Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Կը Կարողանա՞յ, Արդեօք, Սերբիան Սթափեցնել Ադրբեջանին

$
0
0

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

Օրացուցային 2015 թուականն իր իրաւունքների մէջ է մտել, ինչպէս եւ քաղաքական տարին: Նա ի՞նչ կը ներմուծի ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի մէջ, կարելի՞ է, արդեօք, որեւէ տեղաշարժ յուսալ հիմնախնդրի լուծման գործում, եւ դրա համար անհրաժեշտ նախադրեալներ կա՞ն արդեօք: Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է յետադարձ հայեացք գցել անցած տարուան:
Հարկ է խոստովանել, որ բանակցային գործընթացը, որը նախկինում էլ մի առանձին դինամիկայով աչքի չի ընկել եւ գտնուել է քրոնիկ տեղապտոյտի վիճակում, 2014 թուականին ակնյայտ հետընթաց է ունեցել: Ինչպէս մեզ է պատկերանում, կարգաւորման գործընթացի անյաջողութեան մէջ Շուէյցարիային ամէնից քիչ պէտք է մեղադրել, որը, ինչպէս յայտնի է, անցած տարում նախագահել է ԵԱՀԿում: ԵԱՀԿ գործող նախագահ, Շուէյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյէ Բուրկհալտերը 2014 թուականի սկզբին յայտարարել էր, որ ղարաբաղեան հակամարտութիւնը գտնուելու է ԵԱՀԿի կարեւորագոյն առաջնային խնդիրների թւում: «Մենք լաւ ենք հասկանում, որ առաջադիմութիւնը չի կարող վրայ հասնել րոպէապէս, եւ որ ոչ մի կարգաւորում չի կարող տեղի ունենալ, մինչեւ որ դա չկամենան հակամարտութեան կողմերն իրենք», ասել է ԵԱՀԿ նախկին ղեկավարը: Եւ նրա հետ չհամաձայնել չի կարելի: Միայն թէ նրան՝ որպէս ԵԱՀԿ գործող նախագահի, կարելի է յանդիմանել Ադրբեջանի իշխանութիւնների նկատմամբ բարեհոգի վերաբերմունքի համար, որն էլ հէնց կարգաւորում չցանկացող կողմն է հանդիսանում:
Կարգաւորման գործընթացում ստեղծուած իրադրութիւնն անցեալ տարում իրօք եղել է բաւականին երերուն ու փխրուն, սակայն հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն Ադրբեջանի կողմից, նրա բազմաթիւ դիւերսիոն գործողութիւնները Հայաստանի եւ ԼՂՀի հետ սահմանում, որոնք յանգեցրել են մարդկային զոհերի, արտակարգ կերպով շիկացրել են իրադրութիւնը: Այդ գործողութիւնները գործնականում արտացոլում են Ադրբեջանում կառավարող ռեժիմի քաղաքականութիւնը, որը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդիրը խաղաղ լուծելու կոչերին, շարունակում է իր միլիտարիստական քաղաքականութիւնը, ինչը սպառնալիք է բերում ամբողջ տարածաշրջանին: Հասկանալով պաշտօնական Բաքուի նման քաղաքականութեան հետեւանքների արտակարգ վտանգաւորութիւնը, Ռուսաստանը, ԱՄՆը եւ Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, անցեալ տարի նախաձեռնել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները՝ նպատակ ունենալով թոյլ չտալ իրադարձութիւնների վտանգաւոր զարգացում եւ ռազմական գործողութիւնների նոր շրջապտոյտ:
Յանուն արդարութեան անհրաժեշտ է նշել, որ միջնորդների ջանքերը թոյլ տուեցին որոշ չափով լիցքաթափել իրադրութիւնը, սակայն Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի վերջին՝ փարիզեան հանդիպումից ընդամէնը երկու շաբաթ անց, ադրբեջանական կողմը խոցեց ԼՂՀ պաշտպանութեան բանակի ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Ուղղաթիռի հետ տեղի ունեցած միջադէպը դարձաւ Ադրբեջանի պրովոկացիոն, թշնամական գործողութիւնների բարձրակէտը եւ, կարելի է ասել, զրոյի հաւասարեցրեց հակամարտութեան կարգաւորման գործընթացում ստեղծուած իրավիճակը: Կը յաջողուի՞, արդեօք, վերակենդանացնել բանակցային գործընթացը. սա չափազանց բարդ հարց է, առաւել եւս՝ ադրբեջանական կողմի զինուած պրովոկացիաների ու դիւերսիաների հաշվառումով, որոնք վերջին ժամանակներս ուժգնացել են եւ նոյնիսկ մշտական բնոյթ ստացել: Այս հարցին առաջիկայում պէտք է Սերբիան պատասխանի, որը 2015 թուականին էստաֆետն ընդունել է Շուէյցարիայից եւ գլխաւորում է ԵԱՀԿն:
ԵԱՀԿ գործող նախագահի պաշտօնն ստանձնելուց առաջ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իւիցա Դաչիչը յայտարարել է. «Լեռնայինղարաբաղեան հիմնախնդիրն առաջնահերթային է լինելու ԵԱՀԿում սերբական նախագահութեան համար: Ի հարկէ, առայժմ վաղ է խօսել նոր ձեւաչափի մասին, բայց մենք օբյեկտիւօրէն ենք աշխատելու բոլոր կողմերի հետ: Ես… ամէն ջանք կը գործադրեմ հակամարտութեան կարգաւորման համար»: Ուշագրաւ է Դաչիչի որոշակի զսպուածութիւնը, ով բարձր պարտաւորութիւններ չվերցրեց իր վրայ, եւ նրա խօսքերը կարելի է դիտել որպէս իւրատեսակ «արձանագրութիւն մտադրութիւնների մասին»: Սակայն ուշադրութեան է արժանի նաեւ նրա միտքը բոլոր կողմերի հետ աշխատելու պատրաստակամութեան մասին: Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ նախորդ գործող նախագահներն ի հաճոյս պաշտօնական Բաքուի չեն կամեցել փոխել բանակցութիւնների ներկայիս խեղուած ձեւաչափը, որում չկայ հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչն աղճատում է հակամարտութեան իրական ուրուանկարը:
Ամէն դէպքում, հակամարտութեան կարգաւորման հասնելը, ինչի մասին խօսում է արտաքին գործերի սերբական նախարարը, մեծապէս կախուած է լինելու այն բանից, թէ միջազգային հանրակցութիւնը եւ, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնը, կը կարողանա՞ն, արդեօք, սթափեցնել Ադրբեջանի իշխանութիւններին ու նրանց դրդել կառուցողական երկխօսութեան, որը հիմնուած լինի ստեղծուած հետխորհրդային իրողութիւնների օբյեկտիւ ընկալման վրայ: Այս հարցը որքան հրատապ, նոյնքան էլ բարդ է, քանի որ պաշտօնական Բաքուն իր անիրատեսական դիրքորոշումից նահանջելու չնչին ցանկութեան նշաններ անգամ ցոյց չի տալիս: Պաշտօնական Բաքուի գործողութիւնները, դատելով նախագահ Ալիեւի վերջին յայտարարութիւններից, ամէնայն համոզչութեամբ ապացուցում են Ադրբեջանի հրաժարուելը հակամարտութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրայ կարգաւորելուց: Դեռ աւելին, Յունուարի 10ին կայացած կառավարութեան նիստում Ալիեւը քննադատութեան ենթարկեց Մինսկի խմբին՝ նրան մեղադրելով անարդիւնաւէտութեան մէջ: Ամէնեւին չցանկանալով նկատել, որ այդ անարդիւնաւէտութիւնն իր կոշտ ու վտանգաւոր քաղաքականութեան հետեւանքն է, որը հենւում է ռազմական ուժի վրայ: Չէ՞ որ միջնորդների առաջարկութիւններին հակառակ՝ Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել բացառապէս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, ինչը հակասում է կարգաւորման հայեցակարգին եւ յղի է նոր պատերազմով:
Յանուն օբյեկտիւութեան պէտք է նշել, որ ղարաբաղեան կարգաւորման գործընթացի վրայ ազդող կարեւոր գործօն է հանդիսանում նաեւ տարածաշրջանում ու աշխարհում տիրող քաղաքական իրադրութիւնը: Ակնյայտ է, որ Մերձաւոր Արեւելքում ընթացող վտանգաւոր գործընթացների, մասնաւորապէս՝ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան գործունէութեան, ինչպէս նաեւ ուկրաինական ճգնաժամի եւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի յարաբերութիւնների սրման հետ կապուած իրադարձութիւնների հեռապատկերի, վրայ ղարաբաղեան հակամարտութիւնը երկրորդ պլան կը մղուի: Չնայած աշխարհաքաղաքական իրադրութեան բարդութեանը, ԼՂՀին, այնուամենայնիւ, անհրաժեշտ է 2015 թուականին եւս ամրապնդել ինքնիշխան պետականութիւնը եւ ձգտել հասնելու իր անկախութեան միջազգային ճանաչման:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles