ԱՐՏԵՈՄ ԲԱԼԱՍԱՆՈՎ
1992թ.ի Նոյեմբերի 5ին Հայաստանում ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրայ ստեղծուեցին Պաշտպանութեան բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները: Բոլոր ժամանակաշրջաններում եւ աշխարհի տարբեր երկրներում ազգութեամբ հայ հետախոյզները իրենց անունները փառքով են պսակել՝ համարուելով մասնագիտութեան մէջ իսկական պրոֆեսիոնալներ:
Թեհրան-43. Փրկել Ռուզվելտին, Չերչիլին Եւ Ստալինին
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ամենավճռական պահին ԽՍՀՄի առաջնորդ Եոսիֆ Ստալինի նախաձեռնութեամբ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հաւաքւում են հակահիտլերեան կոալիցիայի առաջնորդները՝ Եոսիֆ Ստալինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը եւ ԱՄՆի նախագահ Ֆրանկլին Ռուզ-վելտը:
Թեհրանում 1943թ.ին մեծ եռեակի հանդիպման անվտանգութիւնը ապահովելու եւ նախատեսուող մահափորձը խափանելու գործում հիմնական դերակատարում է ունեցել հետախուզութեան լեգենդներից մէկը համարուող հայազգի Գէորգ Վարդանեանը՝ Ամիր օպերատիւ կեղծանուամբ:
Վարդանեանը եւ նրա խումբը կարողանում են բացայայտել գերմանական լրտեսական ցանցը եւ խափանել երեք առաջնորդների դէմ կազմակերպուած մահափորձը: Գէորգ Վարդանեանը ծնուել է 1924թ.ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում եւ 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխուել Իրան:
Երիտասարդ Գէորգն իր ճակատագիրը կապեց խորհրդային հետախուզական ծառայութիւնների հետ ընդամէնը 16 տարեկան հասակում՝ 1940թ.ին, երբ կատարելով հետախուզութեան յանձնարարութիւնը սկսեց յայտնաբերել Թեհրանում ֆաշիստական լրտեսներին եւ գերմանական հետախուզական ծառայութեան գործակալներին:
Վարդանեանը նաեւ երկարատեւ անլեգալ հետախոյզի աշխատանք է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ Ամիրին հետեւում էր նրա կինը՝ Գոհար Վարդանեանը, ով նոյնպէս հետախուզութեան աշխատակից էր:
Վարդանեան ամուսնական զոյգի հետախուզական գործունէութիւնը տեւել է 30 տարի: Զոյգի գործունէութեան հիմնական մասը շարունակում է մնալ գերգաղտնի եւ հրապարակման ոչ ենթակայ:
Գէորգ Վարդանեանը շարունակել է ծառայել արտաքին հետախուզութեան համակարգում մինչեւ 1992թ.ը: Նրան շնորհուել է ԽՍՀՄ հերոսի կոչում, բացի այդ, Վարդանեանը պարգեւատրուել է բազմաթիւ շքանշաններով եւ պատուոգրերով:
2009թ.ի Փետրուարի 14ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով պետական անվտանգութեան մարմինների վաստակաշատ սպայ, Խորհրդային Միութեան հերոս Գէորգ Անդրէյի Վարդանեանը պարգեւատրել է Պատուոյ շքանշանով:
Արտաքին հետախուզութեան գնդապետ Վարդանեանը հեռացաւ կեանքից 2002թ.ի Յունուարի 10ին:
Հայերը Խորհրդային Ատոմային Ռումբի Ստեղծման Ակունքներում
Երկրորդ աշխարհամարտի ամենաթէժ պահին՝ 1943թ.ին, ԱՄՆ կառավարութիւնը որոշում կայացրեց սկսել ատոմային զէնքի ստեղծման աշխատանքները, որոնք կրում էին խիստ գաղտնի բնոյթ, եւ ատոմային ռումբի ստեղծման գործողութեանը ամերիկացիները տուեցին Մանհետենեան նախագիծ անուանումը:
Խորհրդային արտաքին հետախուզութիւնը տեղեկանալով ամերիկացիների ատոմային զէնքի ստեղծման աշխատանքների մասին, տեղեկատուութիւնը յայտնում է Եոսիֆ Ստալինին, ով 1943թ.ի Փետրուարին որոշում է կայացնում ստեղծել Թիւ 2 լաբորատորիան, որի ղեկավար է նշանակւում ակադեմիկոս Իգոր Կուրչատովը:
Գաղտնի լաբորատորիան պէտք է զբաղուէր խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներով:
Ամերիկացիներից ատոմային ռումբի մասին գերգաղտնի տեղեկութիւններ ստանալու եւ խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները արագացնելու համար հետախուզութիւնը ծրագրում եւ իրականացնում է «Էնորմոզ» գաղտնի գործողութիւնը, որը նպատակ ունէր գործակալներ ներդնել ամերիկեան գիտահետազօտական եւ արդիւնաբերական կենտրոններում՝ Մանհետենեան նախագծի մասին տեղեկութիւնները Մոսկուա ուղարկելու համար:
Տուեալ գործողութեանը մասնակցել է մի քանի հետախոյզ, որոնց թւում հետախուզութեան պետ Պ. Ֆիտինը, նրա տեղակալ Հայկ Յովակիմեանը եւ եւս մի քանի գործակալ՝ ռեզիդենտ:
Խորհրդային ատոմային ռումբի ստեղծման ակունքներում կանգնած հանրայայտ հետախոյզ Հայկ Յովակիմեանը ծնուել է 1898թ.ի Օգոստոսի 11ին, æաղրի գիւղում:
Յովակիմեանը ուսում է ստացել Մոսկուայի Ն. Բաումանի անուան համալսարանում, այնուհետեւ թեկնածուական թէզ է պաշտպանել Մոսկուայի քիմիկօ-տեխնոլոգիական համալասարանում:
Վերջինս գերազանցութեամբ տիրապետում էր անգլերէնի եւ գերմաներէնի:
«Էնորմոզ» օպերացիայի համահեղինակ Հայկ Յովակիմեանը գաղտնի տեղեկութիւններ ստանալով ամերիկեան գիտահետազօտական կենտրոններից, դրանք ուղարկում էր Մոսկուա, ինչը թոյլ տուեց ԽՍՀՄին կարճ ժամանակահատուածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը:
Իր հետախուզական ծառայութեան 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31,000 գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանութեան մասին, 1055 յատուկ կարեւորութեան մեքենաների եւ սարքաւորումների գծագրեր, 163 օբյեկտների յատակագծեր եւ այլն:
Հանրայայտ հետախոյզը 1941-1947թթ. զբաղեցնում էր ԽՍՀՄի Ազգային անվտանգութեան գլխաւոր պաշտօնները՝ աշխատելով որպէս արտաքին հետախուզութեան պետի տեղակալ: Հ. Յովակիմեանը կեանքից հեռացաւ 1967թ.ին՝ հողին է յանձնուել Մոսկուայի հայկական գերեզմանատանը:
ԽՍՀՄի Արտաքին Հետախուզութեան Լեգենդ Յովհաննէս Աղայեանց
Հետախուզութեան հանճարների եռեակը եզրափակում է անվտանգութեան եւ հետախուզութեան ծառայութիւններում բարձր պաշտօններ զբաղեցրած Յովհաննէս Աղայեանցը:
Իւան (Յովհաննէս) Աղայեանցը ծնուել է 1911թ.ի Օգոստոսի 28ին Գանձակում (Կիրովաբադ), ուսուցչի ընտանիքում:
Արդէն չափահաս, Աղայեանցը ազատ հաղորդակցւում էր ֆրանսերէն, իսպաներէն, պարսկերէն, թուրքերէն, բաւականին լաւ գիտեր նաեւ անգլերէն ու իտալերէն:
Եղբայրների յորդորով Յովհաննէսը 1930թ.ին Մոսկուա մեկնեց ու աշխատանքի անցաւ ՆԳԺԿի տնտեսական վարչութիւնում, իսկ 6 տարի անց տեղափոխուեց արտաքին հետախուզութեան ծառայութիւն, գործուղուեց Ֆրանսիա, որտեղ Խորհրդային հետախուզութիւնում յաջողութեամբ վաղուց աշխատում էր աւագ եղբայրը՝ Վլադիմիր Աղայեանցը:
1940թ.ին աւարտուեց արդէն մէկընդմիշտ Իւան կնքուած Յովհաննէս Աղայեանցի գործուղումը, նա Մոսկուա վերադարձաւ եւ նշանակուեց ԽՍՀՄ ՊԱԿի արտաքին հետախուզութեան բաժիններից մէկի պետ:
1941թ. Օգոստոսին որպէս ռեզիդենտ գործուղւում է Իրան: 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Աղայեանցին եւ նրա աշխատակիցներին յաջողւում է կանխել Օտտօ Սկորցենիի պլանաւորած՝ ԱՄՆի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների դէմ ուղղուած ահաբեկչութիւնը: Պատերազմն աւարտուելուց յետոյ Իւան Աղայեանցը վերադարձաւ Մոսկուա, մի շարք պատասխանատու պաշտօններ վարեց ԽՍՀՄ ՊԱԿում, ԱԳՆում, 1965թ.ին արժանացաւ ԽՍՀՄ ՊԱԿի գեներալ-մայորի կոչման, ներկայացուեց ԽՍՀՄ հերոսի կոչման: 1968թ.ի յանկարծահաս մահը նշանաւոր հայորդու յետագայ բոլոր ծրագրերը կիսատ թողեց:
Panorama