ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ամբողջ տասն օր ադրբեջանական զինուժի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցուած ԼՂՀ պաշտպանութեան բանակի «Մի-24» ռազմական ուղղաթիռի շուրջ իրավիճակը լարուածութեան մէջ էր պահում Հայաստանի եւ Արցախի հանրութեանը:
Այդ ողջ ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ինքնաթիռի անկման շրջանը ենթարկում էին ինտենսիւ (ուժգին-Խմբ.) հրետակոծութեան՝ թոյլ չտալով ղարաբաղեան կողմին մօտենալ մարտական մեքենային ու դուրս հանել զոհուած երեք օդաչուների աճիւնները: Ապարդիւն էին անգամ ՄԱԿի, ԵԱՀԿի, Եւրամիութեան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի եւ այլ կազմակերպութիւնների՝ Ադրբեջանին ուղղուած կոչերը՝ ապահովել ուղղաթիռի անկման վայրին մօտենալու եւ զոհուած անձնակազմի անդամների աճիւնները տարհանելու հնարաւորութիւն: Պաշտօնական Բաքուն անդրդուելի մնաց միջազգային կառոյցների յորդորներին, ինչի հետ կապուած, ԼՂՀ իշխանութիւններին ոչինչ չէր մնում անել, եթէ ոչ դիմել յատուկ միջոցների: Նոյեմբերի 22ին յայտնի դարձաւ, որ ԼՂՀ պաշտպանութեան բանակի ստորաբաժանումներն անցկացրել են յատուկ գործողութիւն, որի արդիւնքում դէպքի վայրից տարհանուել են զոհուած օդաչուների աճիւնները: Նոյեմբերի 25ին օդաչուների մարմինները զինուորական արարողակարգով հողին են յանձնուել: Իրավիճակը վերջապէս հանգուցալուծուեց, եւ թւում էր՝ կարելի էր վերջակէտ դնել, բայց…
Այնուամենայնիւ, դեռ վաղ է վերջակէտ դնել: Խօսքն այժմ այդ ողբերգական պատմութեան շրջադարձերի եւ անգամ նրա ռազմաքաղաքական ասպեկտների (երե-ւոյթներու-Խմբ.) մասին չէ՝ կապուած մեր անհանգիստ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի հետ: Կը ցանկանայինք անդրադառնալ տուեալ իրավիճակի հումանիտար (մարդասիրական-Խմբ.), աւելի ճշգրիտ՝ բարոյական կողմին, թէեւ, խոստովանենք, ինչ վերաբերում է Ադրբեջանին, բարոյականութեան մասին քարոզներն անիմաստ են եւ անօգուտ: Այդուհանդերձ, այդ թեման չի կարելի շրջանցել: Ղարաբաղեան ուղղաթիռի կործանման հետ կապուած իրադարձութիւնները լակմուսի թղթի (լիտմոսաթուղթի-Խմբ.) պէս հերթական անգամ բացայայտեցին Ադրբեջանի ներկայիս իշխող վարչակարգի հակամարդկային, ուղղակի ասենք՝ գազանային էութիւնը: Նրանք դարձեալ ապացուցեցին, որ այդ երկիրն իրաւունք չունի քաղաքակիրթ հանրութեան անդամը համարուելու, քանզի կոպտագոյնս եւ ամենացինիկ կերպով ոտնահարում է մարդկային համակեցութեան օրէնքներն ու նորմերը: Նոյնիսկ պատերազմն իր ողջ դաժան էութեամբ չի կարող արդարացում հանդիսանալ անմարդկային, յանցաւոր գործողութիւնների համար: Եթէ պատերազմը մարդկութիւնը խայտառակող չարիք է, ապա կան պատերազմից վատթար եւ մարդկային ցեղն առաւել շատ խայտառակող երեւոյթներ: Նման երեւոյթների շարքին լիիրաւ կարելի է դասել Ադրբեջանի յանցագործ ղեկավարութեան արարքները:
Մենք չենք վերծանի այս, թոյլ տրուի ասել, պետութեան կարճատեւ պատմութիւնը, որն արհեստականօրէն ստեղծուել է անգլօ-թուրքական սուինների օգնութեամբ՝ ընդամէնը անցած հարիւրամեակի սկզբին: Դառնանք միայն վերջին 25 տարիներին, ասել է թէ՝ Ղարաբաղեան շարժման արդի ժամանակաշրջանին: Ադրբեջանը, հակառակ միջազգային եւ բարոյական բոլոր նորմերի, գործի դրեց իր պետական ողջ ռեպրեսիւ (ճնշիչ-Խմբ.) մեքենան եւ սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ օրինական հիմքի վրայ իրենց ինքնորոշման եւ ինքնիշխան պետութեան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ստեղծման իրաւունքն իրացրած արցախցիների դէմ: Սփռելով մահ եւ աւերածութիւն՝ Բաքուի յանցաւոր իշխանութիւնները փորձում էին արեան մէջ խեղդել Արցախի ժողովրդին, վտարել նրան եւ հայրենազրկել: Յիշո՞ւմ էք 19րդ դարի ֆրանսիացի մեծ գրող, հումանիստ Վիկտոր Հիւգոյի յայտնի խօսքերը՝ «Այստեղով թուրքն է անցել. ամէնուր մահ է եւ աւերակներ»: Ցաւօք, այդ արտայայտութիւնը չի կորցրել իր այժմէականութիւնը եւ այսօր՝ 21րդ դարում: Ադրբեջանի հակահայկական քաղաքականութիւնն իր հրէշաւոր, բացայայտ ռասիստական եւ ֆաշիստական դրսեւորումներով ամենայն համոզչութեամբ վկայում է, որ ժամանակակից թուրքերը հեռու չգնացին իրենց վայրենի նախորդներից:
Ղարաբաղեան խոցուած ուղղաթիռի շուրջ իրադարձութիւններում Ադրբեջանի գործողութիւնները նրա ղեկավարութեան հայատեաց քաղաքականութեան բուն էութիւնն են: Պաշտօնական Բաքուն, որը սիրում է ամէնուր յոխորտալ միջազգային իրաւունքի մասին, ոտնահարեց Ժընեւեան կոնվենցիայի (համաձայնագիրի-Խմբ.) իրաւական նորմերը, որոնք մարդասիրական վերաբերմունք են պարտաւորեցնում վիրաւորների եւ զոհուածների հանդէպ: Այսպէս, ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը սնապարծութեամբ յայտարարեց, որ «եթէ Ադրբեջանը հարկ համարի, ապա թոյլ կը տայ վերցնել խոցուած ինքնաթիռի հայ օդաչուների մարմինները»: Ուշադրութիւն դարձնենք՝ սա այն յանձնաժողովի ներկայացուցչի խօսքերն են, որի իրաւասութեան մէջ զուտ հումանիտար բնոյթի հարցեր են մտնում: Անհեթեթութի՞ւն է: Հոգեպէս առողջ մարդու համար՝ այո: Ադրբեջանական ներկայիս հասարակութեան համար՝ նորմա (չափա-նիշ սկզբունք-Խմբ.):
Հարկ է ուղղակիօրէն խոստովանել, որ նոյն այդ ադրբեջանական հասարակութեան բարոյական անկման ծայրագոյն աստիճանն արտացոլող նման իռացիոնալ, այսինքն՝ բանականութեանը հակառակ նորմերի հաստատման առանձնաշնորհը պատկանում է նախագահ Ալիեւին: Այսօր Ադրբեջանում հակահայկական քարոզչութիւնը չունի սահմաններ՝ անգամ ամենաբարձր մակարդակով: Յատկանշական է, որ խոցուած ուղղաթիռի հետ կապուած իրադարձութիւնները տեղի ունեցան Բաքւում անցկացուած միջազգային կոնֆերանսի համապատկերին, որի թեման հետեւեալն էր՝ «Կրօնական հանդուրժողականութեան ամրապնդում. ադրբեջանական մոդել, մարտահրաւէրներ ԵԱՀԿ տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս»: Կոնֆերանսի մասնակիցներին ուղղուած իր խօսքում Ալիեւն, առանց աչք թարթելու, փարիսեցիաբար բարբառեց. «Ադրբեջանը, որն այսօր աշխարհում յայտնի է որպէս հանդուրժողականութեան տիպար, հետեւողականօրէն հանդէս է գալիս անհրաժեշտ նախաձեռնութիւններով ու կոչերով միջքաղաքակրթական երկխօսութեան եւ ամբողջ աշխարհում խաղաղութեան ու անվտանգութեան ապահովման ոլորտներում»: Աւելին, կոնֆերանսի մասնակից՝ Կովկասի ժողովուրդների կրօնական բարձրագոյն խորհրդի անդամների հետ հանդիպմանը նա բառացիօրէն ասաց հետեւեալը. «Նոյնիսկ պատերազմի պայմաններում չի կարելի խախտել մարդկային, կրօնական նորմերը»: Բարբառեց՝ չկամենալով անգամ խորհրդածել իր խօսքերի եւ իր իսկ սրբապիղծ գործերի միջեւ բացայայտ անհամապատասխանութեան շուրջ:
Այն փաստը, որ «հանդուրժողականութեան տիպարը», քամահրելով միջազգային հանրութեան՝ տարրական մարդկութիւն ցուցաբերելու եւ անձնակազմի զոհուած անդամների աճիւնները վերցնելու թոյլտուութեան կոչերը (որպէսզի հնարաւոր լինի նրանց քրիստոնէական օրէնքների համաձայն յանձնել հողին), ինտենսիւ գնդակոծութեան տակ է պահել ուղղաթիռի կործանման շրջանը, դոյզն ինչ չյուզեց Ալիեւին: Թէեւ, չէր էլ կարող յուզել, քանզի այդ երկրում վաղուց արդէն գնդակահարուել են ե՛ւ մարդկութիւնը, ե՛ւ հանդուրժողականութիւնը, ե՛ւ բարոյականութիւնը:
Այդպիսին է այսօրուայ Ադրբեջանի իրականութիւնը, որից միջազգային հանրութիւնը պէտք է անհրաժեշտ դասեր քաղի:
Լէոնիդ Մարտիրոսեան գլխաւոր խմբագիրն է «Ազատ Արցախ» պաշտօնաթերթին