ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Եւ այսպէս, Հոկտեմբերի 27ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայացած հանդիպումը, որն իր վրայ է բեւեռել հասարակական եւ փորձագիտական շրջանակների սեւեռուն ուշադրութիւնը, անցաւ պատմութեան գիրկը: Այն Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի վերջին երեք ամիսների հանդիպումներից երրորդն էր, ինչը հաստատում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան լուծմամբ զբաղուող միջազգային միջնորդների՝ ներկայումս դիտուող ակտիւութիւնը:
Այնպիսի տպաւորութիւն է, կարծես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների միջեւ ծաւալուել է իւրատեսակ մրցակցութիւն՝ կարգաւորման գործընթացում դիւանագիտական նախաձեռնութեան համար: Օգոստոսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջնորդութեամբ հանդիպեցին Սոչիում, իսկ արդէն Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար æոն Քերրիի միջնորդութեամբ՝ Ուելսում: Եւ այժմ ահա, Ֆրանսիայի նախագահի առաջարկով Փարիզում կայացած երկխօսութիւնից յետոյ «համալրուեց» Մինսկի խմբի համանախագահ-երկրների կազմակերպած հանդիպումների շարքը: Կարելի է ասել, ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը սկսել են որոշակի քայլեր ձեռնարկել լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ: Կը ցանկանայինք հաւատալ՝ ոչ իրենց աշխարհաքաղաքական շահերի համատեքստում, այլ հէնց հին հիմնախնդրի վերջնական լուծման նպատակով՝ միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների հիման վրայ եւ աշխարհաձեւաւորման զարգացման ժամանակակից միտումների հաշուառումով:
Փարիզեան հանդիպումը, ինչպէս եւ սպասւում էր, բեկումնային չդարձաւ: Ըստ էութեան, այն չէր էլ կարող այդպիսին դառնալ կողմերի՝ տրամագծօրէն հակառակ դիրքորոշումների պատճառով: Այդուհանդերձ, դատելով ինչպէս Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտօնատար անձանց, այնպէս էլ ԵԱՀԿ միջնորդների մեկնաբանութիւններից, հանդիպումը յաջողուեց: Մասնաւորապէս, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանն այն անուանեց կառուցողական, օգտակար եւ անկեղծ: Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ æէյմս Ուորլիքը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը գնահատեց որպէս դրական քայլ: Եւ դրա հետ դժուար է չհամաձայնել, քանի որ բարձր մակարդակով երկխօսութիւնը, այն էլ ժամանակակից աշխարհում առանցքային դեր խաղացող միջնորդ-երկրների հովանու ներքոյ, նպաստում է հակամարտութեան գօտում լարուածութեան թուլացմանը եւ իրավիճակի կայունացմանը, ինչը կարելի է միայն ողջունել: Առաւել եւս, որ նշուած բոլոր հանդիպումները կայացել են անցած ամռանը տեղի ունեցած զինուած միջադէպերով շփման գծում յարուցուած իրավիճակի կտրուկ սրման համապատկերին, որի պատասխանատուութիւնն ամբողջապէս կրում է Ադրբեջանը:
Այդ տեսակէտից ուշադրութեան է արժանի այն փաստը, որ Փարիզում կողմերը նշեցին երկխօսութեան շարունակման եւ խաղաղ բանակցութիւններում առաջընթացի համար վստահութեան ամրապնդմանն ուղղուած ջանքերի կարեւորութիւնը: Էդուարդ Նալբանդեանի խօսքով՝ հանդիպման ընթացքում քննարկուել են ղարաբաղեան հակամարտութեան լուծմանը, ինչպէս նաեւ վստահութեան ամրապնդման միջոցներին առնչուող բազմաթիւ հարցեր, որոնք Ֆրանսուա Հոլանդն առաջարկել է դեռեւս Մայիսին՝ տարածաշրջանային իր այցի ժամանակ, եւ որոնց հաւանութիւն են տուել նաեւ համանախագահները: Ընդգծուել է խաղաղ կարգաւորման երկընտրանքի բացակայութիւնը: Բացի այդ, ձեռք է բերուել համաձայնութիւն՝ կողմերի միջեւ բարձր մակարդակով հանդիպումները շարունակելու, ինչպէս նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հովանու ներքոյ՝ հակամարտութեան արդիւնքում անյայտ կորածների մասին տեղեկութեան փոխանակման վերաբերեալ: Բայց եւ այնպէս, ստիպուած ենք հանդիպմանը գրանցուած դրական արդիւնքին մօտենալ զգուշաւոր լաւատեսութեամբ, քանի որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հրաժարուել է ձեռք բերուած համաձայնութիւններից եւ շարունակել ագրեսիւ հայատեացութեան իր քաղաքականութիւնը:
Այդուհանդերձ, փարիզեան գագաթնաժողովին ձեռքբերուած արդիւնքները, կրկնենք, կարելի է միայն ողջունել, սոսկ մէկ վերապահումով՝ այդ ամէնը վերաբերում է հումանիտար բնոյթի հարցերին՝ առանց անդրադառնալու բուն հիմնախնդրի լայնամասշտաբ կարգաւորման գործընթացին: Բնականաբար, նշուած խնդիրների լուծումը բանակցութիւնների համար նախադրեալներ եւ բարենպաստ հող է ստեղծում, դրանով հանդերձ, բարձրաստիճան գագաթնաժողովները չեն կարող փոխարինել զուտ բանակցութիւններին: Այդ առումով ուշագրաւ է Ֆրանսիայի նախագահի՝ փարիզեան եռակողմ հանդիպմանը հնչեցրած առաջարկութիւնը: Ընդգծելով ստատուս-քուոյի պահպանման անընդունելիութիւնը՝ Ֆրանսուա Հոլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին առաջխաղացման հասնելու համար կոչ արեց սկսելու համապարփակ խաղաղ համաձայնութեան մշակումը եւ իրենց բնակչութեանը պատրաստել խաղաղութեան:
Դառնանք ստատուս-քուոյին: Հարկ է նկատել, որ այն փոխելու անհրաժեշտութեան մասին կարծիքներ տարբեր մակարդակներով հնչել են Ֆրանսիայի նախագահից առաջ էլ: Հասկանալի է, որ եթէ կարգաւորման գործընթաց է ընթանում, ապա ստատսուս-քուօն բանակցութիւնների արդիւնքում պէտք է փոփոխութիւն կրի: Հարցն այլ բանում է՝ ի՞նչ է առաջարկւում ներկայ ստատուս-քուոյի փոխարէն: Չէ՞ որ ներկայ պահին հակամարտութեան կողմերն ունեն կարգաւորման հեռանկարների բոլորովին տարբեր տեսլականներ: Եթէ գոյութիւն ունեցող ստատուս-քուոյի փոփոխութիւնը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փաստացի անկախութեան միջազգային իրաւական ճանաչում, ապա հակամարտութեան հայկական երկու կողմերը դա կարող են միայն ողջունել: Բայց, ինչպէս յայտնի է, Ադրբեջանը ստատուս-քուոյի փոփոխութեան տակ նկատի ունի միայն ու միայն իր իրաւասութեան տարածումը Լեռնային Ղարաբաղի վրայ եւ ադրբեջանցի փախստականների միակողմանի վերադարձը:
Ակնյայտ է, որ հակամարտութեան կարգաւորումը պաշտօնական Բաքուի պայմաններով բոլորովին անընդունելի է, քանզի յղի է նոր պատերազմով, ինչը, կը ցանկանայինք կարծել, գիտակցում են եւ իրենք՝ միջնորդները: Ինչպէս եւ գիտակցում են հէնց Լեռնային Ղարաբաղի՝ որպէս հակամարտութեան հիմնական եւ առաւել տուժած կողմի պարտադիր մասնակցութեան հրամայականը, ինչի մասին պաշտօնական Ստեփանակերտը բանակցութիւնների գործընթացում բազմիցս է յայտարարել: Հրատապ այդ հարցը մնում է ԼՂՀ իշխանութիւնների քաղաքական օրակարգում: Յուսանք, որ իրական բանակցութիւնների մեկնարկով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջապէս գործնականում կ՛իրականացնեն իրենց կողմից բազմիցս արուած յայտարարութիւններն առ այն, որ ղարաբաղեան կողմը որոշակի փուլում անպայման կը միանայ նրանց: Հակառակ դէպքում՝ մեծ է հաւանականութիւնը, որ այսպէս կոչուած համապարփակ խաղաղ համաձայնութիւնը, որի մշակման անհրաժեշտութեան մասին փարիզեան հանդիպմանը խօսեց Ֆրանսիայի նախագահը, այդպէս էլ կը մնայ թղթի վրայ:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ» պետական պաշտօնաթերթին գլխաւոր խմբագիրն է