Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հանքարդիւնաբերութիւնը Պէտք Է Ենթարկուի Տնտեսութեան Կանոններին. Հայաստանի Կանաչների Միութիւն

ՅԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐԵԱՆ, նախագահ
ԱՆԱՀԻՏ ՇԻՐԻՆԵԱՆ, համակարգող

Ցանկացած տնտեսական գործունէութիւն իրականացնելիս, այն պէտք է շահութաբեր լինի, այսինքն՝ օգուտները պէտք է գերազանցեն վնասներին, հակառակ դէպքում տնտեսութիւնը կ՛աղքատանայ ու կը քայքայուի: Այդ կարգը պահպանւում է համարեա բոլոր բնագաւառներում, սակայն կայ մի բնագաւառ, որը ընդհանրապէս չի ենթարկւում այդ կարգին, դա հանքարդիւնաբերութիւնն է: Հայաստանի Հանրապետութիւնում հանքարդիւնաբերութիւնից տնտեսութեանը հասցուած վնասը բազմապատիկ անգամ գերազանցում է իր իսկ տուած օգուտներին:
Հանքարդիւնաբերութիւնը երկրի տնտեսութեանը համապատասխանեցնելու՝ առաջին հերթին, այդ ոլորտը հարկային դաշտ բերելու հարցով դիմել ենք երկրի օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններին, սակայն դրական տեղաշարժ չի կատարուել: Դժբախտաբար, լրատուամիջոցները շարունակաբար շրջանցում են այս կարեւորագոյն խնդիրը կամ մակերեսային ու ապակողմնորոշող հաղորդումներ են տարածում:
Այժմ Հայաստանի Հանրապետութիւնում շահագործւում է մօտ 500 հանքավայր, որոնցից 28ը մետաղական (նշուած մետաղական հանքավայրերից մի քանիսը այժմ նախապատրաստական փուլում են, դրանց շահագործումը կ՛իրականացուի մօտակայ ժամանակներում): Նաեւ՝ աւելի քան 130 մետաղական հանքավայրերի եւ հանքերեւակումների ուսումնասիրութեան ու շահագործման իրաւունք է տրուած, եթէ դրանց անգամ կէսը շահագործուի, ապա Հայաստանի Հանրապետութիւնում կտրականապէս կը սահմանափակուի հողագործութեամբ ու անասնապահութեամբ զբաղուելը, ինչպէս նաեւ կ՛առաջանայ խմելու եւ ոռոգման ջրերի պակասորդ (դեֆիցիտ), նոյնիսկ այնպիսի վայրերում, որտեղ այժմ խմելու եւ ոռոգման ջրերի առատութիւն է:
Հարց է առաջանում, թէ ինչու մետաղական հանքավայրերի թիւը յանկարծ կտրուկ մեծացաւ, երբ Խորհրդային իշխանութեան տարիներին դրանք ընդամէնը մի քանիսն էին: Վստահօրէն կարող ենք յայտարարել, որ այդ հանքավայրերի մեծամասնութիւնը արհեստականօրէն են հանքավայր կոչւում, իրականում դրանք հանքավայրեր չեն (դրանք պէտք է անուանուեն շահագործման համար ոչ պիտանի հանքերեւակումներ), քանի որ դրանց մէջ օգտակար տարրերը շատ ցածր պարունակութեամբ են եւ, եթէ այդ հանքավայր կոչուածների շահագործողները հարկեր վճարեն, ինչպէս կարգն է, ապա դրանցից շատերը ոչ միայն շահութաբեր չեն լինի, այլեւ չեն էլ ծածկի իրենց վրայ կատարուած ծախսերը: Սակայն այժմ, հարկային արտօնութիւնների պայմաններում, դրանք սեփակականատէրերի համար գերշահոյթ են ապահովում:
Անհրաժեշտ հարկերից միայն մէկը չվճարելու առումով բերենք մի օրինակ. Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը տարեկան վերամշակում է 28-92 մլն. տոննա հանքաքար, սակայն անգամ յայտարարուող 20 մլն. տոննայի դէպքում տարեկան կ՛առաջանայ աւելի քան 19.5 մլն. տոննա պոչանք, որի դիմաց, որպէս առաջին դասի վտանգաւորութեան թափօն, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատէրը պէտք է 936 մլրդ. դրամ մուծեր պետական գանձարան: (Ըստ «Բնապահպանական վճարների դրոյքաչափի մասին» օրէնքի, 1 տոննա առաջին կարգի թափօն շրջակայ միջավայրում տեղադրելու համար սահմանուած է 48 հազար դրամի հարկ… հետեւաբար, 19500000×48000=936 մլրդ. դրամ=2.34 մլրդ. դոլար): Նաեւ՝ 20 մլն. տոննա հանքաքարի արդիւնահանման դէպքում պէտք է որ առաջանայ մօտ 20 մլն. տոննա «դատարկ» ապար: Այս թափօնը անգամ երրորդ դասի վտանգաւորութեան հաշուարկով (1 տոննայի դիմաց 4800 դրամ) պետական գանձարան մուծուելիք հարկը կը կազմի 96 մլրդ. դրամ: Այսինքն, միայն առաջացած պոչանքի եւ «դատարկ» ապարների համար Քաջարանի գործարանատէրը աւելի քան մէկ տրիլիոն դրամի (2.5 մլրդ. դոլար) հարկ պէտք է մուծեր, սակայն օրէնքով արտօնուած է պետութեանը ոչինչ չմուծել: Նոյն արտօնութիւնները վերաբերում են նաեւ բոլոր հանք շահագործող ընկերութիւններին: Երկրաբան-տն-տեսագէտ Հ. Աւագեանի հաշուարկներով, 20 մլն. տոննա Քաջարանի հանքաքարից կորզուելիք 20 տարրերի գումարային արժէքը կազմում է 1.1 մլրդ. դոլար, որից կարելի է անել այն ենթադրութիւնը, որ միջազգային շուկայում մետաղների գները միտումնաւոր անհամեմատ փոքր են սահմանուած, քան նրանց ինքնարժէքն է:
Նշենք Հայաստանի Հանրապետութիւնում հանքարդիւնաբերութեամբ զբաղուողներին տրուած արտօնութիւններից մի քանիսը:
1.- Հանքշահագործողները արտօնուած են Հայաստանի Հանրապետութեան տնտեսութեանը (հողին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին) հասցուած վնասը պետական գանձարան չմուծել:
2.- Հանքշահագործողներն արտօնուած են հանքարդիւնաբերութեան հետեւանքով առաջացած՝ ա) մակաշերտը, բ) լեռնային զանգուածը, գ) «դատարկ» ապարները եւ դ) պոչանքը Հայաստանի Հանրապետութեան տարածքում տեղադրելու դիմաց հարկեր չվճարել:
3.- Հանքարդիւնաբերութիւնից առաջացած գերշահոյթը հիմնականում բաժին է հասնում հանքշահագործողներին, երբ ընդերքի հարստութիւնը ժողովրդի սեփականութիւնն է, հետեւաբար գերշահոյթի հիմնական մասը պէտք է հասնի ժողովրդին-պետութեանը:
4.- Ընկերութիւններին հանքավայրերի ուսումնասիրութեան եւ շահագործման թոյլտուութիւնը տրւում է առանց նախկինում կատարուած երկրաբանական ուսումնասիրութիւնների համար ծախսուած գումարների փոխհատուցման: Խորհրդային իշխանութեան տարիներին յայտնաբերուած հանքավայրերի վրայ շատ մեծ գումարներ են ծախսուել… Ընկերութիւնները իրենց կողմից շահագործուող հանքավայրի ուսումնասիրութեան վրայ նախկինում պետութեան ծախսած գումարը պէտք է մուծեն պետական գանձարան: Օրինակ, Շահումեանի ոսկու հանքավայրի երկրաբանական եւ այլ ուսումնասիրութիւնների համար Խորհրդային իշխանութեան տարիներին ծախսուել է 160 մլն. ռուբլի, մօտ 170 մլն. դոլար:
Հանքարդիւնաբերութեամբ զբաղուողներին մաքսային արտօնութիւններ են տրւում: Կան նաեւ այլ արտօնութիւններ, սակայն միայն թուարկուածները արդէն ցոյց են տալիս, որ ժողովրդի ունեցուածքը կողոպտւում է: Եթէ չլինեն նշուած սարքովի արտօնութիւնները, այսինքն՝ եթէ հանքարդիւնաբերութիւնը հարկային դաշտ բերուի, ինչպէս արդէն ասուել է, ապա բազմաթիւ հանքավայրեր անգամ ծախսածածկող չեն լինի ու չեն շահագործուի, եւ մարդիկ իրենց բնօրրանում-հայրենիքում ապրելու հեռանկար կ՛ունենան:
Այստեղ պէտք է ասուի, որ համաշխարհային առումով այնպիսի օրէնքներ են ընդունուել եւ մետաղների ինքնարժէքը միտումնաւոր այնքան ցածր է սահմանուած, որ հանքարդիւնաբերութեամբ զբաղուելն ու մետաղ վաճառելը դարձել է երկիրը կործանման տանող գործօն: Եւ տպաւորութիւն է ստեղծւում, որ հանքարդիւնաբերութեան քաղաքականութիւնում յատուկ ներդրուած է բնութեան աւերման մի գարշելի վիրուս, այն էլ համաշխարհային ընդգրկմամբ:
Բերենք հակիրճ տեղեկութիւններ որոշ հանքավայրերի մասին:
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնւում է Սիւնիքի մարզում, շահագործւում է 1951 թուականից: Այդ հանքի շահագործման հետեւանքով ոչնչացուել է անտառային տարածք եւ առաջացել 4 պոչամբար, որից՝ Դարազամի, Փխրուտի եւ Ողջիի պոչամբարները հասել են իրենց նախագծային հզօրութիւններին եւ փակուել են, իսկ Արծուանիկի պոչամբարը դեռեւս շահագործւում է: Չորս պոչամբարներն էլ գետերի հուներում են եւ գրաւել են նաեւ անտառային տարածքներ: Անտառային տարածքների վրայ են լցւում նաեւ այդ հանքավայրի տարեկան տասնեակ միլիոնաւոր տոննա «դատարկ» ապարներն ու միւս թափօնները: Փակուած 3 պոչամբարներում առկայ է մօտ 72 մլն. տոննա պոչանք: Դարազամի պոչամբարի վրայ բանջարաբոստանային մշակաբոյսեր են աճեցնում:
Արծուանիկ գետի հունում գտնուող պոչամբարը բացի անտառային տարածքներից, զբաղեցնում է նաեւ Արծուանիկ եւ Սիւնիք գիւղերի հողերը, աւելի քան 1000 հեկտար, միաժամանակ պոչամբարի փոշին տարածւում է այդ եւ հարեւան միւս գիւղերի արտերի, այգիների եւ արօտավայրերի վրայ: Քաջարանից պոչանքը տեղափոխող մօտ 40 կմ. երկարութեամբ պոչատարը յաճախ է վթարւում՝ աղտոտելով շրջակայ տարածքները: Կան դէպքեր, երբ այդ պոչատարում ընկել ու մահացել են հասուն մարդիկ եւ երեխաներ: Այս պոչամբարում 2002 թուականին կար աւելի քան 170 մլն. տոննա պոչանք, իսկ թէ վերջին տարիներին իրականում ինչքան պոչանք է լցուել այդտեղ՝ գիտի միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարութիւնը: Ողջի գետը աղտոտուած է հանքարդիւնաբերական թափօններով, հիմնականում՝ պոչանքով: Իրականում Ողջի գետի ջուրը, ծանր մետաղներով աղտոտուածութեան պատճառով, պէտք է հանուի ՀՀ ջրային հաշուեկշռից, սակայն այդ գետի ջուրը դեռեւս օգտագործւում է ոռոգման նպատակով: Փաստօրէն, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմամբ Հայաստանը կորցրեց Ողջի գետը, գուցէ՝ մշտապէս:
Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնւում է Սիւնիքում: Այն շահագործուել է 1952-1975 թուականներին: 25 տարիների ընթացքում առաջացել է մօտ 3.2 մլն. տոննա պոչանքը, որը տեղադրուած է Այրիգետ գետի հունում «կառուցած» պոչամբարում: Գետը քայքայել է պոչամբարի մի հատուածը, որի հետեւանքով պոչանքով շարունակաբար աղտոտւում է Տոլորսի ջրամբարը: Պոչամբարի կենտրոնական մասում, մօտ 12 մետր տրամագծով, խորը ձագար է առաջացել, որտեղ կարող են ընկնել կենդանիներ, այդ թւում մարդիկ: 2012 թուականին «Մոլիբդենի աշխարհ» ընկերութեանը Դաստակերտի հանքավայրը վերաշահագործելու իրաւունք է տրուած, ինչը նշանակում է, որ նոր պոչամբար են կառուցելու: Նման իրաւունք տուող պետական պաշտօնեան, նախ պէտք է վերացնէր վթարի հետեւանքներն ու ջրամբարի շարունակական աղտոտումը, նոր միայն մտածեր հանքավայրի վերաշահագործման մասին: Արդէն կարելի է պատկերացնել, թէ նոր պոչամբարի առկայութեամբ ինչպէս պէտք է այլանդակուի այդ հրաշագեղ բնական համակարգի պատկերը:
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնւում է Սիւնիքի մարզում, Ագարակ քաղաքի մօտակայքում: Հանքավայրի տարածքում եղել են անտառային եւ գիւղատնտեսական հողեր: Շահագործւում է 1963 թուականից: Այս հանքավայրի շահագործման հետեւանքով առաջացած «դատարկ» ապարները լցւում են անտառային տարածքներում, միաժամանակ աղտոտելով Մեղրի գետը: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրած պոչանքը կազմում է 115-120 մլն. տոննա, որը տեղադրուած է Ագարակ եւ Մեղրի քաղաքների հարեւանութեամբ «կառուցուած» երեք պոչամբարներում: Այդ գործարանի արտադրած պոչանքով ծայր աստիճան աղտոտուել է Կարճեվան գետակը՝ դարձել է մեռեալ: Այգեձորի պղնձամոլիբդենային 2 հանքավայրերը գտնւում են Սիւնիքի մարզում, Մեղրի գետի ափին: 2013 թուին այդ հանքավայրերի շահագործման իրաւունքը ստացել են «Ակտիւ լեռնագործ» եւ «Թաթսթոուն» ընկերութիւնները:
Լիճքի պղնձի հանքավայրը գտնւում է Սիւնիքի մարզում, Մեղրի գետի վերին հոսանքում: Այս հանքավայրի շահագործման իրաւունքը 2013 թուականին ստացել է «Թաթսթոուն» ընկերութիւնը: Հանքավայրը գտնւում է Մեղրու տարածաշրջանին խմելու ջուր մատակարարող ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգում, ինչպէս նաեւ Մեղրի գետի աւազանում:
Լիճքավազ Թէյ եւ Տէրտէրասար ոսկի-բազմամետաղային հանքավայրերի հանքաքարերը վերամշակւում են («Սագամար» եւ «Սիփան» ընկերութիւնների կողմից) Լեհվազ գիւղի մօտակայքում, հէնց Մեղրի գետի ափին, որտեղ եւ գտնւում է պոչամբարը: Մեղրի գետը Մեղրու տարածաշրջանի միակ ոռոգման աղբիւրն է:
Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասը գտնւում է Սիւնիքի մարզում, Գեղի գետի կիրճի բարձունքներում: Հանքավայրի շահագործումը իրականացուել է («Լեռ-էքս» ընկերութիւն, 2012թ.) մինչ պաշարների հաստատումը, այսինքն՝ ապօրինի: Պոչամբարը տեղադրուած է Գեղի լեռնային գետի վտակի հունում: Այս հանքավայրն ու պոչամբարը գտնւում են անտառային տարածքում:
Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը գտնւում է Լոռուայ մարզում, Ստեփանաւան քաղաքից մօտ 5 կմ. արեւմուտք: Աղտոտւում է Ձորագէտը եւ ապա՝ Դեբեդը, որոնց ջրերը օգտագործւում են ոռոգման համար:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնւում է Լոռուայ մարզում: Սկզբնական փաստաթղթերում վնասուելիք եւ ոչնչացուելիք անտառային տարածքը ներկայացուած էր 2.500 հեկտար, սակայն յետագայում, միտումնաւոր այդ թիւը անհամեմատ փոքր են ներկայացնում: Միայն պոչամբարի համար նախատեսուած տարածքը՝ Խառատանոց գետը իր կիրճով մօտ 900 հեկտար է, իսկ «դատարկ» ապարները լցուելու են Դուքանաձոր գետի հունում եւ կիրճում: Խառատանոց եւ Դուքանաձոր գետերի ջրերը արդէն հոսում են սարալանջերում կառուցուած արհեստական ջրատարերով: «Թեղուտ»ի հանքավայրի շահագործման նախագծում անտառային տարածքի մէկ քառակուսի մետրը գնահատուած է 0.8 դրամ, երբ այդ նոյն անտառային տարածքի մէկ քառակուսի մետրի վրայ արդիւնաբերական թափօններ տեղադրելու համար օրէնքով («Բնապահպանական իրաւախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառուած վնասի հատուցման սակագների մասին» օրէնքով) նախատեսւում է 10 հազար դրամի տուգանք: «Vallex» ընկերութիւնը արդէն աւարտում է հարստացուցիչ գործարանի կառուցումը եւ շուտով կը սկսուի հանքաքարի վերամշակումը: Չնայած այն բանին, որ այժմ միայն շինարարական աշխատանքներ են կատարւում, եւ հանքաքարի վերամշակումը դեռ չի սկսուել, սակայն արդէն աղտոտուել է Շնող լեռնային գետը՝ վերացել են ձկներն ու ջրային միւս կենդանիները:
Նոյն «Vallex» ընկերութիւնը 2013 թուականին ստացել է նաեւ Ալավերդու պղնձի հանքավայրի շահագործման իրաւունքը:
Շամլուղի պղինձ-բազմամետաղային եւ Ախթալայի բազմամետաղային հանքավայրը գտնւում են Լոռուայ մարզի Շամլուղ եւ Ախթալա գիւղերի մօտակայքում: Այս հանքավայրերը շահագործում է «Ախթալայի լեռնահանքային կոմբինատ»ը: Պոչանքը լցնում են Մեծ Այրում եւ Ճօճկան գիւղերի սահմանային Նահատակ գետակի հունում: Խորհրդային իշխանութեան տարիներին Շամլուղի հանքավայրը շահագործւում էր թունելային-փակ եղանակով, սակայն այժմ այն շահագործւում է բաց եղանակով՝ արդէն ոչնչացուել է արժէքաւոր անտառատարածք: Բացի դրանից, առաջացած «դատարկ» ապարներն ու միւս թափօնները լցնում են մօտակայ անտառում, որի հետեւանքով Ախթալա գետը դարձել է խիստ աղտոտուած:
Շահումեանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը գտնւում է Սիւնիքի մարզում՝ Կապան քաղաքի մօտակայքում: Այս հանքավայրը շահագործող Կապանի լեռնամետալուրգիական գործարանը առաջացած պոչանքը լցնում է Գեղանոյշ գետի հունում կառուցուած պոչամբարում: Պոչամբարը զբաղեցնում է անտառային տարածքը:
Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնւում է Սիւնիքի մարզում, Որոտան գետի աջ ափում: Այս հանքավայրի շահագործման իրաւունքը տրուած է «Գեօթիմ» ընկերութեանը: Հանքավայրի պաշարներում կայ 195 տոննա ուրան: Այս հանքավայրի շահագործման դէպքում թունաւոր նիւթերով աղտոտուելու են նաեւ Որոտան, Արփա, Դարբ գետերը, Սպանդարեան, Կեչուտ ջրամբարները, ինչպէս նաեւ Սեւանայ լիճը:
Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը (կենտրոնական տեղամաս) գտնւում է Արագածոտնի մարզում, Մելիքգիւղի հարեւանութեամբ, Քաղսի գետի ձեւաւորման տարածքում, այդտեղ են գտնւում երկու պոչամբարներ, երրորդը նախատեսւում է: Նշուած հանքավայրից եւ պոչամբարներից ցածր նիշերում են Հալաւարի եւ Ապարանի ջրամբարները: Բացհանքը եւ երկու պոչամբարները արդէն լուրջ խնդիրներ են առաջացրել Մելիք գիւղի համար, օրինակ, վնասուել է գիւղին խմելու ջուր մատակարարող ջրատարը, իսկ որոշ գիւղացիներ իրենց արտերը ջրում են պոչանքով աղտոտուած ջրով:
2012 թուականին «Մեղրաձոր գոլդ», «Պարամաունդ գոլդ մայնինգ», «Գոլդեն օրէ» եւ «Ֆորչեն ռիզորսիս» ընկերութիւնները Մեղրաձորի ոսկու, Մեղրաձորի Լուսաջուր տեղամասի ոսկու, Հանքաւանի մոլիբդենի եւ Հրազդանի երկաթի հանքավայրերի շահագործման իրաւունք են ստացել: Այս չորս հանքավայրերն էլ գտնւում են Կոտայքի մարզում, Մարմարիկ եւ Հրազդան գետերի հովիտներում: Հանքաւանի մոլիբդենի հանքավայրը առնչւում է Հանքաւանի հանքային ջրերի աղբիւրների եւ «Հանքաւանի ջրաբանական պետական արգելավայրի» հետ, իսկ Հրազդանի երկաթի հանքավայրի հարեւանութեամբ են գտնւում վայրկեանում 1700 լիտր հզօրութեամբ Մաքրաւանի աղբիւրները եւ վայրկեանում 110 լիտր հզօրութեամբ Կապոյտ աղբիւրը: Այս աղբիւրներից խմելու ջուր է մատակարարւում Հրազդան, Չարենցաւան, Երեւան քաղաքներին եւ այլ բնակավայրերին:
Սոթքի ոսկու հանքավայրը գտնւում է Սեւանայ լճի աւազանում, Մասրիկ գետի վերին հոսանքում (հանքավայրը շահագործում է «Գեօ պրոմայնինգ» ընկերութիւնը): Խորհրդային իշխանութեան տարիներին հանքավայրը շահագործւում էր մեծամասամբ փակ-թունելային եղանակով, սակայն այժմ աւերել են բոլոր հանքախոռոչները եւ շահագործւում է միայն բաց հանքի եղանակով, որի հետեւանքով կտրուկ մեծացել է «դատարկ» ապարների քանակը, որը լցւում է Սեւանայ լճի աւազանում եւ Արցախի տարածքում: Ոսկու միջին պարունակութիւնը 1 տոննա հանքաքարում կազմում է 6 գրամ, արծաթինը՝ 8 գրամ: Հանքաքարի վերամշակումը կատարւում է Արարատ քաղաքի մօտակայքում, իսկ պոչանքը՝ առանց ցիանիդների չէզոքացման, թափւում են Արարատեան դաշտում, որտեղ առկայ է արտեզեան ջրի մեծ պաշար:
Դժբախտաբար, ՀՀ մետաղական հանքավայրերը բազմամետաղային են, հետեւաբար եւ պոչանքներում (պոչամբարներում) առկայ են պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, մկնդեղ, կադմիում, տիտան, սելեն, թելուր, գալիում, գերմանիում, ինդիում, վանադիում, ծարիր, բիսմութ, մանգան, ծծումբ, երկաթ, ոսկի, արծաթ, անագ, սնդիկ, թալիում, իտրիում, վոլֆրամ, սկանդիում, պլատին, պալադիում, ռենիում, կոբալտ, նիկել, բիսմութ, բերիլիում, ցիրկոնիում, տանտալ… Այս էլեմենտները գտնւում են նաեւ «դատարկ» ապարների մէջ: Յայտնի է, որ ծանր մետաղների բարձր պարունակութիւնները կենդանի օրգանիզմում առաջացնում են բազմապիսի հիւանդութիւններ, ինչպէս նաեւ կտրուկ նուազեցնում են հողի բերրիութիւնը:
Ահա, թէ ինչպիսի վտանգաւոր նիւթերով են աղտոտւում մեր երկրի հողը, ջուրը, օդը, վարելահողերը, այգիները, արօտավայրերը…
Պէտք է նկատի ունենալ, որ հանքավայրերի շահագործման եւ պոչամբարների կառուցման ու ընդլայնման համար համայնքներից եւ անհատներից վերցրած (իրականում՝ խլում են) հողատարածքները (օրինակ, այգիներն ու արօտավայրերը) ձեւակերպւում են որպէս բացառիկ հանրային գերակայ շահ, երբ իրականում պոչամբարները համայնքների համար մահաբեր են:
Այժմ, փակուած պոչամբարների վրայ եւ շահագործուող պոչամբարների անմիջական հարեւանութեամբ արածեցումներ են կատարւում, անասունները խմում են պոչամբարներից քամուող ջրերը, յաճախ էլ՝ հէնց պոչամբարում: Արածեցում է կատարւում նաեւ «դատարկ» ապարների լցակոյտերի վրայ: Հանքավայրերի եւ պոչամբարների հարեւանութեան բնակավայրերը դատապարտուած են քայքայման ու վերացման, օրինակները բազում են…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles