Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ստամբուլահայութիւնը Զո՞հ Է, Թէ Գործի՞ք Թուրքական Շովինիզմի Համար

$
0
0


ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից Ապրիլի 23ին յղուած՝ «1915թ. իրադարձութիւնների մասին» ցաւակցական ուղերձը թէ՛ Սփիւռքում եւ թէ Հայաստանում գնահատուեց որպէս նոր փաթեթաւորմամբ՝ Հայոց Ցեղասպանութեան թուրքական ժխտողականութեան դրսեւորում՝ 100ամեայ տարելիցին ընդառաջ: Անգամ ԱՄՆը եւ Եւրամիութիւնը դրան արձագանգեցին զգուշութեամբ, որովհետեւ բոլորին էր պարզ ե՛ւ ուղերձի յղման նպատակն ու ենթատեքստը, ե՛ւ փաստը, որ դա ընդամէնը Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի դէմ թուրքական իշխանութեան ծրագրած քաղաքականութիւնից բխող քարոզչական-դիւանագիտական ռեւերանս (շողոքորթութիւն-Խմբ.) էր:
Եւ չնայած այս պարզ իրողութեանը՝ ուղերձը որոշ ստամբուլահայերի դրդել է հանդէս գալու այդ ուղերձի համար Թուրքիայի վարչապետին Նոբելեան մրցանակի արժանացնելու մասին, մեղմ ասած, տարօրինակ յայտարարութիւններով: Աշխարհում Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող թերեւս միակ հայը՝ ստամբուլաբնակ մեծահարուստ գործարար Բեդրոս Շիրինօղլուն, ով չի թաքցնում թուրքական քաղաքական, իշխանական էլիտայի հետ իր սերտ յարաբերութիւնները, իրեն իրաւունք է վերապահել Ստամբուլի ողջ հայկական համայնքի անունից յայտարարելու, որ այդ ուղերձի համար շնորհակալ են Թուրքիայի վարչապետից, եւ որ այդ համարձակութեան համար նա արժանի է Նոբելեան մրցանակի: Գաղափարը զարգացրել է ստամբուլահայ մէկ այլ ներկայացուցիչ՝ æերրի Խրիմեանը, ով յայտարարել է, թէ այդ ուղերձը լաւ օրինակ կարող է ծառայել բոլորի համար, ու թէեւ դա այն չէ, ինչ իրականում սպասում է հայութիւնը, սակայն եթէ Էրդողանի թեկնածութիւնն առաջադրուէր Նոբելեան մրցանակի, իրենք միայն կը ծափահարէին: Հայկական համայնքի մէկ այլ ներկայացուցիչ՝ լրագրող Մարգար Եսայեանն էլ Էրդողանին խաղաղութեան Նոբելեան մրցանակին արժանի է համարել ոչ թէ կոնկրետ այդ ուղերձի, այլ թուրք-քրդական յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ նրա ձեռնարկած քայլերի եւ արձանագրած յաջողութիւնների համար:
Յիշեցնենք նաեւ, որ Էրդողանի ուղերձից անմիջապէս յետոյ թուրքական մամուլը, վկայակոչելով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքութեան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանին, գրել էր, թէ հայոց պատրիարքարանը Էրդողանի յայտարարութիւնը պատմական է համարում եւ «ամէն» է ասում՝ ի պատասխան «հայերի հոգիները խաղաղութեամբ հանգչելու» մասին ուղերձում նշուող խօսքերի:
Ներկայիս Թուրքիայի հայկական համայնքում Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման պրոցեսին եւ այդ հարցում Անկարայի նկատմամբ գործադրուող ճնշումներին վերապահումներով, ընդհուպ՝ դիմադրողաբար մօտենալու իրողութեանը Հայաստանում եւ Սփիւռքում, միշտ էլ ըմբռնումով են մօտեցել: Փորձել են ոչ միայն չնկատելու տալ, այլեւ ցանկացած նախաձեռնութիւն իրականացնելիս հաշուի առնել դրանց հնարաւոր հետեւանքները թուրքահայութեան համար: Առաջնորդող է եղել թէ՛ մեր հայրենակիցների ֆիզիքական անվտանգութեանը, թէ՛ Թուրքիայում հայկական համայնքի գոյութեանն ու ամբողջականութեանը չվնասելու մղումը: Բայց այն, ինչ Ստամբուլում տեղի է ունենում, Էրդողանի այս ուղերձի հետ կապուած, ուղղակի անթոյլատրելի է դարձնում կատարուողը հերթական անգամ լռութեան մատնելը՝ ելնելով հէնց ստամբուլահայերի շահերից: Ամէն ինչից երեւում է, որ նրանց ակնյայտօրէն փորձում են դարձնել թուրքական քարոզչութեան եւ մի քանի պատեհապաշտների եսասիրական նկրտումների զոհը:
Առաջին անգամը չէ, որ վարչապետ Էրդողանին Նոբելեան մրցանակ շնորհելու առաջարկներ են արւում: Արդէն տեւական ժամանակ է՝ այս գաղափարը յամառօրէն շրջանառւում է արդէն միջազգային մակարդակով: 2013թ. այն արտայայտեց Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար, Նոբելեան կոմիտէի նախագահ Թորբէորն Եագլանդը՝ հիմնաւորելով դա քրդական հարցը լուծելու հարցում Էրդողանի հետեւողականութիւնը գնահատելու անհրաժեշտութեամբ: Նոբելեան մրցանակ ստանալու հարցում Թուրքիայի վարչապետի ախորժակը, հաւանաբար, բացուել է Սաուդեան Արաբիայի թագաւորի կողմից՝ աշխարհում դրական փոփոխութիւններ կատարելու եւ իսլամին ծառայելու համար շնորհուող մրցանակին 2010թ. արժանանալուց յետոյ: Սա յայտնի է որպէս արաբական Նոբելեան մրցանակ: Եւ ստացւում է, որ իրենց կամքով կամ գուցէ ստիպողաբար այս արշաւին, ի դէմս շիրինօղլուների, լծւում են նաեւ հայեր: Նրանց միջոցով ոչ միայն բաւարարւում են Էրդողանի անձնական ամբիցիաները (հաւակնութիւնները-Խմբ.), այլեւ ստամբուլահայութիւնը, նրա հետ միասին նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը դարձւում են, Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցով պայմանաւորուած, Անկարայի նկատմամբ միջազգային ճնշումները թուլացնելու քաղաքականութեան գործիքն ու զոհը: Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի խիստ կաշկանդուած վիճակը եւ թուրքական բոլոր կառավարութիւնների նկատմամբ լոյալ (հաւատարիմ-Խմբ.) վերաբերմունք ցուցաբերելու հարկադրուածութիւնը հասկանալով հանդերձ՝ անտրամաբանական է թւում Էրդողանի ցաւակցութիւնն «ամէն»ով եզրափակելու հապճեպութիւնը: Ցեղասպանութեան ժխտողականութիւնը Ցեղասպանութեան շարունակում է այնպէս, ինչպէս կատարուած յանցագործութեան պարտակումն է յանցակցութիւն, քանի դեռ դրան չի հետեւել զղջումն ու հատուցումը: Առանց դրանց յանցակցի կողմից յանցագործութեան զոհ գնացած անմեղների հոգիների խաղաղ հանգչելու մասին խօսքը ցաւակցութիւն չի կարող լինել, սրտացաւութիւն չի կարող լինել: Դա հրէշաւոր երեսպաշտութիւն է եւ անմեղ զոհերի յիշատակի պղծում:
Ինչո՞ւ է հայոց պատրիարքարանը դա փաստացի համարում ընդունելի: Միթէ՞ յարմարուողականութիւնը, նոյնիսկ պատրիարքարանի պարագայում, սահմաններ չի ճանաչում: Եթէ օբյեկտիւօրէն հնարաւոր չէ բողոքել, ընդվզել, հակադրուել ու պահանջել, նախընտրելին, թերեւս, գոնէ լռելը պէտք է լինէր, արձագանգելու հարկադրանքի պարագայում՝ մանեւրելը (խուսավարելը-Խմբ.): Շիրինօղլուի, Էրդողանին միւս ծափահարողների իրողութեան հետ կարելի է ինչ որ տեղ համակերպուել, վերջին հաշուով համարել, որ անձնական կարծիք են արտայայտում: Բայց համայնքի դէմքը, ամբողջականութիւնն իրենով մարմնաւորում է պատրիարքարանը, որը չպէտք է կոյր մոլորեալի կերպար ընդունի, յատկապէս՝ հիմա, երբ աշխարհում սկսում է աւելի ու աւելի ուժեղ եւ ցինիկաբար ալեկոծուել թուրքական ժխտողական շովինիզմը (ազգայնամոլութիւնը-Խմբ.):


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles