Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Եռեակը Չէր Կարող Լինել, Եթէ ԲՀԿն Սպասարկէր Իմ Շահերը». Ռ. Քոչարեան

$
0
0

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆԻ ՆՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ 2RD7AM ԿԱՅՔԻՆ

ՀԱՐՑ.- Պարոն նախագահ, հանրայայտ է, որ հէնց դուք էիք այն պետական ու քաղաքական գործիչը, ում շնորհիւ 17 տարի առաջ, 1998 թուականին, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը մտաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան օրակարգ: Այսօր, Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի նախաշեմին, կը ցանկանայինք իմանալ ձեր կարծիքը հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ վիճակի եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հեռանկարների մասին: Ինչո՞վ ենք մօտենում 100ամեակին եւ ո՞ր ուղղութեամբ պիտի կենտրոնացնենք ջանքերը՝ մեր նպատակներին հասնելու համար:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական յարաբերութիւնները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխաւորը ես կը համարէի Թուրքիայի եւրոպական ձգտումների ակնյայտ նուազումը, ինչը նշանակում է, որ նուազել է նաեւ հանդուրժողականութիւն եւ բարեացկամութիւն ցուցադրելու կարիքը: Հարեւանների հետ խնդիրների զրոյացման քաղաքականութիւնը ամբողջապէս տապալուեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բեւեռացման պայմաններում: Թուրքիայի գործողութիւններն այսօր ուղղակի արտայայտում են նրա՝ տարածարջանում դոմինանտ (գերիշխող-Խմբ.) դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիօրէն մեծացնում է Ադրբեջանի նշանակութիւնը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշուարկներում: Այս ամէնը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան հարցերում եւ ամենեւին չի նպաստում ապաշխարութեանը հեռաւոր անցեալի իրադարձութիւնների համար:
Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաեւ 2009 թուականին ստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնները: Մեռելածին լինելով հանդերձ, դրանք այնուամենայնիւ գերագնահատուած փոխադարձ սպասումներ առաջացրին ինչպէս Հայաստանում ու Թուրքիայում, այնպէս էլ՝ միջազգային հանրութեան շրջանում: Իսկ չափազանցուած, անիրականանալի սպասումները միշտ յանգեցնում են ելակէտային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրութիւնների միջոցով Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը զսպելու հնարաւորութիւն ստացաւ: Ոչ մի տարբերութիւն չկայ, թէ ֆիզիքապէս որտեղ է գտնւում ստորագրուած փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թէ՝ ԱԳՆում: Քանի դեռ արձանագրութիւններից հետ չի կանչուած ՀՀ ստորագրութիւնը, Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած ջանքերը դժուար թէ լինեն շօշափելի: Այս ամէնի հետ մէկտեղ, այսօր քչերն են հաւատում հայ-թուրքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրութիւնների իրագործումից:
Մենք չենք կարող պարզապէս պատմութիւն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, եւ ո՛չ միայն բարոյական նկատառումներով, այլեւ այն պատճառով, որ Հայաստանի եւ ԼՂՀ անվտանգութեան հարցը շարունակում է արդիական մնալ նաեւ հիմա: Ցեղասպանութեան ճանաչման թեման այսօր պէտք է դիտարկել մեր անվտանգութեան ընդհանուր եւ միասնական համատեքստում: Ակնյայտ է, որ աշխարհը աւելի վտանգաւոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտութիւնները, իրենց ծանրագոյն հումանիտար (հասարակական-Խմբ.) հետեւանքներով, շատացել են եւ դրանք անմիջապէս մեր կողքին են: Գլոբալ (համերկրային-Խմբ.) եւ տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան (ուրուանկարը-Խմբ.) ու շահերն էլ առանձնապէս չեն փոխուել:

ՀԱՐՑ.- Օգտուելով առիթից, անդրադառնանք ներքաղաքական կեանքի երկու ամենահրատապ հարցերին: Առաջինը՝ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներն են: Մէկ անգամ դուք արդէն արտայայտուել էք այդ առիթով: Սակայն այժմ մենք գտնւում ենք նոր փոլում. սկսուել են քննարկումներ քաղաքական կուսակցութիւնների հետ, եւ յաջորդ տարուայ սկզբին հանրութեան դատին կը յանձնուի հիմնական օրէնքի փոփոխութեան միանգամից երկու տարբերակ՝ անցում կառավարման խորհրդարանական ձեւաչափի կամ գործող համակարգի պահպանում: Փոխուե՞լ է արդեօք այս ընթացքում ձեր վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապէս: Կառավարման ո՞ր մոդելին էք դուք տալիս նախապատուութիւնը:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Իմ տեսակէտը չի փոխուել՝ սահմանադրական փոփոխութիւնների իմաստ ես չեմ տեսնում եւ վստահ եմ, որ Հայաստանի ներկայ խնդիրները ոչ մի կերպ կապուած չեն գործող Սահմանադրութեան հետ, առաւել եւս՝ պետական կառավարման ձեւի հետ: Կրկնեմ. երկիրը անյաջող կամ էլ յաջողութեամբ կարելի է կառավարել ինչպէս նախագահի, այնպէս էլ՝ վարչապետի աշխատասենեակից:
Աշխարհում կան թէ՛ նախագահական եւ թէ՛ խորհրդարանական համակարգի գործածման ինչպէս լաւ, այնպէս էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների յաջողակութեան պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայութիւնը՝ ներկուսակցական արդիւնաւէտ ժողովրդավարութեամբ, ֆրակցիոնիզմով (գործելաոճի տարբերութեամբ-Խմբ.), կուսակցական ղեկավարութեան ու ռազմավարութեան նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ յայտնի՞ են այդպիսի կուսակցութիւններ Հայաստանում: Ցաւօք, մեզանում նոյնիսկ քաղաքական բանավէճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիւ (հասարակ-Խմբ.) է:
Միամտութիւն կը լինի կարծելը, թէ խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կը բերի ժողովրդավարական եւ մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ աւելի հաւանական է, որ այն կ՛ահագնացնի Հայաստանում արմատաւորուած ու նրա դժբախտութիւններից մէկը հանդիսացող հովանաւորչական կառավարումը:

ՀԱՐՑ.- Այժմ կը խնդրէի, որ անդրադառնաք Բարգաւաճ Հայաստանի շուրջ ծաւալուած իրադարձութիւններին: Մամուլում մինչեւ հիմա հանդիպում են տարատեսակ, երբեմն՝ տրամագծօրէն հակառակ ասեկոսներ ու մտավարժանքներ՝ կատարուածի մէջ ձեր դերակատարութեան եւ ԲՀԿի հետ տեղի ունեցած աղէտից յետոյ Ձեր քաղաքական ապագայի մասին: Ոմանք կարծում են, թէ դուք սառնասրտօրէն հետեւեցիք դատաստանին եւ ոչինչ չարեցիք, որպէսզի փրկէ ԲՀԿն, իսկ դա նշանակում է, թէ դուք ինչ-ինչ պայմանաւորուածութիւններ ունէիք իշխանութիւնների հետ: Ուրիշները կարծում են, թէ դուք պարզապէս չկարողացաք օգնել Ծառուկեանին, չկարողացաք փրկել «ձեր» քաղաքական յենարան կուսակցութիւնը: Որտե՞ղ է ճշմարտութիւնը:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Երկու հնչեցուած վարկածներն էլ չեն համապատասխանում իրականութեանը: Ես ուշադիր հետեւել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լաւ յարաբերութիւններ ու շփումներ ունէի Գագիկ Ծառուկեանի հետ, սակայն կուսակցութեան եւ նրա ղեկավարի հետ համագործակցութեան ապագայ ձեւաչափերի շուրջ ստուերային քաղաքական պայմանաւորուածութիւններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիւ անգամ յայտարարել են ինչպէս ԲՀԿ, այնպէս էլ իմ գրասենեակի ներկայացուցիչները, եւ մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հաւատացել նրանց անկեղծութեանը: ԲՀԿն ունէր իր քաղաքական թիմը, որն ակտիւօրէն առաջ էր տանում կուսակցութեան շահերը: Վերջին տարիներին ԲՀԿն յամառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպէս խորհրդարանական, այնպէս էլ նախագահական ընտրութիւններին: Ակնյայտ է նաեւ, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձեւաւորուած ոչ իշխանական ուժերի եռեակի ձեւաչափին: Եւ ընդհանրապէս, այդպիսի ֆորմատ (ձեւաչափ-Խմբ.) չէր էլ կարող լինել, եթէ ԲՀԿն սպասարկէր իմ շահերը:
Այդ օրերի իմ յայտարարութիւնը ստեղծուած իրավիճակի եւ երկրի համար դրա հնարաւոր բացասական հետեւանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետութեան եւ ԼՂՀ նախկին նախագահի յայտարարութիւն էր:

ՀԱՐՑ.- Այսքանով հանդերձ, բոլորի համար ամենահրատապ հարցը մնում է հետեւեալը. ի՞նչ է լինելու յետոյ: Կը վատթարանա՞յ իրադրութիւնը երկրում, թէ ընդհակառակը, յայտնուել են իրավիճակի բարելաւման հնարաւորութիւններ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարելի է սպասել տեսանելի ապագայում՝ վատթարացո՞ւմ, թէ բարելաւում:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Իսկ ի՞նչ է փոխուել երկրում, որ իրավիճակը բարելաւուի: ԲՀԿի կազմաքանդումն, ի հարկէ, թեթեւացրեց իշխանութիւնների կեանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկայ քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպէս որ կային կամ էլ աւելի խորացնելով դրանք: Այդ խնդիրներից շատերի մասին ես արդէն խօսել եմ նախորդ հարցազրոյցներում, ուստի չեմ ուզում կրկնուել: Վերջին մէկ տարում Հայաստանի արտարժոյթի պահուստների կրճատման դինամիկան (զարգացման փուլը-Խմբ.) ցանկացած տեքստից աւելի խօսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցուածքի վատթարացմամբ: Վերջին փոխառութիւնը՝ տարեկան 7.5 տոկոս եկամտաբերութեամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խօսում է մեր տնտեսութեան տխուր վիճակի մասին եւ ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լաւ կեանքից չէ, որ այդպէս է արւում, բայց պարտքերի մէջ թաղուելն էլ ամենեւին ելք չէ: Դրա հետ մէկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղուած որեւէ գործուն քայլ չի կատարւում:
Դրականների շարքին ես կը դասէի երկու հանգամանք, որոնք, իրականում, մեզնից կախուած չեն:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հաւանականութիւնը եւ կիրառուող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսութեան համար նոր հնարաւորութիւններ կը բացի, իսկ միջնաժամկէտ հեռանկարում կը հաւասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատուած աշխարհաքաղաքական պատկերը:
Նաւթի ցածր գները կը զրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն (կարողականութիւնը-Խմբ.) ընդլայնելու առաջուայ հնարաւորութիւններից: Բաքուն ստիպուած կը լինի խնայողութիւնների եւ նաւթագազային եկամուտների առիւծի բաժինը ծախսել սոցիալական կայունութիւնը պահպանելու վրայ: Դա կը նուազեցնի Ադրբեջանի՝ վերջին տարիներին դրսեւորուող ռազմատենչ նկրտումները:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles