ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԵԱՆ
Այսօր (Փետրուար 19) Արցախեան ազատամարտի հերոս՝ պռօշեանցի Կարօտի ծննդեան 50ամեակն է: Տարիներ առաջ Կարօտենց տանն էի: Այսօր երբ յետադարձ հայեացքով նայում եմ, գրեթէ ոչինչ չի փոխուել, Կարօտը չկայ… Ցաւօք, մեզ հետ չէ նաեւ Կարօտի մանկութեան ընկերը՝ Հրաչ Մուրադեանը, որի հետ էլ զրուցել էի Կարօտի մասին: Նիւթը՝ ստորեւ.
«Փետով լինի, կացինով լինի, թէ որսորդական հրացանով… միեւնոյն է, հայր, մենք յաղթելու ենք, թշնամու ոտքը հայի տուն չի մտնի, բայց հայի ոտքը պէտք է թշնամու տանը լինի…»: Արցախեան ազատագրման շարժման պայքարի կիզակէտում յայտնուելուց առաջ այսպէս է դիմում պռօշեանցի Կարօտը հօրը: Ասում է ու գնում, անվերադարձ գնում Արցախ…
… Այսօր Պռոշեանում էի, պռօշեանցի Կարօտենց տանը, այն տանը, ուր ապրել է Կարօտը: Անմիջապէս տան շէնքի մօտ հանդիպեցի կապուտաչեայ աչքերով մի մարդու: Կարօտի հայրն էր՝ Յովհաննէս Մկրտչեանը: Նա ինձ ուղեկցեց տուն, յետոյ երբ լսեց, որ որդու մասին յօդուած գրելու համար եմ եկել, շտապեց բերելու նրա բազմաթիւ պատուոգրերն ու մեդալները՝ հաւանաբար մտածելով, թէ որդու մասին պատմուող սխրանքներին եւ զոհողութիւններին առանց դրանց առկայութեան չեմ հաւատայ…
Ինչպէս կարելի էր չհաւատալ ծովի պէս կապոյտ աչքերով այդ բարի պապիկին: Շտապեցի հանգստացնել եւ խնդրել, որ պարզապէս թոյլ տայ կողքին նստեմ… Լուռ տեղաւորուեցի եւ հանգիստ անջատեցի ձայնագրիչս, որովհետեւ հասկացել էի, որ առանց դրա էլ Յովհաննէս պապի արտասանած իւրաքանչիւր բառ, իւրաքանչիւր նախադասութիւն դրոշմուելու է յիշողութեանս մէջ՝ չէ՞ որ Կարօտից էր պատմելու…
Յովհաննէս պապի պատմածից հասկացայ, որ իր եւ որդու ճակատագրերը նոյնն են եղել: Նախնիները գաղթել են Սասունի Տալուորիկ գիւղից եւ բնակութիւն հաստատել Սիրիայում. Յովհաննէս պապն այդ ժամանակ մէկուկէս տարեկան է եղել: Այդքան է եղել նաեւ Կարօտը, երբ հայրը Սիրիայից եկել է Հայաստան: Էրգրի կարօտը սրտում են ապրել Մկրտչեանները: Երբ 4 եղբայրներից Յովհաննէսի ընտանիքում ծնուել է անդրանիկ տղան, նրան Կարօտ անունն են տուել:
«Մէկուկէս տարեկան էր, երբ եկանք Հայաստան, Կարօտը շարունակ լացում էր, ասում էր՝ սա մեր տունը չէ, յետոյ հասկացաւ, որ իր տունը հէնց դա է…», յիշում է Յովհաննէս պապը, յետոյ շտապում աւելացնել, որ դեռ այդ տարիներից երեւում էր, թէ որքան տաղանդաւոր է որդին:
«Տեղով տաղանդ էր, մենք էինք միամիտ: Երեխայ էր, բայց թւում էր, թէ մեծացել, նոր է փոքրացել…», պատմում է Յովհաննէս պապն ու յիշում, որ երեխայ ժամանակ որդու միակ ցանկութիւնը Ֆրանսիա կամ ԱՄՆ գնալն ու կարատէի «սեւ գօտին» նուաճելն ու հետ գալն էր: Կարօտի երազանքը գուցէ իրականութիւն դառնար, եթէ չգար 1988ը: Խօսելով Կարօտի եւ պռօշեանցի միւս տղաների մասին՝ Յովհաննէս պապը հաւաստիացնում է, որ նման սերունդ լինում է հազարամեակը մէկ, այդքան նուիրուած, այդքան հայրենասէր…
Լաւատես էր Կարօտը, այնքան լաւատես, որ հաւատում եւ հօրը վստահեցնում էր, որ Սեւրի պայմանագիրն իրականութիւն են դարձրել: Շահումեանի անկումից յետոյ էլ խոստացել էր տուն չգնալ այնքան ժամանակ, մինչեւ հետ չբերեն Շահումեանը: Թէեւ ծրագրերն ու նպատակները «մինչեւ երկինք էին հասնում», բայց երբեք չէր կիսւում ծնողների հետ:
«Քչախօս էր, ժամերով կարող էր նստել եւ մի բառ չարտասանել, արդէն սովորել էինք, որ հարց չպէտք է տանք…», նշում է Յովհաննէս պապը եւ կէսկատակ-կէսլուրջ ասում, որ այնքան քչախօս էր, որ ընկերները կեղծանունը «դինջ» էին դրել: Անսահման համեստ էր, համեստ, բայց քաջ: Գիւղի ջոկատի հրամանատարն էր, խստապահանջ էր, բայց եւ ամէն ինչ կ՛անէր զինուորի համար… Հրամանատար էր, բայց պատահում էր, որ առանց զէնք էր մնում, զէնքը տալիս էր այն զինուորին, ով ընտանիք, երեխաներ ունի…
Յովհաննէս պապի հետ զրոյցը շարունակւում էր, երբ մեզ միացաւ Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրադեանը: Կարօտի հետ նրանք մանկութեան ընկերներ էին, միասին ազատ ոճի ըմբշամարտով էին զբաղուել, միասին կռուել էին մարտի դաշտում: «1988թ.ն էր, Թալինում էի աշխատում, երբ վերադարձայ Պռոշեան: Առաջինը Կարօտին հանդիպեցի, Պետոյի հետ էին միշտ, դասընկերներ էին, անմիջապէս ինձ նկատողութիւն արեց եւ յայտարարեց, որ «էշի ականջում քնած եմ, իսկ Արցախում կռիւ է սկսուել»: Սկզբում, ի հարկէ, յանկարծակիի եկայ», պատմում է մարտական ընկերը:
Շատերի նման, նրանք էլ սկզբում Ազատութեան հրապարակում «միացում» էին գոռում, բայց մէկ-երկու հանրահաւաք, եւ պռօշեանցի տղաները հասկանում են, որ գոռալով հարց չի լուծուի… «Շատ հեռատես էր, մտածում էր պատերազմ մեկնած տղաների ընտանիքներին ինչ որ բանով օգնել, սեփական միջոցներով, անձնական կապերով Ռուսաստանից եւ Վրաստանից զէնք էր փորձում բերել, հանգիստ չունէր, ոչ մէկին նեղութիւն չէր տալիս, միշտ զբաղուած էր, շարունակ մտածում էր, լուծումներ էր փնտրում, բծախնդիր էր, երբեք որեւէ մէկի հետ կոպիտ չէր խօսում», յիշում է Հրաչ Մուրադեանը եւ շարունակում, թէ որքան լաւ ընկեր էր, թէ ինչպէս էր երազում հայկական բոլոր տարածքներն ազատագրելու մասին:
Կարօտը նաեւ լաւ ուսուցիչ էր, երեխաները շատ էին սիրում նրան: 1990թ.ին, ռուսների ուշադրութիւնը չգրաւելու համար, տղաներով Շահումեանի շրջանի դպրոցներում ուսուցչութիւն են անում: Կարօտը երգեցողութիւն, ռազմագիտութիւն եւ արեւելեան մարտարուեստ էր սովորեցնում:
«Երբ դուրս էր գալիս դպրոցից, երեխաները մեղուի փեթակի նման շրջապատում էին նրան, անգամ գիշերները մեր տանն էին», յիշում է Հրաչը: Իսկ յիշողութիւններն ընկերոջ մասին բազմաթիւ են… ամենաթարմը, թերեւս, 1992թ. Յունիսի 13ի օրուայ հետ է կապուած, այն օրուայ, երբ անյայտ կորաւ Կարօտը…
«Յաջորդ օրը պատրաստւում էինք յարձակման, բայց թշնամին մեզանից առաջ է ընկնում եւ յարձակւում է մեր դիրքերի վրայ: Երբ բարձրացանք դիրքեր, տեսանք, որ ռուսներն ազերու հետ արդէն գործողութիւնների են անցել: Մեզ տարբերակ չէր մնացել, պէտք է ետ քաշուէինք: Կարօտն այդ ժամանակ Շահումեանի շրջկենտրոնում էր, երբ լուրը լսեց եւ եկաւ, մենք արդէն ետ էինք քաշուել, Գառնիկն ու Ալիկը դիրքերում էին մնացել, նրանք վիրաւոր էին: Կարօտը՝ 5-6 ընկերների հետ միասին, որոշում է առաջ շարժուել, նա գնում էր մահուանն ընդառաջ, հիանալի գիտակցում էր, որ կենդանի մնալու անգամ 1 տոկոս հնարաւորութիւն չունի», պատմում է Հրաչը:
Մտերիմ ընկերներ Գառնիկին եւ Ալիկին մենակ թողնել չէր կարող Կարօտը, գնում էր փրկելու, եւ որքան մօտենում էր դիրքերին, այնքան պակասում էր կողքի ընկերների թիւը, նա համոզում էր բոլորին հետ դառնալ, մենակ գնում էր գիտակցուած մահուան եւ չէր ցանկանում իր հետ միւսներին էլ տանել: Վերջինը, ով նրան տեսնում է, 19ամեայ Արմէնն է լինում:
«Կարօտը կրակելով առաջ էր գնում», պատմում է ընկերը եւ նշում, որ այդ օրուանից յետոյ 4 տարի շարունակ փնտրել են Կարօտին. սկզբում բանակցութիւններ են վարել ադրբեջանցիների հետ, ապարդիւն, Կարօտին այդպէս էլ գտնել չի լինում:
Յովհաննէս պապը, ով լուռ լսում էր որդու ընկերոջ պատմածները, յանկարծ ինձ շշնջաց. «Տղես մենակ գնաց, որ թուրքին ցոյց տայ, որ հայը միայնակ էլ կարող է թշնամու դէմ դուրս գալ…»:
Երբ դուրս եկանք տնից, աչքս ընկաւ մի կիսաքանդ սենեակի. Յովհաննէս պապը պատմեց, որ երբ որդին վերջին անգամ եկել է, ինքը խնդրել է, որ սենեակը վերանորոգի, նոր գնայ, Կարօտը խոստացել է, որ 20 օրից հետ կը գայ եւ աւարտին կը հասցնի սեփական ձեռքերով կառուցած տան այդ հատուածի վերանորոգումը…
Կարօտն այդպէս էլ չի վերադառնում, սենեակն այդպէս էլ մնում է կիսաւեր…