ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Երբ մեր հարեւան Լուսիկի աղջիկներին գալիս էին ուզելու, Լուսիկը մեր տնից չեխական ու գերմանական սպասք էր տանում՝ յարդարելու սեղանն ու զարմացնելու
ենթադրեալ խնամիներին: Հօրս ոչ քիչ փողերի մի մասը սպասք էր դարձել, լցուել ռումինական կահոյքի հնարաւոր բոլոր դարակների մէջ ու վրայ: Անտարբեր, մի քիչ էլ միամիտ հօրս ֆռացնելը դժուար չէր, ու մօրս հեշտից էլ հեշտ էր թէյի նոյն բաժակները կամ սկուտեղը մի քանի անգամ հօրս վրայ վաճառելը: Բայց, կարծեմ, հայրս գլխի էր ընկնում, պարզապէս խօսելու յաւէս չունէր, ու, երբ մայրս բաց տեքստով էր փող ուզում, հայրս՝ իբրեւ թէ վրէժը լուծած համարելով, բռնացնում էր պահն ու ասում՝ «էն ցրած փողերը ծախսի»: Մնացածը կարեւոր չէր: Մենք, ի հարկէ, նաեւ այդ օրերի համար խիստ նշանային, ընտիր գրադարան ունէինք՝ համաշխարհային գրականութեան ու հայ դասականների գոյնզգոյն մատենաշարերի երկարաձիգ շարքերով ու նաեւ «Ցիմերման» դաշնամուր: Բայց այս պատմութիւնն այնքան էլ մեր մասին չէ:Մեր հարեւան Լուսիկը մեր տնից նոյնիսկ կահոյքի փոքր կտորներ էր տանում ու ձեւաւորում դեղատնային մաքրութեամբ ու խորհրդային ինժեների սակաւութեամբ փայլող իր բնակարանը: Լուսիկը հրաշալի տնտեսուհի էր՝ փոշին օդի միջից էր բռնում, ու ենթադրեալ խնամիները զարմանում էին ոչ միայն նրա մաքրութեամբ, անակնկալի գալիս նրա սպասքից ու կահոյքից, նաեւ՝ տարաշխարհիկ ճաշատեսակներից: Լուսիկն էդ ճաշատեսակների նկարները «Նաշ դոմ» (Մեր տունը- ռուս.) ամսագրում էր տեսել: Ես ու մեր մուտքի բոլոր հարեւանները մտածում էինք, որ այդ ամէնից Լուսիկի աղջիկներն աւելի սիրուն են դառնում ու ենթադրաբար՝ երջանիկ…
Ես, ի հարկէ միշտ զարմանում էի, անհանգստանում ու նոյնիսկ տագնապում՝ բա՞ որ մի օր Լուսիկը մօրս պէս «բռնուի»՝ խնամիները յանկարծակի գան ու էդ սպասքը չտեսնեն… Բայց այդ պահին առաջին գծում տպաւորութիւն թողնելն էր ու Լուսիկի աղջիկների ենթադրելի երջանկութիւնը: Ես սիրում էի Լուսիկին, Լուսիկն անհամբերիս համար մէկ օրում ամառային ռոմանտիկ զգեստներ էր կարում, ու ես վայելում էի ոչ սովորական հագուստ ունենալու հաճոյքը: Հինգ յարկանի, սովետական շէնքի մեր մուտքում բոլորն էին սիրում իրար, մեր դռները երբեք չէին փակւում, ու միմեանց ոչ միայն սպասք ու կահոյքի կտոր էին տալիս, այլեւ նոր թխած փախլաւայից կամ դեռ եռը չդադարած ու իր թանձր բոյրով ողջ մուտքը գրաւած տոլմայից էին բաժին հանում: Մենք սիրում էինք իրար ու հաւատում ենթադրելի երջանկութեանը…
Հիմա, շատ տարիներ անց, արդէն երրորդ տարին է ապրում եմ Երեւանի հինգյարկանի շէնքերից մէկում, որի մուտքից տոլմայի հոտ երբեք չի գալիս… ազնիւ խօսք… իսկ մարդիկ չեն բարեւում միմեանց: Այնուամենայնիւ, ես դեռ հաւատում եմ ենթադրելի երջանկութեանը, թէեւ այս պատմութիւնը բոլորովին էլ իմ մասին չէ:
Ես այս պատմութիւնը յիշեցի, երբ երկրիս նախագահը Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր Մաշտոցի պուրակ՝ մայրաքաղաքի ամենազուարթ, կոկիկ ու յարդարուած պուրակը Միսաք Մանուշեանի անունով անուանակոչելու: Հոլանտը գուցէ եւ անակնկալի եկաւ, հաճելիօրէն շոյուեց աչքն այդ վճիտ օազիսով, ու նրա մտքով իսկ չանցաւ, թէ տեղական անկշտումների ճանկերից ինչ աներեւակայելի ճիգով է փրկուել պուրակը, ուր ընդամէնը երեք տարի առաջ Բաստիլի գրաւմանը համազօր ճիգ էր թափել՝ իսկական պաշարումով, յեղափոխական երգերով ու տեղը տեղին գրաւումով՝ համոզելու տարբեր ախորժակի պաշտօնեաների, որ այսպէս աւելի սիրուն է ու ենթադրաբար՝ երջանիկ: Հոլանտը ժամանակ, իսկ աւելի ճիշդ՝ հաւես չունի գլխի ընկնելու, որ քիչ հեռուում հին Երեւան յիշեցնող շինութիւնն ընդամէնը դեկոր է, զարմացնելուն ուղղուած պաստառ՝ յետեւում լքուած երջանկութեան ուրուականով: Բայց ես անհանգիստ չեմ, ոչ էլ տագնապած. բոլորովին հակառակը՝ պաստառների թիկունքում պատսպարուած ու հիւծուած շէնքերն հիմա ապահով են. մեր բարեկամ Հոլանտն արդէն տեսել է, եւ ուզեն թէ ոչ, պիտի վերականգնեն, որպէսզի, եթէ մի օր Հոլանտը կամ մեր ենթադրեալ բարեկամ Ֆրանսիայի այլ նախագահ գայ Երեւան, չբռնուեն՝ պուրակն ու շէնքերը տեղում կը լինեն:
Բայց այս պատմութիւնը բոլորովին էլ Հին Երեւանի մասին չէ:
Հոլանտին, ինձ ու շատ շատերին հաստատ ցաւացնելու չափ զարմացրեց մէկ այլ բան. «պայքարողների» այն խումբը, որն աղմուկ-աղաղակով ընդվզում էր պուրակը Միսաք Մանուշեանի անունով անուանակոչելու դէմ:
Իսկ 1944թ. Փետրուարի 21ին, մահապատժին սպասելիս Մանուշեանն համոզուած էր, որ արժէ մեռնել խաղաղութեան ու ազատութեան համար, նա նաեւ համոզուած էր, որ ազատութեան համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել պատուեն իր յիշատակը:
«Պլեզանս փողոցի մեր տանը՝ ճամպրուկում 15 հազար ֆրանկ կայ, եթէ կարող ես վճարիր պարտքերս, իսկ մնացածը նուիրիր ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»: Սրանք էին 38 տարեկանում կեանքից անորդի հեռացող բանաստեղծի, ենթադրեալ սիրոյ ու երջանկութեան մարտիկի վերջին տողերն՝ ուղղուած պաշտելի կնոջը, Մելինէին: