Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայկական Ուշացած Դեմարշ Կամ Ղարաբաղը Ինչո՞ւ Է Դէմ Մադրիդեան Սկզբունքներին

$
0
0

ԱՐՄԷՆ ԱՌԱՔԷԼԵԱՆ

ԼՂՀ վարչապետ Արա Յարութիւնեանը times.am-ին տուած առցանց հարցազրոյցում յայտարարել է, որ ԼՂՀի համար անընդունելի են Մադրիդեան սկզբունքները, եւ եթէ Արցախը լինէր բանակցող կողմ, դրանց շուրջ բանակցութիւններ չէին վարի:
Վարչապետ Յարութիւնեանն, ի հարկէ, նորութիւն չի ասում: Պաշտօնական Ստեփանակերտը նախկինում եւս բազմիցս առիթ ունեցել է խօսելու ԼՂՀի համար Մադրիդեան սկզբունքների անընդունելի լինելու մասին: Սակայն նախկինում ԼՂՀ բարձրաստիճան պաշտօնեաներն այդ ուղերձը երբեք այսպիսի համոզուածութեամբ, յստակութեամբ եւ միարժէքութեամբ չեն արել, ինչը խօսում է այն մասին, որ թէ նման շեշտադրումներ կատարելը, թէ դրանց ինտենսիւացումը համաձայնեցուած է Երեւանի հետ եւ կազմում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հարցում հայկական կողմի որդեգրած նոր ռազմավարութեան մի մասը:
Երեւանը Ստեփանակերտի բերանով պարզապէս ասում է, որ չի պատրաստւում շարունակել բանակցութիւններն առանց Ղարաբաղի՝ որպէս հակամարտութեան կողմի, դրանց լիարժէք մասնակցութեան: Այլ կերպ ասած, Հայաստանը անուղղակի ասում է, որ ոչ մի արժէք չունեն այն համաձայնութիւնները, որոնք ինքը տուել է այդ սկզբունքների շրջանակում, քանի որ հիմնական շահառուն՝ Ստեփանակերտը, դրանց դէմ է: Հայաստանը պարզապէս փորձում է դուրս գալ Մադրիդեան աքցանից այնպէս, ինչպէս Ադրբեջանն է ցանկանում դրանից դուրս պրծնել՝ զիջումների պատրաստակամութեան փոխարէն աւելի ու աւելի կոշտացնելով իր դիրքորոշումը, մեծացնելով ախորժակը ընդհուպ Հայաստանի տարածքների նկատմամբ եւ հայ-ադրբեջանական շփման գծում բոլոր հնարաւոր միջոցներով թէժացնելով իրավիճակը:
Երբ բանակցող կողմերից մէկը յայտարարում է, որ բանակցում է միմիայն ամէն ինչ միանգամից եւ ամբողջութեամբ վերցնելու հարցի շուրջ, Մադրիդեան սկզբունքներն ընդունելի լինելու մասին պնդումները դառնում են կապիտուլիացիայի (յանձնման-Խմբ.) հաւասարազօր: Որովհետեւ դա նշանակում է բանակցել միակողմանի զիջումների պայմանների շուրջ: Հայաստանեան դիւանագիտութիւնը մինչ այսօր գործել է հէնց այս տրամաբանութեամբ: Երբ Ռոբերտ Քոչարեանի պաշտօնավարման շրջանում ԼՂՀն Հայաստանի համաձայնութեամբ դուրս մղուեց բանակցութիւններից, իշխանութիւնը դա բացատրում էր նրանով, որ Ադրբեջանը սպառնում է հակառակ դէպքում բանակցութիւններից հրաժարուելով, նոյնն է, թէ պատերազմի ուղին ընտրելով: Յետոյ շրջանառութեան մէջ դրուեցին Մադրիդեան սկզբունքները, եւ պաշտօնական Երեւանը յայտարարեց, թէ ԼՂ կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելը նախընտրելի է, քանի որ Ադրբեջանը միայն այդ դէպքում է պատրաստ նստելու բանակցութիւնների:
Հիմա արդէն մեզ առաջարկում են տարածքային զիջումներ ընդամէնը խաղաղութեան խոստման դիմաց, քանի որ իրենց նախկին պարտուողական, փոխզիջումային դիւանագիտութեամբ Երեւանը Բաքուին եւ միջազգային հանրութեանը համոզեց, որ ցանկացած փուլում պատրաստ է զիջումների:
Երեւանը բոլորին սովորեցրեց իր կողմից միակողմանի զիջումների՝ շարունակ առաջնորդուելով պատերազմը յետաձգելու կամ կանխելու տրամաբանութեամբ: Բայց յստակ մի օրինաչափութեամբ, դիւանագիտութեան ու քաղաքագիտութեան տարրական չգրուած օրէնքների համաձայն, հէնց այսպիսի քաղաքականութեամբ Երեւանն ամենաշատը իրեն մօտեցրեց պատերազմը: Այն, ինչ տեղի է ունենում Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերում, ոչ այլ ինչ է, եթէ ոչ պատերազմի փոքրիկ մոդելաւորում: Այս պրոցեսը զուտ տեղեկատուական պատերազմից արդէն վերաճում է դիւերսիոն պատերազմի: Թէ ինչ է հետեւելու դրան, մնում է միայն եզրակացնել:
Եւ ահա Հայաստանը կարծես թէ ուշացած ուշքի է գալիս ու դա հասկանալի է դարձնում ԼՂՀ վարչապետի միջոցով: Հայաստանը պարզապէս այլընտրանք հիմա չունի, քանի որ չնայած պատերազմը հրահրում է Ադրբեջանը, սակայն միջազգային հանրութիւնը, այդ թւում նաեւ իր ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանը, Ադրբեջանին զսպելու բանալին կրկին տեսնում են հայկական կողմից նոր զիջումների պատրաստակամութիւն յայտնելու մէջ: Հայաստանն այս իմաստով յայտնուել է ցայտնոտի մէջ. որ ուղղութեամբ գնում է, յանգում է կապիտուլիացիայի: Ռուսաստանը փորձում է ստիպել տարածքներ զիջել՝ Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու, հակամարտութեան գօտում խաղաղապահներ տեղակայելու եւ այդպիսով Հարաւային Կովկասում վերջնական տիրապետութիւն հաստատելու իր տարածաշրջանային շահերից ելնելով: Դրա համար էլ շարունակ, ցինիկաբար զինում է իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին, որպէսզի կործանարար պատերազմով Հայաստանին ահաբեկելու միջոցով նրան ստիպի կատարել այդ զիջումներն առանց մէկ կրակոցի: Արեւմուտքը, ի դէմս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքի, Հայաստանում ԱՄՆ դեսպան æոն Հեֆերնի, հասկացնում է, որ եթէ Հայաստանը չի ցանկանում ռուսական այդ էքսպանսիայի (գերիշխանութեան տարածման-Խմբ.) արդիւնքում կորցնել նաեւ Ղարաբաղն ամբողջութեամբ, ապա պէտք է համաձայնի Մադրիդեան սկզբունքներին, որոնք ԼՂին, նախկին ԼՂԻՄի տարածքի շրջանակում, գոնէ անորոշ կարգավիճակ են խոստանում: Եթէ Հայաստանը համաձայնում է դրան, ապա գործիք է տալիս Արեւմուտքին՝ Ռուսաստանին աստիճանաբար դուրս մղելու հէնց Հայաստանից եւ տարածաշրջանից ընդհանրապէս: Արդիւնքում ունենք մի իրավիճակ, երբ բոլորը միահամուռ կերպով ահաբեկում են Հայաստանին եւ ԼՂին:
Այս պայմաններում հարց է առաջանում. ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանի եւ ԼՂՀի այս յանկարծակի, յուսահատ դեմարշը Մադրիդեան սկզբունքներին: Դրա իմաստն այն է, որ Հայաստանը եւ ԼՂՀն պատերազմի սանձազերծումից չեն վախենում եւ չեն ենթարկուելու այդ համակողմանի ահաբեկմանը: Այս ուշացած «յետողորմեա»ն, ի հարկէ, իր մէջ ռիսկ պարունակում է, որովհետեւ չի բացառւում, որ զիջումների չգնալու դէպքում Հայաստանին իր դառը ապագան ցոյց տալու նպատակով ահաբեկումները զուտ ուղերձներից կամ սահմանային թեթեւ կրակոցներից աստիճանաբար յանգեցնեն աւելի մասշտաբային ռազմական բախումների: Բայց ընդհանուր առմամբ այսօր ո՛չ Ռուսաստանը եւ ոչ էլ Արեւմուտքը շահագրգռուած չեն ԼՂում վերահսկողութիւնից դուրս եկած հակամարտութեան նոր օջախ ունենալուն: Առանց Ուկրաինան մարսելու՝ ԼՂում նոր ու շատ աւելի մասշտաբային պատերազմը յղի է անկանխատեսելի գլոբալ զարգացումներով: Նրանք այս հակամարտութեան պարագայում առայժմ բաւարարւում են դիրքային պայքարով՝ հասկանալով, որ ցանկացած արկածախնդրութիւն կարող է ճակատագրական լինել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհաքաղաքական յարաբերութիւններում իրենց յաւակնութիւնների համար:
Եւ սա, թերեւս, ամենայարմար պահն է սրբագրելու համար 1998-2001թթ. կատարուած կոպտագոյն սխալը՝ վերադարձնել նախկին բանակցային ձեւաչափը նոյնպիսի շանտաժային քաղաքականութիւն որդեգրելու միջոցով: Եթէ Ադրբեջանը չի ցանկանում մասնակցել բանակցութիւններին, ուրեմն դրանից կառչած մնալու իմաստ այլեւս չկայ:

«ՀԵՏՔ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles