Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Սեփական Գրականութիւնից Մինչեւ Մարկեսեան Խորքերը. Ռուբէն Յովսէփեանի Ծննդեան 75ամեակը

ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ

Ռուբէն Յովսէփեանի ողջ ստեղծագործութիւնը՝ իբրեւ 20րդ դարի երկրորդ կէսի եւ 21րդ դարի առաջին կէսի գեղարուեստական փաստ ու ներկայութիւն, հանգրուանային իրողութիւն է ազգային գրականութեան մէջ: Իր սերնդակիցների նման, Ռուբէն Յովսէփեանն էլ «վաթսունականցի» է՝ գեղարուեստական եւ գեղագիտական էքսպերիմենտների (փորձառական-Խմբ.), գոյաբանական խնդիրների հանդէպ նոր վերաբերմունքի, անհատ-աշխարհ շարունակուող բանավէճի գրականութեան հզօր ներկայացուցիչ, որն իբրեւ ինքնարտայայտման ձեւ ու կերպ ընտրելով աւանդական-հոգեբանական արձակի շատ հիմնասկզբունքներ՝ ուրոյն նորարարութեան հասաւ մասնաւորաբար պատմուածքի ու վիպակի ժանրային տիրոյթների ընդլայնման, հերոսների հոգեբանական նկարագրերում պարադոքսալի (տարօրինակի-Խմբ.) ու անսպասելիի, ինքնատիպ-հետաքրքիր միթոլոգիական (դիցաբանական-Խմբ.) «վճիռների» ձեւաւորման շնորհիւ:
Տակաւին 1965ին լոյս տեսած «Որոնումներ» ժողովածուով Ռուբէն Յովսէփեանը պարտադրեց տեսնել իր գրողական իւրատիպութիւնը՝ պատմելաձեւի հանդարտ, բակունցեան «հնչերանգին» մօտ ու հարազատ սկզբունքը, ուր պատկերաւորման միջոցները դառնում էին հարուստ՝ համեմատութիւններն ու փոխյաբերութիւնները դարձնելով նախադասութեան կառոյցի հիմնական «երանգները», որոնց համադրւում էր արդէն միանգամայն նոր «դիրքերից» դիտարկուած էպիկական (դիւցազներգական-Խմբ.) կերպարը՝ անպայմանօրէն ազգային շեշտուած նկարագրով, պատմութեան ու ներկայի շառաւիղների մէջ ինքնութեան նշանները պահող-պահպանող, երկրի ու իր առեղծուածներն ու առասպելները որոնող-հաստատող… Սա գրողական հաւատամք դարձաւ Ռուբէն Յովսէփեանի համար, հրաման ու պատգամ, ուստի յետագայ բոլոր գրքերում եւ մասնաւորաբար «Որդան Կարմիր», «Հայոց Թաղը» վիպակներում, «Մեր Պապերը», «Ամենատաք Երկիրը» պատմուածքներում, «Ծիրանի Ծառերի Տակ» վէպում, «Հնձան» կինոսցենարում նա մղուեց դէպի իր հաստատած միտումների ու սկզբունքների խորացումները, «երկրի ճակատագիր-անհատի ճակատագիր» սեփական բանաձեւի վաւերական-գեղարուեստական արտարծումները: Նրա գրեթէ բոլոր հերոսները ենթարկւում են այս բանաձեւին, ենթարկւում են գրողի յօրինած միֆին (առասպելին-Խմբ.), ուր, որպէս անկորնչելի-հզօր արքետիպեր, յառնում են երկիրն ու նրա յիշողութիւնը: Նրա հերոսներից շատերն ապրում են բիբլիական կեանքով, նրանց ապրուող կեանքին զուգահեռւում է անցեալը՝ նշեալ արքետիպերը դարձնելով շարժման յենակէտեր եւ առանցքներ:
Եզակի է Ռուբէն Յովսէփեանի գրականութիւնը լեզուական կառոյցների անաղարտութեամբ ու կառուցիկութեամբ, բառի ճշ-գրիտ-ներքնաշերտային հարստութիւններով, միաժամանակ՝ իւրօրինակ ասկետականութեամբ (ճգնաւորութեամբ-Խմբ.): Հէնց այս ամէնի շնորհիւ էլ իր ծննդեան 75ամեակը նշող ականաւոր գրողը միշտ մնում է ժամանակակից, նոր, միշտ պարտադրում տեսնել իր ու գրականութեան ժամանակների առաջագնայ ընթացքը: Ռուբէն Յովսէփեանի գրականութեան մէջ մեր գոյութեան տարբեր պատմական հատուածներն են ընդ-գրկուած, գլխաւորապէս անցեալ դարն է դարձել գրողի քննարկման եւ հետազօտման նիւթը, այն սոցիալական-պատմական միջավայրը, ուր գործում են նրա հերոսները՝ մշտապէս ջանալով հասնել ինքնահաստատումի, սեփական ես-ի հաստատման: Ժամանակի ու անհատի փոխառնչութիւնը դարձել է գրողի ստեղծագործութեան առանցքը, հենքը:
Ահռելի ներդրում ունի Ռուբէն Յովսէփեանն ազգային կինեմատոգրաֆում, նրա սցենարներով են ստեղծուել այնպիսի հանգրուանային ֆիլմեր, ինչպիսիք են «Հնձանը», «Կարօտը», «Խնձորի Այգին»: Վերջին երկուսի հիմքում հայ նորագոյն գրականութեան երկու երեւելի դէմքերի՝ Ստեփան Զօրեանի եւ Հրաչեայ Քոչարի նշանաւոր դարձած երկերն են, որոնց կինեմատոգրաֆիական տարբերակներում Ռուբէն Յովսէփեանը, հաւատարիմ մնալով գրողական բնագրի առանձնայատկութիւններին, այնուհանդերձ ընդարձակել է գաղափարական եւ գեղարուեստական ծաւալները, յատկապէս Հրաչեայ Քոչարի վիպակի տարածք բերել ստալինեան ժամանակների սահմռկեցնող ողբերգութիւնները:
Սեփական գրականութիւնը ստ-եղծելուց զատ, Ռուբէն Յովսէփեանը մղուեց դէպի ինքնատիպ գեղարուեստական սխ-րանքի՝ թարգմանելով Գաբրիէլ Գարսիա Մարկեսի «Հարիւր Տարուայ Մենութիւն» եւ «Նահապետի Աշունը» վէպերը: Դրանք մեր թարգմանական գրականութեան բարձրակէտերից են, իսկապէս կոթողային իրողութիւններ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles