ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Թռիչքը համարեա լուսաբացին էր: Գիշերը աչք չէի փակել, ընկերներով բարի երթի սեղանի էինք նստել: Յոգնած էի: Եթե ոչ առաջինը, գոնէ առաջիններից էի, մօտեցայ հաշուառման սեղանին: Ժպտադէմ, բարեհամբոյր հայուհի էր, խնդրեցի օդանաւում յարմար տեղ տայ, ոչ լուսամուտի մօտ, այլ՝ միջանցքի: «Հարց չկայ», ասաց նա ու մինչ փաստաթղթերիս անցնելը ճամպրուկնեը դրեցի կշեռքին:
Երկու կիլոգրամ մէկի, իսկ միւսի վրայ երեք կիլոգրամ գերքաշ ունես, ժպտալով ասաց նա ու հարցական հայեացքը չհեռացրեց ինձանից:
«Երանի երկիրը դադարի պտտուելուց»,- մտածեցի ես ու ասացի.
_ Գիտէք ի՞նչ, գրքեր են, իմ հեղինակած գրքերը, ձեռքիս պայուսակի մէջ կայ, հիմա կնուիրեմ ձեզ, կարե՞լի է:
_ Սիրով, բայց որ տեսնեն կմտածեն կաշառ է, երբ իմ մօտից կհեռանաք, նորից վերադարձէք ու դրէք այ այստեղ:
Հաշուառման գործօնը աւարտուեց: Հարցրեցի անունն ու հեռացայ:
Հինգ-տաս րոպէից մակագրուած գիրքը դրեցի նշուած սեղանին, բաւարարուեցի պաշտօնավարուհու շնորհակալական հայացքից ու հեռացայ:
Ինքնաթիռում արդէն տեղ էի գրաւել իմ նստարանին, երբ մի պարմանուհի կանգնեց մօտս ու առանց խօսելու ցուցամատով ցոյց տուեց կողքիս նստարանը:
Վեր կացայ, օգնեցի ճամպրուկը տեղաւորեց առաստաղին կախուած պահարանում ու նստեցինք:
Աւելի շատ զրուցակցի էի սպասում քան «երեխայի»: Ինքնաթիռը դեռ չէր շարժուել, ես պապիկավարի, շատ բարեհամբոյր հարցրի.
_ Հա՞յ ես:
_ Ըհը,_ գլխով դրական պատասխան տուեց աղջնակն ու ժպտաց:
Այսքանով բաւարարուեցի:
Թռիչքի ընթացքում նկատեցի, որ աղջնակը անընդհատ ապարանջանին փոխարինող ձեռքին կապած գործուած եռագոյնի հետ է խաղում ու երբեմն էլ հոտոտոմ է:
_ Սիրուն է, դո՞ւ ես գործել:
_ Չէ, նուէր է:
_ Հայրենիքի հո՞տն ես առնում:
_ Չէ:
Մատուցողուհին մօտեցել էր, աղջնակին հարցրի ի՞նչ կցանկանաս, հրաժարուեց բոլոր տեսակի հիւթերից ու նորից անցաւ եռագոյն թեւնոցին ու սկսեց երկու մատով շօշափել: «Երեւի Հայաստանը լքելու ներքին խռովք է ապրում, էս ի՞նչ տեսակի հայրենասիրութիւն է, այս տարիքի աղջնակ ու այսպիսի սէր, այն էլ…»:
Նարինջի հիւթ էի վերցրել, մի կում արի ու մտածեցի այնպէս անել, որ աղջնակը իրեն միայնակ չզգայ: Համարձակութեանս նոր շունչ տուի, այն մտավախութեամբ, որ չլինի թէ շատախօսութիւն լինի ու նրան ձանձրացնեմ:
_ Մոսկուա էք գնում:
_ Չէ, Ամերիկա:
_ Ամերիկա՞, մենա՞կ:
_ Այո:
_ Ես էլ,_ վախեցայ ասել «ուրախ եմ», մտածելով, որ խեղճ աղջիկը կմտածի դեռ տասնեկու-տասնչորս ժամ էս զառամեալ ծերուկը պիտի գլուխս հարթուկի:
Լռեցի: Մեր շարքում, լուսամուտի մօտ նստած իմ հասակակից տղամարդը օդ բարձրանալուն պէս աչքերը փակել էր, ըստ երեւոյթին հաղորդակից չէր մեր խօսակցութեանը: Թէ քունս ինչու էր փախել, չէի հասկանում, ամբողջ ուշադրութիւնս եռագոյնը թեւին հագցրած ու նրա հոտից չյագեցող կողքիս նստած աղջնակն էր: Յարմար առիթի էի սպասում, որպիսի զրոյցս շարունակեմ: Ուտեստներով բեռնուած կառքը մօտենում էր մեզ, մէկ աղջնակին, մէկ մատուցողուհուն նայելով հարցրեցի.
_ Ի՞նչ կուտես:
_ Ոչինչ, շնորհակալ եմ, սոված չեմ:
_ Մոսկուայի օդանաւակայանում ոչինչ չեն տալիս, ճաշարաններն էլ կրակի գին են, սոված կմնաս:
_ Չէ, լաւ է, շնորհակալութիւն:
_ Անունդ ի՞նչ է:
_ Մարթա:
_ Իմ անունը Խորէն է, միայն չասես՝ ծած Խորէն, չեմ սիրում:
_ Դուք Երեւանի՞ց էք:
_ Ոչ, Ամերիկայից, իսկ դո՞ւք:
_ Ես էլ:
_ Բայց բնիկ Հայաստանցի ես, չէ՞:
_ Հա, ինը տարի է Ամերիկայում ենք՝ Գլենդելում:
_ Ես էլ եմ Գլենդելից, իսկ Հայաստանում ի՞նչ էիր անում, երեւի ամառային արձակուրդներիդ, եկել էիր հանգստանալու:
_ Չէ, սովորում եմ, Երեւանում եմ սովորում, տատիկիս մօտ եմ մնում, պապաս, մամաս ու եղբայրս Գլենդելում են, ինձ ուղարկել են դպրոցս Երեւանում աւարտեմ, երկու տարի է այստեղ եմ:
_ Ո՞ր դասարանում ես:
_ Տասերորդ, դեռ երկու տարի էլ ունեմ:
_ Չե՞ս կարօտում:
_ Կարօտում եմ:
_ Լաւ, ասա, ի՞նչ կուտես, մի բան կեր, թե չէ:
_ Չէ, չեմ ուզում:
Ես վերցրեցի նախաճաշս ու զբաղուեցի ուտելով:
_ Գոնէ թէյ, կամ հի՞ւթ,- ասացի ես ու մտածեցի երեխային վատ վիճակի մեջ եմ դնում: Նորից հրաժարվուեց ու սկսեց դաստակի կապած եռագոյնի հետ խաղալ:
Աւելի քան տաս րոպէ լուռ էինք, բայց զգում էի, որ աղջնակը իմ — քնած ծերուկի արանքում իրեն այնքան էլ լաւ չի զգում: Առաջարկեցի մեր տեղը փոխել, չուզեց, «լաւ է, հանգիստ եմ» ասաց նա ու հարցրեց.
_Դուք աղջիկ ունէ՞ք:
_ Այո, մեծ են, մէկը ամուսնացած է, միւսն էլ երեւի երկու քո տարիքն ունի:
_ Հոտ քաշիր, լաւ հոտ է,_ ձեռքը մեկնեց ինձ:
Եռագոյնը բուրում էր, հրաշալի օծանելիքի հոտ էր:
_ Լաւն է, չէ՞_
_ Շա՜տ,_ ժպտացի ես, նա էլ հոտ քաշեց ու հոգոց հանեց:
_ Տխո՞ւր ես:
_ Հա՛:
_ Ինչո՞ւ, ընտանիքիդ մօտ ես գնում, պէտք է ուրախ լինես:
_ Գիտեմ, համ ուզում եմ, համ չեմ ուզում:
_ Իսկ ինչո՞ւ չես ուզում, երեւի տատիկիդ ես կարօտելու, հա՞:
_ Չէ:
_ Ուրեմն, որեւէ մէկին,- մի պահ լռեցի ու շարունակեցի,_ սիրուն տղայ է, հա՞:
_ Շա՜տ,_ ժպտաց աղջնակն ու աչքերը փայլեցին:
_ Այ դու չարաճիճի:
_ Էս իր դուխիի հոտն ա, լաւն ա, չէ՞:
_ Շա՜տ:
_ Ինչքան ժամանակ է ծանօթ էք, ձեր դասարանի՞ց է:
_ Չէ, նոր ա բանակից եկել, մի քանի ամիս ա, ամէն օր հանդիպում ենք, վախենում ա, չվերադառնամ:
_ Տատիկդ գիտի՞:
_ Հա, իմացաւ, հեռախօսս վերցրեց, դասերից յետոյ չէր թողում տանից դուրս գամ:
_ Բայց հանդիպում էիք, չէ՞:
_ Հա, բա ոնց,_ սկսեց բարձր ծիծաղել ու նորից եռագոյնը մօտեցրեց քթին:
_ Ասում ես լաւ տղայ է, հա՞:
_ Շա՜տ:
_ Շա՞տ ես սիրում:
_ Հա, շա՜տ:
_ Երանի քեզ, երանի նա՝ այդ տղային: Երեւի նա էլ է քեզ շա՜տ սիրում:
_ Հա՛, մեղքս գալիս ա, վախենում եմ չթողնեն վերադառնամ:
_ Բայց ինչո՞ւ ես վախենում:
_ Ինքն էլ ա վախենում, ասում ա, որ մինչ— բանակ գնալը մի աղջկայ ա սիրել, վերադարձել ա, տեսել ա, որ նա ամուսնացել ա, հիմա էլ վախենում ա:
_ Բայց դու փոքր ես, սովորում ես, դպրոցը դեռ չես աւարտել:
_ Ախր, պապաս որ իմանայ, շատ վատ կլինի, ինձ ուղարկել են Հայաստան որ չփչանամ, դաս սովորեմ, ասում են Ամերիկայի դպրոցներում այլանդակութիւնը շատ է: Հիմա որ իմանայ ես ընկեր ունեմ շատ վատ կլինի:
_ Ի՞նչ է, ով սիրում է, վա՞տն է: Մայրդ գիտի՞:
_ Հա, տատին ասել ա, դրա համար էլ տոմս են առել ու կանչել են, վախենում եմ պապան իմանայ ու…
_ Ինչո՞ւ ես վախենում, դեռ ժամանակ շատ ունես, կմեծանաս, տասնութդ կը լրանայ, էն ժամանակ էլ կորոշես:
_ Խորէն ծեածա, նա չի համբերի, էնքան լաւն ա, բա որ նրան մի բան լինի… ասում էր ես չեմ դիմանայ, բա որ մի բան լինի…
_ Ասացի չէ՞, որ ինձ ծեածա չասես, ասա՝ հօբար:
_ Հօբար, քա՞նի տարեկան ես:
_ Վաթսունչորս:
_ Իմ պապան քառասունհինգ տարեկան ա, բայց էսպիսի բաների մասին չեմ կարող հետը խօսել:
_ Դու էլ մամայիդ հետ խօսիր, իմ աղջիկներն էլ քո տարիքին էսպիսի բաների մասին իմ՝ ինձ հետ չէին խօսում, մամայի հետ էին կիսւում, բայց ես ամէն ինչ գիտէի:
_ Բա չէիր ջղայնանում:
_ Չէ:
_ Երանի իմ պապան էլ քեզ նման լինէր, ինքը շատ խիստ ա: Բայց իմ մաման պապայիս չի՞ ասի:
_ Հա, թող ասի, ի՞նչ կայ որ:
_ Վախենում եմ, չի թողնի ետ գնամ:
_ Բայց ձերօնք պիտի իմանան: Վստահ եղիր, որ ծնողներդ քեզ շատ են սիրում, դրա համար էլ ուղարկել են Հայաստան, որ ապահով լինես:
_ Խորէն հօբար, բայց ինքը շատ մեղք ա, շատ լաւն ա, երէկ քիչ մնաց լաց լինի, եթէ տղայ չլիներ անպայման լաց կլինէր:
_ Դու լաց եղա՞ր:
_ Այո,_ ասաց նա ու երկու ձեռքերով ծածկեց դէմքը,_ ես չեմ ուզի մնալ Ամերիկայում, նա շատ մեղք ա. ինքը շատ լաւն ա, հայրը նոր ա մահացել, մաման էլ հիւանդ ա, ասում էր առանց ինձ չի դիմանայ:
_ Գիտե՞ս, ես էլ որ քո տարիքին էի, տարին մի քանի անգամ սիրահարւում էի: Ամէն մարդ էլ էդպէս ա, ամէն ինչ լաւ կլինի…
_ Տարին մի քանի անգա՞մ:
_ Հա… էդպէս է:
_ Չէ, էդպէս չի:
_ Կը մեծանաս, ինձ կը յիշես, էդպէս է:
_ Լաւ էլի Խորէն հօբար, էդպես չի: Դու ճիշդ չես ասում, ո՞նց կլինի…
_ Ասացի, կը մեծանաս ինձ կը յիշես:
_ Չեմ յիշի, նայիր, հոտ քաշիր, տես ինչ անուշ հոտ ա,_ նորից թեւնոցը մօտեցրեց քթիս ու աւելացրեց,_ լաւն ա չէ՞:
_ Շատ,_ ասացի ես ու ծիծաղեցի:
_ Խորէն հօբար, ինչի՞ ես ծիծաղում:
_ Չեմ ծիծաղում, ուրախանում եմ, ախր շատ միամիտ ու պարզ աղջիկ ես:
_ Էդ լաւ ա, թէ՞ վատ:
_ Լաւ է, շատ լաւ է, էնքան ուրախ եմ, որ քեզ հետ եմ ճամբորդում, յիշեցի իմ մանկութիւնը, պատանեկութիւնը, այն տարիները, որ շուտ-շուտ սիրահարւում էինք… դու շատ լաւ աղջիկ ես, ընկերոջդ անունը ի՞նչ է:
_ Ռազմիկ, ինքը շատ լաւն ա, մեղքս գալիս ա, առանց ինձ չի դիմանայ, ինքն էր ասում: Ամօ՞թ ա. Խորէն հօբար:
_ Չէ, ինչի է ամօթ:
_ Որ ես էսպիսի բաներ եմ ասում:
_ Չէ, շատ էլ լաւ բաներ ես ասում, դու մաքուր, պարզ ու ազնիւ, հրաշալի աղջիկ ես, գիտե՞ս ինչ, համ էլ շատ սիրուն ես, տղաները գժվում են քո նման աղջիկների համար._ հանգստացրի նրան ու կիսով չափ գրկեցի: Նա թեքուեց դէպի ինձ:
_ Խորէն հօբար, մինչ— հիմա, ոչ մէկը ինձ հետ էսպէս չի խօսել, դու շատ լաւն ես, ինձ հասկանում ես, երանի իմ պապան էլ քեզ նման լինէր, նրանից շատ եմ վախենում, շա՜տ, որ իմանայ…
_ Բայց նա պիտի իմանայ, կիմանայ ու կտեսնես, որ ոչինչ էլ չի պատահի:
Մոսկուա օդակայանի սպասասրահում խաչբառ էի լուծում աղջնակը թրվռալով մօտեցաւ.
_ Խորէն հօբար, կգա՞ս:
_ Հա, ի՞նչ է եղել:
_ Հեչ, ուզում եմ մի բան ցոյց տալ, արի, խնդրում եմ արի:
Հայ ուղեւորներից քիչ հեռու կանգնեց ու բջջային հեռախօսի մէջ մի նկար ցոյց տուեց: Ժպտացի, հոգու հետ խաղալու համար հարցրի:
_ Շատ սիրուն տղայ է, եղբա՞յրդ է:
_ Չէ, ինքն ա, Ռազը, լաւն ա, չէ՞:
_ Շա՜տ, բա ասում էիր տատդ հեռախօսը վերցրել ա:
_ Վերցրել էր, օդակայանում տուեց:
Վեց ամիս էր անցել, Գլենդելի Ամերիկանա առեւտրական կենտրոնում ճեմում էի, տեսայ ինչ որ աղջիկ դէպի ինձ է վազում, մօտեցաւ, նայեց աչքերիս ու գրկեց.
_ Բարեւ Խորէն հօբար, ո՞նց ես, ես եմ, չե՞ս յիշում:
_ Վայ, սիրունիկ, ո՞նց ես, դեռ էստե՞ղ ես, չե՞ս գնացել:
_ Ընկերուհիներիս հետ եմ, մի րոպէ սպասիր, հիմա կը գամ:
Հեռացաւ, ընկերուհիներին ինչ-որ բան ասաց ու նորից վազքով մօտեցաւ:
_ Լա՞ւ ես, Խորէն ծեածա:
_ Ի՞նչ:
_ Վայ, մոռացայ, հօբար:
_ Լաւ, գնանք էն նստարանին նստենք, մի քիչ կզրուցենք, յետոյ:
_ Գնանք:
Նստեցինք: Կարճ զրոյցից յետոյ սկսեց արտասուել ու պատմեց հետեւեալը.
«Մամաս արդէն գիտէր, տատս հեռախօսով ամէն ինչ պատմել էր, շատ էր փորձում ինձ համոզի, որ մոռանամ, ես էլ շատ էի լաց լինում, տանից դուրս չէի գալիս, երբեմն ընկերուհիներիս հեռախօսով Ռազմիկի հետ խօսում էի, մամաս իմացաւ, վախեցրեց, ասաց պապային կ՛ասի, բայց կարծում եմ պապան գիտէր: Տանը Հայաստանի մասին միշտ վատ բաներ էին խօսում, ասում էին, որ Հայաստանը էն Հայաստանը չի ինչ մենք թողել ենք, ամէն ինչ փոխուել ա, օրէնք չկայ, մարդկութիւն չի մնացել, բարոյականութիւն չկայ, ասում էին նայէք հայկական սերիալները, տեսէք ինչ է կատարւում, անբարոյականութիւն, բռնաբարութիւն, գողութիւն, մարդասպանութիւն, դրագ: Աշխարհում ինչքան վատ բան կայ ասում ու ջահելներին էին օրինակ բերում, հայրս ուզում էր ինձ հասկացնել, որ վերադարձ չկայ: Ես լսում ու երբեմն մտնում էի ննջասենեակ լաց էի լինում: Մամաս ու հայրիկս ազատ ժամերին միայն հայկական սերիալներ են նայում, ցերեկը ձայնագրում ու ամբողջ գիշեր դրանցով են զբաղուած, Հայաստանը սերիալներով են ճանաչում ու ատում են ղեկավարներին: Չգիտեմ որտեղից, բոլոր ղեկավարներին ճանաչում են, գիտեն ով ինչքան փող ունի, քանի մեքենայ, քանի տուն, ով ում ա սպաննել… Էդպես մնացի ու չհամարձակուեցի վերադարձի տոմսի մասին խօսել, մի անգամ մամայիս ասացի, նա էնպես վախեցրեց՝ «չլինի թէ պապայիդ մօտ էդպիսի բան ասես»: Հիմա դպրոց եմ գնում: Բայց Խորէն հօբար, իսկապէս, Հայաստանը էնքան վատն ա, որ աղջիկները բոլորն էլ փչանում են… ի՞նչ անեմ, Խորէն ծեածա, Ռազմիկը շատ մեղք ա: