Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայ Ֆուտբոլիստները Պարտուեցին, Բայց Մենք Հաւատում Ենք Նրանց

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Կիրակի առաւօտեան սրտի տրոփիւնով հետեւում էի Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղին: Ափսոս որ մեր տղաները պարտուեցին: Լարուածութիւնը շատ ուժեղ էր, եւ առաջին խաղակէսում ձեռք բերուած մէկ գնդակի առաւելութիւնը մեր ֆուտբոլիստները զիջեցին, արդիւնքում 1-2 հաշուով զիջելով հակառակորդին: Չնայած կրած ցաւալի պարտութեանը, պէտք է նշել, որ վաղուց այսքան յուզուած մեր հաւաքականի խաղին չէի հետեւել: Վերջին անգամ Երեւանում էի, երբ մեր հաւաքականը 4-0 հաշուով Կոպենհագենում յաղթեց Դանիայի ընտրանուն: Ինչպիսի ցնծութեամբ էի հետեւում մէկը միւսի յետեւից դանիացիների դարպասը սլացող գոլերին – ադրենալինի նմանօրինակ հոսք ուրիշ ոչ մի միջոցով չէր կարող առաջանալ:
Ինքս սպորտային մեկնաբան չեմ, բայց մի քանի նկատառումներ ունեմ, եւ կ՛ուզէի կիսուել ձեզ հետ: Հաւաքականի ներուժը չտեսնուած մեծ է: Յարձակման գիծը շատ լաւն է: Կիսապաշտպանականը՝ նոյնպէս: Պաշտպանութիւնը կաղում է ու անվստահ, չնայած ֆրանսահայ Անդոնեանի առաջին ելոյթը յուսալի էր ու տպաւորիչ: Նա շատ գրագէտ խաղաց իր առաջին խաղում: Թող ների ինձ մեր դարպասապահը, բայց նա մի քանի տարի առաջ պէտք է հանգստի գնար: Բերեզովսկին մի քանի անգամ փրկեց մեր հաւաքականին գոլից, բայց նրա խաղը ընդհանուր առմամբ հեռու է յուսալի լինելուց: Միթէ ամբողջ Հայաստանում մի դարպասապահ գտնել հնարաւոր չէ՞: Կամ դրսում թէկուզ օտարազգի մէկին դժուա՞ր է գտնել, որ մեր ազգային հաւաքականի պատիւը կը պաշտպանի:
Մխիթարեան-Մովսիսեան- Օզբիլիս եռեակը լաւագոյններից է, նրանց սատարել է պէտք կիսապաշտպանական եւ պաշտպանական գծերում: Իսկ յուսալի դարպասապահ պէտք է գտնել, այլապէս թիմը ի զուր կը վատնի իր յարձակողական ներուժը: Մի փոքր էլ հաղորդավարի մասին: Նրա մեկնաբանութիւնները զգալիօրէն նեարդայնացնում էին սենեակում նստած 7 տղամարդկանց: Այնպիսի արտայայտութիւններ, որպիսին էին «Մովսիսեանին փոխել է պէտք», «Մովսիսեանը գոյութիւն չունի դաշտում» եւ այս տեսակի արտայայտութիւնները բնաւ չէին նպաստում մեկնաբանութեան որակին, եւ այնպիսի տպաւորութիւն էր ստեղծւում, թէ մեկնաբանը մի բան գիտէ ու մեզ չի ասում, սակայն ակնարկում է, թէ Մովսիսեանը պիտանի չէ: Մովսիսեանի նման ֆուտբոլիստ ու մարզիկ երկար ժամանակ է չենք ունեցել: Նրան սատարել է պէտք, ինչպէս բոլոր մարզիկներին, պէտք է վերանայել դարպասապահի եւ որոշ պաշտպանների ընտրութեան հարցը, այլ ոչ թէ մեղադրել Մովսիսեանին՝ «չցատկելու» համար: Շէնքը լաւ հիմք պէտք է ունենայ, եւ տուեալ դէպքում ֆուտբոլային առումով անկիւնաքարը դարպասապահն է՝ պաշտպանական գծի հետ մէկտեղ: Ի հարկէ, մեր մեկնաբանը ինքն էլ էր գիտակցում, որ իր մեկնաբանութիւններով ինչ որ տեղ չափից աւելի զգացական մօտեցում էր ցուցաբերում առանձին խաղացողների նկատմամբ եւ անուղղակիօրէն արդարանում էր դրա համար:
Այս ամէնը շտկելու համար ընդամէնը պէտք է խաղի տեսագրութիւնը նորից դիտել, ու խուսափել ամէն տեսակի բացասական ու անձնական որակաւորումներից: Այս առումով կարօտով եմ յիշում մեր մեծ ֆուտբոլային մեկնաբան Սուրէն Բաղդասարեանին, ում ձայնը համահունչ էր ֆուտբոլային խաղի ռիթմին, եւ նոյնիսկ զգացական պոռթկումների պահին նա հեռու էր որեւէ սխալի վերլուծութեան չափազանցումից: Միաժամանակ գիտակցում եմ, որ մենք զգացական տեսակին ենք պատկանում, ու հաշտուել եմ յաճախ արտայայտումների հետ: Սակայն դա ոչ միշտ է, որ օգնում է գործին:
Ամէն դէպքում հպարտ եմ մեր կիսապաշտպանական եւ յարձակողական ֆուտբոլիստների արհեստավարժութեան առումով, իսկ գուցէ որոշ պաշտպանների անվստահութիւնը կապուած է նրանց՝ դարպասապահի հանդէպ ունեցած անվստահութեա՞մբ: Սա հարց է, որ պէտք է քննարկեն Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավարները: Հենրիկ, Եուրա, Արազ, եւ միւսներ, շնորհակալ ենք որ մեզ այսքան յուզիչ պահեր էք պարգեւում: Ժամանակն է, որ լաւ խաղից բացի համոզիչ յաղթանակներ էլ գրանցենք: Այսպիսի թիմ այլեւս կարող է չունենանք:

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles