Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ինչու Է Հայկական Եկեղեցին Թբիլիսում Յարձակման Ենթարկւում. Սթափութեան Հրամայականը


ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Երկու օր առաջ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու սպաաւորների եւ մկրտութեան արարողութեան մասնակիցների վրայ խմբային յարձակումն ու նրանց ծեծի ենթարկելը հայկական միջավայրում ակնյայտօրէն քաղաքականացւում է: Ընդ որում՝ դա արւում է առաջին հերթին Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի, ինչպէս նաեւ վիրահայ որոշ կազմակերպութիւնների կողմից:
Միջադէպից անմիջապէս յետոյ Վիրահայ թեմը յայտարարութիւն տարածեց, որում, մանրամասնօրէն ներկայացնելով կատարուածը, այն որակում է որպէս կրօնական եւ ազգային հողի վրայ իրականացուած յանցագործութիւն եւ պահանջում Վրաստանի իրաւապահ մարմիններից գործը քննել որպէս այդպիսին: Հիմնուելով այս որակման վրայ՝ իր հերթին Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ, որում, խորը մտահոգութիւն արտայայտելով կատարուածի առնչութեամբ, այն որակում է «ազգային թշնամանք եւ կրօնական անհանդուրժողականութիւն հրահրող գործողութիւն» եւ եզրակացնում. «Սադրիչ սոյն ոտնձգութիւնը ցաւալի հետեւանք է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպութիւնների եւ անհատների, այդ թւում՝ վրաց որոշ հոգեւորականների կողմից տարածուող հակահայկական տրամադրութիւնների»: Հետեւելով Առաքելական եկեղեցու նման գնահատականներին, գուցէ նաեւ առաջնորդուելով դրանցով՝ միջադէպի կապակցութեամբ յայտարարութիւն տարածեց նաեւ «Միասնական æաւախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, 2009թ. վրացական դատարանի կողմից 10 տարուայ ազատազրկման դատապարտուած եւ 2013թ. համաներմամբ ազատ արձակուած Վահագն Չախալեանը՝ կոչ ուղղելով Վրաստանի իրաւապահ եւ քաղաքական մարմիններին «Վրաստանում ազգային եւ կրօնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով՝ անյապաղ բացայայտել, հրապարակել կրօնական եւ ազգային հողի վրայ իրականացուած յանցագործութեան կազմակերպողների եւ մասնակիցների ինքնութիւնը եւ օրէնքի ամենայն խստութեամբ նրանց ենթարկել պատասխանատուութեան»:
Այս բոլոր գնահատականներում կարմիր թելի նման անցնում է միջադէպը կրօնական, էթնիկական անհանդուրժողականութեան եւ ազգային ատելութեան դրսեւորում ներկայացնելու յստակ միտումը: Այս դիրքորոշումը, սակայն, հիմնաւորւում է ընդամէնը Սուրբ Էջմիածին եկեղեցու սպասաւորների եւ ներկաների ստացած տպաւորութիւններով, որոնք էլ, թերեւս, ձեւաւորուել են յարձակում կատարած խմբի անդամների թոյլ տուած հայհոյախառն բացականչութիւններից: Սակայն ինքնին միջադէպը, ըստ էութեան, ծագել է ինչ որ կնոջ կողմից աւտոմեքենան եկեղեցուն յարող տարածքում կայանելու հետ կապուած խնդրից, յետոյ ծաւալուել «մի կաթիլ մեղրի» տիպիկ սցենարով: Գոնէ առաջին տպաւորութեամբ սա խօսում է ոչ թէ կրօնական, էթնիկական շարժառիթների, այլ խուլիգանութեան մասին, թէեւ առաջին տպաւորութիւնն իսկապէս կարող է խաբուսիկ լինել:
Վրաստանի ներքին գործերի նախարարութիւնն արդէն պարզաբանում է տարածել, որ միջադէպը միջէթնիկական բնոյթ չունի՝ յղում կատարելով հէնց այն հանգամանքին, որ դիմակայութիւնը տեղի է ունեցել փողոցում՝ աւտոմեքենայի կայանման պատճառով: Արդիւնքում քրէական գործը յարուցուել է Վրաստանի քրէական օրէնսգրքի 125րդ յօդուածով՝ ծեծի ենթարկելու յատկանիշներով: Ոստիկանութեան նման որակումը որոշ իմաստով խնդրայարոյց է, քանի որ խօսքը վերաբերում է ոչ թէ շարքային ինչ որ ծեծի, այլ ողջ օրուայ ընթացքում ծաւալուած իրադարձութիւնների եւ խմբակային յարձակման հետեւանքով առաջացած ծեծկռտուքի, ինչը յստակօրէն խօսում է յարձակման կազմակերպուածութեան մասին: Այսինքն՝ այստեղ ակնյայտօրէն անտեսւում է խուլիգանութեան տարրը: Բայց դա կարող է պայմանաւորուած լինել ոստիկանութեան կողմից ծեծկռտուքի եւ դրա արդիւնքում տուժողների առկայութեան փաստի արձանագրման հանգամանքով, ինչը չի նշանակում, թէ գործի քննութեան ընթացքում միջադէպը, դրա ընթացքում խմբի գործողութիւնները չեն կարող չվերաորակուել: Էականն այստեղ ոչ թէ այդ խմբի անդամների կողմից արուած արտայայտութիւններն են, որոնք կարող են նաեւ ռասիստական տարրեր պարունակել, այլ ինքնին յարձակման մոտիվների բացայայտումը: Այսինքն՝ նախ անհրաժեշտ է հասկանալ՝ այդ մարդիկ ովքե՞ր էին եւ ինչո՞ւ էին դիմել նման քայլի, արդեօք սա կազմակերպուած սադրա՞նք էր՝ հրահրելու համար միջէթնիկական բախումներ Վրաստանում եւ ապակայունացնելու համար թէ՛ այդ երկիրը եւ թէ՛ տարածաշրջանը, թէ՞ սա մի քանի տաքգլուխ երիտասարդների հերթական խուլիգանութիւնն էր: Արդեօք նրանք յարձակւում էին ոչ ուղղափառ եկեղեցու եւ նրա սպասաւորների՞, ծագումով էթնիկ հայերի՞ վրայ, թէ՞ սա մի քանի թափթփուկների կողմից իրենց ընկերուհու «թասիբը» պաշտպանելու տրիվիալ (հասարակ-Խմբ.) նպատակ ունէր: Բայց սա ոչ թէ առանց ամուր փաստերի կանխակալ եզրակացութիւններ անելու, այլ գործի ընթացքը վերահսկողութեան տակ պահելու անհրաժեշտութիւն է առաջացնում, որովհետեւ էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելուց առաջ նախ պէտք է մտածել դրանց պատճառահետեւանքային կապերի մասին:
Տարիներ շարունակ Վրաստանում հասարակական-քաղաքական մակարդակով ծաւալուել է հայահայկական քարոզչութիւն, որն ուղեկցուել է հայկական հոգեւոր, մշակութային ժառանգութեան նկատմամբ ագրեսիւ յաւակնութիւններով: Սակայն այդ երկրում նոր իշխանութեան ձեւաւորումից յետոյ իրավիճակը բաւականաչափ մեղմուել էր՝ վարուող ներքին էթնիկական՝ քիչ, թէ շատ հաւասարակշռուած քաղաքականութեան պատճառով: Եւ թէ՛ այս միջադէպը, թէ՛ դրան հայկական կողմից տրուող ժամանակավրէպ էմոցիոնալ որակումներն ու գնահատականներն առաջին հերթին ուղղուած են այդ հաւասարակշռութեան խախտմանը: Հարց է առաջանում՝ որքանո՞վ է սա բխում Վրաստանի շահերից եւ հայ-վրացական՝ քիչ, թէ շատ կայուն յարաբերութիւններից: Պատասխանը կարող է տալ միայն քրէական գործի ընթացքը: Եթէ Վրաստանի համար իր ներքին կայունութիւնը, անվտանգութիւնն իսկապէս առաջին պլանում է, ապա Թբիլիսին, առաւել քան որեւէ մէկը, պէտք է շահագրգռուած լինի միջադէպի ամբողջական եւ օբյեկտիւ բացայայտման եւ մեղաւորներին ու յանցագործներին պատժելու հարցում: Հակառակ պարագայում այն կարող է ինքնաբերաբար մղուել ներհասարակական եւ միջէթնիկական բեւեռացման մի այնպիսի հանգրուանում, որը հեշտութեամբ կարող է երկիրը վերածել նոր Ուկրաինայի: Եւ այստեղ որեւէ նշանակութիւն չունի՝ դա արւում է որեւէ երրորդ կողմի, երրորդ պետութեան գործակալների՞ ձեռքերով, թէ սեփական, շատ դէպքերում անպատիժ մնացող ազգայնականների ու կրօնամոլների: Կարեւորն այն է, որ դա տեղի չունենայ հայկական տարրի ձեռքերով եւ նրան գործիք դարձնելու միջոցով, մանաւանդ՝ դա ուղղակիօրէն հարուածելու է հէնց Հայաստանի դիրքերին ու շահերին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles