ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «ԻՄեդիա».- Պարոյր Սեւակի ժառանգութեան մի հատուած էլ կարելի է համարել նրա ռադիօելոյթները: Ճիշդ է, դրանք մեծ թիւ չեն կազմում, սակայն եղածներն արդէն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խօսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մէկը՝ դեռեւս անյայտ ու անտիպ մի ելոյթ, որ հնչել է Նոր տարուայ նախօրէին՝ 1963 թ. Դեկտեմբերի 31ին: Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին (Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը-Խմբ.) առընթեր ռադիօհաղորդումների եւ հեռուստատեսութեան պետական կոմիտէի արտասահմանի հայերի համար տրուող հաղորդումների խմբագրութիւնը եթեր է հեռարձակել Սեւակի շնորհաւորանքի խօսքը: Սեւակից առաջ ելոյթ են ունեցել Մարտիրոս Սարեանն ու Գոհար Գասպարեանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպէին: Խօսքը եղել է նախապէս գրուած ու ձայնագրուած: Մեքենագրուած էջի վրայ Սեւակը ձեռագիր որոշ բառեր է աւելացրել, որոնք տեքստում ներկայացւում են ընդգծուած: Իսկ չափածոյ հատուածը բացակայում է: Ամենայն հաւանականութեամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրուած է. «Ձայնագրուած է»: Բոլոր էջերը ստորագրուած են գլաւլիտի լիազօրի կողմից: Վաւերագիրը պահւում է ազգային արխիւում: Ստորեւ՝ Սեւակի ելոյթը.
Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրէականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռաւոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է եւ մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովուած չենք: Ուրեմն թող նա գայ նախ եւ առաջ իբրեւ մէջքապնդող գօտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գօտիներում էլ լինենք:
Եթէ համբերութիւնը թել է, մերը պիտի պարան կոչուի եւ հիւսուած լինի ոչ թէ թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նեարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նեարդերը: Աչքերը տեսնելու համար են եւ ոչ թէ միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, եւ ճանապարհները կրճատուեն, եւ սպասելիքները մօտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամեակներ շարունակ: Մեր տուածի գէթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչուածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնուեն Նոր տարում եւ ծնուեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կ՛ուզի, բայց նրանց հարսանեաց հանդէսը կատարուի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը եւ փշաքաղւում է մեր մաշկը:
Թոյլ տուէք, եւ ձեր անունից, Նոր տարուան դիմել նաեւ չափածոյ: