ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հետաքրքիր է. նոյն երեւոյթին կարելի է արձագանգել տարբեր ձեւերով, որոնք կարող են ունենալ դրական կամ բացասական ազդեցութիւններ:Օրինակ՝ «Ասպարէզ» օրաթերթի առաքման հետ կապուած ամէնուր կարելի է լսել զանազան արտայայտութիւններ: Խմբագրատուն է մտնում տիկինը եւ ուզում է նախորդ օրուայ թիւը. «Կրնա՞մ երեկուան թիւը ունենալ, ես բաժանորդ եմ, սակայն երկու օր է չեմ ստանար թերթը, հարց չէ, կ՛ուշացնեն, բայց կը բերեն»:
Մի ուրիշը օրուայ թերթը վերցնելով՝ ներողամտաբար ասում է. «Ոչինչ, մէկ-մէկ չի բերում, բայց միւս օրը բերում է»:
Ուրիշ մէկն ասում է. «Ա՛յ մարդ, էս ինչ է, փող ենք տուել գրուել ենք, ու միշտ ուշացնում են, էլ չե՛մ գրուելու»:
Իսկ պարտաճանաչ մի ընթերցող այցելում է խմբագրատուն՝ նորոգելու համար իր բաժանորդագրութիւնը: Դեռ որոշ խումբ՝ առանց բաժանորդագրուելու, բաժանորդի նման, վերցնում է թերթերը՝ այս անգամ անխօս, եւ ինքն է բաժանում իր ծանօթներին:
Իրավիճակներ են, եւ իւրաքանչիւրը բացատրւում է իւրովի: Ասելաձեւ է, խօսելաձեւ է, վարուելաձեւ է, երբեմն նոյնիսկ առանց նպատակի, բնազդօրէն, սակայն՝ միշտ տարբեր, դրա համար էլ՝ ասել էլ կայ, ասել էլ…