Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Լիզպոնի Հինգը» Եւ Հայութեան Ազատագրական Պայքարը

$
0
0

ՆԱՆԷ ՄԱՆԱՍԵԱՆ

Հայաստանի խորհրդայնացմամբ պետական մակարդակով ընդհատուեցին Հայ դատի լուծմանն ուղղուած պայքարը եւ Ցեղասպանութեան գլխաւոր դահիճների նկատմամբ հատուցման գործողութիւնները. մարդիկ ստիպուած էին իրենց մէջ խեղդել ազգային պահանջներն ու գիտակցութիւնը՝ խորհրդային իշխանութիւնների կողմից պարտադրուող ինտերնացիոնալիզմի պայմաններում: Իսկ աշխարհում սփռուած հայութիւնը ինքնահաստատուելու, հացի խնդիր լուծելու եւ ինքնութիւնը պահպանելու մարտահրաւէրի առաջ էր կանգնել, բացի այդ՝ Եւրոպան սուզւում էր յեղափոխական եւ ազգայնական շարժումների նոր ալեկոծութիւնների մէջ, որոնք էլ 30ականների վերջին յանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Քառասունականների երկրորդ կէսին «տաք» հակամարտութիւնը տեղը զիջելու էր «սառը» առճակատմանը, որն էլ ձգուելու էր գրեթէ մէկ տասնամեակ:
Մթնոլորտի լիցքաթափման հետ աշխարհում խնդիրներ լուծելու վայր դարձան միջազգային-դիւանագիտական հարթակները: Արտերկրի հայութիւնը ժամանակը պատեհ համարեց իր հարցերը եւս միջազգային ասպարէզ բերելու համար, սակայն քաղաքական բեմահարթակներ չտրամադրուեցին հայութեանը՝ մի քանի տասնամեակ մոռացութեան մատնուած Հայկական Հարցը բարձրացնելու համար:
Սակայն ազգային վերազարթօնք ապրող սփիւռքահայութեան տրամադրութիւնների վրայ մեծ ազդեցութիւն ունեցան 1965 թուականին Խորհրդային Հայաստանում Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը ոգեկոչող յուշահամալիրի բացումը եւ դրան ուղեկցող իրադարձութիւնները: Լենին-ստալինեան մամլիչի ճնշումը յաղթահարած հայրենաբնակ հայութեան՝ իր դատին տէր դառնալը սփիւռքահայութեանը հաւատ ներշնչեց, որ ազգային բռնադատուած իրաւունքների վերականգնման համար պայքարը շարունակւում է, եւ դա նոր ազդակ դարձաւ հայոց պահանջատիրութեան աշխուժացման համար:
Եւ այնուամենայնիւ, դիւանագիտական ուղիներով հարցն առաջ մղելու ջանքերը մնում էին անարդիւնք: Սփիւռքահայութեան պայքարող ու պահանջատէր հատուածը հասկացաւ, որ ուժեղ ցնցումը կարող է աշխարհին պարտադրել հայեացքը թեքել հայութեան ասելիքի կողմը: Անցած դարի 70ականների կէսին սկիզբ առաւ եւ մէկ տասնամեակ ծաւալուեց պահանջատիրական զինեալ պայքարը: Սփիւռքում ստեղծուեցին մի քանի ընդյատակեայ զինեալ կազմակերպութիւններ (Հայոց Ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ, Հայ յեղափոխական բանակ եւ այլն), որոնք երկրագնդի տարբեր անկիւններում ահաբեկչական գործողութիւններ էին իրականացնում թուրքական պետութեան դիւանագիտական ներկայացուցիչների դէմ:
Մարդկութեան ուշադրութիւնը դանդաղօրէն սեւեռւում էր Հայկական հարցին, աշխարհի առաջին ցեղասպանութեան փաստի վրայից մաքրւում էր մոռացութեան փոշին:
Այդ պայքարի ամենաազդեցիկ էջերից մէկը գրեցին «Լիզպոնի 5»ը՝ Սեդրակ Աճեմեանը, Վաչէ Տաղլեանը, Սարգիս Աբրահամեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրճլեանը: Հայրենիքը երբեք չտեսած, նրա հողը ոտքի տակ չզգացած 19-21 տարեկան հինգ լիբանանահայ երիտասարդները մեծացել էին հայրենազրկուած նախնիների՝ Եղեռնի մասին անհաշիւ պատմութիւնները լսելով, ներշնչուել ու դաստիարակուել հատուցման խորհրդով: 1983 թուականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նրանք գրաւեցին թուրքական դեսպանատունը եւ իրենց հետ պայթեցրին այն:
«Դեսպանատան գրաւումը միջազգային անտեսումից ձանձրացած ու յոգնած հայ երիտասարդութեան ընդվզման արտայայտութիւնն է», ասւում էր պորտուգալական իշխանութիւններին ուղղուած՝ Հայ յեղափոխական բանակի հաղորդագրութեան մէջ:
Դաշնակցական գործիչ Արտաշէս Շահբազեանի խօսքերով՝ «Լիզպոնի 5ի գործողութեան արդար պահանջատիրական էութիւնը կասկածի տակ դնող եւ այն որպէս սովորական տեռոր որակող ուժեր փորձել են եւ երբեմն-երբեմն փորձում են խեղաթիւրել ու նսեմացնել ինչպէս այս գործողութեան, այնպէս էլ, առհասարակ, հայկական պահանջատիրական զինեալ պայքարի իմաստը՝ թիւր կարծիք ստեղծելով ինչպէս միջազգային հանրութեան, այնպէս էլ, ցաւօք, հայ հասարակութեան շրջանում:
«Լիզպոնի տղաները գնացին գիտակցուած մահուան՝ փաստելու համար, որ տեղի ունեցածը արկածախնդրութիւն չէ, այլ բարոյական ու քաղաքական առումով արդարացուած պայքար: Չընդունել այս արարքի տրամաբանուածութիւնը նոյնն է, թէ դէմ լինել, օրինակ, նրանց, ովքեր զէնքի դիմելու ճանապարհով ազատագրեցին Արցախը»:
Լիսաբոնի գործողութիւնն իրականացրած երիտասարդները ջանացել են տեղիք չտալ անմեղ զոհերի, նոյնիսկ ռումբը պայթեցնելուց առաջ ազատ են արձակել թուրք դեսպանի կնոջն ու հարազատներին:
«Հայ յեղափոխական բանակի թիրախը եղել են միայն թուրքական պետութիւնը եւ դրա շահերը ներկայացնողները», ասում է Արտաշէս Շահբազեանը:
«Հայոց ցեղասպանութեան արդարութեան մարտիկներ» կազմակերպութեան մարտիկ Անդրանիկ Պօղոսեանի խօսքերով՝ սա էր միակ ճիշտ ուղին պետականութիւն չունեցող ազգի համար. «Երբ պետականութիւն ունեցող ժողովուրդներն իրենց հարցերը լուծում են զէնքով, դա կոչւում է պատերազմ, ուրեմն ինչո՞ւ հայերիս դէպքում միայն նրա համար, որ մենք չունէինք այդ պետականութիւնը, պայքարի նոյն՝ ռազմական ճանապարհը պէտք է որակուէր ահաբեկչութիւն»:
«Զինեալ պայքարը միակ միջոցն է՝ ապահովելու մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Մենք կորցրել ենք, համարեա, մեր ամէն ինչը, մինչեւ անգամ մեր ինքնութիւնը, բայց բարեբախտաբար, մենք դեռ պահպանել ենք մեր յեղափոխական յանդգնութիւնը: Մենք վճռել ենք յօդս ցնդեցնել այս շէնքը եւ մնալ փլուածքի տակ: Սա ինքնասպանութիւն չէ, ոչ էլ՝ խելագարութեան արտայայտութիւն: Սա զոհաբերութիւն է ազատութեան բագինին», ասուած է «Լիզպոն»ի տղաների հաղորդագրութեան մէջ:
Լիսաբոնում թուրքական դեսպանատան պայթիւնը ցնցեց աշխարհը, միջազգային հանրութեան, մամուլի արձագանգները գործողութեան վերաբերեալ եղան տարբեր: Բնական էր նաեւ գերտէրութիւնների բացասական արձագանգը. մամուլում այն յաճախ որակուեց ահաբեկչութիւն: Չէ՞ որ դա քաղաքական թատերաբեմում իրենց ձեռքով գրուած սցենարի իրականացում չէր, ինչպէս եւ դուրս էր նրանց վերահսկողութիւնից: Փաստ է, սակայն, որ այս պայթիւնը, ինչպէս եւ միւս հայ վրիժառուների կրակոցները փլուզեցին լռութեան պատնէշները: Աշխարհը սկսեց խօսել Հայկական հարցի մասին: Լիսաբոնի գործողութիւնից յետոյ Բէյրութ ժամանեցին պորտուգալական եւ գերմանական մամլոյ պատուիրակութիւններ, որոնք տեղեկատուութիւն էին հաւաքում ոչ միայն «Լիզպոնի հնգեակ»ի, այլեւ, առհասարակ, հայկական գաղթօջախների եւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Անմահացած հինգ հայորդիներն իրենց կեանքը Հայրենիքի ազատագրութեան զոհասեղանին դրեցին հպարտութեամբ ու պատրաստակամութեամբ, հարթեցին գալիք պահանջատէր սերունդների՝ Հայ Դատի հետապնդման ուղին:
Այս հերոսական էջն իր անդրադարձն ունեցաւ նաեւ շատ հայ երիտասարդների հոգում, ովքեր զէնք վերցրին եւ նետուեցին Արցախի ազատագրութեան պայքարի յորձանուտ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles