Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հող Չզիջելու Ժամանակը

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախեան հակամարտութիւնը կարգաւորելու համար գոյութիւն ունի չորս ճանապարհ. առաջին՝ նոր պատերազմ, երկրորդ՝ ներկայ ստատուս քուոյի պահպանում եւս տասնամեակներ, երրորդ՝ բանակցուած լուծում եւ չորրորդ՝ խաղաղութեան կամ լուծման պարտադրում:
Ընդհանրապէս, երբ միջազգային ընկերակցութիւնը կամ Արցախի հարցում մասնագիտացած եւ հիմնական միջնորդ ԵԱՀԿի Մինսկի խմբի եռանախագահութիւնը (Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Ֆրանսիա) խօսում են լուծման կամ կարգաւորման մասին, նկատի են ունենում մի փաստաթուղթ, որը ընդունելի կը լինի հակամարտութեան մէջ ներգրաւուած բոլոր կողմերի համար, եւ որի տակ կը լինի բոլոր կողմերի ստորագրութիւնը: 1994 թուականի մայիսեան անժամկէտ հրադադարի մասին փաստաթղթի տակ կայ երեք ստորագրութիւն՝ Հայաստան (Սերժ Սարգսեան), Լեռնային Ղարաբաղ (Սամուէլ Բաբայեան) եւ Ադրբեջան (Մամէտրաֆի Մամետով):
Քննենք վերոնշեալ բոլոր չորս տարբերակները:
Առաջինը նոր պատերազմի տարբերակն է: Մարդու իրաւունքների, մարդասիրութեան եւ բազմաթիւ այլ տեսանկիւններից նոր պատերազմը, որը հետեւողականօրէն քարոզում է Ադրբեջանը, լուծում չէ: Սակայն դա չի նշանակում, որ պատերազմով հարցեր չեն լուծում: Աւելի՛ն. շատ հարցեր լուծւում են հէնց պատերազմով: Երբ հակամարտութեան մէջ ներքաշուած կողմերը, առաջին հերթին՝ Ադրբեջանը, խօսում են նոր պատերազմի մասին, ապա պէտք է գիտակցեն, որ նոր պատերազմը կարող է բերել նոր ստատուս-քուոյի: Այստեղ մի կողմ թողնենք, թէ ինչ աւեր ու տառապանք կը բերի պատերազմը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին: Բայց երբ խօսք է բացւում նոր պատերազմի մասին, ապա պէտք է գիտակցել, որ նոր ստատուս-քուօն կարող է լինել անկանխատեսելի: Ներկայացնենք երեք հաւանական տարբերակ: Առաջին, Ադրբեջանը սկսում է նոր պատերազմ, սակայն դրանից որեւէ փոփոխութեան չեն ենթարկւում ո՛չ Հայաստան-Ադրբեջան սահմանները եւ ոչ էլ Արցախ-Ադրբեջան սահմանները կամ, ինչպէս ընդունուած է ասել միջազգային բառապաշարով, շփման գիծը: Այսինքն նոր պատերազմը չի փոխում ներկայ ստատուս-քուօն եւ միայն կողմերը կրում են աւերածութիւններ, տալիս հազարաւոր զոհեր ու վիրաւորներ:
Երկրորդ, նոր պատերազմում Ադրբեջանը պարտւում է, կորցնում նորանոր տարածքներ: Օրինակ, արցախեան զինուժը գրոհով վերցնում է Քուռ-Արաքսեան միջագետքը, այսպիսով՝ կիսում Ադրբեջանը: Եթէ 1994ի Մայիսին Ռուսաստանը պատերազմող կողմերին հրադադար չպարտադրէր, ապա մեծ էր հաւանականութիւնը, որ արցախեան ուժերը գրոհներով կը վերցնէին նոր շրջաններ եւ որպէս շփման գիծ՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ կը լինէին Քուռ եւ Արաքս գետերը: Բայց կայ նաեւ նոր պատերազմի երրորդ տարբերակը՝ Ադրբեջանը պատերազմում գրաւում է ոչ միայն Արցախը, այլ նաեւ՝ Զանգեզուրը, այսպիսով, փանթուրքական երազանքը դառնում է իրականութիւն: Ահա այս անկանխատեսելիութիւնն է նաեւ, որ հակամարտութեան կողմերին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, յետ է պահում եւ պէտք է յետ պահի նոր պատերազմի գայթակղութիւնից:
Արցախեան հակամարտութեան լուծման երկրորդ ճանապարհը ներկայ ստատուս քուոյի պահպանումն է եւս տասնամեակներ: Մի կողմ թողնելով, թէ ում համար է աշխատում ժամանակը, պէտք է նկատենք, որ եթէ ներկայ ստատուս քուօն բացարձակապէս անընդունելի է Ադրբեջանի համար, ապա լայն հաշուով այն ընդունելի է Հայաստանի եւ յատկապէս՝ Արցախի համար: Ի հարկէ, պէտք է հաշուի առնել, որ այս ստատուս քուոյի պայմաններում Հայաստանը եւ Արցախը շարունակում են մնալ շրջափակման պայմաններում, դուրս մնում տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերից, աւելի մեծ կախուածութեան մէջ ընկնում Ռուսաստանից, հայ-ադրբեջանական սահմանների վրայ դիպուկահարների կրակոցներից սպանւում են երիտասարդ տղաներ, սահմանամերձ գիւղի հայ հողագործը չի կարողանում հող մշակել, քանի որ կրակում են, նաեւ այդ պատճառով մարդիկ արտագաղթում են եւ այլն:
Եթէ արդէն աւելի քան 20 տարի ստատուս քուօն պահպանուել է, ապա պէտք չէ բացառել, որ այն կարող է պահպանուել եւս 20 կամ 50 տարի: Ի վերջոյ, սակայն, ներկայ ստատուս քուօն անընդունելի է լինելու Ադրբեջանի համար եւ պաշտօնական Բաքուն շարունակելու է սպառազինուել, կրակել ու գուցէ նաեւ՝ նոր պատերազմ սկսել, որի հաւանական երեք տարբերակների մասին խօսեցինք վերեւում:
Արցախեան հակամարտութեան լուծման երրորդ ճանապարհը բանակցուած լուծումն է, այն է՝ ներգրաւուած կողմերը սեղանի շուրջ գալիս են ընդհանուր յայտարարի, ստորագրում փաստաթուղթ եւ դրանում ամրագրուած կէտերը կեանքի կոչում: Սա լինելու է ցաւալի լուծում, քանի որ եթէ Բաքուն համաձայնուի ճանաչել Արցախի անկախութիւնը կամ նրա ինքնորոշման իրաւունքը, ապա դրա դիմաց պահանջելու է, որպէսզի Երեւանն ու Ստեփանակերտը զօրքերը դուրս բերեն այն շրջաններից (բացառութեամբ՝ Հայաստանն ու Արցախը միմեանց կապող միջանցքը), որոնք միջազգայնօրէն անուանւում են գրաւեալ, իսկ հայութեան բառապաշարով՝ ազատագրուած: Ի դէպ, Հայաստանի բոլոր երեք նախագահների եւ նրանց արտաքին գործերի նախարարների ժամանակ բանակցուել է հէնց նման տարբերակ, այն է՝ կարգավիճակի դիմաց տարածքներ: Բացէք 1997ի փաթեթային եւ փուլային, 1998ի ընդհանուր պետութիւն, 2001ի Քի Ուսթի եւ վերջին՝ Մատրիտեան կամ Նորացուած Մատրիտեան կոչուող փաստաթղթերը եւ կը համոզուէք դրանում:
Կայ նաեւ կարգաւորման չորրորդ ճանապարհը, որը մօտ է երրորդին: Դա այն տարբերակն է, երբ միջազգային հանրութիւնը՝ ի դէմս Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսիայի, ներգրաւուած կողմերին նստեցնում է բանակցային սեղանի շուրջ եւ պարտադրում փոխզիջումային որեւէ տարբերակ: Խաղաղութեան պարտադրման օրինակներ համաշխարհային պատմութեան մէջ բազմաթիւ են: Այսօր, անկասկած, դժուար է պատկերացնել, որ Մոսկուան, Փարիզը եւ Ուաշինկթընը խաղաղութիւն կը պարտադրեն Արցախի հարցում՝ հաշուի առնելով բազմաթիւ իրողութիւններ, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկայ լարուածութիւնն ու փոխադարձ անվստահութիւնը: Բայց եթէ պատկերացնենք, որ այնուամենայնիւ միջազգային հանրութիւնը լուծում է պարտադրում, ապա այդ լուծումը հաւանաբար կը լինի այն տարբերակներից մէկը, որոնց շուրջ բանակցել են հայերն ու ադրբեջանցիները՝ սկսած 1994ի հրադադարից:
Այսօր ստեղծուել է մի իրադրութիւն, երբ վերոնշեալ չորս ճանապարհներից երեքը, բացի ստատուս քուոյի պահպանումը, իրատեսական չեն: Խաղաղութեան համար անհրաժեշտ առաջին պայմանը միջավայրն է: Քանի դեռ շարունակւում է պատերազմի հռետորաբանութիւնն ու ատելութեան քարոզչութիւնը, կարգաւորման որեւէ տարբերակ ընդունելի չի լինելու: Եթէ հակամարտութեան կողմերը իրականում ուզում են յարատեւ խաղաղութիւն, լարուածութեան թուլացում, սպառազինութիւնների մրցավազքի դադարեցում, ապա նախ պէտք է վերջ տան պատերազմական հռետորաբանութեանը: Այն ժամանակ, երբ կողմերը կը սկսեն խօսել խաղաղութեան անհրաժեշտութիւնից եւ խաղաղութիւն քարոզեն, ահա դրանից յետոյ միայն հաւանական է ակնկալել փոխզիջումային լուծում: Բայց դրա համար պէտք է տարիների քրտնաջան աշխատանք, ինչը չկայ ու չի եղել:
Արցախեան հակամարտութեան փոխզիջումային լուծման համար անհրաժեշտ են երեք գործօնների միաժամանակեայ ներկայութիւն: Առաջին՝ հասարակութիւնները պէտք է պատրաստ լինեն խաղաղութեան, երկրորդ՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի իշխող վերնախաւերը պէտք է պատրաստ լինեն խաղաղութեան, ինչն առաջին հերթին նշանակում է քաղաքական խիզախութիւն, որովհետեւ փոխզիջում նշանակում է ցաւ եւ իշխանութիւնը կորցնելու լրջագոյն վտանգ, երրորդ՝ միջազգային հանրութիւնը, ներգրաւուելուց բացի, պէտք է պատրաստ լինի օժանդակելու խաղաղութեան պահպանմանն ու յարատեւմանը, ներդրումներ կատարի տարածաշրջանում:
Ինչպէս տեսնում ենք, արցախեան հակամարտութիւնը կարգաւորելու այսօրուայ հնարաւորութիւնները սահմանափակ են: Հետեւաբար, Միացեալ Նահանգների կամ արեւմտեան այլ տէրութիւնների նախազգուշացումները, թէ այսօրուայ ստատուս քուօն խիստ վտանգաւոր է, որ հայերը պէտք է տարածքներ զիջեն, հիմնաւորուած չեն: Հակառակը, այսօրուայ միջազգային ստեղծուած պայմաններում եթէ հայերը հող զիջեն, ապա դա կարող է ոչ թէ մօտեցնել խաղաղութեանը, այլ՝ պատերազմին:
Հող զիջելը եւս պէտք է լինի տրամաբանուած ու արդարացուած: Հո՞ղ ենք զիջում մի երկրի ու մի նախագահի, ով ամէն օր սպառնում է նոր պատերազմով, ադրբեջանական դրօշի ծածանում Շուշիի եւ Ստեփանակերտի վրայ: Հո՞ղ ենք զիջում մի երկրի, որը այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնը համարում է Արեւմտեան Ադրբեջան, իսկ Երեւանը՝ ադրբեջանական քաղաք:
Այսօր հող զիջելու վատագոյն ժամանակն է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles