Հայ մշակոյթով ամենայն իրաւամբ հպարտանում ենք եւ գոհունակութեան զգացում ապրում մարդկութեան ստեղծած արժէքների գանձարանում մեր լուման ունենալու համար: Մեր գոհունակութիւնը կրկնակի պէտք է լինի, քանզի այն ամէնը, ինչ տուել ենք եւ շարունակում ենք տալ, մենք ձեռք ենք բերում այլոց համեմատութեամբ դժուարին պայմաններում: Ոչ միայն աշխարհին, այլեւ մեր ժողովրդի առջեւ հայ մշակոյթի գանձերը սփռելու պարտականութիւնն ունենք, դրանով ինքներս մեզ ծանելու, մեր մշակոյթով զինուելու եւ ամրանալու, լայն բանալու համար մեր հոգիի թեւերը, որպէսզի կարողանանք դիմակայել եւ մնալ պատմութեան թատերաբեմում: Մտաւորականութեան եւ արուեստագէտների պարտականութիւնն է ժողովրդի սեփականութիւնը դարձնել հայ մշակոյթի մեծ բանակի զինուորներին, դրանով ամբողջական ձեւաւորում տալ հայ ազգի հոգեւոր ինքնութեան պատկերին: Այն, ինչ այսօր մատուցում ենք հանրութեան, մեր մշակոյթի մի մասն է միայն: Մեր ժողովուրդն անհաղորդ է հայ միջնադարեան տաղերգութեան, ինչպէս՝ Ֆրիկ, Յովհաննէս Թլկուրանցի, Նահապետ Քուչակ, Պաղտասար Դպիր եւ ուրիշներ, գրէթէ անտեսուած է արեւմտահայ սքանչելի քնարերգութիւնը՝ Պետրոս Դուրեան, Միսաք Մեծարենց, Դանիէլ Վարուժան, Սիամանթօ, Մկրտիչ Պեշիկթաշլեան, Վահան Թէքէեան, Մատթէոս Զարիֆեան եւ ուրիշներ: Մեր երեկոյթների ընթացքում ասմունքւում են արեւելահայ մի քանի բանաստեղծներ միայն՝ Յովհաննէս Շիրազ, Գէորգ Էմին, Պարոյր Սեւակ եւ էլի մի քանիսը:
Ոչ միայն գրականութեան, այլեւ մեր մշակոյթի այլ ոլորտների մեծանուն ներկայացուցիչների անունները լռութեամբ են պարուրուած:
Հայ ժողովուրդը միշտ, եւ այսօր էլ սիրով է ունկնդրում Սայաթ Նովայի երաժշտութիւնը, բայց շատ քչերին է յայտնի, որ այդ մէկը պարտական ենք բանասէր, բժիշկ, հասարակական գործիչ եւ տնտեսագէտ Գէորգ Ախվերդեանին, որը ծնուել է 1818թ. Թիֆլիսում, զինուորականի ընտանիքում: Սովորել է Լազարեան Ճեմարանում, ապա Մոսկուայի Բժշկական համալսարանում, եղել է Ռուսիոյ պաշտպանութեան նախարարի անձնական բժիշկը: Նա մեծ աշուղի երգերի յայտնաբերողն է, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը: Զբաղուել է բանասիրական տարբեր հարցերով՝ բարբառագիտութիւնից մինչեւ ժողովրդական բանահիւսութիւն, Թիֆլիսի համքարութիւնների պատմութիւն:
Բժիշկ Յովհաննէս Փանդայեանի մօտ յայտնաբերել, ապա վերծանել ու հրատարակել է Սայաթ Նովայի «Դաւթար»ը, ուր ամփոփուած են աշուղի հայերէն, թուրքերէն եւ վրացերէն երգերը:
Գէորգ Ախվերդեանը մեծ ծառայութիւն է մատուցել հայ պատմագրութեան եւ բանասիրութեան, յայտնաբերելով նաեւ «Գահնամակ»ը, որը հայոց արքունիքում իշխանի կամ նախարարի տեղի եւ պատուաստիճանի հրովարտակ-ցուցակն է:
Հայոց պատմութեան էջերը թերթելու թէ Սայաթ Նովայի երաժշտութիւնը ունկնդրելու ժամանակ չմոռանանք երախտագիտութեամբ յիշել հայ ազգի արժանաւոր զաւակներից մէկի՝ Գէորգ Ախվերդեանի անունը:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ