Վարեց՝ ԱԼԻՆ ՕԶԱՆԵԱՆ
Պատմաբան Սայիթ Չեթինօղլուն «Սիվիլնեթ»ի փորձագէտ Ալին Օզինեանի հետ խօսում է Քրդական համայնքների միութեան (KCK) առաջնորդ Բեսէ Հոզաթի եւ քուրդ այլ քաղաքական առաջնորդների վերջին յայտարարութիւնների մասին: Ըստ Չեթինօղլուի՝ թուրքական կառավարութիւնն ու քրդերը համագործակցում են 2015ի Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նախապատրաստուելու գործում:
ԱԼԻՆ ՕԶԱՆԵԱՆ.- Քրդստանի աշխատաւորական կուսակցութեան, այսինքն՝ PKK-ի քաղաքական թեւի՝ KCK-ի (Քրդստանի համայնքների միութիւն) համանախագահ Բեսէ Հոզաթն անցեալ շաբաթ մեղադրեց հայերին քուրդ-թուրքական խաղաղութեան գործընթացի բարեյաջող աւարտը խոչընդոտելու մէջ: Ի՞նչ ասաց Հոզաթը:
ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ.- Բեսէ Հոզաթը խօսեց Թուրքիայում խաղաղութեան ու ժողովրդավարութեան հասնելու հարցում առկայ խոչընդոտների մասին: Ըստ նրա՝ այդ խոչընդոտները պայմանաւորուած են զուգահեռ պետութիւնների առկայութեամբ: Զուգահեռ պետութիւնը, ըստ նրա, ներառում է հայկական, յունական եւ հրէական լոբին: Դա ընդունուեց որպէս լեզուի սայթաքում, սակայն մի քանի օր անց պարզաբանում տրուեց: Երկու օր անց Քրդական համայնքների միութեան (KCK) խորհրդի նախագահ Ռիզա Ալթունը նշեց, որ «իսկապէս կարող ենք համոզուած լինել խորքային պետութիւնում առկայ լոբիների շուրջ»: Նա կրկնեց, որ այդ լոբիները խաղաղութեան համար բարդութիւններ են առաջացնում: Սա, մի կողմից, Օջալանի ելոյթի կրկնութիւնն էր:
2013ի Փետրուարին Օջալանը նոյն բաներն էր ասել: Դրանից յետոյ ՔԱԿի (Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան«Սիվիլնեթ») եւ Քրդական համայնքների միութեան շատ ներկայացուցիչներ կրկնեցին նրա խօսքերը: Գնահատական տալիս մենք բացառում ենք նրանց ասածները: Այս ամէնի թւում՝ Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան (BDP) անդամ Սըրրը Սակիկի թերի ընկալման հետեւանքով արած յայտարարութիւններն էին ուշագրաւ:
«Դրանք (քրդերը-«Սիվիլնեթ») 1915 թուականի հայերը չեն, որոնց կարողանաք սպանել: Քրդերը՝ յոյների կամ հրեաների նման չեն, որոնց կարողանաք խոշտանգել Սեպտեմբերի 6-7ի դէպքերի նման», ասաց նա շատ բացասական տոնով, որի համար յետոյ ներողութիւն խնդրեց:
Դրանից յետոյ ՔԱԿի առաջնորդներից մէկը՝ Մուսթաֆա Քարասուն յայտարարեց, որ իր կուսակից Բեսէ Հոզաթի խօսքերը հարցազրոյցի համատեքստից դուրս են հանել: Նա, նման բացասական վերաբերմունքը «ամօթալի» անուանելով, ափսոսանք յայտնեց: Նաեւ նշեց, որ քրդերն են Թուրքիայում ժողովրդավարութեան միակ երաշխաւորները, թէ քրդերն են հաստատելու ժողովրդավարութիւնը եւ ազատութիւնը Մերձաւոր Արեւելքում: Նա դատապարտեց Բեսէ Հոզաթի խօսքերի «խեղաթիւրումը»:
Նա ասում է հետեւեալը. «Եթէ հայերը, հրեաները, յոյները, ասորիները եւ տարբեր կրօնական ու էթնիկ խմբեր պատրաստւում են ապրել ազատ եւ ժողովրդավարական ձեւով, ապա նրանց ամենամեծ դաշնակիցն են քրդական ազատութեան շարժումն ու քրդերը»: Այս խօսքերը պարզաբանման կարիք ունեն: Քրդերը տեսնում են իրենց որպէս երաշխաւոր: Աւելին բացատրելու կարիք չկայ: Այսօր ՔԱԿն ու Քրդական համայնքների միութիւնը աւելի կարեւոր բաներ ունեն անելու:
Դրանցից մէկը Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան (BDP) կողմից բռնագրաւուած Մոր Աբդին ասորական վանքին պատկանող տարածքների վերադարձն է: Սենուլ Ակսուի գործով դատավարութիւնները, որոնք շարունակւում են արդէն յիսուն տարի, կարող են լուծում ստանալ: Արշակ Բաղդասարեանը սպանուել էր Բիրանսեհիրում՝ իր հողերը պահանջելու համար: Այդ հողերը կարող են վերադարձուել նրա որդուն՝ Օրհան Իւնկեսին: Հեռու գնալու կարիք չկայ:
ԱԼԻՆ ՕԶԱՆԵԱՆ.- Տեղի ունեցածին արձագանգեց PKK առաջնորդ Օջալանը: Ինչպէ՞ս էք մեկնաբանում նրա յայտարարութիւնը:
ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ.- Օջալանի տեսակէտներն այս թեմայի շուրջ պարզ են: Յատկապէս շատ կարեւոր է 2013ի Փետրուարին ասած նրա հետեւեալ խօսքը՝ «Թուրքիայում կան զուգահեռ պետութեան նախագծի երեք ուղղութիւններ: Լոբիստները, որոնք աշխատում են քրդերի եւ թուրքերի յարաբերութիւնները սադրելու ուղղութեամբ, շատ լուրջ են: Հրէական, հայկական եւ յունական լոբին ԱՄՆում են, ռազմավարական եւ մարտավարական միջամտութիւններ են իրականացնում, եւ երեքն էլ Անատոլիայից են»: Յաջորդը նրա նովրուզեան ելոյթն էր 2013ի Մարտին, որը շեշտը դնում էր մահմեդական եղբայրութեան վրայ, որը շատ քիչ էր տարբերւում (Սուլթան) Աբդուլհամիդի «Միասնութիւն եւ փրկութիւն» ծրագրից, ինչը օտարում է քրիստոնէական բնակչութեանը: Երկուսն էլ շեշտը դնում են Ումմեթի վրայ (Մահմեդական հաւատացեալների միասնութիւն«Սիվիլնեթ»):
Լսելով Օջալանի այս խօսքերը՝ կարող ենք ասել, որ նա իր նովրուզեան ելոյթում տուեց 2015թ. քաղաքականութեան մեկնարկը: Կը ցանկանայի այստեղ մի բան աւելացնել փակագծերի մէջ, ինչը ամենակարեւորն է, որ կառավարութիւնը ցանկանում է անել 2015ին: 1915ին քուրդ-թուրքական եղբայրութիւնն ի ցոյց դրուեց երկու առիթով. առաջինը՝ Գալիպոլիի ճակատամարտում, երբ քրդերը պայքարեցին թուրքերի հետ կողք կողքի՝ ի նշան իրենց հաւատարմութեան մահմեդական ինքնութեանը: Երկրորդ՝ երբ նրանք մասնակցեցին Հայոց Ցեղասպանութեանը՝ նորից իրենց մահմեդական ինքնութեան հիմքերի վրայ: Առաջին դէպքում իսլամական համերաշխութեան հիմքով թուրքերին աջակցելու հարցն էր, իսկ երկրորդ դէպքում՝ փողի ու հողի:
ԱԼԻՆ ՕԶԱՆԵԱՆ.- Արդեօք քրդերն ու Էրդողանը միասնաբա՞ր են պատրաստւում Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին: Ցեղասպանութեան հարցը սակարկութեան նի՞ւթ է դարձել քրդերի եւ Էրդողանի միջեւ:
ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ.- Ճիշդ կը լինի ասել՝ նրանք աշխատում են միասին, եւ դա օգնում է կառուցել միասնութիւն: Քանի որ Օջալանն արեց այդ յայտարարութիւնները 2013ին շատ յանկարծակի՝ շատերը կարծում են, որ թուրքական կառավարութիւնն է ստիպել նրան դա անելու: Ես ուզում եմ նաեւ խօսել այն մասին, որ մի հայկական լրատուամիջոց վերջերս գրեց, թէ Թուրքիան 2015ին պատրաստւում է աւելի լաւ, քան մենք:
Դա ճիշդ է այն առումով, որ Թուրքիան պատրաստում է հսկայական բիւջէով մեծ նախագիծ: Թուրքիան կազմակերպում է բազմաթիւ գիտաժողովներ, որոնցից մէկին մասնակցել եմ նաեւ ես: Այն Իթթիհադ վէ Թերակկիի մասին էր («Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութիւն, երիտթուրքեր«Սիվիլնեթ»): Համաժողովը ղեկավարում էր Շուքրու Հանիօղլուն, որը փակեց այն՝ առանց հայերի մասին մէկ խօսք անգամ ասելու:
Ինչ վերաբերում է գործարքին՝ Օջալանն իր վերջին ուղերձում յայտարարեց, որ պետութեան հետ որեւէ գործարքի մէջ չէ: Եւ նա ճիշդ է: Օջալանը պետութեան գերին է աւելի քան 10 տարի: Գուցէ մենք կարող ենք խօսել հնազանդուելու մասին, ոչ թէ՝ գործարքի: Դա աւելի հաւանական է: