Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ինչո՞ւ Է «Մեկուսացւում» Հէնց Լեւոն Հայրապետեանը

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ հայ յայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետեանին «կինգիսեպեան» գործի շրջանակներում ձերբակալել են ոչ թէ բազմաթիւ պատուիրուած սպանութիւնների հետ առնչութիւն ունենալու, այլ փողերի լուացման, յանցաւոր եկամուտների օրինականացման մեղադրանքներով, կարելի է որոշակի ենթադրել, որ այն քաղաքական պատուէրի արդիւնք է:
Հայրապետեանին մեղադրում են «Բաշնեֆտ» ընկերութեան վաճառքից անօրինական կերպով մեծ շահոյթ ստանալու մէջ, այն դէպքում, երբ գործարքը տեղի է ունեցել 6 տարի առաջ: Որպէսզի ինչ որ կերպ բացատրելի դառնայ, թէ ինչո՞ւ են ՌԴ յատուկ ծառայութիւնները, իրաւապահ մարմինները գործարքից միայն վեց տարի յետոյ որոշել անդրադառնալ դրան եւ քրէական հետապնդման ենթարկել գործարարին, նշւում է, թէ «կինգիսեպեան» գործի շրջանակում ցմահ ազատազրկման դատապարտուածներից մէկը՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, լրացուցիչ ցուցմունք է տուել՝ Լեւոն Հայրապետեանի անունը յիշատակելով «Բաշնեֆտ»ի շուրջ քրէական, տնտեսական «ռազբորկաներին» (քննարկումներուն-Խմբ.) ակտիւ մասնակցութեան շրջանակում: Հարիւր տոկոսանոց վստահութեամբ հնարաւոր չէ, ի հարկէ, պնդել, թէ Հայրապետեանն այդ ամէնի հետ որեւէ կապ չի ունեցել: Սակայն յոյս ունենալ, որ նախաքննութեան եւ դատավարութեան միջոցով հնարաւոր կը լինի պարզել առաջադրուած մեղադրանքների հիմնաւորուածութիւնը, ուղղակի մանկամտութիւն կը լինէր՝ հաշուի առնելով ռուսական արդարադատութեան համակարգի ներկայիս «առանձնայատկութիւնները»: Նման մասշտաբի գործարարները Ռուսաստանում եւ դրա նման երկրներում հէնց այնպէս իրաւապահների թիրախում չեն յայտնւում, իսկ նրանց հետ կապուած դատական պրոցեսները գրեթէ միշտ ունենում են քաղաքական երանգ:
Հայրապետեանին մեղադրում են փողերի լուացման, այսինքն՝ մի այնպիսի յանցագործութեան մէջ, որում ցանկացած պահի կարելի է մեղադրել Ռուսաստանի ցանկացած խոշոր գործարարի կամ օլիգարխի: Հետեւաբար հարց է առաջանում, թէ ինչո՞ւ այս անգամ կանգ առան հէնց Հայրապետեանի վրայ, մի գործարարի, որը, ռուսական իշխանական էլիտայում լայն կապեր ունենալով հանդերձ, չէր տեղաւորւում իշխանական ու քաղաքական կոնիւկտուրայում (իրավիճակում-Խմբ.), առանձնապէս մեծ յաւակնութիւններ չէր դրսեւորում եւ, որքան յայտնի է, կառավարող իսթեբլիշմենթի (հաստատեալ դրութեան-Խմբ.) հետ լուրջ պրոբլեմներ չունէր:
Այս իմաստով յատկապէս ուշագրաւ է Հայրապետեանի «դոսիէ»ն բացելու համար ընտրուած պահը եւ այն գործունէութիւնը, որը նա ծաւալում էր Ռուսաստանից դուրս, իր հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում: Հայրապետեանի նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ 2012թ. նրա հայրենի Վանք գիւղի յարակից տարածքում սկսուել էին ռուս յայտնի զօրավարներ Սուվորովի եւ Մադաթովի անունները կրող ռազմական նոր ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք, ըստ նախագծի, պէտք է աւարտուէին արդէն այս տարի: Նախատեսւում է, որ դա լինելու է միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխանող ուսումնական հաստատութիւն, որտեղ պէտք է կրթութիւն ստանային ոչ միայն ԼՂՀի ու Հայաստանի, այլեւ Սփիւռքի պատանիները: Ըստ էութեան՝ այն լինելու էր հայկական բանակի սպայակազմի ձեւաւորման հիմնական դարբնոցներից մէկը:
Դրան զուգահեռ՝ Հայրապետեանն սկսել էր քչերին յայտնի համահայկական ընդգրկման եւս մէկ նախաձեռնութիւն, որի արժէքը անգնահատելի էր լինելու յատկապէս պատերազմական գործողութիւնների հնարաւոր վերսկսման ժամանակ: Խօսքը վերաբերում է «Հայ վետերանների, ռազմազօրայինների համահայկական միութիւն» միջազգային համահայկական հասարակական կազմակերպութեան ստեղծմանը, որի հիմնական նպատակը, ըստ էութեան, աշխարհի տարբեր երկրների բանակների՝ ծագումով հայ նախկին զինուորականներին, սպաներին մէկ կազմակերպութեան ներքոյ կոնսոլիդացնելն էր, նրանց ունեցած գիտելիքները, փորձը, հմտութիւնները հայկական բանակի մարտունակութեան բարձրացմանը ծառայեցնելը եւ, ըստ անհրաժեշտութեան, նաեւ անմիջականօրէն ռազմական գործողութիւններում ներգրաւելը: Աւելորդ է անգամ ասել, թէ ինչ նշանակութիւն ունի հայ գործարարի այս նախաձեռնութիւնը հայկական երկու պետութիւնների անվտանգութեան մակարդակի բարձրացման ու, յատկապէս, հայրենիքի պաշտպանութեան գործում Սփիւռքին եւ նրա ներուժը ներգրաւելու առումով: Պատահական չէ, թերեւս, որ Հայրապետեանի վերոնշեալ երկու՝ ստրատեգիական նշանակութեան նախաձեռնութիւնների անմիջական մասնակիցը եւ փաստացի կոօրդինատորը (համակարգողը-Խմբ.) հանդիսացող գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադեւոսեանը իր յայտարարութեան մէջ Հայրապետեանի ձերբակալութիւնը ուղղակիօրէն կապեց նրա այս նախաձեռնութիւնների հետ՝ եզրակացնելով, թէ դա քաղաքական պատուէր է, որում շահագրգռուած միակ կողմը Ադրբեջանն է:
Որեւէ փաստ չկայ եւ չի կարող լինել, որը կը հաստատէր, թէ Հայրապետեանի ձերբակալութիւնը յատուկ ուղղուած էր հէնց այս նախաձեռնութիւնների եւ, առհասարակ, ԼՂ անկախութեան համար նրա ծաւալած մասշտաբային գործունէութեան դէմ: Սակայն անհերքելի է, որ կայացնելով Հայրապետեանին «մեկուսացնելու» որոշումը, ռուսական համապատասխան մարմինների միջոցով ուղղակի թիկունքից հարուած է հասցւում Լեռնային Ղարաբաղին: Եւ դա զարմանալի զուգադիպութեամբ տեղի է ունենում մի շրջափուլում, երբ առնուազն ռուսական փորձագիտական մակարդակով քննարկւում է հայկական կողմից տարածքային զիջումների եւ հակամարտութեան գօտում ռուսական խաղաղապահների տեղակայման հնարաւորութեան հարցը, եւ երբ շփման գծում լարուածութիւնն անշեղօրէն մեծանում է՝ իր հետ մեծացնելով նաեւ պատերազմի վերսկսման հաւանականութիւնը: Ո՛չ Ադրբեջանում եւ ոչ էլ Ռուսաստանում որեւէ մէկը չէր կասկածում, որ պատերազմի հնարաւոր վերսկսման դէպքում առաջիններից մէկը հէնց Հայրապետեանն էր իր ողջ ռեսուրսներով լծուելու Արցախի պաշտպանութեան գործին: Այսպէս, թէ այնպէս ստացւում է, որ փորձ է արւում չէզոքացնել հէնց դրա հնարաւորութիւնը՝ իւրօրինակ ուղերձ յղուելով նաեւ միւս ռուսահայ գործարարներին՝ թէ՛ կապիտալը Ռուսաստանից դուրս հանելու եւ թէ, առաւել եւս, դրանք ԼՂ պաշտպանութեանը նպատակաուղղելու հարցում զգուշանալու առումով:
Եթէ Հայրապետեանին կալանաւորելու իրական պատճառը թաքնուած է ԼՂ հակամարտութեան կարգաւորման շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներում, ապա չի կարելի է բացառել, որ դա տեղի է ունենում ռուս-ադրբեջանական պայմանաւորուածութիւնների շրջանակում, ինչն առայժմ վարկած է: Այս պարագայում հետաքրքրական է դառնում, թէ ինչ է պատրաստւում անել հայկական կողմը, պատրաստւո՞ւմ է, առհասարակ, որեւէ բան անել, եւ, ընդհանրապէս, ինչ որ բան անելը որքանո՞վ է նպատակայարմար այս պայմաններում: Սա չափազանց լուրջ եւ նուրբ խնդիր է, որը շօշափում է ոչ միայն Հայրապետեանին չվնասելու, այլեւ հայ-ռուսական յարաբերութիւններում լարուածութեան նոր օջախ չստեղծելու խնդիրը: Մանաւանդ, այս պահին որեւէ բան չի կարելի ասել՝ ինչ մտադրութիւններ ունի Մոսկուան՝ Հայրապետեանի ճակատագրի հետ կապուած: Թերեւս առաջին եւ հիմնական բանը, որ հիմա կարող է անել Երեւանը, հէնց այդ մտադրութիւնները պարզելը, ինչպէս նաեւ Հայրապետեանի մեկուսացման իրական նպատակները հասկանալն է: Հարցն այն է՝ գոնէ այդքանն անելու համարձակութիւն կարո՞ղ է իրեն թոյլ տալ Հայաստանի իշխանութիւնը, թէ ոչ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles