուած ենք համակերպուել պատմական հերթական պահը կորցնելու եւ ժամանակը հերթական անգամ անիմաստ վատնելու իրողութեան հետ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles