Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Վահան Յովհաննիսեանն՝ Ընկերների Յուշերում

$
0
0

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

«Շատ կորուստներ եմ ունեցել կեանքում, բայց այս մէկն ուրիշ էր… Մինչեւ օրս էլ մտքումս թաքուն խօսում եմ հետը: Նա ինքն իրենով հէնց կեանքն էր, որ կար…», երջանկայիշատակ Վահան Յովհաննիսեանի մասին այդպէս է արտայայտւում նրա մտերիմ ընկերը՝ Երեւանի Յովհաննէս Թումանեանի անուան տիկնիկային թատրոնի գեղարուեստական ղեկավար Ռուբէն Բաբայեանը:
Նրա խօսքով՝ Վահան Յովհաննիսեանն «ունիկալ» (եզակի-Խմբ.) էր: Անկրկնելի էր յատկապէս նրա հումորի զգացումը, որը բեմադրիչը որակում է հեղինակային, բնորոշ միայն նրան: Ռ. Բաբայեանի համոզմամբ «իր ընկերը բացարձակապէս չէր ձգտում, բայց ակամայ լիդեր էր. մասսան նրան տանում էր առաջ: Եւ ինչպէս ցանկացած իսկական պետական գործչի, նրա համար էլ կուսակցական շրջանակները շատ նեղ էին, գուցէ կուսակցութիւնն էր իրենով կուսակցութիւն, ոչ թէ հակառակը…», «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում նկատեց բեմադրիչը:
Քչերը, բայց ընտրուած մարդիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանից զատ ճանաչում էին մէկ այլ Վահանի՝ սրամիտ, կենսուրախ մարդուն, հետաքրքիր զրուցակցին, անձնուէր ընկերոջը: Նրանցից մէկն էլ Պարոյր Սանթրոսեանն է, ով աշխատել է ՀՅԴ Բիւրոյի Երեւանի գրասենեակում, եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակի ղեկավար, մի քանի տարի էլ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահան Յովհաննիսեանի խորհրդական, դարձել վերջինիս ուրախ ու տխուր օրերի ընկերը, նրա կեանքի ուշագրաւ դրուագների ակամայ վկան:
Պ. Սանթրոսեանը լաւ է յիշում, թէ Վահանն ինչպէս էր սիրում փոխել մարդկանց անունները, երբեմն փաղաքշական երանգ էր հաղորդում դրանց. Լաուրային Ֆլորա էր ասում, ոմանք նրա համար մի րոպէում Սերոժիկ էին դառնում, իսկ, օրինակ, ինձ էլ Պարոյր էր ասում: Այնքան լաւ էր նա այդ ամէնն անում, որ ամէնքն էլ ցանկանում էին յայտնուել նրա թիրախում:
Նա եւս վկայում է, որ Վահան Յովհաննիսեանն անկրկնելի հումորի տէր մարդ էր եւ կարողանում էր սարկազմի (հեգնանքի-Խմբ.) միջոցով մեղմել ագրեսիան (յարձակումը-Խմբ.). «1993ն էր, պատերազմի տարիներն էին, թուրք լրագրողների մի խումբ եկել էր Հայաստան եւ պաշտօնական հանդիպումներից զատ ցանկութիւն էր յայտնել հանդիպելու Վահան Յովհաննիսեանի հետ: Երբ վերջինս խօսքի բռնուեց լրագրողների հետ, իր առջեւ դրել էր Հայաստանի քարտէսը, իսկ որոշ քաղաքների վրայ դրօշներ էր փակցրել, մի մասը կապոյտ, միւս մասը կանաչ: Լրագրողներից մէկը հարցրեց՝ երեւի կապոյտով նշուած են գրաւուած քաղաքները, կանաչով էլ՝ նրանք, որոնք յետոյ պէտք է գրաւէք: Իսկ Վահան Յովհաննիսեանը պատասխանեց՝ ոչ, պարզապէս կապոյտ դրօշակները վերջացել էին… Ու բոլորը ծիծաղեցին, լարուածութիւնն անցաւ», յիշեց Պ. Սանթրոսեանը:
Նա խոստովանեց, որ երկար ժամանակ այն կարծիքին է եղել, թէ Վահան Յովհաննիսեանն աթէիստ է, սակայն յետոյ համոզուել է, որ նա իսկական հայ քրիստոնեայ է. դա կարելի է զգալ «Մանդիլիոն»ն ընթերցելիս, բայց ես շատ աւելի վաղ եմ յայտաբերել այդ փաստն ինձ համար: Յիշում եմ՝ մի անգամ ինձ խնդրեց, որ գնանք Էջմիածին, այդպէս էլ արեցինք. նա եկեղեցում մոմ վառեց, ու ասեմ, որ դա հէնց այն նոյն եկեղեցին էր, որի մասին նա նկարագրել է իր գրքում», պատմեց ընկերը:
Պարզւում է՝ Վահան Յովհաննիսեանն առանձնակի կարեւորել է արուեստի գործիչների դերը։ «Մի օր ասաց՝ ուզում եմ հանդիպում կազմակերպել հանրապետութեան ճանաչուած արուեստի գործիչների հետ: Ինձ յաջողուեց մէկ տեղում հաւաքել նրանցից ոմանց, այդ թւում Խորէն Աբրահամեանին, Արմէն Էլբակեանին եւ այլոց: Վահանն առանձնակի նպատակ չունէր, պարզապէս ուզում էր անձամբ ճանաչել նրանց, զրուցել յետները», յիշեց ընկերը:
Նա ծանօթ է եղել Վահան Յովհաննիսեանի երաժշտական ճաշակին եւ գիտէր, որ վերջինս շատ էր սիրում Ջանիս Ջոփլինին, եւ, այնուամենայնիւ, ինքը հէնց նրանից է լսել Գրիգորի Լեպսի անունը:
Ընկերը վկայում է Վահան Յովհաննիսեանի մէկ այլ ունիկալ կարողութեան մասին եւս՝ կանանց գրաւելուն. «Վահանն ունէր իւրայատուկ տղամարդկային խարիզմա (շնորհ-Խմբ.), որի համար կանայք նրան շատ էին սիրում»:
«Ժողովուրդ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles