ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ներկայ էինք Գլենդելում գործող «Իշտոյեան» ֆուտբոլի ակադեմիայի կրտսերների խմբի պարապմունքին: Հիմնականում հայաստանցի ընտանիքների զաւակներ այստեղ ծանօթանում են ոտնագնդակ խաղալու կանոններին եւ մարզւում են այս խաղաձեւում:
Մարզիչը՝ «քո»չ Պօղոսը, դասապահը անցկացնում է հայերէն՝ արեւելահայերէն. «Հիմա երկու հոգով պիտի հասցնէք գնդակը, գոլին խփէք, էս կողմ անցի, դէ դաւայ, տշշի (խփիր)» ու այլեւայլ ցուցմունքներով անցկացնում է մարզումը: Հրաշքի պէս մի բան է Ամերիկայում ֆուտբոլի հայերէն՝ հոգ չէ ժողովրդային բառերով համեմուած, դասընթացք: Եւ եթէ փոխուի այս ուսուցիչը, արդէն յաջորդ եկող երիտասարդը պիտի խօսի անգլերէն, նա չգիտի տուեալ եզրերի հայերէնը:
Ու այսպէս, այստեղ ապրում է տարբեր մասնագիտութիւնների միջին կամ աւելի մեծ տարիքի մի սերունդ, որն իր մասնագիտութիւնը միայն հայերէն կարող է դրսեւորել՝ բժիշկներ, ինժեներներ, մաթեմատիկոսներ, երաժիշտներ, շախմատիստներ, ֆուտբոլիստներ, պարուսոյցներ: Նր-անք վարւում են այնպէս, ինչպէս կ՛անէին Հայաստանում:
Սակայն մեծանում են այդ մասնագէտները, աստիճանաբար դադարում են դաս տալուց, նոր եկող հայաստանցին՝ մեծ թէ փոքր, գալիս է անգլերէնի իմացութեամբ, այստեղ հասակ առնող սերունդը սկսում է մոռանալ հայերէնը, եւ որեւէ մասնագիտական առարկայի հայերէն դասաւանդումը Սփիւռքում դառնում է անհետացող երեւոյթ: