NEWS.am-ը ներկայացնում է Հռոմի պապի ելոյթի ամբողջական տեքստը, որը հրապարակել է Vatican News-ը.
Յարգելի հայ քոյրեր եւ եղբայրներ,
100 տարի է անցել ձեր ազգի հանդէպ իրականացրած սարսափելի ջարդերից եւ իրական տառապանքներից, որոնց հետեւանքով շատ անմեղ մարդիկ զոհուեցին որպէս Քրիստոսի նահատակներ եւ հետեւորդներ: Անգամ այսօր չկայ այնպիսի մի հայ ընտանիք, որն այդ ողբերգութեան հետեւանքով հարազատներ կորցրած չլինի: Դա իրօք Մեծ Եղեռն էր, ինչպէս այն անուանում են հայերը:
Այս տարելիցին ես ձեր ազգի հանդէպ մերձաւորութիւն եմ զգում եւ ցանկանում եմ հոգով միանալ ձեզ ձեր աղօթքներում, որոնք բարձրանում են ձեր սրտերից, ձեր ընտանիքներից եւ ձեր համայնքներից:
Այսօր յարմար պահ է միասին աղօթելու համար, քանի որ մենք Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ ենք կարգել: Ես խորապէս շնորհակալ եմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ին եւ Հայ կաթողիկէ եկեղեցու գերաշնորհ պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ.ին այսօր այստեղ գտնուելու համար:
10րդ դարի վանական Սուրբ Գրիգոր Նարեկացին գիտէր, թէ ինչպէս ամէնից լաւ արտայայտի ձեր ժողովրդի զգացմունքները: Նրա ճիչը մեղսաւոր, թշուառ, անօգնականութեան թախիծով հալածուած մարդկութեան աղօթքն էր՝ լուսաւորուած Աստուածային սիրով եւ բաց Աստծու փրկիչ միջնորդութեան յոյսի համար, որն ունակ է վերափոխել ամէն բան: «Շնորհիւ հզօրութեան, որին ես յոյս եմ յայտնում առանց վախի եւ ապաւինում եմ առանց կասկածի առ այն, որ յանձնելով ինձ Ամենակարողի ձեռքը՝ կը հասնեմ ոչ միայն մեղքերի թողութեան, այլ կարող եմ տեսնել Նրան եւ Նրա գթասրտութիւնը եւ երկնային արքայութեան ողորմածութեանը» (Սուրբ Գրիգոր Նարեկացի, «Մատեան Ողբերգութեան», 12):
Ձեր քրիստոնէական ինքնակայութիւնը իրօք հնագոյն է. այն ծագում է 301թ.ից: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը Հայաստանն առաջնորդեց մկրտութեան եւ վերափոխութեան: Դուք առաջինն էիք երկրների մէջ, որոնք դարեր շարունակ ընդունում էին Քրիստոսի Աւետարանը: Այդ հոգեւոր իրադարձութիւնը անջնջելի նշան դրեց հայ ազգի, նրա մշակոյթի եւ պատմութեան վրայ, որտեղ տառապանքը յատուկ տեղ է զբաղեցնում, ինչպէս վկայում է 5րդ դարում Սուրբ Վարդանանց մատուցած զոհը:
Քրիստոսի լոյսով եւ օրհնութեամբ լուսաւորուած ձեր ազգը շատ տառապանքներ եւ զրկանքներ է յաղթահարել՝ ոգեշնչուած Խաչից եկող յոյսով: Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ.ն ասել է. «Տառապանքի եւ նահատակութեան ձեր պատմութիւնը թանկարժէք մարգարիտ է, որով հպարտանում է Տիեզերական եկեղեցին: Մարդկանց մեղքերը քաւած Քրիստոսի հաւատը ձեզ քաջութիւն է շնորհել ձեր ճանապարհին: Այդ հաւատը ուղեկցում եւ ապաւէն էր լինում ձեզ՝ 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դէպքերի ժամանակ, որոնք համարւում են 20րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը:
Հռոմի պապ Բենեդիկտոս ԺԵ. որը դատապարտեց Առաջին Համաշխարհային պատերազմը՝ որպէս «անիմաստ ջարդ», արեց իրենից կախուած ամէն բան, որպէսզի դադարեցնի այն՝ շարունակելով Հռոմի պապ Լէօ ԺԳ. ջանքերը՝ ուղղուած 1894-1896թթ. «մահացու իրադարձութիւններին» հակազդելուն:
Այդ պատճառով Հռոմի պապ Բենեդիկտոս ԺԵ. սուլթան Մեհմեդ Ե.ին նամակ էր գրել՝ աղաչելով փրկել շատ անմեղ մարդկանց:
Ոչ միայն հայերի եւ Տիեզերական եկեղեցու, այլ նաեւ ողջ մարդկային ընտանիքի պատասխանատուութիւնն է յիշել այն, ինչ տեղի է ունեցել, որպէսզի այդ ողբերգութեան նախազգուշացումը թոյլ չտայ կրկնուելու այդ սարսափը, որը վիրաւորում է Աստծուն եւ մարդկային արժանապատուութիւնը:
Այսօր նոյնպէս այդ հակամարտութիւնները փաստացիօրէն վերածւում են անարդարացի բռնութեան՝ խառնուելով ազգային եւ կրօնական տարբերութիւնների շահագործմանը: Բոլոր պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարները նման յանցագործութիւններին պէտք է հակազդեն պարտքի հաստատուն զգացումով՝ չզիջելով երկդիմիութեանն ու փոխզիջմանը:
Թող այս սգոյ տարելիցը բոլորի համար համեստ եւ անկեղծ մտորումների առիթ դառնայ: Եւ թող ամէն սիրտ բաց լինի ներման համար, ինչը խաղաղութեան եւ ծնուող յոյսի աղբիւր է: Սուրբ Գրիգոր Նարեկացին մարդկային հոգու արտասովոր մեկնիչ էր: Նա մարգարէացել էր ասելով.
«Նախահօրից սկիզբ առած եւ մինչ նրա սերունդների վախճանը շարունակուող անբուժելի մեղքերի մէջ ինքնակամ համաձայն եմ ես ինձ մեղապարտ ճանաչել ողջ մարդկութեան մեղքերի համար» («Մատեան Ողբերգութեան», LXXII):
Որքա՜ն ապշեցուցիչ է համընդհանուր համերաշխութեան զգացումը: Որքա՜ն ճղճիմ ենք մենք մեզ զգում նրա կոչերի վեհանձնութեան առաջ:
Աստուած տայ, որ հայ եւ թուրք ժողովուրդները նորից հաշտութեան ուղի բռնեն եւ թող խաղաղութիւն հաստատուի նաեւ Լեռնային Ղարաբաղում: Չնայած հակամարտութիւններին եւ լարուածութեանը՝ հայերն ու թուրքերը երկար ժամանակ խաղաղ գոյատեւել են անցեալում եւ անգամ բռնութեան թէժ պահին նրանք համերաշխութիւն եւ փոխօգնութիւն են ցուցաբերել: Միայն այդ ճանապարհով սերունդները կը բացեն իրենց համար լաւագոյն ապագան:
Մեզ՝ քրիստոնեաներիս համար թող սա առաջին հերթին խորին աղօթք լինի: Քրիստոսի զոհաբերութեան քաւիչ ուժի շնորհիւ թող թափուած արիւնը բերի եղբայրութեան, որն արդէն միաւորել է Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիները: Հաւատի նահատակ դարձած շատ անօգնական եղբայրների եւ քոյրերի վկայութիւնները միաւորում են եկեղեցու տարբեր ուղղութիւնները: Դա էկումենիկ (ընդհանրական-Խմբ.) արիւն է, որը յանգեցրեց նրան, որ Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ.ը 2000թ. տարելիցին 20րդ դարի բոլոր նահատակներին միասին յիշատակի: Մեր միջոցառումը նոյնպէս ընթանում է այդ հոգեւոր եւ եկեղեցական ենթատեքստում: Մեր երկու եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցում են այս իրադարձութեանը արտայայտելով կատարեալ միասնութիւն երկրի վրայ, որը գոյութիւն ունի դրախտի օրհնեալ հոգիների միջեւ: Եղբայրական սիրով վստահեցնում եմ, որ ես առնչութիւն ունեմ ձեր Հայ առաքելական եկեղեցու նահատակների սրբադասման արարողութեանը, որը կը կայանայ Ապրիլի 23ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Յուլիսին՝ Անթիլիասում յիշատակի տուրքի միջոցառումներին»: