Թուրք մտաւորական Մուրատ Բելգէն Taraf օրաթերթում Դեկտեմբեր 16ին յօդուած է հրապարակել «Կարծում Էինք, Թէ Միայն Սպաներն Են Յեղաշրջում Անում» վերնագրով: Նա, անդրադառնալով Դեկտեմբեր 14ին Թուրքիայում մի շարք առաջատար լրագրողների, ֆիլմ արտադրողների եւ ոստիկանների ձերբակալութիւններին, գրում է, թէ բռնապետութեան յայտարարութեան նմանող այս բոլոր «զոռբայութիւնները» միեւնոյն ժամանակ պէտք է մեկնաբանուեն որպէս ծայրաստիճան անյոյս խարխափումներ: Ստորեւ, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք յօդուածի հայերէն թարգմանութիւնը.
Կիրակի օրուայ ձերբակալութիւններից յետոյ Առաջադիմութիւն եւ զարգացում կուսակցութեան ղեկավարութիւնը, եւ, դրա պատճառով, նաեւ Թուրքիան, նոր շրջան է թեւակոխում: Վերջերս՝ մանաւանդ իշխանական ճակատում, «յեղաշրջում» բառը դարձաւ ամենատարածուած արտայայտութիւններից մէկը: Բոլորը բոլորի մասին «յեղաշրջման» ամբաստանութիւն են անում: Ըստ իշխանական ճակատի՝ մօտ 30 ձերբակալուածները կառավարութեան դէմ յեղաշրջում էին ծրագրում: Այս յեղաշրջման նրանց ամբաստանութիւնը նման չէ քանի տարի մեր սովորած յեղաշրջումներին: Առաջ զինուժը «Աթաթուրքի ճանապարհից» շեղուելու պատճառով էր յեղաշրջում անում…
Շատ յեղաշրջումներ ապրած հասարակութիւն ենք: Մեր իմացած յեղաշրջումների «համին» ծանօթ լինելու պատճառով, այս մարդիկ իրենց երեւակայութեանը ուժ տուած՝ յեղաշրջման նոր միջոցներ են յայտնաբերել: Նրանք զարգացնում են յեղաշրջման արուեստը:
Յեղաշրջում կատարողն էլ է փոխուած: Կարծում էինք, թէ յեղաշրջում կոչուածը մենակ սպաները կը կատարեն: Ուրեմն Թուրքիայում՝ քաղաքացիական եւ ժողովրդավարացման գործընթացի շրջանակներում, զինուժի յեղաշրջում կատարելու մենաշնորհն էլ աւարտուած է: Այսպիսով՝ քաղաքացիական անձանց «յեղաշրջում կատարելու ժողովրդավարական իրաւունքն» էլ ապահովուեց:
Այս վերջին ձերբակալութիւնների արշաւը (որին կարող է յաջորդել աւելին) ծառայեց դէպքերի աւելի թափանցիկ լինելուն, քան ծածկելուն: Քանի որ ստեղծուած իրարանցումը որոշ գործեր թաքցնելու համար կատարուած լինելու մասին ոչ ոք կասկած չունի: ԱԶԿն տնտեսական կամ գաղափարաբանական-քաղաքական գործիքներով իր հետ կապուած ստուար զանգուածներ ունի: Սակայն նրանք էլ են տեսնում, թէ ինչ է կատարւում: Նրանք էլ գիտեն: Տեսնելով ու իմանալով հանդերձ՝ կողմ են ԱԶԿ իշխանութեան շարունակուելուն: Այս ընտրանքի համար նրանք իրենց բացատրութիւնն ունեն: Սակայն ոչ ոք այլեւս ԱԶԿն չի նկատում որպէս ամբաստանութեան զոհ: Այլեւս չկան դրան հաւատացողներ:
Այս դէպքը «Սուսուրլուք»ի դէպքի հետ որոշ նմանութիւն ունի: Այնտեղ մի արկած էր տեղի ունեցել, որից յետոյ գաղտնի իրողութիւնները կարճ ժամանակով ի յայտ էին եկել: Շատ կարճ էլ լինի՝ դա հասարակութեան առջեւ պարզեց ինչ որ պատկեր, մինչեւ որ հանրածանօթ ուժեր գործի անցան եւ կրկին ծածկեցին ամէն ինչ: Սակայն ոչ ոք այդ պատկերը չմոռացաւ:
Սա էլ պիտի չմոռացուի: Հետեւաբար՝ բռնապետութեան յայտարարութեան նմանուող, առաւել եւս այդպիսի նպատակ հետապնդող, այս բոլոր «զոռբայութիւնները» միեւնոյն ժամանակ պէտք է մեկնաբանուեն որպէս ծայրաստիճան անյոյս խարխափումներ:
«Սիվիլնեթ»