ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՄԱՍԻՆ
Վարեց՝ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԵԱՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԵԱՆ.- Անցած օրերին բազմաթիւ էին այն պետական եւ քաղաքական այրերն ու տիկինները, որոնք
հարցազրոյցների միջոցով արձանագրում էին իրենց առնչութիւնները, յուշեր պատմում, գնահատում եւ արժեւորում այս երկրային կեանքից վաղաժամ հեռացած, բազմատաղանդ մտաւորական եւ պետական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանին: Բայց բազմաթիւ մտերիմ ընկերների մէջ որքան էլ տարօրինակ է՝ ձեր անունը չկար, թէպէտ դուք առաջինն էիք, որ անդրադարձաք նրա «Մանդիլիոն» խորհրդաւոր-հետաքրքիր վէպին:ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Հիասթափեցնեմ ձեզ, Անահիտ ջան՝ ասելով, որ ես մտերիմ ընկեր չեմ եղել Վահան Յովհաննիսեանի հետ, մենք միասին աշխատել ենք ԱԺում, նաեւ ինքն իմ կուսակցական ընկերն է, եւ տարիներ շարունակ մենք, բնականաբար, շփուել ենք՝ մտերիմ ընկերներ չլինելով: Այս վերջին մէկուկէս տարին մէջս մի մեծ ափսոսանք կար՝ հա ուզում էի պարզել առեղծուածը, թէ ինչու, օրինակ, մենք մտերիմ չէինք… Ուզում էի, որովհետեւ ես իրեն շատ բարձր էի գնահատում որպէս մտաւորականի, ընդհանրապէս՝ որպէս տեսակ նա շատ հետաքրքիր էր, միշտ չէր, որ ես նրա հետ համաձայն էի, մարդկային մեր դրսեւորումների մէջ շատ տարբերութիւններ կային: Դա վերագրում էի եւ իր երիտասարդ լինելուն, ու նաեւ՝ դաստիարակութեանը, մենք տարբեր դաստիարակութիւն ենք ստացել, ի վերջոյ՝ սեռային տարբերութիւններով էի բացատրում… Բայց որ ինքը բացառիկ հմայիչ ու հետաքրքիր էր՝ փաստ է, իրեն չսիրող մարդիկ անգամ դա ժխտել չեն կարող: Վահանը շարժւում էր, արդէն աղմուկ էր, անուշադրութեան երբեք չէին կարող մատնել նրան՝ ուզէր նա, թէ չուզէր: Իսկ ես տեսել եմ այդպիսի պահեր, երբ ուզում էր իրեն մոռանան, հանգիստ թողնեն, բայց չէր ստացւում: Յետոյ որպէս գրող էր նայում՝ զարմանալի տղամարդկային կոկետութիւն կար մէջը, ինչը հազուադէպ է պատահում: Նա կնամեծար էր, եւ իր այդ կոկետութիւնը շատ հմայիչ էր, ինչը կանայք բնազդով զգում էին: Սիրում էին Վահանին եւ անպայման ուզում էին իրենց օրուայ մէջ ունենալ: Խօսքս ե՛ւ ԱԺի մասին է, ե՛ւ դրսի… նրա ողջ քաղաքական գործունէութիւնն ուշադրութեան կենտրոնում էր: Որքան գիտեմ՝ կը ներէք անհամեստութիւնս, ինքն էլ ինձ էր հետաքրքիր համարում՝ որպէս տեսակ, մարդ եւ մտաւորական, ինչը շատ անթաքոյց էր: Գուցէ դա էր վանում, ասում է՝ երկու գլուխ նոյն տեսակ մի ամանի մէջ չի եփուի:
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԵԱՆ.- Տիկին Ալվարդ, մեր հարցազրոյցներից մէկում առաջինը դուք անդրադարձաք Վահան Յովհաննիսեանի վէպին՝ գնահատելով եւ արժեւորելով նրա այս մի շնորհը եւս…
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Նրա կարապի երգի՝ ցաւով պիտի ասեմ, շատ սիրուն երգ էր, առաջին ընթերցողը Սերժ Սարգսեանն էր՝ հանրապետութեան նախագահը: Երկրորդը՝ ես էի: Արդէն գիտէինք նրա առողջական վիճակի մասին, եւ ես առաջարկեցի, որ անպայման հայերէն թարգմանուի, քանի որ ռուսերէն էր բնագիրը: Ինքն իր պատճառաբանութիւնն ունէր՝ հարկ է, որ դրսեցիները կարդան այդ գործը, բայց նա լաւ չէր պատկերացնում, թէ ներսինները որքան կարիքը ունեն այն կարդալու, հասկանալու, նաեւ մի քիչ խորութեամբ հասկանալու, ըմբռնելու՝ ինչ ասել է քրիստոնեայ հայ ժողովուրդ: Որովհետեւ միայն պատմական փաստն արձանագրելով, թէ մենք առաջինը պետականօրէն քրիստոնէութիւնն ընդունած ժողովուրդ ենք, բաւական չի: Պէտք էր աւելի ժամանակակից եւ ընկալելի ներկայացնել՝ դա ինչ քայլ է եղել, ինչ անհաւատալի հետեւանքներ է ունեցել մեր ազգային գոյատեւման, մեր տեսակի պաշտպանման, ընդհանրապէս քաղաքակրթական իմաստով որքան կարեւոր է եղել: Թէ չէ՝ մի տեսակ փոքրի հոգեբանութեամբ ենք նայում, այն տրամաբանութեամբ, թէ՝ ոչ Չինաստան ենք, ոչ Ռուսաստան, եւ մեր քայլերը, մեր դրսեւորումներն այդ փոքր չափերի մէջ ենք տեսնում՝ չպատկերացնելով, թէ համամարդկային քաղաքակրթութեան համար ինչ կարեւորութիւն ունի մեր քրիստոնէական տեսակը: Վահանը պատմաբան էր, հրաշալի հնագէտ, հոյակապ գիտեր պատմութեան եւ արժէքների արժէքը, ու իր այս գործը՝ «Մանդիլիոն»ը, շատ ծրագրային վէպ է: Ինքը չէր պատկերացնում, ծանօթ չէր գրահրատարակչական կենսոլորտին, զարմացաւ, ո՞նց կը լինի, կը կարողանա՞յ կարճ ժամկէտում հասցնել եւ այլն. ես խոստացայ, որ թէ՛ թարգմանական, թէ՛ տպագրութեան խնդիրներում կ՛օգնեմ: Ինքն արդէն պիտի գնար Գերմանիա:
Ցաւօք, մինչ գնալը եւ գնալուց յետոյ զարմանալի, ափեղ-ցփեղ խօսակցութիւններ եղան, թէպէտ խօսողները շատ լաւ գիտէին, որ նա անբուժելի հիւանդ է: Իմ կարծիքով՝ հանրապետութեան նախագահը նրան Գերմանիա ուղարկեց ծրագրաւորուած, որ իր բուժման հետ կապուած խնդիրները կիսով չափ գոնէ պակասեն, բայց մէկ է՝ դա էլ չօգնեց, որ լռեն, չբամբասեն, քաղաքական այլակերպումներ չտան այս քայլին: Ես շնորհակալ եմ եւ հիացած Կարինէ Աշուղեանով, որ համաձայնեց այս բարդ թեմային հպուել: Լինելով բանաստեղծ, մասնագիտութեամբ փիլիսոփայ՝ նա 2 ամսում կարողացաւ ահռելի աշխատանք անել, եւ անել սիրով: Վահանին գոհացնելը շատ դժուար էր: Անսահման շնորհակալ եմ նաեւ Յասմիկ Պօղոսեանին, նա ամէն ինչ արեց, որ ժամկէտները պահուեն, ուրախ եմ, որ Կարինէն հասցրեց «Մանդիլիոն»ի հայերէն օրինակը Ֆրանկֆուրտ՝ գրքի միջազգային տօնավաճառին տանել, մասնակցել Վահանի գրքով… Ի հարկէ, հեռախօսով մենք կապը պահպանում էինք, բայց շատ ուշ էր, շատ եմ ցաւում, ինձ համար իմ Երեւանի զարդերից մէկն էլ գնաց, Լեւոն Ներսիսեանի բանակից գնաց, տեսակ գնաց: Շատ եմ ցաւում իր երիտասարդութեան, իր կիսատ թողած գործերի, իր ընտանիքի համար: Սկզբին վերադառնալով՝ ասեմ. նման պահերի միշտ մէջս մի տհաճ, ցաւոտ բան է առաջանում, հայերի մէջ մի տեսակ կայ՝ մեռելատէր դարձողների: Երբ նայում էի, թէ հեռուստատեսութեամբ ովքեր են որպէս Վահանի մերձաւոր ընկերներ հանդէս գալիս…
Վկաներ կան, մարդիկ կան, գոնէ իր ընտանիքի անդամները, ովքեր շատ լաւ գիտեն՝ ով ով է, ով ինչպէս է պահել եւ ինչ արել, կարիք չկայ Վահանի կորուստն ու ողբերգութիւնը վերածել սնափառութիւնների շքահանդէսի: Ուղղակի պիտի ափսոսալ եւ սգալ, որ մի գանձ էլ կորցրինք: Ափսոս, հազար ափսոս…
«ԱՌԱՒՕՏ»