ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Անցեալ շաբաթ Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձութիւնը, հաւանաբար, չի կարելի զուտ ներքաղաքական համարել: Ապրիլի 19ին Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների կողմից ձերբակալուել է այդ երկրի առաջատար ռուսալեզու «Իպրսոստ» թերթի յայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով վերջին երեք տարիներին ապրում էր Թուրքիայում:
Գլխաւոր դատախազութեան հաղորդմամբ՝ լրագրողին կասկածում են այն բանում, որ նա «ի վնաս Ադրբեջանի հանրապետութեան ինքնիշխանութեան, պետական անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, պաշտպանունակութեան, 2008 թուականի Ապրիլից Հայաստանի յատուկ ծառայութիւնների մարմինների կողմից ներգրաւուած է եղել գաղտնի համագործակցութեան մէջ»: Նշւում է, որ նա բազմիցս հանդիպումներ է ունեցել նրանց հետ Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում եւ տեղեկութիւններ հաղորդել երկրի հասարակական-քաղաքական, ռազմական իրավիճակի մասին, ինչպէս նաեւ յայտնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատուութիւն նկարների եւ սխեմաների հետ միասին՝ Ադրբեջանի դէմ թշնամական գործունէութեան համար օգտագործելու նկատառումով: Միրկադիրովին մեղսագրուող յանցագործութիւններն Ադրբեջանի քրէական օրէնսգրքի համաձայն նախատեսում են 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման պատիժ:
Ի զուր չէ, որ յօդուածի սկզբում վերապահում ենք արել, որ Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման փաստն իր հասարակական հնչողութեամբ դուրս է գալիս Ադրբեջանի սահմաններից: Եւ հարցն ամենեւին էլ այն չէ, որ լրագրողը մեղադրւում է օտար պետութեան օգտին լրտեսելու մէջ, տուեալ դէպքում՝ Հայաստանի: Ի հարկէ, կարելի է, ինչպէս սովորաբար ընդունուած է նման դէպքերում ասել, որ դատարանը կը պարզի այդ ամէնը: Կարելի է, եթէ խօսքը չգնար Ադրբեջանի դատարանի մասին, որին չեն վստահում անգամ սեփական քաղաքացիները: Հակառակ դէպքում՝ այստեղ հրապարակայնօրէն չէին խօսի ձերբակալութեան պատուիրովի բնոյթի մասին: Մասնաւորապէս, Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան ինստիտուտի յայտարարութեան մէջ, որը ղեկավարում է ադրբեջանական յայտնի իրաւապաշտպան Լէյլա Իվնուսը, տուեալ փաստը որակւում է որպէս «բռնապետական վարչակարգի ճնշումների կամայականութեան բացայայտ ապացոյց»: Կասկած չկայ, որ Թուրքիայից Միրկադիրովի արտաքսելն ու ձերբակալելը տեղի են ունեցել Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան կարգադրութեամբ: Ըստ երեւոյթին, լրագրողը, ով աչքի էր ընկնում իր դիրքորոշման սկզբունքայնութեամբ եւ հանդէս գալիս սեփական իշխանութիւնների ներքաղաքական հարցերում կտրուկ քննադատութեամբ, դարձաւ վերին իշխանութեան կոկորդում խրուած ոսկոր:
Կանգ առնենք, սակայն, Ռաուֆ Միրկադիրովի գործունէութեան արտաքին կողմի վրայ: Յայտնի է, որ լրագրողը «ժողովրդական դիւանագիտութեան» շրջանակներում ակտիւօրէն մասնակցել է հայկական ոչ կառավարական կազմակերպութիւնների հետ համատեղ իրականացուող բազմաթիւ նախագծերի, այդ նպատակով բազմիցս այցելել է Հայաստան: Ընդ որում, հարկ է նկատել, որ նա ղարաբաղեան հակամարտութեան մասին իր հրապարակումներում, պաշտպանելով Բաքուի շահերը, հետեւում էր քննարկման քաղաքակիրթ նորմերին եւ չէր իջնում մինչեւ հայկական կողմի հասցէին փողոցային հայհոյանքների մակարդակ, ինչը յատուկ է ադրբեջանական գրեթէ բոլոր ԶԼՄներին, որոնք քիչ թէ շատ ծանրակշիռ փաստարկների բացակայութիւնը փոխարինում են գռեհիկ վիրաւորանքներով: Միանգամայն հասկանալի է, որ Միրկադիրովի նման զուսպ եւ էթիկայի տեսակէտից կայուն դիրքորոշումը չէր կարող ձեռնտու լինել Ադրբեջանի ղեկավարութեանը, որն Իլհամ Ալիեւի իշխանութեան գալով, որդեգրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած կապեր դադարեցնելու ուղեգիծ: Իլհամ Ալիեւի ղեկավարութեան ժամանակ փաստօրէն արգելք դրուեց ղարաբաղեան հակամարտութեան կողմերի քաղաքացիական հասարակութիւնների միջեւ կապերին, որոնք իր հօր օրօք, ով նոյնպէս պացիֆիստի (խաղաղասէրի-Խմբ.) համբաւ չունէր, լաւ թէ վատ՝ պահպանւում էին: Իսկ չէ՞ որ ոչ կառավարական կազմակերպութիւնների մակարդակով շփումը, ասել է թէ՝ «ժողովրդական դիւանագիտութիւնը», միջազգային միջնորդների եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտւում է որպէս հակամարտութեան կողմերի միջեւ վստահութեան մթնոլորտի ստեղծման կարեւորագոյն պայմաններից մէկը, ինչը, նրանց կարծիքով, ի վիճակի է մօտեցնել վերջնական հանգուցալուծումը:
Բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ իր լուրջ մտահոգութիւնն է յայտնել Միրկադիրովի ձերբակալման կապակցութեամբ: Ինչպէս յայտնի է, յատկապէս վերջերս հէնց Միացեալ Նահանգներն է առաջ մղում, այսպէս կոչուած, «երկրորդ տրեկ»ի (վազքուղու) գաղափարը, որը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտօնական բանակցութիւններին զուգահեռ «ժողովրդական դիւանագիտութեան» վարում: «Ժողովրդական դիւանագիտութեան» (Track II) նախագծի հետ կապուած շփումները նպաստում են լեռնային-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ու վստահելի յարաբերութիւնների ձեւաւորմանը», նշւում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանութեան յայտարարութեան մէջ:
Յիշեցնենք, որ Եւրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Ադրբեջանն այդ միջազգային կազմակերպութեան առջեւ ստանձնեց հակամարտութեան խաղաղ կարգաւորման պարտաւորութիւն: Աւաղ, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ Ադրբեջանի ղեկավարութեան ողջ գործունէութիւնն ամենայն համոզչութեամբ ապացուցում է, որ նա շահագրգռուած չէ հայկական եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ վստահելի յարաբերութիւնների ստեղծման եւ, հետեւաբար՝ հակամարտութեան լուծման եւ խաղաղութեան հաստատման մէջ: Իշխանութիւնների համար ոչ ցանկալի Միրկադիրովի ձերբակալման պատմութիւնը, որը կարելի է դասել «վհուկների որս» քաղաքական ժանրին, եւս մէկ անգամ հաստատում է դա: Կասկած չկայ, որ այն դեռ երկար ժամանակով կը սառեցնի հակամարտութեան կողմերի միջեւ հասարակական մակարդակով շփումները: Պաշտօնական Բաքուին ամենեւին ձեռնտու չէ հայկական եւ ադրբեջանական սոցիումի ներկայացուցիչների միջեւ բաց երկխօսութեան հեռանկարը, քանզի նման երկխօսութիւնն ուղղակիօրէն հակասում է Ադրբեջանի՝ ատելութեան եւ ստի վրայ հիմնուած հակահայկական պետական քաղաքականութեանը: Այդ տեսակէտից Միրկադիրովի ձերբակալութիւնը կարելի է դիտել նաեւ որպէս ահաբեկման գործողութիւն՝ ուղղուած այն ադրբեջանցիներին, ովքեր, հակառակ պաշտօնական դիրքորոշման, պատրաստ էին հայկական կողմի հետ հասարակական մակարդակով համագործակցելու: Այլ խօսքերով, լրտեսութեան մոլուցքը դարձել է Ադրբեջանի ղեկավարութեան հակահայկական միջոցների զինանոցը համալրող եւս մէկ գործիք: