ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Վերջերս, համեմատաբար կարճ եւ յարաբերական անդորրից յետոյ, ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում իրավիճակը դարձեալ կտրուկ սրուել է: Գրեթէ ամէն օր ադրբեջանական կողմը, հաշուի չնստելով սեփական ոչ սակաւաթիւ մարդկային կորուստների հետ, ձեռնարկում է Արցախի տարածք դիւերսիոն ներթափանցումների փորձեր, ինչը, ցաւօք, բերում է զոհերի նաեւ ղարաբաղեան զինծառայողների կողմից:Մարտի 19ին Ադրբեջանի իրականացրած հերթական զինուած սադրանքը՝ երկու կողմերից զոհերի ելքով, յարուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկեան համանախագահ æէյմս Ուորլիքի արձագանգը: Նրա խօսքով՝ Լեռնային Ղարաբաղում բռնութեան վերսկսումը ողբերգական է եւ խախտում է հրադադարի ռեժիմը: «Մինչ կողմերը մեղադրում են իրար, այդ գործողութիւնները վնասում են ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին», գրել է դիւանագէտը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ի հարկէ, պարոն Ուորլիքի ոչ անտարբեր վերաբերմունքն ու իրավիճակի վատթարացման հետ կապուած մտահոգութիւնն արժանի են բարի խօսքի, այդուհանդերձ, չի կարելի ուշադրութիւնից դուրս թողնել այն փաստը, որ դարձեալ փորձ է արւում հրադադարի ռեժիմի ամենակոպիտ խախտման համար պատասխանատուութիւնը հաւասար չափով դնել երկու կողմերի վրայ: Դրա հետ կապուած՝ անհնար է զսպել քեզ եւ ամերիկացի դիւանագէտին չուղղել հետեւեալ հարցադրումը. ծանօ՞թ է նա նախագահ Ալիեւի՝ մուսուլմանական Նովրուզ տօնի առթիւ արտասանած ճառի բովանդակութեանը: Մեր կարծիքով, պէտք է որ ծանօթ լինի, քանի որ դա նրան պարտաւորեցնում է ղարաբաղեան կարգաւորման գործընթացում միջազգային միջնորդի կարգավիճակը: Բայց եթէ, այնուամենայնիւ, ծանօթ չէ, յիշեցնենք: Իսկ Ալիեւը բարբառեց հետեւեալը. «Ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Դրանից յետոյ մենք՝ ադրբեջանցիներս, ի հարկէ, կը վերադառնանք մեր բոլոր հինաւուրց հողերը՝ ե՜ւ Իրեւան, ե՜ւ Գէյչա, ե՜ւ Զանգեզուրի մահալ»: Ընդսմին, æէյմս Ուորլիքին յիշեցնենք, որ ադրբեջանական այլանդակ մեկնաբանմամբ՝ Ալիեւի մէջբերած աշխարհագրական բոլոր տեղանունները վերաբերում են ինքնիշխան Հայաստանին, որի տարածքային ամբողջականութիւնը տուեալ միջազգային սկզբունքի Բաքուի նախանձախնդիր այս պահապանը մտադիր չէ պահպանել: Վաշինգտոնեան դիւանագէտին ի միջիայլոց, դիտողութեան կարգով, յիշեցնենք նաեւ, որ «Իրեւանը»՝ Երեւանն է, որն աւելի հին է, քան յաւերժական քաղաք Հռոմը: Հէնց այդ պատճառով արդէն այն ոչ մի կերպ չի կարող ադրբեջանցիների «հինաւուրց հողը» լինել, մի ազգի, որի մասին այն ժամանակ յիշատակութիւն անգամ չկար:
Սակայն դարերի խորքից վերադառնանք մեր օրերը եւ կրկին հարց ուղղենք պարոն Ուորլիքին. ստացե՞լ է նա այդ երկրի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի՝ իր քաջազուն զինեալների առաջ հնչեցրած ելոյթին եւս ծանօթանալու հաճոյքը: Եթէ ոչ, ապա նրան միայն կարելի է ցաւակցել, քանի որ իրեն զրկել է Ադրբեջանին բնորոշ մարդկային տխմարութեան անսահմանութիւնը ճանաչելու հնարաւորութիւնից: Նա թութակի պէս, ասես պատճէնաթղթով, մատուցելով Իլհամ անունով իր գերագոյն գլխաւոր հրամանատարի պատմական գոհարները՝ կապուած այլեւայլ մահալների հետ, այնուհետեւ սկսեց սպառնալիք թափել Հայաստանի եւ ԼՂՀ զինուած ուժերի վրայ: «Ես բացէիբաց յայտարարում եմ, որ մենք կ՛ոչնչացնենք հակառակորդի 70 տոկոսին առաջին իսկ հարուածից: Հայերը հարիւր տարուց յետոյ էլ չեն կարողանայ ուշքի գալ», խոստացաւ ահեղ Զաքիրը, որը երբեք վառօդի հոտն անգամ չի առել: Տարօրինակ է, որ նա չնշեց 100 տոկոսը: Հաւանաբար, մնացած 30 տոկոսին հաշուիչով զինուած պարկետային այս գեներալը պահեց երկրորդ ջախջախիչ հարուածի համար: Իսկ այնուհետեւ կորցրեց չափի զգացումը՝ իր ենթականերին կոչ անելով «գիշեր ու ցերեկ օգտուել ցանկացած հնարաւորութիւնից՝ ոչնչացնելու թշնամուն»: Համաձայնենք, դաժան է: Եւ առաջին հերթին՝ սեփական ասկեարների նկատմամբ, որոնց նախարարը դրանով իսկ տեւական անքնութեան է մատնում:
Սակայն տրամադրուենք աւելի լրջօրէն, քանի որ, երբ պետութիւնն ու բանակը գլխաւորում են հիւանդ հոգեկանով մարդիկ, ծիծաղելու ցանկութիւնն արդէն կորչում է: Հոգեբանութեան մէջ կայ այսպիսի հասկացութիւն՝ «ցանկալին ներկայացնել իրականի տեղ»: Նման մոլուցքով էլ, որը հոգեբանները բնորոշում են որպէս անհատականութեան խանգարում, տառապում են մեր կողմից մէջբերուած հերոսները, որոնք համակուած են ինչպէս սեփական կարեւորութիւնը, այնպէս էլ իրենց զինուած ուժերի հզօրութիւնը գերագնահատելու ձգտումով:
Մասնագէտների կարծիքով՝ նման ախտորոշում ունեցող անձինք այնքան են դերի մէջ մտնում, որ արդէն դժուար է տարբերել՝ որն է նրանց կեանքում ճշմարիտը, որը՝ մտացածինը: Ընդ որում, նրանք չեն էլ ուզում խորհել նման ինքնախաբէութեան աւերիչ հետեւանքների մասին: Կարծում ենք, Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանութեան նախարարի՝ վերը յիշատակած մէջբերումներն առաւել քան բաւարար են, որ æէյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նրա գործընկերները գիտակցեն այդ անձերից բխող իրական վտանգը տարածաշրջանի համար: Թէեւ, ոչ պակաս վտանգաւոր է եւ միջազգային միջնորդների անվճռականութիւնը, ովքեր չեն համարձակւում պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանի արկածախնդիր վարչակարգին:
Կեանքը ցոյց տուեց, որ Ալիեւի հետ բանավիճելն անիմաստ է: Նա եւ իր պաշտպանութեան նախարարը չդադարող ռազմաշունչ յայտարարութիւններով դիւրին դարձրին Մինսկի խմբի համանախագահների՝ լարուածութեան ուժգնացման իրական մեղաւորներին գտնելու խնդիրը՝ դրա համար կասկածի տեղ չթողնելով: Ադրբեջանի նախաձեռնած զինուած բախումներն առաջնագծում գնալով աւելի վտանգաւոր բնոյթ են ձեռք բերում՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր պատերազմի սահմանագծին: Նման պայմաններում միջնորդ-պետութիւնները պարզապէս պարտաւոր են հրաժարուել ամորֆ (անկերպարանք-Խմբ.) դիրքորոշումից եւ առաւել գործուն կերպով արձագանգել Բաքուի ռազմատենչ հռետորաբանութեանը, որն իր գործողութիւններով մարտահրաւէր է նետում ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այլեւ ողջ միջազգային հանրակցութեանը: Քանի դեռ դա տեղի չի ունենում, հայկական երկու կողմերն իրենք են ստիպուած խստագոյնս կասեցնել Ադրբեջանի ցանկացած ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) ոտնձգութիւն՝ տալով զգայուն, ընդսմին եւ, որպէս կանոն՝ ասիմետրիկ (անհամաչափ-Խմբ.) պատասխան: Այլ կերպ չի էլ կարելի՝ ուժին պէտք է ուժով պատասխանել: Ինչպէս օրերս «Գոլոս Արմէնիի» թերթին տուած հարցազրոյցում ասել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ով, ի տարբերութիւն Զաքիր Հասանովի, սեփական փորձից գիտի՝ ինչ է պատերազմը, «խօսքը ոչ միայն պաշտպանական խնդիրների իրականացման մասին է, այլեւ նախազգուշական, կանխարգելիչ միջոցառումների եւ ագրեսորին պատժելու մասին: Եթէ ադրբեջանցիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ լեզուով էլ պէտք է նրանց հետ խօսել»: