ԱՐՄԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի յայտնի յայտարարութիւնը ՄԱԿի կողմից ճանաչուած սահմաններով, այսինքն առանց ԼՂՀի, Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութեան հնարաւորութեան մասին, երկսայրի սրի էֆեկտ ունի:Մի կողմից այն ակնյայտ վիրաւորանք էր Հայաստանի հասցէին: Փաստօրէն Նազարբաեւը դիւանագիտական լեզուով ասաց, որ իր համար ելակետային նշանակութիւն ունի ոչ թէ Հայաստանի հետ այսպէս կոչուած ստրատեգիական համագործակցութիւնը ՀԱՊԿի շրջանակում, այլ Ադրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին ոչ մի կերպ չնեղացնելու հանգամանքը: Եւ դա արւում է մի պարագայում, երբ ԵՏՄի ստեղծման պայմանագիրը ստորագրելով Ռուսաստանի հետ՝ Ղազախստանը փաստացի ճանաչում է միջազգային հանրութեան կողմից «անեքսիա» (բռնակցում-Խմբ.) որակուած՝ Ղրիմի կցումը Ռուսաստանին: Ըստ էութեան՝ Ղազախստանը ոչ միայն երկակի ստանդարտներ է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ բացարձակապէս արհամարհելով նրա հետաքրքրութիւններն ու շահերը, այլ նաեւ ստանձնում է ԵՏՄում Ադրբեջանի փաստաբանի դերը:
Այս իմաստով Նազարբաեւի յայտարարութիւնն անձնական վիրաւորանք էր նաեւ Սերժ Սարգսեանի հասցէին: Նազարբաեւն աւելի արժեւորեց Ալիեւի նամակը՝ հարկ համարելով դրանից մէջբերումներ կատարելով հիմնաւորել ԵՏՄին Հայաստանի անդամակցութիւնը յետաձգելու եւ ԼՂՀից սահմանազատուելու իր պահանջը, քան Սերժ Սարգսեանի ֆիզիքական ներկայութիւնը գագաթաժողովին եւ հաւաստիացումը՝ ԵՏՄին հնարաւորինս շուտ անդամակցելու հարցում Հայաստանի շահագրգռութեան մասին:
Այս տեսակէտից Նազարբաեւի վերաբերմունքն ակնյայտօրէն հակադարձելու անհրաժեշտութիւն է առաջանում՝ առնուազն հայկական պետութեան արժանապատուութիւնը նրան յարգել ստիպելու նկատառումով: Բայց որպէսզի դա արուի, նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի՝ արտաքին դիւանագիտութեան համար պատասխանատու օղակներում վիրաւորուած եւ արժանապատուութիւնը ոտնահարուած լինելու զգացողութիւնը, ինչպէս նաեւ դրան հակադարձելու յստակ գիտակցումը լինի: Թէ որքանով են դրանք առկայ, պարզ կը դառնայ առաջիկայում, այն բանից, թէ արդեօք Երեւանը հարկ կը համարի՞ որեւէ ձեւով վերաբերմունք արտայայտել Նազարբաեւի յայտարարութիւններին:
Միւս կողմից, սակայն, Նազարբաեւը ինչ որ իմաստով ծառայութիւն է մատուցում Հայաստանին, այն էլ միանգամից մի քանի տեսանկիւնից: Նախ՝ Ալիեւի նամակը քաղաքական դիրքորոշման բանալի դարձնելու եւ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանազատման փաստացի խնդիր առաջադրելու միջոցով Նազարբաեւը վերացնում է Հայաստանին ուղղուած այն մեղադրանքները, թէ Ղարաբաղի խնդիրն առաջ քաշելով՝ Երեւանը պարզապէս փորձում է վիժեցնել եւրասիական տնտեսական միութեանը միանալու, առհասարակ պուտինեան նախագծերի մասը դառնալու հեռանկարը: Նման մեղադրանքները հնչում են յատկապէս Մոսկուայից՝ մերձիշխանական փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակներից: Դրանք տիպիկ ռուսական շովինիստական քարոզչութեան դրսեւորումներ են. չկարողանալով Հայաստանի անդամակցութեան նպատակայարմարութեան հարցում «ջարդել» Ղազախստանի եւ Բելառուսի դիմադրութիւնը՝ Մոսկուան քաւութեան նոխազ է դարձնում Հայաստանին՝ փորձելով նման մեղադրանքներ ներկայացնելով փրկել իր դէմքը եւ Երեւանին իր կրնկի տակ պահելու եւ ճնշումների ծաւալները մեծացնելու քաղաքական հիմքեր ստեղծել: Մոսկուայում կարծես թէ բացարձակապէս մոռացել են, որ մինչեւ վերջերս իրենք էին մեծ հիացմունքով հաստատում Մաքսային միութեանն անդամակցելուն ուղղուած «ճանապարհային քարտէսով» նախատեսուած միջոցառումներն իրագործելու հարցում Հայաստանի ցուցադրած գերազանցիկութիւնը: Ակնյայտ է, որ նման եղանակով Մոսկուան ձգտում է փակել եւրասիական ինտեգիացիայից ետ շրջուելու Հայաստանի ճանապարհը:
Եւ ահա այս տեսանկիւնից Նազարբաեւի պնդումներն ու յամառութիւնը իսկական նուէր են Երեւանին, քանի որ դրանում ուղղակիօրէն հաստատւում է, որ ԵՏՄին Հայաստանի անդամակցութեան հարցը «ջրելու» պատասխանատուն ոչ թէ կամ ոչ այնքան Երեւանն է, որքան առնուազն Աստանան եւ Մինսկը: Եւ սա այնպիսի մի փաստարկ է, որը Մոսկուան շրջանցել չի կարող եւ որն ամբողջութեամբ մերկացնում է ռուսական դիւանագիտութեան կոպալային (մահակային-Խմբ.), սապոգային (երկարաճիտ կօշիկի-Խմբ.) մեթոդների պերճանքն ու թշուառութիւնը:
Խնդրին այս տեսանկիւնից մօտանալու դէպքում նոյնիսկ կարելի է արդարացուած համարել Ալիեւի նամակը կարդալուց եւ ԵՏՄին Հայաստանի անդամակցութեան համար նախապայման առաջադրելու մասին Նազարբաեւի յայտարարութիւններին Սերժ Սարգսեանի կողմից անմիջապէս չհակադարձելու, չպատասխանելու կեցուածքը: Որովհետեւ այդ դէպքում իրավիճակը արտառոց լինելուց վերաճելու էր սկանդալայինի եւ առաջին պլանում անկասկած երեւալու էր հարցը սրելու հայկական կողմի շահագրգռութիւնը: Այդ դէպքում ռուսական փորձագէտները բոլոր հիմքերն ունենալու էին պնդելու համար, թէ Երեւանն ինքն է արհեստականօրէն խոչընդոտներ յարուցոմ ԵՏՄին իր միանալու հարցում:
Բայց խնդիրը միայն ռուսական մեղադրանքների տակից դուրս պրծնելը չէ: Իրականում Հայաստանի շահերից բացարձակապէս չի բխում ԵՏՄին միանալու պարտադրուած որոշումը՝ ոչ միայն ԼՂ չկարգաւորուած հիմնահարցի պատճառով, այլ նաեւ տնտեսական ու հասարակական ընդհանուր զարգացման, առաջընթացի հեռանկարների: Դա պարտադրուած ընտրութիւն է, իսկ այն, ինչ պարտադրուած է դրսից, չի կարող բնական եւ ներհասարակական պահանջների հետեւանք լինել: Հետեւաբար Ղազախստանը կարծես ակամայ ստանձնել է Հայաստանին այդ նէօսովետական հեռանկարից փրկելու առաքելութիւնը: Հէնց Աստանայի ու Մինսկի նման դիրքորոշման արդիւնքում է, որ չի յաջողւում Հայաստանին «բռնակցել» կամ «բերման ենթարկել» սկզբից Մաքսային միութիւն, այսօր արդէն, գոնէ առայժմ՝ Եւրասիական տնտեսական միութիւն: Բայց Մինսկն ու Աստանան ընդամէնը նախադրեալներն են ստեղծում, որից օգտուելու հմտութիւնը, ճկունութիւնը կախուած է բացառապէս Հայաստանից եւ այն հարցի պատասխանից, թէ որքանո՞վ են Հայաստանի իշխանութեան կոնիւկտուրային (իրադրութեամբ պայմանաւորուած Խմբ.), նեղ խմբակային կամ անձնական շահագրգռութիւնները համընկնում Եւրասիական հեռանկարը չէզոքացնելու հարցում հասարակական շահագրգռութեան ու տրամադրուածութեանը:
Ըստ էութեան՝ Հայաստանի կարճաժամկէտ նպատակը կարող է լինել աստիճանաբար չէզոքութեան հարթութիւն տեղափոխուելը՝ այսպէս կոչուած «ոչ եւրաասոցացում, ոչ եւրասիաասոցացում» բանաձեւին համաձայն: Դրա համար անհրաժեշտ է ընդամէնը Մոսկուային համոզել եւ հասկացնել, որ նախ՝ եւրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում Հայաստանի առջեւ խոչընդոտներն ի յայտ են գալիս Երեւանի կամքից անկախ եւ երկրորդ՝ որ եւրասիական ուղղութիւնից ակամայ հրաժարումը կամ դրա չստացուելը չի նշանակում ընկնել Եւրոպայի գիրկը: Սա չափազանց բարդ, ժամանակատար, բայց լուծելի դիւանագիտական խնդիր է: Եւ Ղազախստանը տալիս է այդ ժամանակը Երեւանին:
Երրորդ ծառայութիւնը, որը Ղազախստանը մատուցում է հայկական կողմին, այն է, որ ակամայ շեշտադրում է ԼՂՀի սուբյեկտայնութեան հանգամանքը: Խնդիրն այն է, որ ՄԱԿի սահմաններով ԵՏՄին անդամակցելու պահանջին կամայ թէ ակամայ համաձայնելով, ինչի մասին էր խօսում Աստանայում Սերժ Սարգսեանի լռութիւնը, Հայաստանը անուղակի հաստատում, իսկ ԵՏՄ անդամ երկրները վաւերացնում են, որ Հայաստանը բացարձակապէս ագրեսոր չէ եւ որ ԼՂ խնդիրը ոչ թէ տարածքային հարց է, այլ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման: Այսինքն Հայաստանը, զուտ դիւանագիտական եւ քաղաքական առումներով, ԼՂՀից սահմանազատուելու որեւէ խնդիր չունի: Աւելին՝ այն արդէն սահմանազատուած է ԼՂՀ սահմանադրութեամբ ամրագրուած յստակ սահմաններով:
Իսկ եթէ ընդհանրապէս մաքսակէտերի խնդիր է առաջ քաշւում, ապա նոյն Մինսկը եւ Աստանան պէտք է պատասխանեն այն հարցին, թէ ինչ սուբյեկտների միջեւ ընկած սահմաններին են դրուելու այդ մաքսակէտերը. Հայաստանի եւ ԼՂՀի՞, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի: Եթէ նկատի ունեն վերջինս, ապա պէտք է պատասխանեն նաեւ այն հարցին, թէ ինչպէ՞ս են պատկերացնում Ադրբեջանի հետ այդ հատուածում մաքսային յարաբերութիւնների կառուցումը, եթէ Բաքուն ընդհանրապէս այդ տարածքները չի վերահսկում եւ չի կարող վերահսկել: Այդ դէպքում միակ լուծումը մնում է իրենց կողմից Հայաստան-ԼՂՀ սահմանակէտերով ապրանքաշրջանառութիւն չիրականացնելը, որը ենթադրում է, որ կամ պէտք է Հայաստանին եւս արգելեն դա անել, ինչը գործնականում հնարաւոր չէ, կամ թոյլ տան, որ Երեւանը Ստեփանակերտի հետ կառուցի իւրատեսակ նոր մաքսային ու տնետսական յարաբերութիւններ:
Իսկ դա նշանակում է մի կողմից դրդել Հայաստանին առնուազն այդ ոլորտների շրջանակում վերաճանաչել ԼՂՀի ինքնիշխանութիւնը, միւս կողմից՝ ճանաչել Հայաստան-ԼՂՀ այդ առանձնայատուկ յարաբերութիւնները, այսինքն ակամայ ճանաչել ԼՂՀին որպէս սուբյեկտ: Դրան ԵՏՄ անդամ պետութիւնները հիմա չեն գնայ, ինչը նշանակում է, որ մնում է երկու հնարաւոր տարբերակ: Կամ Հայաստանը դէ իւրէ եւ դէ ֆակտօ, իսկ ԼՂՀն դէ ֆակտօ անդամակցում են ԵՏՄին, այնքանով, որքանով Հայաստանը եւ ԼՂՀն ընդհանուր եւ անքակտելի տնտեսաքաղաքական տարածքի մասեր են: Եւ Աստանան ու Մինսկը համակերպւում են այդ իրողութեան հետ, կամ որ աւելի իրատեսական է՝ Հայաստանը ԵՏՄին չի անդամացկում ընդհանրապէս՝ Ալիեւին չգրգռելու, Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի ամբիցիաները բաւարարելու համար եւ սկսում է դէպի ինտեգրացիոն չէզոքութիւն գնալու նոր պրոցես: