ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ս. Պետրոս տաճարում Ապրիլի 12ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն զոհերի յիշատակին մատուցուած պատարագը, որը փաստացի հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների կողմից տրւում էր համատեղ եւ եկեղեցիների պատմութեան մէջ, որպէս այդպիսին, առաջին անգամ էր տեղի ունենում, ինքնին պատմական նշանակութիւն ունէր ոչ միայն Ցեղասպանութեան փաստի արձանագրման, այլեւ բազմամիլիոն կաթոլիկ հաւատացեալների շրջանում դրա վերաբերեալ հանրային իրազեկուածութիւնը բարձրացնելու իմաստով:
Պատահական չէ, որ մինչ այդ, թուրքական կողմը դիւանագիտական բաւական լուրջ ճնշումներ է գործադրել Վատիկանի վրայ՝ պատարագի մատուցումը խափանելու համար: Սակայն, ըստ ամենայնի, Հռոմի պապի կողմից պատարագի մատուցումը եւ արարողութիւնից յետոյ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներին, հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ելոյթով հանդէս գալու հնարաւորութեան ընձեռումը կարելի է ընկալել որպէս Ապրիլի 24ին Հռոմի պապի՝ Երեւան չայցելելու հնարաւոր որոշումը փոխհատուցելու ժեստ. իր ելոյթում, հպանցիկ անդրադառնալով այդ օրը Երեւանում կազմակերպուելիք ոգեկոչման միջոցառումներին, Գարեգին Բ. կաթողիկոսը նշեց ոչ թէ Պապի, այլ նրա ներկայացուցիչների մասնակցութեան մասին: Հետեւաբար, պէտք է, թերեւս, սպասել, որ այդ օրը հայ ժողովրդի կողքին լինելու վերաբերեալ տուած իր խոստումը Հռոմի պապը, ամենայն հաւանականութեամբ, չի կատարի:
Սակայն սա այն դէպքը չէ, երբ նրա չգալը պատմական ճշմարտութեան հանդէպ մեղանչելու կամ երկակի ստանդարտներով առաջնորդուելու դրսեւորում կարելի է համարել՝ հաշուի առնելով պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապի արած պատմական յայտարարութիւնը, թէ՝ «հայերի կոտորածը 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է»: Դրանով, ըստ էութեան, Վատիկանն ամենաբարձր մակարդակով ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ յարուցելով անզօրութիւնից ատամները կրճտացնող Անկարայի հիստերիկ զայրոյթը:
Իրականում սա առաջին անգամը չէր, որ Հռոմի պապն իրերը կոչում էր իր անունով: 2000թ. Յովհաննէս Պօղոս 2րդի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի համատեղ ընդունած յայտարարութեան մէջ նշւում էր. «Հայոց Ցեղասպանութիւնը, որով սկսուել էր դարաշրջանը, նախաբան էր սարսափազդու իրադարձութիւնների, որոնք պէտք է հետեւէին դրան»: Ըստ էութեան, Ֆրանցիսկոս պապի՝ Ապրիլի 12ին արած յայտարարութիւնը փաստացի այս ձեւակերպումների վերահաստատումն էր: Սակայն, եթէ յայտարարութիւնը կարող է ընկալուել որպէս որոշակի ժեստ՝ հայ ժողովրդի եւ, մասնաւորապէս, Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ, ապա ներկայիս յայտարարութեան կարգավիճակը շատ աւելի բարձր է եւ հնչում է որպէս Վատիկանի պաշտօնական դիրքորոշում:
Հէնց այս հանգամանքն է Թուրքիայի կողմից նման հակազդեցութեան պատճառը, որի կապակցութեամբ մտավախութիւնը Անկարայում եղել է՝ սկսած այն պահից, երբ մշտապէս Հայոց Ցեղասպանութեան հարցում միանշանակ դիրքորոշում ունեցող եւ այն հրապարակելու հարցում երբեք կոմպլեքսներ չունեցող Բուէնոս Այրեսի արքեպիսկոպոս, կարդինալ Բուրգոլիոն ընտրուեց Հռոմի պապ:
2014ի Նոյեմբերին Անկարան, օգտագործելով Պոլսոյ Յունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմէոսին, կարողացաւ հասնել Պապի այցելութեանը Թուրքիա՝ յոյս ունենալով փոխել նրա կարծիքը Ցեղասպանութեան հարցում եւ այդ կապակցութեամբ կորզել նրանից այնպիսի յայտարարութիւն, որը կ՛արտայայտի նաեւ Անկարայի դիրքորոշումը, կը լինի աւելի անորոշ եւ զերծ՝ քաղաքական երանգաւորումից: Այս դիւանագիտական ջանքերը, որոնց համար Անկարան հսկայական ռեսուրսներ (օժանդակ միջոցներ-Խմբ.) էր ծախսել, փաստօրէն, արդիւնք չտուեցին: Ընդհակառակը՝ Թուրքիան ստացաւ շատ աւելի կոշտ գնահատական, քան կարող էր պատկերացնել:
Հռոմի պապն, այսպիսով, իրեն դուրս դրեց դիւանագիտական ստերէոտիպներից (կարծրատիպերէ-Խմբ.) հրաշալի հասկանալով, թէ ինչ հետեւանքներ դա կ՛ունենայ Վատիկանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների վրայ: Նրա յայտարարութիւնից անմիջապէս յետոյ այդ երկրում Թուրքիայի դեսպանը չեղեալ յայտարարեց նախապէս պլանաւորուած ասուլիսը, Անկարան իր դեսպանին ետ կանչեց՝ կոնսուլտացիաների (խորհրդակցութիւններու-Խմբ.) համար, ԱԳՆ հրաւիրուեց այդ երկրում Վատիկանի դեսպանը: Բացի դրանից, Թուրքիայի ԱԳՆն յայտարարեց, թէ Վատիկանը ցուցաբերել է միակողմանի մօտեցում՝ ներկայացնելով, իբր, միայն հայերի ցաւը եւ մոռանալով այդ նոյն ժամանակ մահմեդականների ապրած ցաւերը, յաւելելով, թէ Անկարան կատարուածն անպատասխան չի թողնելու: Արտգործնախարար Մեւլուդ Չաւուշօղլուն, իր հերթին, յայտարարեց. «Կրօնական կառոյցներն անհիմն պնդումների միջոցով թշնամանք եւ ատելութիւն սերմանելու վայրեր չեն: Հռոմ պապի՝ պատմական եւ իրաւական իրողութիւններից հեռու յայտարարութիւնը չի կարող ընդունելի լինել»:
Սպասելի է, որ, չբաւարարուելով զուտ դիւանագիտական որոշակի ժեստերով, Անկարան կը դիմի նաեւ որոշակի քաղաքական եւ տնտեսական այլ հակաքայլերի, որոնք, սակայն, ոչ այնքան Վատիկանին եւ Ֆրանցիսկոս պապին «պատժելու», որքան նրա այս յայտարարութեան հենքի վրայ այլ երկրների կողմից Ցեղասպանութեան ճանաչման հնարաւոր շղթայական ռէակցիան կանխելու նպատակ կ՛ունենան: Անկարան ի սկզբանէ փորձելու է ցոյց տալ, թէ ինչ է սպասւում բոլոր այն երկրներին, որոնք կը փորձեն կրկնել Հռոմի պապի քայլը:
Այս տեսանկիւնից, Ս. Պետրոս տաճարում տեղի ունեցածը եւ Ֆրանցիսկոս պապի պատմական յայտարարութիւնը քաղաքական եւ բարոյական երկու կարեւոր նշանակութիւն ունեն: Նախ՝ սա պարզորոշ ցոյց տուեց, որ իրականանում է «հայկական ցունամի»ի կամ մղձաւանջի այն սպասելիքը, որը 100ամեայ տարելիցին ընդառաջ ունէր Անկարան եւ միլիարդաւոր դոլարներ էր ծախսում դրա էֆեկտը (ազդեցութիւնը-Խմբ.) թուլացնելու նպատակով:
Մի կողմից Պապի այս յայտարարութեան, միւս կողմից՝ ամերիկեան հեռուստաաստղ Քիմ Քարդաշեանի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում Ցեղասպանութեան թեման այնպիսի ծաւալներով է տիրաժաւորւում աշխարհում, որ Անկարային մնում է միայն հաշուել իր քաղաքականութեան տուած բացասական հաշուեկշռի ահռելի մասշտաբները:
Երկրորդ՝ Ֆրանցիսկոս պապը սկզբունքայնութիւն եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան իրական արժէքի գնահատման, երկակի ստանդարտներից դուրս գործելու մի այնպիսի նշաձող սահմանեց, որն այլեւս դառնալու է համեմատական՝ Ցեղասպանութեան ճանաչման հարցում մանեւրումներ կատարող երկրների համար՝ թէ՛ բարոյական եւ թէ քաղաքական առումով: Սա ահռելի ճնշում էր այդ երկրների նկատմամբ, որը կարող է երկարաժամկէտ հեռանկարում, միջազգային ճանաչման գործընթացի առումով, տալ դրական արդիւնքներ:
Կարճաժամկէտ հեռանկարի իմաստով՝ չի բացառւում, որ այդ երկրները շատ աւելի զգուշաւոր դառնան: Սա կախուած կը լինի նրանից, թէ Թուրքիան ինչպէս կը պատասխանի Վատիկանին, որից կ՛արուեն համապատասխան հետեւութիւններ: Եթէ այդ ռէակցիան լինի սպասուածից աւելի թոյլ, ապա ԱՄՆը, Գերմանիան, գուցէ նաեւ Մեծ Բրիտանիան աւելի համարձակ գտնուեն պատմական փաստերը ճանաչելու եւ հայ ժողովրդի հետ կատարուածը Ցեղասպանութիւն որակելու հարցում: Սրա հետ կապուած՝ շատ հարցերի պատասխան կը տայ Ապրիլի 24ը, երբ այդ երկրները ստիպուած կը լինեն ընտրութիւն կատարել Մեծ Եղեռնի յուշահամալիր այցելելու եւ Ստամբուլում կայանալիք՝ Գալիպոլիի «յաղթանակ»ի կապակցութեամբ հրաւիրուելիք տօնակատարութիւններին մասնակցելու միջեւ:
Ֆրանցիսկոս պապի կողմից դարասկզբին կատարուածը Ցեղասպանութիւն որակելը շատ յստակ ուղերձ է. այդ օրը Թուրքիա այցելելը լինելու է անբարոյականութիւն: Մնում է, որ այդ ուղերձը տեղ հասնի: Չնայած մեծ խաղացողների համար քաղաքականութեան մէջ անբարոյականութեամբ առաջնորդուելը երբեք ամօթալի չի եղել: