Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայաստանը Միւս Ա՞յտն Էլ Դէմ Կը Տայ Նազարբաեւին

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի նիստում նախօրէին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի արած յայտարարութիւնն այն մասին, թէ Հայաստանը կարող է Եւրասիական տնտեսական միութեանը միանալ միայն ՄԱԿի կողմից ճանաչուած սահմաններով, ինքնին որեւէ տարօրինակ կամ սենսացիոն բան չի պարունակում:
Ղազախստանն ինքն այդ միութեանը միացել է ՄԱԿի կողմից ճանաչուած սահմաններով: Գուցէ ճիշդ կը լինէր, եթէ Սերժ Սարգսեանին դիմելուց առաջ Նազարբաեւը նմանատիպ ռեպլիկ յղեր Վլադիմիր Պուտինին՝ կապուած Ղրիմի հիմնահարցի հետ: Բայց այնքանով, որքանով Նազարբաեւը Պուտինի հետ ստորագրեց ԵՏՄն ձեւաւորելու մասին պայմանագիրը, նա ճանաչեց Ղրիմի կցումը Ռուսաստանին:
Տարօրինակը, իսկ աւելի ճիշդ վիրաւորականը ոչ թէ այն է, որ Հայաստանին ընդհանրապէս ինչ որ բաներ են յիշեցնում, այլ այն, որ դա անում է մի երկրի նախագահ, որի հետ Հայաստանն ընդգրկուած է միջազգային անվտանգութեան նոյն համակարգում՝ տուեալ դէպքում ՀԱՊԿում: Սա պէտք է ենթադրեր ոչ միայն տարրական յարգանք գործընկեր պետութեան նկատմամբ, այլեւ միմեանց շահերի յստակ գիտակցում, յարգում եւ պաշտպանում, անկախ նրանից՝ այդ երկրները յարաբերւում են ՀԱՊԿի շրջանակում թէ որեւէ այլ ձեւաչափում: Նազարբաեւը պարզ հասկացնել տուեց, որ չի յարգում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ նրա նախագահին:
Առաջին հերթին Նազարբաեւը Սերժ Սարգսեանին Հայաստանի եւ ԼՂի միջեւ սահմանի մասին յիշեցրեց փաստացի որպէս ԵՏՄի համահիմնադիր անդամ, որը կարող է ինչ որ պայմաններ առաջադրել կազմակերպութեանը միանալու յայտ ներկայացնող, իսկ մեր դէպքում՝ եւրասիական ինտեգրման պրոյեկտների ետեւից քարշ եկող նորեկներին: Ըստ այդմ՝ նա Սերժ Սարգսեանին հասկացրեց, որ ԵՏՄի շրջանակում Հայաստանին վերաբերւում է ոչ թէ որպէս հաւասարը հաւասարի, այլ իբրեւ հէնց իրենց եռեակի ետեւից քարշ եկող ինչ որ սուբյեկտի:
Երկրորդ՝ Նազարբաեւը շատ պարզ հասկացրեց, որ իր համար Հայաստանի՝ որպէս ՀԱՊԿի անդամ երկրի շահ գոյութիւն չունի: Եւ, առհասարակ, գոյութիւն չունի ՀԱՊԿ ընդհանուր շահ հասկացութիւն: ՀԱՊԿում բոլոր անդամ երկրները վաղուց բացառապէս իրենց մասնաւոր շահերին են հետամուտ: Միւս գործընկեր երկրները նրանց պէտք են այնքանով, որքանով կարող են նպաստել մասնաւոր այդ շահերի պաշտպանութեանը: Այնտեղ ո՛չ ընդհանուր արժէքներ կան, ո՛չ աշխարհայեացքային ընդհանուր ընկալումներ ու ոչ էլ աւանդոյթներ:
Ղազախստանը Հայաստանի հետ քաղաքական եւ աշխարհաքաղաքական որեւէ կէտում որեւէ ընդհանուր բան չունի եւ պարբերաբար հաստատում է, որ Հայաստանն իր համար ոչ թէ իրական կամ պոտենցիալ գործընկեր է, այլ բորբոքուած կոյրաղիք: Հէնց այսպիսի ընկալումն է թոյլ տալիս Նազարբաեւին ԵՏՄին Հայաստանի միանալու հետ կապուած իր վերապահումները հիմնաւորել, ոչ աւելի, ոչ պակաս, Ադրբեջանի նախագահի ինչ որ նամակով: Մի երկրի, որը ոչ միայն ՀԱՊԿի անդամ չէ, այլեւ գոնէ այս պահին ընդհանրապէս ցանկութիւն չունի մտածելու եւրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու հնարաւորութեան մասին (այդ մասին պաշտօնապէս էլ հաստատուեց այսօր) եւ գտնւում է քաղաքական եւ արժէքային բոլորովին այլ հարթակում:
Նազարբաեւը բացէ ի բաց յայտարարում է, որ Հայաստանի եւրասիաինտեգրացիոն ձգտումների ու պրոցեսների շրջանակում ինքը խաղալու է Ադրբեջանի եւ Ալիեւի խաղը եւ պաշտպանելու է մի երկրի շահը, որը պատերազմի մէջ է գտնւում ՀԱՊԿ շրջանակում իր «ստրատեգիական գործընկերը» հանդիսացող երկրի հետ:
Բայց սա զուտ էթիկական, բարոյական նշանակութեան ապտակ չէ Երեւանին, այլեւ կոնկրետ հարուած թիկունքից: Սկսած նախորդ տարուայ Սեպտեմբերի 3ից, երբ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց Մաքսային միութեանը միանալու ուղեգիծն ընտրելու մասին, Նազարբաեւը որդեգրել է ակնյայտ հակահայկական քաղաքականութիւն եւ ցանկացած եղանակով արգելակում է Հայաստանի միացումը՝ սկզբից Մաքսային միութեանը, հիմա էլ՝ Եւրասիական տնտեսական միութեանը: Եւ քանի որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարողանում Հայաստանի համար յաղթահարել ղազախաբելառուսական այս պատնէշը, Հայաստանը դառնում է ռուս-ղազախա-բելառուսական եռեակի շարունակական մանեւրների գերին՝ մի կողմից հնարաւորութիւն չունենալով լիարժէք ինտեգրուելու (ներգրաւուելու-Խմբ.) այդ նախագծերում, միւս կողմից՝ Ռուսաստանի կողմից զրկուած լինելով յետ շրջուելու եւ նոյնիսկ բացարձակապէս չէզոք դիրք գրաւելու իրաւունքից:
Այսպիսով՝ Ղազախստանը Հայաստանին ենթարկում է քաղաքական եւ դիւանագիտական բլոկադայի՝ յաջողութեամբ զարգացնելով Ադրբեջանի շրջափակման քաղաքականութիւնը: Ի հարկէ, սա ինչ որ իմաստով կարող է օգտակար լինել Երեւանի համար, քանի որ, կամայ թէ ակամայ, վիժեցնում է Հայաստանի եւրասիական ստիպողական ինտեգրացիան եւ ապագայի համար դրանից հրաժարուելու քաղաքական կապիտալ ապահովում: Բայց խնդիրը ոչ թէ տեղի ունեցողի, այսպէս կոչուած, երկրորդական էֆեկտի մէջ է, այլ այն մեթոդների, որոնք կիրառւում են: Արժանապատուութիւն եւ ինքնայարգանք ունեցող որեւէ երկիր Ղազախստանի այսպիսի պահուածքն անպատասխան թողնել չի կարող:
Սերժ Սարգսեանը, գուցէ չէր կարող հէնց տեղում պատասխանել իրեն փաստացի «նամակային» նուաստացման ենթարկելու Նազարբաեւի քայլին: Դա կը լինէր պատասխան կոնկրետ այդ դրուագին: Բայց գործ ունենք ԵՏՄ անդամ երկրների պետական քաղաքականութեան հետ, հետեւաբար՝ դրա պատասխանը եւս պէտք է լինի պետական մակարդակով: Նախորդ ամիս Մոսկուայում կայացած՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսեանը կոշտ ելոյթ ունեցաւ կազմակերպութեան անդամ երկրների շահերը միջազգային յարաբերութիւններում պաշտպանելու անհրաժեշտութեան մասին: «Ես կարծում եմ, որ մենք պէտք է խստօրէն պայմանաւորուենք մեր արտաքին քաղաքականութեանը վերաբերող գործողութիւնների համակարգման հետ կապուած, քանի որ փոքր ինչ տարօրինակ է ստացւում…», յայտարարել էր նախագահը: Սա նրա կողմից նմանատիպ արդէն երրորդ, թէ չորրորդ յայտարարութիւնն էր, որը, ինչպէս նախորդ բոլոր դէպքերում, փաստօրէն, կրկին տեղ չի հասել:
Հայաստանին պարզապէս բանի տեղ չեն դնում, լուրջ չեն վերաբերւում, որովհետեւ Հայաստանն ինքն իր հեղինակութեանը, միջազգային վարկին լուրջ չի մօտենում, որովհետեւ այդ յայտարարութիւնների յետեւում որեւէ գործողութիւն, քայլ, նախաձեռնութիւն պարզապէս չկայ: Արդէն տարիներ շարունակ Երեւանն իրականացնում է, բառի բուն իմաստով, անողնաշար ու անսկզբունքային արտաքին քաղաքականութիւն, որի ողջ իմաստը միմիայն միջազգային հանրութեան, ուժային կենտրոնների տրամադրութիւններին համահունչ գործելն է: Եթէ Երեւանը նաեւ այս թուքը կուլ տուեց, ուրեմն՝ գործ ունենք ոչ թէ պետութեան, այլ փափկամորթ ինչ որ երեւոյթի հետ:

Գէորգ Աղաբաբեան «Երկիր»ի աշխատակից է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles