Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Բաքու-Անկարա-Մոսկուա Առանցքի Վտանգը

Պուտինն Ու Էրդողանը Բնաւորութեամբ, Ժողովրդավարութեան Իւրօրինակ Ընկալումներով
Եւ Արեւմուտքի Նկատմամբ Կոշտ Մօտեցումներում Բազմաթիւ Նմանութիւններ Ունեն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ


Ռուսաստանի նախագահը Դեկտեմբերի 18ին իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում գովեստներ շռայլեց Թուրքիայի առաջնորդի հասցէին, նրան անուանելով պինդ տղամարդ (կրեպկիյ մուժիկ-ռուս.): Այս տարուայ Դեկտեմբերի առաջին օրերին, երբ Ռուսաստանի նախագահը պետական այցով մեկնեց Անկարա, մի շարք լրատուամիջոցներ դա կոչեցին ռուսական ցարի այց օսմանեան սուլթանին: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնաւորութեամբ, ժողովրդավարութեան իւրօրինակ ընկալումներով եւ Արեւմուտքի նկատմամբ իրենց կոշտ մօտեցումներում բազմաթիւ նմանութիւններ ունեն: Պուտինը յայտարարում է, որ Խորհրդային Միութեան փլուզումը մեծագոյն ողբերգութիւն էր եւ ձգտում է Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ ստեղծել Եւրասիական տնտեսական միութիւն: Էրդողանը չի ձգտում (յամենայն դէպս՝ չի յայտարարում) ինչ որ ձեւով վերականգնել Օսմանեան կայսրութիւնը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմքում դրել է նոր-օսմանականութեան (new-ottomanism) հայեցակարգը:
Ոչ վաղ անցեալի պատմութիւնը պէտք է դաս լինի Հայաստանի համար: Առնուազն մէկ անգամ (Լենին-Աթաթուրք պայմանաւորուածութիւնը 1920-1921 թուականներին) հայկական շահը զոհաբերուել է յանուն ռուս-թուրքական բարեկամութեան: Երբ Պուտինը մամուլի ասուլիսում յայտարարում է, որ Թուրքիան տարածաշրջանային խնդիրների լուծումներում պէտք է իր խօսքն ու դերակատարութիւնը ունենայ, ապա կամայ թէ ակամայ մտածում ես Արցախի հարցի մասին: Հայաստանը բազմաթիւ շղթաներով կապուած է Մոսկուային: Եթէ որեւէ հայի համար այս նախադասութիւնը վիրաւորական է կամ նուաստացուցիչ, ապա եկէք շղթաները դնենք մի կողմ եւ դա համարենք հայ-ռուսական գործընկերութիւն կամ բարեկամութիւն: Բայց դրանից իրերի դրութիւնը չի փոխւում: Ռուս-թուրքական մերձեցումը վտանգաւոր է Հայաստանի եւ հայկական շահերի տեսանկիւնից:
Լենին-Աթաթուրք դաշինքից եւ 1925 թուականի խորհրդա-թուրքական պայմանագրից ի վեր Մոսկուա-Անկարա կապերը այնքան ամուր չեն եղել, ինչպէս այսօր: Թուրքիան չմիացաւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հակառակը՝ խոստացաւ դէպի Ռուսաստան աւելացնել այն ապրանքների մատակարարումները, որոնք նախկինում առաքւում էին Եւրոպայից: Ռուսաստանը դադարեցրեց Բուլղարիայով դէպի Եւրոպա նոր գազատարի կառուցումը եւ յայտարարեց, որ այն կ՛անցնի Թուրքիայի տարածքով: Այսօր Թուրքիայի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերը հէնց Ռուսաստանն է: Աւելին, Ռուսաստանը Թուրքիայում պէտք է ատոմակայան կառուցի:
Այն պայմաններում, երբ Հայաստանի կախումը Ռուսաստանից չափազանց խորն է, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան հասել են ռազմավարական գործընկերութեան, վտանգ կայ, որ ռուսներն ու թուրքերը կարող են Հայկական Հարցում կայացնել որոշումներ՝ անտեսելով Հայաստանի եւ Արցախի շահը: Ճիշդ է, Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայ սահմանապահների հետ կանգնած են նաեւ ռուս սահմանապահները, իսկ Գիւմրիում տեղակայուած է ռուսական 102րդ ռազմակայանը, սակայն ռուսները Հայաստանում առաջին հերթին ոչ թէ հայկական, այլ ռուսական շահն են պաշտպանում:
Ուշագրաւ էր, որ իր ասուլիսում, խօսելով արտասահմանում տեղակայուած ռուսական ռազմակայանների մասին, Պուտինը ընդգծեց, թէ աշխարհում նման երկու ռազմակայան կայ միայն՝ Տաջիկստանում եւ Ղրղզստանում: Պուտինը չյիշատակեց Գիւմրիի 102րդ ռազմակայանը: Հաւանաբար այդ ձեւով նա ցանկացաւ ուղերձ յղել Էրդողանին, որ Հայաստանում տեղակայուած ռազմակայանը ուղղուած չէ Թուրքիայի դէմ: Յիշեցնենք, որ Գիւմրիի ռուսական ռազմակայանը ձեւաւորուել է 1992թ.՝ Խորհրդային Հայաստանում տեղակայուած նախկին խորհրդային 7րդ բանակի հենքով: Այդ բանակը Խորհրդային Հայաստանում ունէր ԽՍՀՄը Թուրքիայից պաշտպանելու առաջադրանք: Ինչպէս ռուս, այնպէս էլ հայ պաշտօնեաները բազմիցս յայտարարել են, որ ռուսական զօրքերը եւ սահմանապահները Հայաստանում են, որպէսզի պաշտպանեն մեր երկիրը Թուրքիայի հնարաւոր սպառնալիքներից:
Ռուսաստանը աննախադէպ խորացրել է նաեւ յարաբերութիւնները Հայաստանի մէկ այլ հակառակորդ պետութեան՝ Ադրբեջանի հետ: Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողութեամբ զէնք եւ զինամթերք: Այս իրողութիւնը, անկասկած, մտահոգում է Հայաստանի ղեկավարութեանը եւ ժողովրդին, քանի որ Իլհամ Ալիեւը պատերազմով է սպառնում Արցախին ու Հայաստանին: Սակայն Հայաստանի համար ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցութեան խորացման վտանգը վաճառուող զէնքը չէ միայն: Ի վերջոյ, Ադրբեջանը ֆինանսական հնարաւորութիւններ ունի այլ երկրներից եւս զէնքեր գնելու, ինչը անում է:
Վտանգը այլ տեղում է: Եթէ Իլհամ Ալիեւը աւելի թեքուի դէպի Ռուսաստան եւ Եւրասիական տնտեսական միութիւն, հասկացնել տայ, որ կարող է անգամ անդամակցել այդ կառոյցին, պայմանով, որ Վլադիմիր Պուտինը օգտագործի իր հեղինակութիւնը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մէջ, ապա նման զարգացումը կարող է իրական սպառնալիք լինել Հայաստանի եւ Արցախի համար: Այստեղ էլ պէտք է մեզ համար դաս լինի ոչ վաղ անցեալի պատմութիւնը: 1921թ. ամրանը հէնց Ռուսաստանն էր, որ Արցախը դրեց Ադրբեջանի կազմում:
Դժուար է միանշանակ համաձայնել այն տեսակէտի հետ, որ Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեանը անդամակցեց անվտանգութեան նկատառումներով: Աւելի պարզ՝ Հայաստանը չէր կարող ընդդիմանալ եւ ոչ ասել այդ կառոյցին անդամակցութեանը, քանի որ Պուտինը Արցախի հարցում կը պաշտպանէր Ադրբեջանին: Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի անդամակցութիւնից յետոյ Արցախի հարցում ճնշումներ չեն լինի: Բացի այդ, չի երեւում, որ Ռուսաստանը եւ յատկապէս Բելառուսն ու Ղազախստանը Արցախի հարցում բարեկամաբար են տրամադրուած Հայաստանի նկատմամբ:
Բոլոր երեք պետութիւնների խորհրդարանները վաւերացրել են Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութիւնը, սակայն յստակ եւ հրապարակաւ յայտարարել, որ Հայաստանը այդ կառոյցին անդամակցում է առանց Լեռնային Ղարաբաղի: Աւելին, ռուս պաշտօնեաները ակնարկում են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակէտ տեղադրելու հարցը դեռեւս որոշուած չէ:
Այսպիսով, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը եւս մէկ անգամ ընդգծում են, այս դէպքում՝ յատուկ Ադրբեջանի համար, որ ճանաչում են վերջինիս տարածքային ամբողջականութիւնը:
Մի կողմից ռուս-թուրքական, միւս կողմից՝ ռուս-ադրբեջանական գործընկերութեան խորացման պայմաններում Հայաստանը պէտք է զարկ տայ երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեանը մի քանի ուղղութիւններով: Առաջին, խորացնել Եւրոպական Միութեան, ՆԱՏՕի եւ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները: Երկրորդ, անմիջական երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ պահել եւ նոր մակարդակի բարձրացնել գործընկերութիւնը: Երրորդ, քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցութիւն սկսելու ուղղութեամբ: Չորրորդ, վերականգնել 1990ականների կէսերին գործող Հայաստան-Իրան-Յունաստան եւ Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակող ձեւաչափով հանդիպումները: Այս ամէնը պէտք է անել ոչ ի հակակշիռ Ռուսաստանի, այլ յանուն Հայաստանի ինքնիշխանութեան ամրապնդման:

«ՍԻՎԻԼՆԵԹ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles