Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Չվախենալ Պուտինից

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յունուարի 2ից Հայաստանը պաշտօնապէս անդամակցում է Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ): Սա մի կառոյց է, որ իրականում դեռեւս գոյութիւն չունի: Բայց ենթադրենք, որ այն կայանալու է, ենթադրենք Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ներուժը հնարաւորութիւն է տալու, որպէսզի տարածքով մոլորակի ամենամեծ այս տէրութիւնը Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի եւ (հաւանաբար Մայիսից) Ղրղզստանի հետ ստեղծի տնտեսական ընդհանուր տարածք:
Հայաստանում ԵՏՄին անդամակցելու կողմնակիցները, այդ թւում՝ երկրի իշխանութիւնները, պնդում էին կամ հասկացնել տալիս, որ Հայաստանը այլընտրանք չունէր եւ չէր կարող «ո»չ ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ եթէ «ո»չ ասէր, ապա դրա դիմաց շատ թանկ կը վճարէր եւ այդ գինը մօտաւորապէս կը լինէր այն, ինչ այսօր վճարում է Ուկրաինան: Հայաստանի անվտանգութիւնը եւ ապագան Ռուսաստանի հետ կապողները (եւ ոչ միայն նրանք) հաւատացած են, որ ԵՏՄին անդամակցելով՝ Հայաստանը լուծում է առաջին հերթին ոչ թէ տնտեսական, այլ անվտանգութեան խնդիր:
Որ Հայաստանը, աւելի ճիշդ այսօրուայ ղեկավարութիւնը այլընտրանք չունէր եւ չէր կարող «ո»չ ասել Պուտինին, հաւանաբար ճիշդ է: Սակայն անհասկանալի է, թէ ինչպէս է Հայաստանը անվտանգութեան հարցեր լուծելու մի միութեան մէջ, որը տնտեսական է: Եթէ աւելի պարզեցնենք հարցը, ապա կը ստացուի հետեւեալը. քանի դեռ Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի կողմից ստեղծուած ԵՏՄին, Ադրբեջանը խիզախութիւն չի ունենայ յարձակուելու եւ նոր պատերազմ սկսելու Հայաստանի եւ Արցախի դէմ:
Անկասկած, ԵՏՄն քաղաքական կառոյց է առաջին հերթին եւ ոչ տնտեսական միաւորում: Սակայն ակնկալել, որ այդ միաւորման մէջ մտնելով՝ Հայաստանը անվտանգութեան խնդիրներ է լուծելու, արդարացուած չէ: Անվտանգութեան եւ պաշտպանութեան հարցեր լուծելու նպատակով, Հայաստանը հենւում է ներքին պաշարների (հայկական բանակ, ուժային այլ կառոյցներ), ինչպէս նաեւ՝ երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեան վրայ (հայ-ռուսական ռազմական գործընկերութիւն, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն, ՆԱՏՕի հետ համագործակցութիւն):
Գետնի վրայ, սակայն, գլխաւոր դերակատարութիւնը վերապահուած է հայկական բանակին: Սա անվիճարկելի ճշմարտութիւն է, որը ապացուցուել է ոչ վաղ անցեալի իրադարձութիւններով: Այսպէս, 1991-1994թթ. ռազմական գործողութիւնների, ինչպէս նաեւ զինադադարի աւելի քան 20 տարիների ընթացքում, այդ թւում անցեալ տարուայ ամռանը արձանագրուած հայ-ադրբեջանական «մինի» պատերազմի օրերին, հէնց հայկական բանակն էր, որ զսպում էր Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Անկասկած, Հայաստանը աւելի անվտանգ իրեն կը զգար, եթէ չունենար պատերազմի սպառնալիքներ հնչեցնող հարեւան Ադրբեջան եւ շրջափակման քաղաքականութիւն վարող մէկ այլ հարեւան՝ Թուրքիա:
Ամէնից վտանգաւորը հայութեան տարբեր շրջանակներում առկայ այն միտումն է, որ եթէ Հայաստանը մաս չկազմէր ԵՏՄին, ապա Ռուսաստանը կը պատժէր Հայաստանին եւ Արցախի հարցում կ՛աջակցէր Ադրբեջանին: Այսինքն, Ռուսաստանը Հայաստանին կը պատժէր Արցախով:
Այստեղ հարց է առաջ գալիս. եթէ Ռուսաստանը Արցախի հարցը շահարկելով իր կրտսեր ռազմավարական գործընկեր Հայաստանին ստիպում է միանալ ԵՏՄին, ապա ո՞րն է երաշխիքը, որ յետագայում նոյնպէս Մոսկուան չի շահարկի Արցախի հարցը եւ հայերի գլխավերեւում ռուսական սուր չի ճօճի: Եւ ի՞նչ տարբերութիւն՝ Հայաստանը ԵՏՄում է, թէ ոչ: Եթէ Մոսկուան անտեսում է հայ-ռուսական ռազմական գործընկերութիւնը, եթէ անտեսում է բազմակողմ դիւանագիտութիւնը (Հայաստանի ՀԱՊԿում անդամակցութիւնը) եւ յանուն ռուսական շահերի Հայաստանին տանում դէպի ԵՏՄ՝ շահարկելով Արցախի հարցը, ապա ինչո՞ւ նոյն քաղաքականութիւնը չի շարունակելու, երբ Հայաստանը արդէն ԵՏՄ կազմում է, ընդ որում՝ առանց Արցախի:
Սա մի հարց է, գուցէ ապագայի նոր մարտահրաւէր, որին պէտք է հայ քաղաքական եւ պետական միտքը պատասխան գտնի: Հակառակ դէպքում՝ Հայաստանի անկախութիւնից եւ ինքնիշխանութիւնից շատ բան չի մնայ:

«ՍԻՎԻԼՆԵԹ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles