Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Արարատ-Էսքիջեան» Թանգարան. Հայկական Սփիւռքի Գանձ Լոս Անջելեսում

$
0
0

Mission Hills-ում թաքնուած գանձը՝ «Արարատ-Էսքիջեան» թանգարանը, գտնւում է Սան Ֆերնանդոյի հովտում՝ Գլենդելից մօտ 20 մղոն հեռաւորութեան վրայ, որը հայերով բնակեցուած ամենամեծ վայրն է Երեւանից՝ Հայաստանի մայրաքաղաքից յետոյ: Թանգարանը հեռու է Հոլիվուդում գտնուող հայկական անկլաւից (պետութեան մաս, որ չորս կողմից շրջապատուած է այլ պետութիւններով-Խմբ.)՝ Little Armenia-ից: Եթէ ճանապարհից մի փոքր շեղուէք, արժէ այցելել այստեղ. interpress.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Huffington Post-ի յօդուածագիրը:
Գտնուելով թեք տարածքում, որտեղ Արարատ Տունն է՝ թոշակառուների համայնքը, եկեղեցին եւ նոյնիսկ ընդունելութեան համար նախատեսուած մի սրահ, թանգարանը ցուցադրում է ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան, այլեւ հայ ժողովրդի պատմութեան հիանալի նմուշներ:
Երբ մօտենում էք թանգարանի մուտքին, առաջինը, որ տեսնում էք, բրոնզէ արձանն է, որը պատկերում է Ցեղասպանութիւնից փախչող, մազերը քամուն տուած եւ իր երեխային գրկած մօրը: Արձանը տխրեցնող է, այն ցոյց է տալիս հայերի ողբերգական պատմութիւնը: Հայերը հին ժողովուրդ են, որի արմատները, ըստ թանգարանի մօտ, մայթին փորագրուած հաշուարկի, ձգւում են առնուազն 5000 տարի:
Երբ մտնում էք թանգարան, ձեզ ողջունում է Ֆրեզնոյում ապրած ու հայերի դիմացկունութիւնը հիանալի նկարագած գրող Վիլեամ Սարոյեանի ոգեւորիչ խօսքը.
«Կը ցանկանայի տեսնել աշխարհի այն ուժը, որը կ՛ոչնչացնէր այս ազգին՝ անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղին, որը բոլոր պատերազմներում պարտութիւն է կրել, որի հիմքերը կործանուել են, գրականութիւնը՝ մնացել չկարդացած, իսկ աղօթքները՝ անպատասխան: Փորձէ՛ք ոչնչացնել այդ ազգին, ոչնչացնել Հայաստանը, տեսնենք՝ կը կարողանա՞ք:
Ուղարկէ՛ք նրանց անապատ առանց հաց ու ջրի, այրէք նրանց տներն ու եկեղեցիները, որից յետոյ տեսէք, արդեօք նրանք կրկին չե՞ն ծիծաղում, երգում եւ աղօթում: Աշխարհի ցանկացած վայրում, որտեղ էլ որ հանդիպէն նրանցից երկուսը, կը ստեղծեն Նոր Հայաստան»:
Ապրիլի 24ին կը լրանայ Հայոց Ցեղասպանութեան մեկնարկի 100րդ տարելիցը: 1915-1923 թուականներին Օսմանեան թուրքերը սպանել են 1.5 միլիոն հայ:
Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական բանաձեւ, որը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել կառուցողական, կայուն եւ ամուր յարաբերութիւններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ու փնտռել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան փաստերի եւ շարունակուող հետեւանքների ամբողջական ճանաչման ուղիները, ինչպէս նաեւ արդար, ազնիւ եւ միջազգային համապարփակ լուծում տալ մարդկութեան դէմ այս յանցագործութեանը»:
Օբամայի վարչակարգը այս հարցերին անդրադառնալու մեծ ցանկութիւն չի ցուցաբերում՝ զգուշանալով արդարութիւնից ռազմավարական պատճառներով, հիմնականում, քանի որ Թուրքիան Իսլամական պետութեան դէմ պայքարում ԱՄՆի դաշնակիցն է: Բանաձեւը, որը խորհրդատուական բնոյթ ունի, կասեցրել է Ներկայացուցիչների պալատի խօսնակ æոն Բէյները:
Նախագահ Օբամայի եւ խօսնակ Բէյների համար, որոնք տապալել են առաջնորդութեան թեստը, օգտակար կը լինէր այցելել «Արարատ-Էսքիջեան» թանգարան, որտեղ նրանք կը կարողանային սովորել, որ սա բոլորովին էլ 100րդ տարելիցը չէ: Թուրքերը հայերին կոտորել են նաեւ մինչեւ 1915ը, դա տեղի է ունեցել նաեւ Հաջնում՝ մի բնակավայրում, որն այն ժամանակ՝ 1909ին Հայաստանի մասն էր:
Երբ Կիրակի՝ Մարտի 22ին, դուրս էի գալիս թանգարանից, 77ամեայ համակարգող Էդուարդ Սելեանն ասաց. «Դուք կարող էք ամէն ինչ գտնել Wikipedia-ում»:
Ալեհեր Սելեանը վիլուետի տաբատով, սուիտրով եւ բաց օծիքով վերնաշապիկով էր, Մարտի 22ը Նովրուզի յաջորդ օրն էր, որը իրանական Նոր Տարին է, բայց նշանակութիւն ունի նաեւ հայերի համար:
Սելեանը մաքրում էր թանգարանի շքամուտքը, երբ ես ժամանեցի:
Չտեսնուած համեստ Սելեանը լեզուաբան է, խօսում է առնուազն 5 լեզուներով, բայց հասկանում է եւս մի քանիսը: Նա հայկական Սփիւռքը ներկայացնող յայտնի գիտնական է, մեծ ուշադրութեամբ է վերաբերում իր հետազօտութիւնների յղումներին եւ աղբիւրներին:
Նրա որդի Սահակը ինժեներ է, վերջերս ինձ էր ուղարկել իր հօր յօդուածներից մէկը Պոլիկանների եւ Պոակների լեզուաբանական պատմութեան մասին: Դրանք ժողովուրդներ են, որոնք հեռացել են Հայաստանից դէպի բալկաններ, եւ որոնց լեզուն դեռ պարունակում է հայկական արմատներով բառեր: Սելեանը ԵՊՀում թեկնածուական է պաշտպանել, բայց մեծացել է Բուլղարիայում: Երբ սովորում էր Երեւանում, համալսարանի «առաջին օտարազգի ուսանողն էր»: Իմ այցի օրը նա իր հօր հետ հայերէն էր խօսում, նրա համար անգլերէնը միշտ չէ, որ ամենահեշտ լեզուն է:
Նա զբօսնում էր թանգարանի շրջակայքում, որը զբաղեցնում է եկեղեցու հիմքի չափ տարածք եւ ներառում է 2 փոքր գրադարաններ: Սելեանը ներկայացնում է տարբեր գտածոներ՝ այդ թւում Ցեղասպանութեան եւ պատմական Հայաստանի քարտէսները, որոնք հազարամեակներ շարունակ ունեցել են այլ տեսք, քան Հայաստանի այսօրուայ իրական սահմաններն են: Ցուցադրուած են հայկական դիցաբանութեան աստուածների նկարները, որոնք կախուած են պատերից, հայկական աւանդական զգեստները տեղադրուած են ցուցափեղկերում, որոշները նման են կիմանոների:
Այստեղ կան գրքեր, որտեղ հաւաքուած են Ցեղասպանութեան մասին թերթերի անդրադարձները, այստեղ է նաեւ Էջմիածնի եկեղեցու կրկնօրինակը, որը կառուցուել է 5րդ դարում եւ առ այսօր կանգուն է ու գտնւում էՎաղարշապատում՝ Հայաստանում: Հայերը, ինչպէս յայտնի է, դարձան առաջին քրիստոնեաները եւ կառուցեցին առաջին եկեղեցիները:
Երբ նայում էք եկեղեցու կրկնօրինակին, կարող էք տեսնել, որ գմբէթներն այդքան էլ գմբէթաձեւ չեն: Սա յատուկ է հայկական եկեղեցիներին, դրանց գագաթը կոնաձեւ է, ոչ թէ կլոր, ինչը նշանակում է, որ կառոյցի ներսում ակուստիկան (լսելիութիւնը-Խմբ.) անսովոր է: Երբ երգչախումբը ներսում ներկայացնում է որեւէ կատարում, ձայները «ցատկում են բոլոր պատերի վրայ»: Այլ կառոյցներում նման ձայն չկայ, ասում է Սահակը, որը, որպէս ճարտարապետ-ինժեներ, հիացած է եկեղեցիների ճարտարապետական լուծումներով: Նա առանձնացնում է եկեղեցիների դիզայնի (ձեւաւորումի-Խմբ.) բարդ մանրամասները, որոնք տարիներով յղկուել ու հարստացել են քանդակներով:
Սելեանի կինը՝ Վարդուհին, աշխատում է ծերանոցում, նա միացաւ մեզ թանգարանում: Նրա խօսքով, Բուլղարիայում իր լաւագոյն ընկերները հրեաներն էին: Նրանց թւում էր իրենց հարսանիքին ներկայ բուլղարացի փիլիսոփայ Ազարիա Պոլիկարովը:
Չնայած Սելեանը երիտասարդ չէ, շարունակում է ակտիւ ապրել: Նա յուսով է, որ մի օր կը գրի կորուսեալ Ատլանտիդայի մասին, որը, նրա համոզմամբ, գտնւում է Իսրայէլի ափերի մօտ: Նա նաեւ նշել է, որ աշխատում է հայերէնում Աստծոյ անուան մասին յօդուածի վրայ:
Սելեանը չէր ցանկանում ինձ ասել սուրբ անունը, բայց ասաց, որ իր որդու անունը՝ Սահակ, գալիս է հրէական Իցհակից:
Հայերի եւ հրեաների միջեւ կապը չի սահմանափակւում անձնական անեկդոտներով:
Սելեանը նշեց, որ թուրքերը, որոնք Առաջին Աշխարհամարտի ժամանակ գերմանացիների դաշնակիցներն էին, Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնելու համար օգտուել են հէնց գերմանացիների տեխնիկական հմտութիւններից, որոնք յետագայում կիրառել են արդէն նացիստները Հոլոքոստի ժամանակ:
Օրինակ, թուրքերը հայ տղամարդկանց առանձնացնում էին կանանցից եւ երեխաներից, ճիշդ այնպէս, ինչպէս նացիստներն էին բաժանում ընտանիքներին, Սելեանի պապին եւ տատին միմեանցից բաժանել են նոյն կերպ: Թուրքերը հայերին նաեւ ստիպել են օրերով քայլել մահուան քայլերթով, այնպէս, ինչպէս նացիստներն են վարուել հրեաների եւ միւսների հետ Հոլոքոստի տարիներին:
Սելեանի խօսքով, որոշ թուրք բժիշկներ հայերի վրայ փորձարկումներ էին անում՝ նրանց ներարկելով վիրուսներ, նացիստները հէնց այսպէս էին վարւում հրեայ կալանաւորների հետ համակենտրոնացման ճամբարներում: Թուրքերը, ինչպէս նացիստները, նոյնպէս կիրառել են գազի խցիկներ:
Հայերի ու հրեաների պատմութեան նմանութիւնն աւելի խորն է:
1948ից մինչեւ 1967 թուականներին հրեաներին արգելուած էր այցելել Մորիա լեռը, որտեղ Աբրահամը պատրաստւում էր զոհաբերել իր որդուն՝ Իսահակին: Միայն 6օրեայ պատերազմից յետոյ, երբ հրեաները ջախջախեցին արաբներին, նրանք կարողացան մուտք գործել Երուսաղէմի հին քաղաքը, տեսնել Արեւմտեան պատը, որը գտնւում է Մորիա լերան ստորոտին: Հէնց այստեղ են կառուցուած եղել նաեւ Առաջին եւ Երկրորդ տաճարները:
Նոյն կերպ, Արարատ լեռը, հայկական քաղաքակրթութեան օրրանը եւ, ըստ լեգենդի, այն վայրը, որտեղ հանգրուանել է Նոյեան Տապանը, երեւում է Երեւանից, բայց տարիներ շարունակ գտնւում է Թուրքիայի տիրապետութեան տակ: Արարատ լերան 2 գագաթները դարձել են ոչ միայն հայկական հնագոյն ժառանգութեան, այլեւ վերջին շրջանի ցաւալի պատմութեան խորհրդանիշը:
«Արարատ-Էսքիջեան» թանգարանից դուրս գալուց յետոյ կարող էք տեսնել 2 լեռնաշղթայ՝ Վերդուգոսը եւ Սանտա Մոնիկան: Դրանք դժուար է շփոթել Արարատի 2 գագաթների հետ, բայց այս պատկերը յոյս է ներշնչում, որ մի օր Արարատը կրկին կը լինի հնագոյն այս ժողովրդի հետ, որը երբեք չի յանձնուել եւ որը միշտ կը ստեղծի Նոր Հայաստան, որտեղ էլ որ յայտնուի:

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles