Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ի՞նչ Է Կատարւում Արցախ–Ադրբեջան Սահմանի Շուրջ

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

2015ի առաջին վեց օրերին, պաշտօնական տուեալներով, հայկական զինուժը Արցախ-Ադրբեջան շփման գծում հակառակորդի ձեռնարկած նախայարձակ գործողութիւնների եւ հայկական դիրքերի գնդակոծութիւնների հետեւանքով արդէն չորս զոհ եւ մէկ վիրաւոր է տուել: Չնայած հայկական կողմի հաւաստիացումներին, թէ այդ մարտական գործողութիւնների ընթացքում ազերի զինուժը անհամաչափ աւելի մեծ մարդկային կորուստներ է կրում, Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը հետեւողականօրէն հերքում է այդ բոլոր տեղեկութիւնները:
Այն, ինչ տեղի է ունենում յունուարեան այս օրերին, կարծես խօսում է Արցախի հակամարտութեան՝ բոլորովին նոր փուլ թեւակոխելու մասին: Նախ՝ նկատելի է, որ այս անգամ ուժային գործողութիւնների թիրախ է դարձել հէնց Արցախ-Ադրբեջան շփման գիծը:
Ի տարբերութիւն նախորդ տարուայ օգոստոսեան դէպքերի, երբ գնդակոծութեան էին ենթարկւում նաեւ Հայաստանի սահմանամերձ գիւղերը, այս անգամ հակառակորդը կեդրոնացել է միայն Արցախի ուղղութեամբ:
Չի բացառւում, որ սա պայմանաւորուած է Եւրասիական տնտեսական միութեան Հայաստանի անդամակցութեամբ՝ ցոյց տալու համար, որ իր խնդիրը Արցախի հետ է, եւ որ Հայաստանի եւ Արցախի միջեւ սահմանը պէտք է վերահսկուի լիարժէքօրէն: Յամենայնդէպս, դժուար է հաւատալ, որ Յունուարի 2ից, այսինքն՝ այն օրուանից, երբ Հայաստանը պաշտօնապէս դարձաւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ, Ադրբեջանի կողմից սահմանագծում իրավիճակի այսքան լարումը զուտ պատահականութիւն է:
Բոլոր դէպքերում՝ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը փոխել է յայտարարութիւնների ոճը՝ անցնելով ակնյայտ սպառնալիքների լեզուին: Հայկական դիրքապահների կողմից իրենց բնակավայրերի եւ քաղաքացիական կառոյցների իբր հետեւողական գնդակոծման մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչութեան վերջին յայտարարութիւնում խօսւում էր հայկական բանակին ջախջախիչ հարուածներ հասցնելու մասին: Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Վաքիֆ Տերկիաղլին նախօրէին յայտարարել է, նմանօրինակ կարծիքներ:
Էականը ոչ թէ ինքնին սպառնալիքներն են, որոնց հայ հասարակութիւնն արդէն վարժուել է, այլ այն իրողութիւնը, որ Տերկիաղլին կամայ թէ ակամայ քօղազերծում է ադրբեջանական բանակի նոր մարտավարութիւնը, այն է՝ շարունակաբար մեծացնել լարուածութիւնը շփման գծում հայկական կողմին որքան հնարաւոր է մեծ կորուստներ պատճառելու միջոցով: Նպատակը ոչ միայն մարդկային կորուստներ պատճառելն է, այլեւ հայկական բանակում խուճապ յարուցելը: Յատկանշական է նաեւ ադրբեջանական ռազմական գերատեսչութեան կողմից վերջին շրջանում անընդհատ հնչեցուող այն պնդումը կամ հաւաստիացումը, որ բանակը լիարժէքօրէն պատրաստ է ետ վերադարձնելու իրենց հողերը:
Ի տարբերութիւն նախորդ դէպքերի, այս անգամ հակառակորդը, չբաւարարուելով նախայարձակման գործունէութիւններ իրականացնելու փորձերով, դրանք ուղեկցում է հայկական դիրքերի անդադար գնդակոծմամբ: Ընդ որում՝ փոքր տրամաչափի հրաձգային միջոցներից զատ, հակառակորդն արդէն անցել է խոշորին՝ կիրառելով նաեւ ձեռնառումբեր եւ փոքր տրամաչափի հրետանային միջոցներ, մասնաւորապէս՝ 60 եւ 82 մմ.անոց ականանետներ:
Սա արդէն դուրս է գալիս հակամարտ դիրքերի միջեւ սովորական փոխհրաձգութեան մակարդակից եւ աստիճանաբար վերածւում ճակատային տեւական մարտերի, ինչն, ի հարկէ, յղի է երկկողմանի մարդկային աւելի մեծ կորուստներով: Ըստ էութեան, դատելով Յունուարի 5ի գիշերը տեղի ունեցած բախումների մասին Արցախի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնից, հայկական կողմի վերջին երկու եւ ադրբեջանական կողմի երեք զոհերը եղել են հէնց նման ճակատային մարտերի հետեւանք:
Նման մարտավարութեան առանձնայատկութիւնն այն է, որ ստիպում է հակառակ կողմին, տուեալ դէպքում՝ հայկական զինուժին, ձեռնարկել թշնամու ակտիւութիւնը ճնշելու միջոցներ, ինչն ինքնին նշանակում է պարտադրաբար տուրք տալ ադրբեջանական պրովոկացիաներին եւ մտնել պատերազմական գործողութիւնների մէջ: Այս իմաստով բացարձակապէս պատահական լինել չի կարող պաշտօնական Պաքուի որդեգրած՝ շփման գծում ունեցած մարդկային կորուստներն ամբողջութեամբ թաքցնելու նոր մարտավարութիւնը: Եթէ նախկինում դրանք ներքին հանրոյթին մատուցւում էին որպէս դժբախտ պատահարների հետեւանքներ, ապա վերջին երեք-չորս ամիսներին ընդհանրապէս որեւէ տեղեկատուութիւն չի հաղորդւում:
Սա զուտ անպատասխանատուութեան դրսեւորում չէ: Պաքւում թերեւս հասկացան, որ փաստերի նման աղաւաղումներն աւելի շատ են մատնում սեփական բանակի անձեռնահասութիւնն ու սպայակազմի ոչ արհեստավարժութիւնը, որոնք վերջին արդիւնքում ընդամէնը սեփական բանակի նկատմամբ ադրբեջանական հասարակութեան անվստահութիւնն են մեծացնում: Նման աննորմալութիւն կարող է իրեն թոյլ տալ միայն բարոյական բոլոր արժէքներից զուրկ եւ տոտալիտար (ինքնիշխանական-Խմբ.) իշխանութիւնը: Բայց ինքնին կորուստները թաքցնելու այս մարտավարութիւնը ցոյց է տալիս, որ ներկայիս իշխանական վարչախմբի համար սեփական զինուորի կեանքը ոչ մի արժէք չունի, որ Պաքուն չի երկնչում ու երկնչելու իր զինուորներին անհրաժեշտութեան դէպքում նաեւ «մսաղացի» բերանը լցնելուց:
Սա կարեւոր հանգամանք է՝ հասկանալու, որ, զրկուած լինելով զինուորների կեանքը խնայելու հարցում հասարակական ճնշումներից, Ադրբեջանը ոչ միայն ցուցադրում է իր բացարձակ անկաշկանդուածութիւնը, այլեւ նորանոր զոհեր տալու միջոցով իր ուղեգիծը շարունակելու տրամադրուածութիւնը: Կարելի է կարծել, որ երկարաժամկէտ կտրուածքով Ադրբեջանը փորձում է հասնել լայնամասշտաբ պատերազմի, սակայն դա հասունացնում է աստիճանաբար, փուլ առ փուլ՝ մի կողմից միջազգային հանրութեանն ադապտացնելով (յարմարցնելով-Խմբ.) լարուածութեան շարունակական մեծացմանը, միւս կողմից՝ միջազգային եւ սեփական հանրութեան մօտ հասունացնելով պատերազմի անխուսափելիութեան գաղափարը:
Դժուար է ասել՝ որքանով է Ալիեւն իսկապէս պատերազմ ցանկանում: Մի կողմից՝ նաւթի գների անկումը խուճապի է մատնում Ալիեւի վարչակազմին եւ հասունացնում այն գաղափարը, որ այս միտումների պահպանման պարագայում ուղղակի յօդս է ցնդում տարածքները վերադարձնելու նպատակադրումը, ինչը եւ կարող էր ստիպել Ալիեւին գնալ հնարաւորինս շուտ հարցը լուծելու արկածախնդրութեան: Միւս կողմից՝ նա չի կարող հաշուի չառնել, որ դա կարող է ուղղակի կործանարար լինել իր եւ իր կլանի համար, եթէ նոյնիսկ անտեսենք նաւթային խոշոր կորպորացիաների ուժեղ դիմադրութիւնը պատերազմ սկսելու՝ Պաքուի հնարաւոր մտադրութիւններին: Բայց կարճաժամկէտ կտրուածքով Պաքուն թերեւս ձգտում է հասնել նրան, որ հայկական կողմը համաձայնի անցնել Լեռնային Ղարաբաղի հակամատրութեան կարգաւորման մեծ եւ համապարփակ պայմանագրի մշակմանը՝ շրջանցելով մադրիդեան սկզբունքները:
Մինչդեռ այն պահանջը, թէ հայկական կողմը պէտք է անյապաղ դուրս բերի զօրքերը ներկայիս Արցախի տարածքից, վկայում է, որ անգամ պայմանագրի մշակմանն անցնելու՝ Երեւանի եւ Ստեփանակերտի համաձայնելը չի զսպելու Պաքուին, եւ այն նորանոր միակողմանի պահանջներ է առաջադրելու՝ չհրաժարուելով շփման գօտում իրավիճակի աւելի ու աւելի շիկացման մարտավարութիւնից: Հէնց այս պատճառով Ադրբեջանին հիմա սանձահարելու խիստ անհրաժեշտութիւն է առաջանում, որովհետեւ հակառակ պարագայում, որքան էլ ծանր լինի ասելը, արիւնը շարունակելու է թափուել եւ թափուել աւելի ու աւելի յաճախակի:
Իսկ թէ ինչպէ՞ս պէտք է դա անել, արդէն արհեստավարժների խնդիրն է:

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles