ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Փորձե՞լ էք գործակցել հայկական կենտրոնների հետ, ձեր անհատական կամ հաւաքական միջոցառումները անցկացնելով այդ սրահներում:Շատ հաճելի է: Անշուշտ որ ձեռնարկը կարող ես անցկացնել հանրային գրադարանում, սրահում, լսարանում, սակայն նախընտրելի է օգտագործել հայկական սրահները, որպէսզի դրանք չմատնուեն անգործութեան: Թերեւս հանրային սրահներում հաւաքուելը ապահովում է չէզոքութիւն, սակայն կարելի է թօթափուած համարել այդ մտածելակերպը ու կապուել մեր կենտրոններին, որը որ լինի, եթէ վճարումներ են պէտք, կատարենք նրանց, ում որ լինի, նայած ձեռնարկի յարմարութեանը:
Շատ է պատահել, երբ Գլենդելի գրադարանում հաւաքուած ենք եղել, եւ կազմակերպիչները արագացրել են ներկաներին՝ ժամանակի սպառման պատճառով (չնայած դա երբեմն լաւ է երկար խօսողներին սթափեցնելու համար…):
Իսկ հայկական սրահում դու ազատ ես. այնտեղ կարող ես կատարել փորձերդ (անշուշտ ժամադրութեամբ), հանդիսութեան օրը՝ սկզբից եւ վերջից կարող ես ունենալ ժամանակի ոչ սահմանափակում (եթէ անմիջական ուրիշ միջոցառում չկայ):
Եթէ աշակերտական ձեռնարկ է, երեխաները զգում են հայկական կենտրոնի շունչը, եթէ մեծերի համար է, նրանք զգում են տան յարմարաւէտութիւնը, եթէ ոչ հայեր են, ծանօթանում են մեր պայմաններին եւ ուրիշ-ուրիշ այլ բարեմասնութիւններ:
Կարեւորը շէնքերը եւ կենտրոնները կառուցելն ու վերանորոգելը չէ միայն. դրանք մարդաշատ դարձնելն ու այնտեղ եռուզեռ ապահովելը հիմնական առաջնահերթութիւն է: