Թարգմանեց՝
ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Անհանգիստ ամառն աւելի անհանգիստ դարձաւ վերջին օրերին արձանագրուած կրակահերթից՝ այս անգամ հայ-ադրբեջանական շփման գծում:
Դժուար է հաւաստի տեղեկատուութիւն գտնել, թէ ինչ է կատարւում հեռաւոր Լեռնային Ղարաբաղի ռազմական գօտում: Սակայն երկու կողմերից ստացուած տեղեկատուութիւնից կարելի է ենթադրել, որ վերջին օրերին առնուազն 30 զինուոր է զոհուել, գուցէ եւ աւել: Հայկական աղբիւրները յայտարարում են 5 հայ եւ 25 ադրբեջանցի զինուորի մահուան մասին: Ադրբեջանցի գնդապետն ասել է, թէ 71 հայ զինուոր է սպանուել, իսկ երկրի պաշտպանութեան նախարարութեան համաձայն՝ ադրբեջանական կողմի զոհերը 13ն են:
Սա թոյլ է տալիս ենթադրել, որ նախորդ մէկ շաբաթում սահմանին աւելի շատ զոհ է եղել, քան ողջ 2013 թուականի ընթացքում:
Ղարաբաղի առաջնագիծը Եւրոպայի ամենառազմականացուած տարածքն է: Այստեղ խաղաղապահներ չկան, եւ հիմնականում անձնական շահն է ծանր զէնքերով ու զինտեխնիկայով ապահովուած՝ ընդհանուր հաշուով մօտ 20 հազարանոց բանակներին հետ պահում պատերազմից:
Վերջին 15 տարիների ընթացքում ամէն տարի շուրջ երկու կամ երեք տասնեակ մարդ է զոհւում սահմանային միջադէպերի հետեւանքով: Մի քանի գործօններ, ինչպիսիք են խաղաղ գործընթացի հանդէպ խորացող ցինիզմն ու Ռուսաստանի կողմից մատակարարուող սպառազինութիւնների շարունակական մրցավազքը, այս տարի իրավիճակը վատթարացրել են:
Հայաստանը ռուսամէտ ուղի է բռնել՝ Եւրասիական միութեանն անդամակցելու ուղղութիւն վերցնելով: Սա գուցէ ամրապնդել է Երեւանի հաւատը, որ հակամարտութեան սրման պարագայում Մոսկուան կը միջամտի եւ օգնութեան կը հասնի Հայաստանին՝ կատարելով ՀԱՊԿի շրջանակում ստանձնած դաշնակցային պարտաւորութիւնները:
Ադրբեջանն աւելի անվստահ եւ ագրեսիւ է երեւում: Իրաւապաշտպանների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հանդէպ լայնածաւալ ճնշումները շարունակւում են: Այս տարուայ Ապրիլին ձերբակալուած Արիֆ եւ Լէյլա Եունուսներին այս շաբաթ աբսուրդի հասնող մեղադրանքներ են առաջադրուել՝ պետական դաւաճանութիւն եւ լրտեսութիւն: Դրանից յետոյ շաքարախտով հիւանդ Լէյլա Եունուսի առողջական վիճակը վատթարացել է բանտում:
Վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում աւելի շատ բախումներ են արձանագրուել, անգամ այն սահմանամերձ տարածքներում, որտեղ իրավիճակը նախկինում համեմատաբար հանգիստ է եղել, օրինակ, Նախիջեւանում: Հրադադարի ռեժիմի խախտման դէպքերից շատերը տեղային բնոյթ ունեն եւ համակարգուած չեն, բայց առաւել լուրջ միջադէպերը, ինչպէս, օրինակ, շփման գծի ամբողջ երկայնքով յարձակումները, չէին կարող կատարուել առանց քաղաքական ղեկավարութեան համաձայնութեան:
Այս յարձակումներն ամենայն հաւանականութեամբ գալիս են Ադրբեջանի կողմից, որը մերժել է դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու ճանապարհով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային նախաձեռնութիւնները: Որպէս հակամարտութեան պարտուած կողմ՝ ադրբեջանցիներն իրենց խնդիրն են համարում փոխել ստատուս-քուօն, լարման մէջ պահել միւս կողմին եւ աշխարհին յիշեցնել հակամարտութեան մասին:
Սակայն հայկական կողմը եւս դէմ չէ ներկայացնելու իր քաղաքական մօտեցումը: Անցեալ շաբաթ հայկական կողմի հրապարակած լուսանկարները, որոնցում պատկերուած էր առգրաւուած ռադիօտեխնիկան, ադրբեջանական դիրքերի վրայ յարձակման վերաբերեալ ենթադրութիւնների տեղիք են տալիս: Ինչպէս նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը, յարձակումը դժուար թէ նախաձեռնուած լինէր իրենց կողմից, քանի որ թէ՛ նախագահը, թէ՛ պաշտպանութեան նախարարը անցեալ շաբաթ երկրում չեն գտնուել:
Այսպիսով, վերջին բռնութիւնները կարող են հայկական կողմի՝ մեծ ռազմական գործողութեան կամ ադրբեջանցիների մի քանի փոքր յարձակումներին յաջորդած հակագործողութիւնների արդիւնք լինել: Ռազմական գործողութիւնների մեկնարկից յետոյ «ո՞վ է սկսել» հարցը դառնում է անիմաստ:
Օգոստոսի 4ին՝ Եւրոպայի «Օգոստոսեան կրակահեր»չի 100ամեայ տարելիցին, բախումները փոքր ինչ մեղմուել են հաւանաբար այն պատճառով, որ մարդկային կորուստները ուշքի են բերել երկու կողմերին:
Նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը հրաւիրուել են Սոչի, որտեղ Օգոստոսի 8ին եւ 9ին նախատեսուած են նրանց առանձին բանակցութիւնները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թէեւ դեռեւս հաստատուած չէ երկու երկրների նախագահների՝ միմեանց հետ հանդիպումը:
Պուտինն, անշուշտ, այդ հանդիպմանն իր սեփական օրակարգը կ՛ունենայ, որը կը վերաբերի ինչպէս Ուկրաինային, այնպէս էլ Ղարաբաղին: Առանց առաւել էական խաղաղ գործընթացի, որում երկու կողմերն էլ կարող են շահագրգռուած լինել, բռնութեան ալիքի բարձրացման հաւանականութիւնը շատ մեծ է:
Թոմաս դէ Վաալը Կարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով աւագ հետազօտող է:
Մեկնաբանութիւնը գրուել է Մոսկուայի Կարնեգի կենտրոնի համար: