Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայրենակցական Միութիւնները Նոր Կանոնագիր Են Պահանջում

$
0
0

ԱՐԷՆ ԴԱԴԸՐ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Մալաթիայի Հայկական միութիւնը, Դերսիմի հայերի միութիւնը, Սասունի Աջար գիւղի հայերի միութիւնը, Սասունի եւ Բիթլիսի (Բաղէշ-«Ակունք») հայերի միութիւնը, Սվազցի (սեբաստացի-«Ակունք») հայերի եւ նրանց բարեկամների միութիւնը, Վագըֆլը գիւղի հայկական միութիւնը եւ Մտքի պլատֆորմը կազմակերպել են համատեղ քննարկում, որի օրակարգի գլխաւոր թեման է եղել ընտրական կանոնագիրը: Քննարկումը կայացել է Յունիսի 4ին՝ Չորեքշաբթի օրը, Գում Գափու թաղամասի հարեւանութեամբ գտնուող Ս. Յարութիւն եկեղեցու վագըֆի սրահում:
Քննարկման ժամանակ, որին մասնակցել են շուրջ 200 հոգի, ուշադրութիւն գրաւեց վագըֆի ղեկավարների թուի սակաւ լինելը: Բացման խօսքով հանդէս եկած Մալաթիայի հայերի միութեան նախագահ Կարպիս Էւեափանը նշեց, թէ սոյն պանելը կազմակերպելու նպատակն է եղել հանրութեան բոլոր հատուածներին հետաքրքրող հարցերի քննարկման համար այնպիսի հող ստեղծել, որի շնորհիւ ժողովուրդը կը կարողանայ ազատ կերպով դռնից մտնել եւ իր կարծիքն արտայայտել: Էւեափանից յետոյ ելոյթ ունեցած սվազցի հայերի եւ նրանց բարեկամների միութեան երկրորդ նախագահ Շահին Արսլանը յայտնեց. «Մենք, որպէս հայրենակցական միութիւններ, ունենք երեք օրակարգ՝ անցեալ, ներկայ եւ ապագայ: Առաջին օրակարգում են մեր պապերի ապրած հողերում մնացած հետքերը, մեր՝ այնտեղի եկեղեցիները, գերեզմաննոցներն ու արժէքները: Մեր երկրորդ օրակարգը Ստամբուլում մեր խնդիրներն են: Հայրենակցական միութիւնները հասարակական անհրաժեշտութեան ծնունդ են»:

ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ
ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ

Քննարկման շրջանակներում երրորդ բանախօսը Մտքի պլատֆորմի անդամ Յարութ Օզերն էր, ով նշեց, թէ իրենց, որպէս հարթակի, նպատակն է հանրութեան իւրաքանչիւր հատուածի հետ համագործակցելով՝ այնպիսի խնդիրների համար լուծում առաջարկող ծրագրեր մշակելը, ինչպիսիք են ընտրական կանոնագիրը, պատրիարքական ընտրութիւնները, պատրիարքարանի իրաւաբանական անձ լինելու հարցը, առողջական ու կրթական խնդիրները: Օզերը նաեւ յայտնեց. «Հարց ենք տալիս, թէ վագըֆի ընտրական կանոնագիրն ինչո՞ւ է մեր ապագան կանխորոշող ամենակարեւոր փոփոխութիւն համարւում: Ի վերջոյ, հանրութեան մեծ մասին առանձնապէս չի էլ հետաքրքրում, թէ ով ինչպէս է ընտրուել: Դա նկատելի է ընտրողների թուից, նիւթական ունեցուածքից կամ էլ, ամենակարեւորը, մեր հաստատութիւններում կիրառուող քուէների թուերից: Ներկայում մեր բնակչութեան ժողովրդագրական կառուցուածքը յայտնի չէ, հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ նոր դպրոց ենք կառուցում, սակայն մեր տարբեր կարիքները բաւարարելու համար դատարկ ծրագրեր չենք մշակում»:
Օզերը նաեւ յաւելեց, որ իրենք երիտասարդների ներկայացուցիչների հետ ծանօթութիւն հաստատելու նպատակով մի ժողով են կազմակերպելու եւ մշակելու են ծրագիր՝ առողջ ու կառուցողական աշխատանքներ են տանելու:

ԱՐԴԱՐ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ԵՆ

Յարութ Օզերից յետոյ ելոյթ ունեցած Մտքի պլատֆորմի անդամ, սոցիոլոգ Օհաննես Քըլըչդաղըն նշեց, որ բոլոր խնդիրները կախուած են «ինչպէս կառավարուելու» հարցից, եւ որ այս դարաշրջանում, ինչպէս իւրաքանչիւր հասարակութիւն, Թուրքիայի հայերը նոյնպէս պէտք է ղեկավարուեն ժողովրդավարական սկզ-բունքով: Քըլըչդաղըն յայտնելով, թէ ղեկավարները պէտք է արդար ընտրութիւնների միջոցով իշխանութեան գան, եւ որ հաշիւ տալն ու թափանցիկութիւնը ժողովրդավարութեան հիմնասիւներից են, պոլսահայ հանրութեան խնդիրների լուծման առումով շեշտեց նաեւ հասարակական կարծիքի առաջ թափանցիկութեան աւելացման եւ կազմակերպուած կերպով գործունէութիւն ծաւալելու անհրաժեշտութեան մասին:
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՆՈՅՆ ԲԱՆԻՆ ՀԱՍՆԵԼ

Քննարկման վերջում խօսքով հանդէս եկած Մալաթիայի հայերի միութեան անդամ Նուբար Դինչոզը նշեց, թէ ցաւալի է այն փաստը, որ ընտրութիւնների կազմակերպման ձեւի հարցն այն կէտին է հասել, որ անգամ քննարկւում է՝ կազմակերպել ընտրութիւններ, թէ ոչ: Դինչոզը նաեւ յաւելեց. «Եթէ անգամ մեր հայեացքները տարբեր էլ լինեն, այն բանը, որին ուզում ենք հասնել, մօտաւորապէս նոյնն է: Մենք փորձում ենք, վագըֆները օգտագործելով, լուծել տարիների պատմութիւն ունեցող խնդիրները, եւ ընդհանուր առմամբ, քանի որ չենք կարողանում լաւ ղեկավարուել, լուծում չենք գտնում մեր խնդիրներին»:
Քննարկումը, որի շրջանակներում, ընտրական կանոնագրից բացի, արծարծուեցին նաեւ այլ հարցեր, աւարտուեց հարց ու պատասխանից յետոյ: Քննարկման ընթացքում արձանագրուեցին նաեւ բուռն բանավէճերի դէպքեր:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles