ՄՈՒՇԵՂ ԱՍԱՏՐԵԱՆ
Տասնամեակներ էկրաններից չիջնող Մերձաւոր Արեւելքն այժմ՝ առաւել, քան երբեւէ՝ նորութիւնների կիզակէտում է: Պատճառները տարբեր են՝ Եգիպտական յեղափոխութիւն, Թունիս, Բահրէյնում շիա փոքրամասնութեան ճնշումները, Իրանի նախկին նախագահի վիճարկուած ու ներկայ նախագահի սպասուած ընտրութիւնները եւ այլն: Այս հակամարտութիւններից ամենաերկարն ու թերեւս ամենաթէժը՝ Սիրիայում արդէն երկու տարուց աւել չվերջացող պատերազմն է՝ Սիրիայի կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջեւ: Թէ ովքեր են ապստամբ ուժերը միանշանակ պատասխան տալը դժուար է: Ոմանք Սիրիայի աշխարհիկ քաղաքացիներ են, ովքեր, յոգնած Ասադների ռեժիմից, ձգտում են դեմոկրատական կարգերի: Ոմանք, աւաղ, սուննի ծայրահեղականներ են, որոնք, նոյնպէս Ասադներից յոգնած, փորձում են հաստատել իսլամական կարգեր, իւրաքանչիւր փոքրամասնութեան դիտելով որպէս թշնամիներ ու առատօրէն թափելով նրանց արիւնը:
Ասադներին, ի հարկէ, բոլորը գիտեն, թէ նրանք ինչ կրօնական խմբի են պատկանում: Կամ գոնէ գիտեն այդ կրօնական խմբի անուանումը՝ «ալաւիներ» (ար.՝ ալաուիյուն): Ովքե՞ր են այդ ալաւիները, որտեղի՞ց են ծագում, ի՞նչ կրօնական հաւատալիքներ ունեն ու ինչպէ՞ս եկան իշխանութեան: Վերջապէս՝ ի՞նչ կը լինի նրանց հետ՝ պատերազմում պարտութեան (կամ յաղթանակի) դէպքում: Ստորեւ փորձեմ ամփոփ կերպով տալ այս հարցերի պատասխանները:
Մ.թ. ութերորդ դարում իսլամում սկսում է ձեւաւորուել շիականութիւնը, որպէս առանձին կրօնական (ու քաղաքական) հոսանք: Շիաների դաւանանքի հիմնական առանձնակատկութիւնն՝ ի տարբերութիւն այլ մուսուլմանների, այն էր, որ ըստ նրանց՝ Աստուած մարդկութեան առաջնորդ է նշանակել Մուհամմադ մարգարէի եղբօրորդի Ալիին ու նրա յետնորդներին: Ալին ու իր տասնմէկ յետնորդները կոչուեցին «իմամներ», ու նրանց էութիւնն ու նրանց՝ Աստծոյ կողմից նշանակեալ լինելը տեղի են տալիս բազմաթիւ մեկնաբանութիւնների, որի հետեւանքով շիականութեան ներսում առաջանում են զանազան հոսանքներ:
Ութերորդ դարում Իրաքում տեղի ունեցող կրօնական այս հակասութեան հիմնական երկու կողմերն էին նրանք, ովքեր հաւատում էին, որ իմամները կիսաստուած են կամ Աստծոյ մարմնաւորումը երկրի վրայ՝ օժտուած գերբնական ուժով. միւս կողմից՝ նրանք, ովքեր պնդում էին, որ իմամները հասարակ մահկանացուներ են, չունեն գերբնական յատկանիշներ ու, քաւ լիցի, Աստծոյ մարմնաւորումը չեն: Ըստ վերջինների՝ իմամները պարզապէս բարեպաշտ ու գիտակ մարդիկ էին, ովքեր Աստծոյ կողմից նշանակուել էին, որպէս մարդկութեան կրօնական (իսկ ըստ ոմանց՝ քաղաքական) առաջնորդներ: Առաջին խումբը, որը փոքրամասնութիւն էր, հակառակորդների կողմից կոչուեց «ծայրահեղականներ» (արաբերէն՝ ղուլաթ) արհամարհական եզրով՝ իմամների մասին իրենց «ծայրայեղ» պատկերացումների պատճառով:
Երկու ճամբարների միջեւ յարաբերութիւնները սկզբում խաղաղ էին, սակայն իններորդ դարի կէսերին սկսւում են սրուել: «Չափաւոր» շիաները «ծայրահեղականներին» փորձում են պիտակել, որպէս անհաւատ «հերետիկոսներ» ու ձգտում են նրանց դուրս մղել ասպարէզից: Այս շրջանում է հէնց «չափաւոր» շիականութիւնը սկսում բիւրեղանալ ու աստիճանաբար ձեւաւորել տասներկուիմամական ուղղութիւնը: Յետագայում այն պիտի դառնայ շիականութեան հիմնական՝ «ուղղահաւատ» տարբերակը, մնացածները հռչակելով, որպէս ճիշդ հաւատից դուրս:
Իններորդ դարի վերջում «ծայրայեղ» շիաների առաջնորդն էր Մուհամմադ իբն Նուսայրը՝ քաղաքական մեծ յաւակնութիւններ ունեցող մէկը: Նրա անունով՝ «ծայրահեղականների» մի խումբ ստանում է «նուսայրիներ» անուանումը: Այս նուսայրիներն էլ հէնց հանդիսանում են այն կրօնական աղանդը, որը քսաներորդ դարում պիտի ընդունէր «ալաւի» անուանումը (առաջին շիական իմամ Ալիի պատուին) ու Սիրիայում հասնէր քաղաքական իշխանութեան:
Տասներկուիմամականների ճն-շումների հետեւանքով՝ նուսայրիները տասներորդ դարի սկզբներին տեղափոխւում են աւելի հանդուրժող Սիրիա: Այն գտնւում էր Համդանի հարստութեան իշխանութեան տակ, որի առաջնորդ Սայֆ ալ-Դաուլան շիա էր, եւ որի պալատը վերածուել էր արուեստի, գրականութեան ու գիտութեան կենտրոնի, հիւրընկալելով բազմաթիւ յայտնի բանաստեղծների ու մտածողների: Նուսայրիների առաջնորդ Հուսայն Իբն Համդան ալ-Խասիբին դառնում է Սայֆ ալ-Դաուլայի պալատական հաւաքների ցանկալի հիւրն ու վերջինիս մի ամբողջ գիրք է ձօնում: Համդանիների օրօք Նուսայրի բազմաթիւ հեղինակներ ակտիւ գրական գործունէութիւն են ծաւալում՝ ստեղծելով հարուստ կրօնական գրականութիւն: Համդանիների անկումից յետոյ՝ Սիրիան անցնում է Եգիպտոսում իշխող Ֆատիմեան խալիֆայութեան ազդեցութեան տակ, սակայն վերջիններիս հանդուրժող քաղաքականութեան շնորհիւ նուսայրիների դրութիւնը որոշ ժամանակ մնում է հաստատուն: Աւելի ուշ, սակայն, նրանց կիսարտօնեալ վիճակը վերանում է, ու յետագայ մի քանի դարի ընթացքում նուսայրիները բազմաթիւ հալածանքների են ենթարկւում, մնալով փակ, գաղտնապահ համայնք: Միջին դարերում նրանց հետապնդում են հզօրացած իսմայիլիները, իսկ սուննի աստուածաբանները նրանց՝ որպէս «հերետիկոսների» դէմ կրօնական հրովարտակներ են արձակում:
Նուսայրիները ստեղծում են իւրայատուկ աստուածաբանութիւն՝ հիմնուելով ծայրայեղ շիաների կրօնական ժառանգութեան վրայ: Նրանց դաւանանքի հիմնաքարերն են՝ աստուածային երրորդութիւնը, Աստծոյ՝ մարդկային կերպարանք առնելը, եւ պատմութեան՝ եօթ փուլերից կազմուած լինելը: Աստուած, ըստ նուսայրիների, երրորդութիւն է՝ բաղկացած երեք անձից: Դրանցից բարձրագոյնի անունն է «Իմաստ» (արաբերեն՝ մա՛նա), իսկ միւս երկուսինը՝ նրա մարմնաւորումներինը (էմանացիաներ)՝ Անուն (ար.՝ իսմ), որին երբեմն անուանում են Քօղ (ար.՝ հիջաբ), եւ Դուռ (ար.՝ բաբ): Իմաստը կատարելապէս անճանաչելի ու աներեւոյթ է, եւ նիւթեղէն աշխարհի ու մարդկանց հետ նրա կապն ապահովում է Դուռը (որտեղից էլ նրա այդ անուանումը), մինչդեռ Քօղը նրան քօղարկում է անարժաններից:
Ըստ նուսայրիների՝ Աստուած՝ մահկանացուներին երեւան գալու համար կարող է մարդկային կերպարանք առնել: Ցայսօր նա աշխարհին ի յայտ է եկել շիական իմամների, Մուհամմադ մարգարէի, նրա յայտնի հետեւորդ Սալման ալ-Ֆարիսիի եւ այլոց տեսքով: Պատմութիւնն, ըստ նուսայրի հեղինակների, բաղկացած է եօթ փուլերից (արաբերէն՝ կուբբա, բառացիօրէն՝ «գմբէթ»), որոնցից իւրաքանչիւրը կոչւում է հին կտակարանային կամ իսլամական որեւէ կերպարի անունով: Ներկայ փուլը կոչւում է Մուհամմադ մարգարէի անունով (ալ-կուբբա ալ-մուհամմադիյա): Այս փուլի վերջում իմամ Ալին հաւատացեալների հոգիները պիտի փրկի նիւթեղէն խաւար աշխարհից, դրանք վերադարձնելով Աստոյ լուսաւոր թագաւորութիւնը:
Չնայած իսլամի (յատկապէս՝ շիականութեան) հետ ունեցած ընդհանուր տարրերին, նուսայրիների շատ հաւատալիքներ մուսուլմանների մեծամասնութեան համար անընդունելի են եղել: Ուստի՝ դարերի ընթացքում ալաւիները հալածուել են, ստիպուած լինելով իրենց դաւանանքը պահել գաղտնիութեան քօղի ներքոյ, այն դարձնելով իրենց համայնքի պատկանելութեան նախապայմաններից մէկը:
Քսաներորդ դարի սկզբից ուղղութեան հետեւորդները սկսեցին իրենց կոչել «ալաւիներ»՝ առաջին իմամ Ալի իբն Աբի Տալիբի հետ իրենց կապն ընդգծելու նպատակով: Առաջին աշխարհամարտից յետոյ՝ ճակատագիրը կարծես թէ նրանց ժպտում է: Ֆրանսիական մանդատի ժամանակ ֆրանսիացիները մեծ թուով ալաւիներ են ընդգրկում սիրիական բանակում, նրանց տալով ռազմական առաւելութիւն, ինչի արդիւնքում էլ 1970 թուին նրանց յաջողւում է երկրում իշխանութիւնը վերցնել իրենց ձեռքը: Մինչ օրս նրանք երկրի իշխող փոքրամասնութիւնն են:
Ի՞նչ է ալաւիների յետագայ ճակարագիրը: Դժուար է այս հարցին միանշանակ պատասխանել: Սիրիայում՝ Ասադի ու ընդդիմութեան միջեւ արդէն երկու տարի տեւող ռազմական գործողութիւնների ելքը վճռական կը լինի նրանց ապագայի համար: Սակայն որն էլ լինի պատերազմի ելքը՝ իշխող ռեժիմի յաղթանակ ու հզօրացում, թէ դրա անկում ու ընդդիմութեան իշխանութեան գալը, բնակչութեան մեծամասնութիւն կազմող սուննի մահմեդականների ու նրանց միջեւ սոցիալական անդունդը էլ աւելի պիտի խորանայ:
Եթէ Ասադը մնայ ու կարողանայ ընդդիմութիւնը ճնշել, այլ մահմեդականների (եւ ոչ միայն՝ ծայրահեղական իսլամիստների, այլեւ աշխարհիկ ընդդիմադիրների) աչքում նրա ռեժիմի հետ ալաւիների նոյնացումն աւելի կը լարի նրանց եւ սուննիների միջեւ յարաբերութիւնները: Այս տարիների ընթացքում թափուած արիւնը մոռանալու համար սերունդներ կը պահանջուեն, իսկ կրօնական պատկանելութիւնը՝ ալաւիների ու այլ մահմեդականների միջեւ եղած իրական թէ երեւակայելի տարբերութիւններն էլ աւելի կը սրի: Ընդդիմութեան շարքերում իսլամական ծայրահեղականների առկայութիւնն ալաւիների դրութիւնն ակնյայտօրէն վտանգաւոր ու յեղյեղուկ կը դարձնի. ծայրահեղականների ձեռքից արդէն իսկ տուժել են բազմաթիւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւններ, այդ թւու՝ հայեր: Չի բացառւում, որ պարտութեան դէպքում՝ սուննի ծայրահեղականների վրիժառութիւնից փախչելու նպատակով, ալաւիների մեծ գաղթ սկսուի Իրան ու Լիբանան: Երկու պետութիւններում էլ (առաջինու՝ պաշտօնապէս, վերջինում՝ փաստացի) իշխանութիւնը գտնւում է շիաների ձեռքում, եւ չնայած վերջինների հետ ունեցած դաւանական տարբերութիւններին, ալաւիները՝ առաւել քան իսլամի որեւէ այլ ուղղութեան՝ կարող են նոյնացուել շիաների հետ:
Ասադի յաղթանակը, թէեւ պահպանելով ալաւիների արտօնեալ դիրքը, բնականաբար, չի կարող մեղմել լարուածութիւնը նրանց ու մեծամասնութիւն կազմող սուննիների միջեւ: Տարածաշրջանում շիական ազդեցութիւնը պահպանել ձգտող Իրանն ու Հեզբոլլան շահագրգռուած կը լինեն սատարել նրա ռեժիմին: Իսկ թէ որքան կը յաջողուի նրանց իշխանութիւն պահպանել, կախուած է բազմաթիւ քաղաքական ու տնտեսական գործօններից:
ՄՈՒՇԵՂ ԱՍԱՏՐԵԱՆ,
Իսլամագիտութեան դոկտոր,
Հէյլի համալսարան