ԱՆԴՐԷՅ ԱՐԻՇԵՒ, Կովկասագէտ
Թալիշական ազգային շարժման առաջնորդները քանիցս յայտարարել են իրենց գործունէութեան ժողովրդավարական եւ խաղաղ բնոյթի մասին: Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում Թալիշ-Մուղանեան Հանրապետութեան նախագահ Ալաքրամ Հումմաթովը, մեկնաբանելով ղարաբաղեան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարաւորութեան հարցը, ասել է. «Ես չէի ցանկանայ, որ թալիշները մասնակցեն նման պատերազմի»:Դեկտեմբերի սկզբներից սկսել է գործել տեղեկատուական-մշակութային մի նախագիծ՝ «Թալիշստանի ազգային հեռուստատեսութիւնը»: Այսպիսով, «Թալիշստանի Ձայն» ռադիոյից յետոյ իրականանում է թալիշերէնով ինքնուրոյն լրագրողական լեզու ստեղծելու խնդիրը: Յիշեցնենք, որ թալիշները Անդրկովկասում մեծութեամբ չորրորդ էթնոսն են եւ հիմնականում բնակեցնում են Ադրբեջանի հարաւային շրջաններն ու յարակից տարածքները Իրանի Իսլամական Հանրապետութիւնում:
Նախագծի հեղինակները շեշտը դրել են թալիշների պատմական, մշակութային, ինչպէս նաեւ ազգային լեզուի պահպանման խնդիրների վրայ, որոնք ամէն ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան հիմքերն են:
«Թալիշստանի ազգային հեռուստատեսութեան» առաջին հաղորդումն արդէն իսկ չի վրիպել «յատուկ նշանակութեան» ամերիկացի քաղաքագէտների ուշադրութիւնից, որոնք մասնագիտացել են ոչ միայն կովկասա-կասպեան տարածաշրջանի էթնօ-քաղաքական, այլեւ աւելի լայն՝ Եւրասիական աշխարհամասի խնդիրներով: Այդօրինակ (վաստակաշա՞տ արդեօք-սա արդէն այլ քննարկման նիւթ է) մասնագէտներից է ոչ անյայտ Պոլ Գոբլը, որը 90ական թուականների սկզբներին սկանդալային համբաւ ձեռք բերեց Հայաստանի Մեղրիի տարածքը Լեռնային Ղարաբաղի մի հատուածի հետ փոխանակելու իր ծրագրով: Այնուհետեւ տեղափոխուեց Էստոնիա (Տարտուի համալսարան) եւ զբաղուեց, այսպէս կոչուած, ֆիննա-ուգրական խնդրի վերարծարծմամբ՝ ի հարկէ չմոռանալով նաեւ «չերքեզական հարցը»: Վերջին ժամանակներս պաշտօնեայ էր Բաքուի դիւանագիտական ակադեմիայում, հիմա արդէն Վաշինգտոնի համալսարանի քաղաքագիտական ինստիտուտի պրոֆեսոր է:
Այն փաստը, որ այսպիսի հարուստ աշխատանքային կենսագրութիւն ունեցող պարոնը ուշադրութիւն է դարձրել մշակութային-կրթական ուղղուածութիւն ունեցող հեռուստատեսային մի նախագծի, ոչ մի կերպ չի կարելի պատահականութիւն համարել: Գոբլը ենթադրում է, որ նախագծի հեղինակները հետապնդում են ոչ թէ մշակութային-կրթական խնդիրներ, այլ՝ հէնց քաղաքական: Յղում անելով այն փաստին, որ հեռուստածրագիրը կիրիլիցան է օգտագործում, համոզմունք է յայտնում՝ նախագիծը հովանաւորւում է Մոսկուայի կողմից: Գոբլի համար «ակնյայտ է», որ նման քայլով Ռուսաստանը, իբր, Ադրբեջանի իշխանութիւններին ակնարկում է, որ ինքը պահպանում է Ադրբեջանի հարաւում՝ թալիշաբնակ շրջաններում «ջուր պղտորելու» հնարաւորութիւնը, ինչպէս եղաւ 90ականներին, երբ ստեղծուեց Թալիշ-Մուղանեան Հանրապետութիւնը: Աւելին, նա Մոսկուային մեղադրում է նաեւ Ադրբեջանի միւս ազգային շրջանների իրավիճակը ապակայունացնելու համար, զորօրինակ՝ իբր ռուսները խրախուսում են աւարների, լեզգիների եւ ազգային միւս փոքրամասնութիւնների քաղաքական ակտիւութիւնը:
Պէտք է ասել, որ 90ականներից սկսած նկատելիօրէն մեծանում է ամերիկացիների, Արեւելեան Եւրոպայի երկրների ներկայացուցիչների հոսքը Իրանին յարակից ադրբեջանական հարաւային շրջանները: 2000ական թուականների սկզբներին բարեկարգւում են այդ տարածքների կոմունիկացիոն ենթակառուցուածքները, վերագործարկւում են թալիշների տարածքներում գտնուող զինուորական օդակայանները, տանկային վարժադաշտերը, որոնք կառուցուել էին ԽՍՀՄի օրօք եւ լքուել տրոհումից յետոյ: Պակաս դերակատարում չունեցան նաեւ գիտնականները եւ ոչ պետական կազմակերպութիւնները: 2002թ.ին Բոստոնում հրատարակւում է ամերիկացի գիտնականներից բաղկացած խմբի աշխատանքը՝ «Ադրբեջանի լեզուների քննութիւնը» երկհատորեակը, որում առանձին գլուխ էր նուիրուած թալիշերէնին՝ «Թալիշերէնի սոցիալ-լեզուական իրավիճակը» վերտառութեամբ: Միաժամանակ այդ տարածքներում թուրքական կրօնական դպրոցների բացումը, ինչպէս նաեւ որոշ թուով քրիստոնեայ միսիոներների ներթափանցումը հետապնդում էր մեն մի նպատակ՝ փոխել այնտեղ ապրող բնակիչների սոցիալ-կրթական, մշակութային-էթնիկ ինքնութիւնը, նրանց օտարել իրենց աւանդական կենսակերպից ու հաւատքից: Եւ այսօր՝ բաւական ժամանակ անց, երբ ակնյայտ է դառնում, որ նրանք չեն հասել իրենց հետապնդած նպատակներին, պատահական չէ Գոբլի խրատն առ այն, թէ թալիշները վաղուց արդէն քաղաքական լուրջ խնդիր են ներկայացնում Բաքուի համար:
Թալիշների լեզուն սերտօրէն կապւում է պարսկերէնին, սակայն թալիշների մեծամասնութիւնը տիրապետում է ռուսերէնին, եւ ոչ քիչ թուով թալիշներ են այսօր ապրում Ռուսաստանում, ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսութիւնն իր հաղորդումներում օգտագործում է կիրիլիցան: Փորձելով հիմնաւորել ԹԱՀի ստեղծման գործում Ռուսաստանի մասնակցութեան իր իսկ հրապարակ նետած վարկածը՝ ԿՀՎի նախկին աշխատակիցը (նախկի՞ն) ենթադրում է, որ թալիշները չէին ցանկանան համագործակցել հայերի եւ պարսիկների հետ, քանի որ վերջինները շահագրգիռ կողմ են: Իսկ այն հարցին, թէ՝ Ռուսաստանը թալիշներին դէպի ո՞ւր է հրաւիրում, Գոբլը «լռում է», ենթադրել տալով պատասխանը՝ «դէպի անջատողականութիւն»: Աւելի վաղ արդէն պարոն Գոբլը Ռուսաստանին, Հայաստանին եւ Իրանին մեղադրել էր Ադրբեջանի ազգային փոքրամասնութիւնների շրջանում անջատողական տրամադրութիւններ հրահրելու համար:
Թալիշների հարազատ լեզուով, ինչպէս նաեւ թաթերէնով ռադիօ-հեռուստահաղորդումների հեռարձակումը, ազգային-մշակութային ինքնավարութիւնների եւ հասարակական-քաղաքական այլ ինստիտուտների գործունէութիւնը միայն պէտք է ողջունել: Մի բան ակնյայտ է, որ Կիեւի, Քիշնեւի, Թբիլիսիի եւ Բաքուի միատար ազգային պետութիւն ստեղծելու փորձերը չեն կարող հակադարձ դիմադրութիւն չառաջացնել, դիմադրութիւն, որ հերթական անգամ կը վերագրուի «Մոսկուայի ձեռքին»:
Թալիշական ազգային շարժման առաջնորդները քանիցս յայտարարել են իրենց գործունէութեան ժողովրդավարական եւ խաղաղ բնոյթի մասին: Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում Թալիշ-Մուղանեան Հանրապետութեան նախագահ Ալաքրամ Հումմաթովը մեկնաբանելով ղարաբաղեան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարաւորութեան հարցը, ասել է. «Ես չէի ցանկանայ, որ թալիշները մասնակցեն նման պատերազմի»:
Չեմ կասկածում, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսութիւնը կը զինուի տեխնիկական նոր հնարաւորութիւններով եւ, յաջողութեամբ շարունակելով աշխատանքը, կ՛ընդլայնի իր լսարանը: Մինչդեռ խորամանկ եւ քայքայիչ գործունէութիւն ծաւալող պոլգոբլները, համոզուած եմ, նետուելու են պատմութեան աղբանոցը: