ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Ծանօթանալով հայրենի որոշ լրատուամիջոցների ամէնօրեայ լրահոսին, դժուար է չգտնել որեւէ նիւթ, որ կը վերաբերի ՀՅԴին եւ մասնաւորապէս մօտ ժամանակներում իշխող ուժի հետ Դաշնակցութեան կոալիցիա կազմելու «գոյժին»: Ողջ այս աղմուկից երբեմն տպաւորութիւն ես ստանում, թէ այս հարցը ներկայ ներքաղաքական կեանքի ամենակարեւոր հիմնահարցն է:
Աւելորդ է նշելը, որ կոնկրետ քաղաքական ուժերի ու անձերի խօսափող հանդիսացող տուեալ լրատուամիջոցները բոլորովին էլ Դաշնակցութեան վաղուայ օրուայ նկատմամբ անկեղծ մտահոգութիւնից դրդուած չէ, որ այսպէս իրարով են անցել: Դատելով տարիներ շարունակ նրանց դրսեւորած վերաբերմունքից նոյնիսկ ուրախ էին լինելու, որ ահա ՀՅԴն նրանց «կ՛ընձեռի» քննադատելու հրաշալի առիթ: Եւ կասկած էլ չկայ, որ եթէ իսկապէս ՀՅԴն վաղը կոալիցիա (դաշինք-Խմբ.) կազմի իշխանութեան հետ, յաջորդ օրուանից աւելի բարձր է հնչելու զուռնան, միաժամանակ սկսելու են այս անգամ ազդարարել, թէ Դաշնակցութիւնը շուտով լքելու է կոալիցիան:
Բայց ինչո՞ւ են այդ դէպքում ժամանակից շուտ այսքան յուզուել եւ այսքան վաղ սկսել դեռեւս օդում պտտուող ենթադրութիւնների դէմ յարձակումները: Միթէ իսկապէ՞ս այս երկրում աւելի կարեւոր խնդիր գոյութիւն չունի:
Նորից եկէք յիշենք, ինչպէս հայրենի ընդդիմութիւնը յայտարարում էր 2014 թուականի աշունը թէժացնելու մասին՝ շուտափոյթ իշխանափոխութիւնը հռչակել էր գերխնդիր եւ միաժամանակ թիրախ էր ընտրուել սահմանադրական բարեփոխումների գաղափարը:
Յիշենք նաեւ ինչպէս մարտավարական մօտեցումները պատճառ դարձան, որ քառեակից զատուի ՀՅԴն եւ առանձնաբար շարունակի ճանապարհը: Ընդդիմադիր եռեակի ձեռնարկած իշխանափոխութեան գործընթացն ինչ վախճան ունեցաւ նոյնպէս գաղտնիք չէ: Եւ հիմա, բարձրագոչ յայտարարութիւններից ու խոստումներից յետոյ, գործընթացների նախաձեռնողները զգում են իրենց ժողովրդական հիասթափութեան պատի եւ քաղաքական անելի առաջ:
Այդ նոյն ժամանակ սահմանադրական բարեփոխումների գաղափարը, որի մասին Դաշնակցութիւնը խօսել է տարիներ շարունակ, կարծես թէ գործնական հուն է տեղափոխուել եւ արդէն իսկ նախնական քայլերն արուած են: Ակնյայտ է այլեւս, որ իսկապէս իշխանութիւնը լրջօրէն է տրամադրուած այս նպատակն իրականացնելու հարցում: Անկախ մօտեցումների ինչ-ինչ տարբերութիւններից, որոնք բնականօրէն կարող են լինել, շատ դժուար է վիճարկել այն հարցը, թէ ընդհանուր բարեփոխումների անհրաժեշտութիւն չկայ: Ստացւում է, որ Դաշնակցութիւնը սխալ չէր կամ, այսպէս ասած, կեղծ հետքով չէր շարժւում:
Դաշնակցութիւնը ոչ միայն գաղափարի հեղինակներից է, այլեւ այս գործընթացին մասնակցում է սկզբունքային առաջարկներով, որոնց զգալի մասն էլ, արդէն իսկ համարժէք վերաբերմունքի է արժանացել համապատասխան շրջանակներում:
Դժուար է ի հարկէ քաղաքական ուժին մեղադրել երկրի վարչա-քաղաքական համակարգի, ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման գործընթացին մասնակցելու համար: Այս դէպքում խեղճ փաստարկ է այն պնդումը, թէ չի կարելի գործակցել ոչ լեգիտիմ (օրինական-Խմբ.) իշխանութիւնների հետ: Որովհետեւ եթէ ինչ որ մէկն իսկապէս ստոյգ տուեալներ ունի իր ձեռքին իշխանութեան ոչ լեգիտիմութեան մասին եւ, ըստ այդմ, դէմ է գործակցութեանը, ուրեմն նախ եւ առաջ վայր պէտք է դնի մանդատը (լիազօրութիւնը-Խմբ.), քանի որ իր քննարկած օրէնքները վերջնական վաւերացում են ստանում նոյն նախագահի կողմից: Փաստարկների այս շարքը կարելի է շարունակել, բայց չարժէ գնալ անհեթեթութիւնները քաղաքական գործելակերպի վերածելու տրորուած ճանապարհով:
Ինչ վերաբերում է Դաշնակցութեան քննադատութեանը, ապա ակնյայտ է դառնում, որ այն բխում է քաղաքական գործընթացներին ՀՅԴի ակտիւ դերակատարութեանը հակառակ՝ քաղաքական փակուղում յայտնուելու այլոց հոգեբանական վիճակից: Չէ որ մեր երկրում քաղաքական դաշտը սեփականաշնորհելու հին աւանդոյթ կայ՝ եթէ դու իշխանութիւն ես, ապա այն միայն քեզ պէտք է պատկանի, իսկ եթէ ընդդիմութիւն ես, ապա այդ դաշտում ուրիշները կարող են «շնչել» միայն քո արբանեակը լինելու պայմանով: Նոյնպէս հին աւանդոյթ է քաղաքական այս կամ այն դաշտում հիմնական դերակատար լինելու համար ոչ թէ գաղափարական ու քաղաքական մրցակցութիւնն ընտրելը, այլ որդեգրելը վարկաբեկումների միջոցով մրցակիցներին չէզոքացնելու ճանապարհը:
Ինչի եւ ականատեսն ենք այս օրերին:
Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ Դաշնակցութեան համագործակցութեան հեռանկարին:
Բազմաթիւ անգամներ ՀՅԴ տարբեր պատասխանատուներ չեն ժխտել, որ երկրի համար առանցքային նշանակութեան խնդիրների լուծումների դէպքում չի բացառւում նման հաւանականութիւնը: Միաժամանակ պարզաբանուել է, որ ներկայումս դեռ վաղ է ինչ-ինչ կոնկրետ համաձայնութիւնների մասին խօսելը: Միեւնոյն է համապատասխան տեղն արեւի տակ ապահովելու աւանդական գործելակերպը շարունակւում է:
Ի դէպ իշխանութեանը մաս կազմելու կամ չկազմելու մասին:
Քաղաքական նոյն աւանդոյթի համաձայն ընդդիմադիր եւ իշխանական դաշտերը պէտք է անջրպետուած լինեն բարիկադներով, մերժեն մէկմէկու գոյութիւնը եւ առաւել հաւաստիութեան համար չմոռանան միմեանց հասցէին որակումները համեմել հայհոյանքներով:
Թէ քաղաքական դաշտը մշտապէս լարուած ու պառակտուած պահելը ինչպիսի ազդեցութիւն է թողել ներհասարակական մթնոլորտի վրայ, յայտնի է իր համապատասխան հետեւանքներով:
Այնինչ իշխանութիւն լինելը չպէտք է իշխանաւորներին ազատէր ընդդիմադիր ուժերի, ընդդիմադիր տեսակէտների եւ ընդդիմադիր զանգուածների նկատմամբ պատասխանատուութիւնից, ինչպէս որ երկրում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատուութիւնից չի ազատում ընդդիմադիրի կարգավիճակը:
Իրականում կարելի է մաս կազմել իշխանութեանը առանց կորցնելու սեփական դէմքը, ինքնուրոյնութիւնը եւ սեփական տեսակէտը պաշտպանելու կամքը, ինչպէս որ ընդդիմութիւն լինելով հնարաւոր է չունենալ ասելիք, ինքնուրոյնութիւն, գործունէութեան ծրագիր եւ սեփական սկզբունքների համար պայքարելու կարողութիւն:
Քաղաքական ուժերը եւս ունենում են իրենց բնաւորութիւնը, եւ եթէ դու պատեհապաշտ ես, ամբոխավար, քաղաքական կազմակերպուած պայքարի կարողականութիւնից զուրկ ու անհանդուրժող, ապա այդպիսին կը լինես եւ իշխանութեան աթոռին եւ ընդդիմութեան աթոռին բազմելու պարագայում:
Ամէն դէպքում օգտակարութեան չափանիշը ոչ թէ ճառերը, խոստումներն ու բարձրագոչ յայտարարութիւններն են, այլ կոնկրետ գործը՝ թէկուզ փոքր, թէկուզ երկարատեւ շնչի, բայց յստակ նպատակի տանող գործը:
Գործով պէտք է զբաղուել ուշադրութեան չարժանացնելով ասեկոսները, որոնք մեզանում միշտ ձգտել են ստուերել գործն ու գործ անողին: