Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ադրբեջանը Պէտք Է Կանգնի Դատարանի Առաջ

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ուկրաինայի իրադարձութիւնները շարունակում են իրենց վրայ սեւեռել համաշխարհային ԶԼՄների ուշադրութիւնը: Այստեղ բռնկուած քաղաքացիական պատերազմը կառավարական զօրքերի եւ երկրի հարաւ-արեւելեան շրջանների ռուս բնակչութեան միջեւ, որոնք հռչակել են երկու՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետութիւններ, ամէն օր տասնեակ մարդկանց կեանք է խլում, ներառեալ՝ խաղաղ քաղաքացիների:
Բնականաբար, ինչպէս եւ ցանկացած զինուած հակամարտութիւն, ներկայ հակամարտութիւնը եւս ուղեկցւում է տեղեկատուական պատերազմով, որտեղ կողմերից իւրաքանչիւրը փորձում է հակառակորդին մեղադրել միջազգային իրաւունքի նորմերը, այդ թւում եւ պատերազմի վարման կանոնները խախտելու մէջ: Հարկ է նկատել, որ Մալոռոսիայի աշխարհազօրայիններին, որոնց պաշտօնական Կիեւն անուանում է ոչ այլ կերպ, քան «անջատողականներ», տեղեկատուական աջակցութիւն է ցուցաբերում ամէնից առաջ Մոսկուան՝ ի դէմս ռուսաստանեան առաջատար հեռուստաալիքների:
Սակայն այժմ կանգ չենք առնի քարոզչական պատերազմի նրբութիւնների վրայ, որը նոյնպէս ունի իր կանոններն ու արգելուած գործելաձեւերը, չենք խօսի այն մասին, թէ ով է մեղաւոր, օրինաչափ է թէ ոչ ռուս բնակչութեան՝ անկախ պետութիւններ հռչակելու որոշումը: Խօսքն այլ բանի մասին է՝ ուկրաինական ներքաղաքական ճգնաժամի կապակցութեամբ ղարաբաղեան զուգորդումների մասին: Չնայած այս երկու իրադարձութիւնների՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան եւ Ուկրաինայի արեւելքում պատերազմի միջեւ ժամանակահատուածն աւելի քան քսան տարի է, չի կարելի որոշակի զուգահեռներ չանցկացնել, չնկատել, այսպէս կոչուած, մետրոպոլիաների վերին իշխանութիւնների կողմից այդ իրադարձութիւնների մեկնաբանումների միջեւ նմանութիւնը: Եւ, որպէս հետեւանք, ըստ էութեան, համանման են նաեւ, իրենց բնութագրմամբ, «ապստամբ շրջանների» ճնշմանն ու «երկրի տարածքային ամբողջականութեան վերականգնմանն» ուղղուած գործողութիւնները: Ինչպէս 90ականների սկզբի Բաքուն, այնպէս էլ 2014թ. սկզբի Կիեւը լսել անգամ չէին ցանկանում, այսպէս կոչուած, «անջատողականների» հետ բանակցութիւնների մասին՝ յոյսը դնելով հիմնախնդրի լուծման բացառապէս ուժային տարբերակի վրայ: Արդիւնքը համանման եղաւ. հակամարտութիւնը շեշտակիօրէն խորանում էր՝ վերածուելով լայնամասշտաբ պատերազմի:
Ադրբեջանա-ղարաբաղեան եւ ուկրաինական հակամարտութիւնների ռազմական փուլի վրայ էլ հէնց կը ցանկանայինք սեւեռել մեր ուշադրութիւնը: Երկու դէպքում էլ մետրոպոլիաների իշխանութիւնները գործնականում դարձեալ նոյնկերպ էին վարւում՝ պատժիչ ռազմագործողութեան ընթացքում օգտագործելով զրահատեխնիկա, ծանր սպառազինութիւն եւ աւիացիա: Թերեւս այն տարբերութեամբ միայն, որ Ադրբեջանը ԼՂՀի դէմ պատերազմում ԽՍՀՄ գորբաչովեան ղեկավարութեան հետ յանցագործ դաւադրութեան մէջ է մտել եւ խորհրդային բանակի զինուած ուժերն օգտագործել քաղաքացիական խաղաղ բնակչութեան դէմ: Այդ հրէշաւոր ռազմական քայլը պատմութեան մէջ է մտել բաւական խորհրդանշական եւ չարագուշակ «Կոլցօ» ռազմագործողութիւն անուանմամբ, որի ընթացքում սպանուել են հարիւրաւոր խաղաղ բնակիչներ, հազարաւոր մարդիկ նետուել են ադրբեջանական տանջարաններ, հայաթափուել են տասնեակ գիւղեր: Յաջորդ տարբերութիւնը ադրբեջանցիների առանձնայատուկ, գազանային դաժանութիւնն է, ովքեր պատերազմի ընթացքում իրենց զբաղեցրած տարածքներում չէին խնայում ոչ մէկին՝ ո՛չ երեխաներին, ո՛չ կանանց, ո՛չ ծերերին: Մարաղայի, Խրամորթի եւ միւս հայկական գիւղերի խաղաղ բնակչութեան վայրագ սպանութիւնները տալիս են բոլոր հիմքերը՝ հաստատելու հայերի հանդէպ Ադրբեջանի իշխանութիւնների պաթոլոգիական ատելութիւնն ու ֆաշիստական էութիւնը:
Առանձին թեմա են հեռահար թնդանօթներից հրետակոծութիւնն ու աւիահարուածները, որոնք ուղղուած էին ոչ միայն ռազմական օբյեկտների, այլեւ քաղաքների ու գիւղերի բնակելի զանգուածի վրայ, ինչպէս նաեւ թէ՛ ուկրաինական եւ թէ՛ ադրբեջանական իշխանութիւնների կողմից «Գրադ» համազարկային ռէակտիւ կայանքների օգտագործումը: Եթէ մի կողմ թողնենք ռուսաստանեան հեռուստալրագրողների հաղորդումների զուտ քարոզչական պահերը եւ ուշադրութիւն դարձնենք նրանց ներկայացրած տեսաշարին, ապա կարելի է հանդիպել ցաւ պատճառելու չափ ծանօթ տեսարանների՝ վախուորած մարդիկ կիսամութ նկուղներում, սպանուածներ ու վիրաւորներ, բնակելի թաղամասերի սարսափելի աւերածութիւններ: Այդուհանդերձ, չի կարելի մի կողմ թողնել այն գնահատականները, որոնք հնչում են ռուսաստանեան կողմի մեկնաբանութիւններում՝ կապուած ուկրաինական բանակի կողմից «Գրադ» ականանետային համակարգի օգտագործման հետ: Իսկ գնահատականներն այդ միանշանակ են՝ խաղաղ բնակչութեան դէմ «Գրադ» կայանքների օգտագործումն արգելուած է միջազգային կոնվենցիաներով, իսկ նշանակում է՝ այն յանցաւոր է: Որպէս ամփոփում՝ առաջարկւում է համապատասխան նիւթեր ներկայացնել Հաագայում ՄԱԿի միջազգային դատարան: Եւ դա արդարացի է, քանի որ ոչ մի քաղաքական նպատակ չի կարող արդարացնել անմեղ խաղաղ քաղաքացիների զանգուածային սպանութիւնները:
Ադրբեջանի դէմ հայցով Հաագայի դատարան դիմելն այսօր էլ՝ զինադադարի հաստատումից 20 տարի անց, չի կորցրել իր արդիականութիւնը: Նրա քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան կողմից հայկական բնակչութեան դէմ յանցանքները չունեն վաղեմութեան ժամկէտ: ԼՂՀ իշխանութիւններն իրենց ձեռքի տակ ունեն բաւարար ապացուցական բազա, որն անհերքելիօրէն վկայում է Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնների մասին: Յայտնի է, որ ԼՂՀի դէմ պատերազմում Ադրբեջանը սկիզբից էլ խաղաղ բնակավայրերի վրայ «Գրադ» կայանքներ էր օգտագործում, առաջին անգամ՝ Շահումեանի շրջանում: Այնուհետեւ, 1992թ. Յունուարից, մինչեւ 30 կմ. հեռաւորութեան նպատակակէտի ոչնչացման հնարաւորութեամբ այս համակարգերը գրեթէ ամէն օր օգտագործւում էին Շուշիից Ստեփանակերտի եւ մօտակայ հայկական գիւղերի կենտրոնացուած հրետակոծութեան համար: Ղարաբաղեան ուժերի կողմից Շուշիի ազատագրումից յետոյ Ադրբեջանի հրամանատարութիւնն ուժգնացրեց բնակավայրերին ուղղուած աւիահարուածները՝ դարձեալ միջազգային իրաւունքով արգելուած գնդիկաւոր եւ ասեղնային, ինչպէս նաեւ կէստոննանոց ռումբերի կիրառմամբ, ինչը յանգեցնում էր բնակչութեան մասշտաբային կորստի:
Պատերազմի աւարտից արդէն քսան տարի է անցել, սակայն ադրբեջանական իշխանութիւնների յանցաւոր էութիւնը չի փոխուել: Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւնը անգամ չի թաքցնում ռազմական գործողութիւնները վերսկսելու իր մտադրութիւնը, եթէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցութիւնները չբաւարարեն Արցախի նկատմամբ իր ունեցած զաւթողական պահանջները: Ադրբեջանը պէտք է կանգնի միջազգային դատարանի առաջ՝ դա է ժամանակի հրամայականը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles