ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Ի՞նչ է հայրենասիրութիւնը, եւ որտեղի՞ց այն կարելի է ձեռք բերել: Կամ՝ ինչո՞ւ են յաճախ «հայրենասիրութիւն» բառը օգտագործում մարդիկ, ովքեր աւելի շատ անհայրենիք են, չունեն հայրենիքի ընկալման բանաձեւը:
Լուսահոգի Մովսէս Գէորգիսեանը մերժում էր «հայրենասէր» ձեւակերպումը: Նա յաճախ էր շեշտում, որ ինքը հայրենապաշտ է, այլ ոչ թէ հայրենասէր:
Հայրենապաշտութիւնը վախեցնող բնորոշում է, իսկ «հայրենասէրը»՝ անսեռ մի բան է: Հիմա ում հարցնես, կ՛ասի՝ հայրենասէր եմ, առանց հասկանալու, թէ ինչ է հայրենասիրութիւնը: Իշխանաւորն էլ է հայրենասէր, գողն ու աւազակն էլ: Թուրքիա չմեկնող եւ Երեւանեան լճի կամրջին գիշերը կանգնող մարմնավաճառն էլ է հայրենասէր, օրէցօր սնկի պէս աճող մոթելների տէրերն ու այնտեղ գրանցուած՝ գիշերային թիթեռնիկներն էլ: Անկասկած, Գալուստ Սահակեանն էլ է հայրենասէր, Էդիկ Շարմազանովն էլ: Այն պաշտօնեան, ով իր ծննդկան կնոջը տեղափոխում է ԱՄՆ կամ եւրոպական որեւէ երկիր, եւս հայրենասէր է: Բոլոր հայրենասէրները հաւասարուել են: ՕԵԿն էլ հայրենասէրների կառոյց է, ՀՀԿն էլ: Եւ չնայած առաջինի դէպքում գաղափարախօսը Արթուր Բաղդասարեանն է, իսկ երկրորդինը՝ Նժդեհը, միեւնոյն է, երկուսն էլ հաւասարապէս հայրենասէր են: Իրենք են պնդում՝ ոչ մի տարբերութիւն: Իսկ արդեօք հայրենասէ՞ր էր Նժդեհը: Կամ ո՞վ էր աւելի հայրենասէր՝ Նժդե՞հը, թէ, ասենք, Կասեանը: Նրանց հայրենասիրութեան չափանիշներն ինչո՞վ էին իրարից տարբերւում: Ինչո՞ւ գուսան Աշոտի, æիւանու, Շերամի, Բաբաջանեանի եւ միւսների գրած երգերը հայրենասիրական չեն, իսկ, ասենք, «Պատրոնդաշ»ը համարւում է հայրենասիրական-կատակ երգ: Ինչո՞ւ եւ ո՞ւմ թեթեւ ձեռքով ազատագրական-յեղափոխական երգը վերանուանուեց հայրենասիրականի, եւ վերջապէս, ովքե՞ր են հայրենասէրները:
Ես, օրինակ, հայրենասէր չեմ: Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է հայրենասէր: «Patriot»ը հասկանում եմ, ընդունում, բայց հայրենասէրը՝ ոչ, որովհետեւ դրանք տարբեր բաներ են: Ռուսի կամ եւրոպացու «patriot»ը հայի «հայրենասէր»ը չէ եւ չի կարող լինել: Հայի «հայրենասէր»ը ուզում է դառնալ պատգամաւոր, մարզպետ, թաղապետ, նախարար ոչ նրա համար, որ ծառայի ժողովրդին, այլ, որ «քամի» ժողովրդին: Եւ հիմնականում նման մարդիկ են հայրենասիրութիւնից խօսում, ձմռանը՝ խաշի սեղանի շուրջ, ամռանը՝ որտեղ պատահի: Հիմա հայրենասէր լինելը մոդա է, եւ ոչ ոք չի մտածում հայրենապաշտութեան մասին: Որովհետեւ «հայրենասէր»ը չպարտաւորեցնող տերմին է, իսկ «հայրենապաշտ» լինելու դէպքում ստիպուած ես պաշտել, արարել, կռուել, պայքարել եւ, ամենատհաճը, մեռնել՝ յանուն հայրենիքի:
Ահա, թէ ինչու են շատացել հայրենասէրները, ովքեր, այդ բառի տակ տապ արած, ոչնչացնում են հայրենապաշտութիւնը՝ այն վերածելով հայրենասիրութեան, իսկ, ինչպէս ասում են, «սրիկաների վերջին հանգրուանը հայրենասիրութիւնն է»:
Ի դէպ, Նժդեհը հայրենապաշտ էր: Տեսնես մերօրեայ հայրենասէրները գիտե՞ն…