ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում լարուածութեան սրումն առաւել յաճախ է ինչպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գործընթացում միջազգային միջնորդների, այնպէս էլ փորձագէտների ու զանգուածային լրատուամիջոցների քննարկման թեմա դառնում:
Վերջերս այն է՛լ աւելի հրատապ դարձաւ՝ կապուած անցեալ շաբաթ ադրբեջանական դիվերսիոն (խոտ-որեցման-Խմբ.) -հետախուզական խմբի՝ ԼՂՀ Քարվաճառի շրջանի տարածք ներթափանցման հետ, որը ղարաբաղեան կողմի օպերատիւ (ազդու, գործնական-Խմբ.) գործողութիւնների արդիւնքում վնասազերծուեց:
Միջադէպը լայն արձագանգ յարուցեց, այդուհանդերձ, հարկ է նշել, որ այն ինչ որ արտառոց երեւոյթ չդարձաւ: Այն իմաստով, որ Ադրբեջանի հերթական զինուած սադրանքը լիովին ներգծւում է շփման գծում պայթիւնավտանգ իրավիճակի ստեղծմանն ու պահպանմանն ուղղուած Բաքուի իշխանութիւնների քաղաքականութեան մէջ: Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը, որպէս կանոն, ապակայունացնում է իրավիճակը միջազգային բարձրաստիճան միջնորդների՝ տարածաշրջան կատարելիք այցի նախօրէին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ կարեւոր հանդիպման նախաշեմին, ինչը նրա կողմից դիտւում է որպէս հակամարտութեան կարգաւորման գործընթացի մասնակիցների վրայ ճնշում գործադրելու միջոց՝ լինի դա ՄԽ համանախագահների, թէ Հայաստանի վրայ: Եւ դա իրօք այդպէս է, ինչը թոյլ է տալիս ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժելը ԼՂՀ տարածք մեծ հաւանականութեամբ կապել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Փարիզում կայանալիք բանակցութիւնների հերթափուլի հետ: Ընդսմին, կը ցանկանայինք ընդգծել, որ հայկական երկու պետութիւնների մարտական դիրքերի վրայ կրակելը, դիպուկահարային պատերազմի ինտենսիւութիւնը (սաստկացումը-խմբ.), ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցումները վերջին ժամանակներս աճի կայուն միտում են դրսեւորում՝ ձեռք բերելով մշտական, պարբերական բնոյթ:
Պաշտօնական Բաքուի գործողութիւններն ամենայն համոզչութեամբ ապացուցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկուած սկզբունքներով հակամարտութիւնը լուծելու նրա ցանկութեան բացակայութիւնը: Աւելին, Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական բարձրագոյն ղեկավարութիւնն անում է ամէն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Ադրբեջանական ներկայիս զինուած սադրանքից ընդամէնը մի քանի օր առաջ, ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան հարցման՝ Ռուսաստանի ԱԳՆն, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ընդհանուր դիրքորոշումը, հանդէս եկաւ համապատասխան յայտարարութեամբ: Նրանում ամենայն որոշակիութեամբ ասւում է. «Յիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից անցեալ տարի Լոխ-Էռնում արուած յայտարարութիւնը կոչ է պարունակում կողմերի ղեկավարներին՝ պատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղութեան, այլ ոչ պատերազմի եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողութիւններից ու յայտարարութիւններից, որոնք կարող են շիկացնել լարուածութիւնը տարածաշրջանում եւ հասցնել հակամարտութեան սրման: Յոյս ունենք, որ նման մօտեցումը կը գերիշխի»:
Ինչպէս տեսնում ենք, գերիշխեց ոչ թէ ողջամտութիւնը, այլ իրավիճակն առաւելագոյնս լարելու Բաքուի ձգտումը՝ հասցնելով այն ծայրայեղ վտանգաւոր սահմանագծի: Ադրբեջանի իշխանութիւնները, թւում է, որոշել են չբաւարարուել մեն-միայն ստանդարտ ռազմաշունչ հռետորաբանութեամբ, այլեւ անցնել կոնկրետ գործողութիւնների՝ անտեսելով լարուածութեան էսկալացման (մագլցումին-Խմբ.) իրական վտանգը լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների՝ նրա հնարաւոր վերափոխմամբ:
Այդ առումով, սակայն, կը ցանկանայինք ուշադրութիւն դարձնել հետեւեալ փաստին: Այն դէպքում, երբ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները, փորձագէտներն ու քաղաքագէտները խօսում են այնպիսի քայլերի անթոյլատրելիութեան մասին, որոնք կարող են խաթարել խաղաղարար գործընթացն ու փխրուն խաղաղութիւնն իսկ, ադրբեջանական կողմը փորձում է առաւելագոյնս պարզունակ դարձնել եւ անգամ գռեհկացնել իր դիվերսիոն-ահաբեկչական քայլի ձախողման հետ կապուած իրավիճակը: Իրենց մեկնաբանութիւններում Ադրբեջանի ինչպէս պաշտօնական, այնպէս էլ ոչ պաշտօնական ներկայացուցիչները փորձում են զինուած դիվերսիան ներկայացնել ընդամէնը որպէս… տարիների ընթացքում «հայրենի» եզերքին սաստիկ կարօտած մի խումբ անձանց տուրիստական զբօսանք: Ասես խօսքը հակամարտութեան գօտու մասին չէ, այլ առնուազն Լոնդոնի «Հայդ-փարկ» զբօսայգու: Իւրատեսակ էքստրեմալ (ծայրայեղ-Խմբ.) տուրիզմ՝ ադրբեջանական ձեւով: Ի հարկէ, նման վարկածը հեգնական ժպիտից բացի ոչինչ չի կարող յարուցել: Քանզի ինչի՞ն է պէտք կարօտախտով տառապող ադրբեջանցիներին, կեանքը վտանգելով, դիվերսանտի լրիւ հանդերձանքով հատել շփման գիծը: Բայց ինչպէս պարզուեց, պատճառն Արցախի բնութեան հրաշալիքներից կարօտն առնելը չէր, այլ՝ կոնկրետ հետախուզական եւ ահաբեկչական գործողութիւնները:
Սակայն, խոստովանենք, ժպտալու ցանկութիւն այժմ չկայ: Այն պատճառով, որ գործ ունենք ահաբեկչական պետութեան հետ, որի հետ անհնար է որեւէ հարցով համաձայնութեան գալ: Որ նման «դիվերսիոն շրջագայութիւնները», ինչպէս եւ ներկայինը, երկու կողմերին էլ մարդկային անդառնալի կորուստներ են պատճառում: Բայց, ըստ երեւոյթին, Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան համար մարդկային կեանքը, այդ թւում եւ սեփական քաղաքացիներինը, ոչինչ չ՛արժէ, այլապէս նրանք այդչափ անհոգ ու թեթեւամտօրէն իր արկածախնդիր քաղաքականութեան զոհ չէր դարձնի: Դրա հաւաստումն է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան՝ միջադէպի հետ կապուած յայտարարութիւնն առ այն, որ ադրբեջանցիները կարող են այցելել Ղարաբաղ՝ երբ ցանկանան: Այլ խօսքով, պէտք է սպասել «էքստրեմալ տուրիստներ»ի հերթական խմբի ուղարկում ԼՂՀ տարածք, ասել է թէ՝ ադրբեջանական դիվերսանտների, որոնց, հաւանական է, նոյն ճակատագիրն է սպասւում: Եւ պաշտօնական Բաքուի նման ապակառուցողական, յոյժ վտանգաւոր գործողութիւնները կը շարունակուեն այնքան, քանի դեռ Ադրբեջանի իշխանութիւններն անպատիժ կը մնան եւ չեն արժանանայ միջազգային հանրութեան խիստ գնահատականին ու քննադատութեանը: