Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Բաց Նամակ Ուղղուած ՀՀ Վարչապետ Պարոն Յովիկ Աբրահամեանին

$
0
0

Մեծարգոյ պարոն վարչապետ,
Իրազեկ լինելով, որ առաջիկայում նախատեսւում է ձեր գլխաւորած պատուիրակութեան այցը Վրաստան, կարեւոր համարեցինք ձեզ ուղղել սոյն բաց նամակը:
Մեծարգոյ պարոն վարչապետ,
Ջաւախքի հայութեանը յուզող հարցերը բազմաթիւ են (ջաւախքահայութիւն-ՀՀ մշակութային շփումների՝ Վրաստանի իշխանութիւնների կողմից յարուցուած խոչընդոտներ, ՀՀից Ջաւախք գիրք-գրականութեան, անգամ եթէ այդպիսիք գեղարուեստական բնոյթի մի քանի գրքեր են, անցկացման խստիւ արգելք, Վրաստանի համապատասխան օղակների կողմից հայոց մշակութային կեանքին անհարկի եւ բացասական միջամտութիւններ, թուրք-ադրբեջանական բազմաոլորտ ներկայութեամբ պայմանաւորուած հայատեաց միջավայրի առկայութիւն եւ այլն): Այդուհանդերձ, կայ մի լրջագոյն հիմնահարց, որի չկարգաւորումը նշանակում է ջաւախահայութեան մի ստուար հատուածի զանգուածային տեղահանութիւն իր հարազատ բնօրրանից: Խօսքը մասնաւորապէս վերաբերում է ս.թ. Սեպտեմբերի մէկից կիրառուող Վրաստանի միգրացիոն նոր օրէնսդրութեանը եւ «Արտասահմանցիների եւ քաղաքացիութիւն չունեցող անձանց իրաւական կարգավիճակի մասին» նոր օրէնքին, ըստ որի՝ օտարերկրացիները, այդ թւում նաեւ հիմնականում ՌԴ արտագնայ աշխատանքի մեկնելու պատրուակով տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիութիւնից հրաժարուած եւ ՀՀ կամ ՌԴ քաղաքացիութիւն ունեցող ջաւախահայերի մի մեծ հատուած (անուղղակի հաշւումներով վերջիններիս թիւը հասնում է տասնեակ հազարների) վեցամսեայ ժամկէտում 90 օրից աւելի իրաւունք չունի գտնուելու Վրաստանի տարածքում:
Մեծարգոյ պարոն վարչապետ,
Ցաւալին այն է, որ Վրաստանի իշխանութիւնները ձեր կառավարութեանը եւ միջազգային հանրութեանը հաւատացնում են, թէ այդ ամէնի մէջ արտառոց ոչինչ չկայ, եւ այդ կարգավիճակով բազմահազար մարդիկ կարող են հեշտութեամբ ստանալ կացութեան իրաւունքի վկայական եւ մնալ իրենց ընտանիքների մօտ: Իրականութիւնը բոլորովին այլ է. բազմահազար ջաւախահայեր ամէն օր ստանում են կացութեան իրաւունքի թոյլտուութեան մասին դիմումների մերժումներ, որոնք, նորից կրկնելով այդ քայլը, արդէն ծախսել են միլիոնաւոր լարիներ: Աւելին, Վրաստանի Արդարադատութեան մինիստրութիւնը մերժել է անգամ Երեւան-Ջաւախքի մի շարք շրջաններ ուղեւորափոխադրումներ կատարող ՀՀ քաղաքացի վարորդներին, եւ օրեր առաջ վերջիններս ստիպուած էին հետ վերադառնալ Երեւան, շատերն էլ օրէնքը խախտելու եւ մի քանի ժամ Վրաստանի տարածքում աւել մնալու համար տուգանուել են 180 լարի չափով:
Մեծարգոյ պարոն վարչապետ,
ՀՀ պառլամենտի նախագահ Գ. Սահակեանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրացուեցին այս եւ մի շարք այլ հարցեր: Ցաւօք, այցի ընթացքում խորհրդաւոր եւ գաղտնի պայմաններում միայն վերացուեցին որոշ պատգամաւորների՝ Վրաստան մուտքի արգելքները. ոչ մի այլ շօշափելի դրական շարժ տեղի չունեցաւ: Յատկապէս այն յոյժ կարեւոր հարցը, որը վերաբերում է ջաւախահայութեան մի ստուար հատուածի՝ հայրենիքում մնալ-չմնալուն, այդպէս էլ մնաց օդում կախուած: Մեզ համար, ի հարկէ, ուրախալի է, որ մեր հայրենակից-պատգամաւորներն այժմ կարող են մտնել իրենց պապենական շէներ, ցաւալի է սակայն այն, որ երկուստեք առաջնահերթ համարուեց եւ նեղ անձնական (ոչ համակարգային) կերպով կարգաւորուեց հէնց այդ հարցը, իսկ իրական հիմնահարցը մնաց իր նոյն տեսքով:
Մեծարգոյ պարոն վարչապետ,
Օրէցօր աճում է այն ջաւախահայերի թուաքանակը, որոնք գործի բերումով գալով ՀՀ, հետ վերադարձին պարզել են, որ իրենց եռամսեայ ժամկէտն արդէն լրացել է եւ իրենք Ջաւախք մուտքի իրաւունք չունեն: Վերջիններիցս շատերն անգամ կեցութեան վայր ու միջոցներ չունեն, այնինչ պարտաւոր են առնուազն երեք ամիս մնալ ՀՀում: ՀՀում Վրաստանի դեսպանատունն այցելուներին տեղեկացնում է ինչ որ կայքի հասցէ, որտեղ լրացնելով կարող են վիզա ստանալ եւ մտնել Վրաստան: Սա եւս հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ պահանջուող դրոյթները անյաղթահարելի են (5,000 լարի հաշվեհամարային տեղեկանք, Ջաւախքում հաշուառման վայրի սեփականութեան վկայական, որը Ջաւախքի գիւղական վայրերում պարզապէս գոյութիւն չունի, եւ մեծ բարդութիւններ են ստեղծուած այն ձեռք բերելու համար, տան անդամների համաձայնագրեր, որոնք լինում են արտերկրում եւ այլն): Միաժամանակ՝ վիզան պարզապէս ապահովում է այս քաղաքացիների մուտքը Վրաստան, այն էլ առաւելագոյնը երեք ամսով, սակայն դրան պէտք է հետեւի կրկին կացութեան վկայականի ստացումը, որտեղ էլ կրկին երեւում են Վրաստանի անվտանգութեան մարմինների գայլի ականջները եւ քաղաքացիները կրկին բախւում են մերժման պատին: Լայն իմաստով այդ վիզան աւելորդ գլխացաւանք է, եթէ քաղաքացին չի ստանալու կացութեան իրաւունք: Աւելին, եթէ Վրաստանը վիզայի միջոցով թոյլատրելու է այդ քաղաքացիների մուտքը երկիր եւ դրա հենքի վրայ տալու է կացութեան իրաւունք, ապա ինչո՞ւ է ամիսներ շարունակ, երբ վերջիններս դեռ Վրաստանում գտնուելու իրաւունք ունէին, մերժել այդ մարդկանց տալու կացութեան իրաւունքի վկայականներ: Ահա հարցերի մի շարան, որտեղ բացակայում է տարրական տրամաբանութիւնը:
Մեծարգոյ պարոն վարչապետ,
Գ. Սահակեանի այցի ընթացքում Վրաստանի քաղաքացիութիւն չունեցող ջաւախահայերին կացութեան իրաւունքի տրամադրման չկարգաւորուած հարցը գնալով խորացաւ, հասաւ այնտեղ, որ արդէն մարդիկ զանգուածօրէն լքելու են իրենց հարազատ ընտանիքները: Եթէ ձեր առաջիկայ այցի ընթացքում եւս չկարգաւորուի այն, եւ այդ մարդիկ չստանան կացութեան իրաւունքի վկայականներ, ապա յետագան անկանխատեսելի կը դառնայ բոլորիս, այդ թւում ՀՀ պետութեան համար: Այս վիճակը ուղղակիօրէն հարուածում է բոլորի ընտանիքներին, եւ արդէն մարդիկ գիւղերով մեկնում են Ջաւախքի շրջկենտրոններ՝ ի նշան բողոքի:
Աւելորդ չենք համարում նշելու, որ Ջաւախքի հայութեան առաջացրած վակուումը (դատարկութիւնը-Խմբ.) արագօրէն լցուելու է թուրք-ադրբեջանցիներով, որի հետեւանքները բոլորիս համար պարզ են:

æԱՒԱԽՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ
ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐ-


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles